ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ Աստծու մեծ ողորմության շնորհիվ եկանք հասանք մեր սերտողության վերջը, որը Հուդա առաքյալի ընդհանրական թուղթն է՝ բաղկացած մեկ գլխից։ Հուդան և Հակոբոսը Հիսուս Քրիստոսի խորթ եղբայրներն են՝ ծնված Հայր Հովսեփի առաջին կնոջից։ Ինչպես Հակոբոսը, որի թուղթը արդեն սերտել ենք, այնպես էլ Հուդան, իրենց թղթերում չեն ներկայանում որպես Տեր Հիսուսի եղբայրներ, այլ երկուսն է իրենց ներկայացնում են որպես Քրիստոսի ծառաներ։ Հուդա առաքյալի այս թուղթը, որ գրված է 66 ից 69 թվականներին, ուղղված է որ թե հատուկ առանձին մի համայնքի, այլ՝ ընդհանրապես բոլոր քրիստոնյաներին։ Առաքյալի այս պատգամը նման է Պետրոս առաքյալի երկրորդ նամակի բովանդակությանը, քանի որ երկուսն է պայքարում են այն մարդկանց դեմ, որոնք տարածում են կործանարար վարդապետություններ, և աչքի են ընկնում իրենց անբարոյությամբ։ Կեղծ վարդապետությունը արդեն թափանցել էր եկեղեցուց ներս։ Առաքյալի մտահոգությունը հայտնի է իր թղթից։ Հեղինակը զայրույթով է արտահայտվում մոլորեցնողների հասցեին և հայտնում է, որ նրանք բոլորն էլ կարժանանան երկնագույն խստագույն դատաստանի։
Մեղադրելով մոլորեցնողներին, զուգահեռ զգուշացնում է հավատացյալներին, որ հաստատ մնան իրենց հավատի մեջ՝ հաշվի առնելով հավատի հակառակորդների ներկայությունը իրենց մեջ։ Թուղթն ավարտում է մի փառաբանական աղոթքով, որն ուղղված է Միակ Աստծուն և մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին։ Հուդա առաքյալը Հիսուս Քրիստոսի համբարձումից հետ ներշնչանքով գրել է այս թուղը՝ հավատուրացության մասին։ Այս թուղը գրելու ժամանակ, արդեն դրված էր Պողոս առաքյալի նամակները, բայց եկեղեցի ներթափանցած մոլորությունը առիթ հանդիսացավ, որ Հուդա առաքյալը նույնպես գրի մի հորդոր այդ մասին։ Այս թուղթը, որ գրել է առաքյալը, կարծես մի լույս է վառել եկեղեցու ճանապարհին՝ ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար։ Ողջույնի խոսքից հետո, առաքյալը դիմում է բոլոր քրիստոնյաներին՝ հետաքրքիր ուղերձով։ Նրա խոսքից հասկանում ենք, որ նախապես մտադիր է եղել գրելու հասարակաց փրկության մասին, բայց ինչ որ բան փոխել է առաքյալի մտադրությունը և նա որոշել է գրել հավատի մասին։ Ի՞նչը կարող էր առիթ հանդիսանալ, որ նա փոխեր իր մտադրությունը։ Բնականաբար եկեղեցուն սպասվող վտանգը, որ գալիս էր կեղծ վարդապետությունների միջոցով։ Որքան ամուր է եկեղեցում հավատը, այնքան հավանականությունը քիչ է մոլորվելու։
Այդ պատճառով առաքյալը հավատի հացը դարձրեց առաջնահերթ, քանի որ աներկբա հավատ ունեցողը կհավատա նաև հասարակաց փրկությանը։ Հիմա տեսնենք, թե ի՞նչ հավատի մասին է խոսում Հուդա առաքյալը։ Խոսում է այն հավատի մասին, որը մի անգամ ընդմիշտ ավանդվեց սրբերին։ Սա շատ կարևոր ու նուրբ հարց է, որի վրա ուշադրություն գրեթե չենք դարձնում։ Նորից կրկնենք առաքյալի խոսը, որ ասում է․ «Այն հավատը, որ մի անգամ ընդմիշտ փոխանցվեց սրբերին»։ Մի փոքր անդրադառնանք այս հարցին, քանի որ մենք էլ մեր եկեղեցիների մեջ հանդիպում ենք հավատի տարբեր երանգների, որը փոխանցվում է ընտանիքից զավակին, զավակից իր զավակին, և ուղղափառ վարդապետությունը ճանապարհ անցնելիս ենթարկվում է որոշ փոփոխությունների։ Այս վտանգը տեսել են նաև Քրիստոսի առաքյալները, քանի որ նախնական եկեղեցում եղել է քարոզության բանավոր խոսքը։ ժամանակի ընթացքում նրանք զգացել են որ կարող է փոփոխության ենթարկվել ուղղափառությունը՝ ձեռքից ձեռք, գրեցին իրենց Ավետարաններն ու իրեն թղթերը՝ մինչև առաջին դարի կեսերը։ Այդ պատճառով է առաքյալը աղաչում, որ պայքարեն այն հավատի համար, որ մի անգամ ընդմիշտ ավանդվեց իրենց։ Մոլորեցնողների նպատակն էլ դա էր, որ եկեղեցում խեղեն ճշմարտությունը։ Ամբարիշտ մարդիկ Աստծու շնորհը վերածել են անառակության և ուրացել են միակ Իշխանին և Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն սրբերը մի անգամ ընդունել են հավատը և պարտավոր են նույն ընդունածը առանց կորստի փոխանցել հաջորդ սերնդին։ Ոչ մի բան ավելացնելով, կամ՝ պակասեցնելով և չվնասելով պետք է մի սերունդը փոխանցի մյուս սերնդին։
Սիրելիներ, բայց ցավալի իրականություն կա, և մենք գիտենք որ ցանկացած թանկարժեք բան տեղափոխելիս, միշտ մի բան կորում է ճանապարհին։ Այնպես էլ չի բացառվում, որ Աստծու խոսքի մարգարիտներից ճանապարհի կորած լինի մարդկային տկար մտքի պատճառով։ Բոլորդ էլ նկատած կլինեք, որ մեծ բեռնատարները ճանապարհին կորցնում են մի բան՝ թեկուզ քամու պատճառով։ Ես վախենում եմ այդ մասին խոսել, թե մենք ինչպես ենք փոխանցում մեր վերցրածը հավատը։ Մինչդեռ սա մեծ և պատասխանատու հանձնարարություն է՝ Աստծուց։ Մովսեսից սկսյալ, Աստված ասում է,- գնա՛ և այսպես ասա իմ ժողովրդին։ Միթե մարգարեն իրավունք ուներ այլ բան փոխանցելու։ Ինչ որ մենք ենք տեսնում մեր օրերում, կգա ժամանակ, երբ մարդիկ փոխանցելու ոչինչ չեն ունենա, քանի որ դատարկ կլինեն հավատից։ Այս մասին էր զգուշացնում առաքյալը բոլոր քրիստոնյաներին։ Ինչո՞ւ, և որտեղից առաջացան այդ մոլորեցնողները՝ իրենց կեղծ վարդապետությամբ։ Մենք գիտենք, որ կա օրենք և կա շնորհ։ Տեր Հիսուս եկավ և մարդկությանը ազատեց շատ ու շատ օրենքի կապանքներից, որոնք մարդկանց սահմանափակում են խստասրտության մեջ։ Իսկ օրենքի տառին կառչած մարդկանց դուր չեկավ քրիստոսի բերած շնորհի ազատությունը, դրա համար սողոսկեցին եկեղեցի և փորձեցին խարխլել հավատի հիմքերը։ Հին ուխտի օրենքի մեջ մեղավոր մարդուն քարկոծում էին սպանելու ելքով, իսկ նոր ուխտի մեջ մարդը կարող է զղջալ իր մեղքի համար և ներում ստանալ։ Այս փաստը ուրախություն պատճառելու փոխարեն ոմանց գրգռեց, քանի որ մարդիկ կան, որոնք սիրում են իշխել, պատժել, սպանել, հալածել։ Այդպիսի մարդիկ դեմ դուրս եկան Քրիստոսին։ Բացի նրանից, որ դեմ դուրս եկան այս ամբարիշտ մարդիկ, այլ Աստծու շնորհը, որ ազատությունն էր, վերածեցին անառակության, ասելով միևնույն է, ամեն ինչ ներվում է, այժմ կարող ենք գործել ամեն տեսակ մեղք։
Այսպես էին մտածում Գնոստիկյան շարժման հետևորդները, որոնք կարծում էին, թե Քրիստոս բարի է և կների։ Քիչ չեն նաև մեր օրերում այսպիսի մոլորյալները, որոնք իմանալով Աստծու շնորհած ազատության մասին, թավալվում են մեղքի տիղմի մեջ և հետն էլ ասում են,- Աստված ողորմած է, միթե չի ների։ Այսպիսիների համար Հուդա առաքյալն ասում է, որ նրանք պիտի արժանանա երկնային խստագույն պատժին։
Հուդա առաքյալը հաջորդ պարբերության մեջ ևս մի կարևոր արտահայտություն է անում, ասելով․- Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք արդեն բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, ապա կորստյան մատնեց անհավատներին։ Այսպիսի միտք արտահայտում է նաև Հովհաննես առաքյալը, երբ ասում է, թեպետ դուք արդեն գիտեք, բայց ես հիշեցնում եմ։ Զարմանալի է, սովորաբար մի բան սովորեցնում են նրանց, որոնք չգիտեն։ Իսկ ի՞նչ են սովորեցնում նրանց, որոնք արդեն տեղյակ են։ Սիրելիներ, այլ բան է սովորեցնել նրանց, որոնք չգիտեն, բոլորովին այլ բան է սովորեցնել նրանց, որոնք գիտեն։ Պողոս առաքյալը նույնպես ասում էր, որ ինքը չի հոգնում անվերջ կրկնեցուց, քանի որ Աստծու խոսքը մեկ անգամ լսելով չի գործում և չի մտապահվում։ հետևաբար անհրաժեշտ է որ քրիստոնյաները անընդհատ խոսեն միասին Աստծու խոսքը։ Որովհետև ամեն անգամ մի նոր լույս է ծագում մի նոր մտքի վրա։ Անվերջ պետք է խոսել Աստծու մասին, որպեսզի մտքում և սրտում որևէ շեղում տեղի չունենա։ Ուղղակի քրիստոնյաների մեջ չկա այս բարի սովորությունը, որ միմյանց հետ զրուցելիս միմյանց տան կարևոր հարցերը՝ Քրիստոսի Հարության, Երկրորդ Գալուստի, մեռելների համընդհանուր հարության, Արդար դատաստանի և հավիտենականության մասին։ Իսկ ի՞նչ վատ կլինի, երբ քրիստոնյաները միմյանց հարց տան․ «Գիտե՞ս արդյոք, որ ամեն մարդ պատասխան է տալու իր արարքի համար՝ արդար դատաստանի ժամանակ, ինչպե՛ս բարի գործերի, այնպե՛ս էլ չար»։
Կարծում եմ որ ավելի շահեկան է այս խոսակցությունը՝ քրիստոնյաների շրջանում, քան հանդիպելիս խոսել կենցաղային անկարևոր թեմաներից, կամ մի երրորդ անձի կյանքի ու վարքի քննարկումից։ Ափսոս, որ մեզանում չկա այս բարի սովորությունը՝ առայժմ։
Երբ Հուդա առաքյալն ասում է, որ Աստված նախ փրկեց իր ժողովրդին, ապա պատժեց անհավատներին, մենք ակամայից հիշում ենք Եգիպտոսի պատմությունը, երբ Աստված կամեցավ իր ժողովրդին հանել գերությունից և տանել խոստացված երկիր։ Այդ ճանապարհին տեղի ունեցան տասնյակ պատիժներ, տասնյակ հրաշքներ՝ երբ Մովսեսի միջոցով Աստված տալիս էր հրահանգներ Փարավոնին։ Իսրայելի ժողովուրդն էլ տեսավ հազարավոր հրաշքներ իր փրկության ճանապարհին, բայց մնաց անհնազանդ։ Նրանք առաջինն էին, որ տեսան իրենց ուղեկցող լույսի սյունը, որ Աստծու ներկայությունն էր իրենց մեջ։ Քառասուն տարիների դեգերման ժամանակ, որ ոքի ոչինչ չպատահեց, չաշխատեցին, բայց կերան Մանանան՝ երկնքից, սակայն նրանք դարձյալ անհնազանդ գտնվեցին Մովսեսի և Աստծու դեմ և չարժանացան մտնել Ավետյաց երկիր։ Աստված փրկեց գերությունից, բայց կորստյան մատնեց անհավատության պատճառով։ Սիրելիներ, մի՞թե այս բոլորը մեզ պետք չէ կրկնել ամեն օր, որպեսզի հասկանանք, որ Աստծու մասին իմանալը բավական չէ փրկության համար։ Իսրայելացիները նույնպես գիտեին, նաև տեսնում էին Աստծու ներկայությունը իրենց մեջ, բայց չփրկվեցին։ Հետևաբար Աստծու խոսքի կրկնությունը բխում է միայն մեր շահերից։ Աստված չխնայեց նաև անհնազանդ հրեշտակներին, որոնք դեմ դուրս եկան Աստծուն։ Նրանց առաջնորդում էր հակառակորդ սատանան, չար հրեշտակը։ Իսկ նրան որոնք հնազանդվեցին, նրանց ղեկավարում էր Միքայել Հրեշտակապետը։
Աստված ծրագիր ունի համայն մարդկության համար, որ բարի է և փրկություն է մեղքի ստրկությունից։ Յուրաքանչյուր մարդ ծրագիր ունի իր անձի համար, որը կա՛մ բարի է, կամ՝ չար։ Իսկ ընկած հրեշտակի ծրագիրը մարդկության ստեղծման օրից դեմ է մարդուն և Աստծուն և միայն կործանիչ է։ Աստված ընկած հրեշտակների դասը հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց՝ դատաստանի մեծ օրվա համար, ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի կրքերի հետևից ընկնելով և հավիտենական դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորի համար։ Սիրելիներ Հուդա առաքյալի թղթի առջին մասը սերտելիս, հանդիպեցինք երեք խոշոր և սարսափելի իրադարձությունների, որոնց կուզեմ անդրադառնալ մեր տեսանկյունից։ Մենք շատ հաճախ ենք լսում, որ մարդիկ ասում են Աստված համակ սեր է։ Այո սեր է ։ բայց սա չի նշանակում, որ կարելի է օգտվել Աստծու մեծագույն սիրուց և մեղանչել Աստծու դեմ։ Առաքյալը այս թղթում մեզ հիշեցրեց երեք կարևոր իրադարձություն մարդկության պատմությունից, որոնք նույնպես Աստծո սիրո դրսևորումներից են։ Եգիպտոսի գերությունից ազատելը և անապատում կորստյան մատնելը։ Երկնային չար հրեշտակներին անհնազանդության համար խավարում դատաստանի համար պահելը և Սոդոմ ու Գոմոր քաղաքների այրելը։ Աստված չի դադարել սեր լինելուց, այս բոլոր կատարած լինելով հանդերձ։ Ուրեմն մենք անդրադարձ ունենանք մեր հոգևոր կյանքին և հետևություն անենք այսօր՝ ճանաչելով Աստծուն։ Աստված մեզ ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ։ Մի՞թե չհավանեցինք Աստծո պատկերով ստեղծվելը:
Մեզնից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ լսել է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ: Եթե մենք լսում և հավատում ենք այս խոսքը, ապա որպես երախտագիտություն և գոհություն պետք է սրբությամբ և ամենայն արդարությամբ պահենք նույնությամբ Աստծո ստեղծած պատկերը և նմանությունը: Նույնիսկ եթե մի պահ կորցնենք այդ նմանությունը, հնարավորություն ունենք փնտրելու և գտնելու մեր նախկին պատկերը, հենց Պատկերի Տիրոջ միջոցով, ով պատրաստ է ընկածին բարձրացնելու, մոլորվածին ճանապարհ ցույց տալու: Իսկ եթե մենք աղավաղում ենք աստվածային նմանությունը և հրեաների նման համառորեն մնում ենք այդ աղավաղված վիճակում, ի՞նչ է մեր անունը, ո՞ւմ պատկերը ունենք այդ վիճակում, ի՞նչի ենք արժանի… ինքներս բնութագրենք մեզ:
Անշուշտ կվիրավորվեինք, եթե մեկը մեզ ասեր, թե մենք չենք կրում Աստծո պատկերը և նմանությունը, կամ ասեր, թե Աստված քեզ չի ճանաչում: Բայց ինքներս մեր կամքով վաստակում ենք Աստծուց լքված լինելու կարգավիճակը:
Թող Աստված ողորմի բոլորիս, քանի որ բոլորս ենք հոգևոր վթարային վիճակում։ Մենք միայն աղոթքով ու ինքնաքննությամբ կարող ենք կանգնել Աստծու առջև և ներկայանալ այնպես ինչպես որ կանք ներկա վիճակում։ Աստված մշտապես ասում է բոլոր եկեղեցիներին․ «Գիտեմ քո գործերը»։ Եթե մենք արթուն չլինենք մեր հոգևոր կյանքի մեջ, ապա մի գեղեցիկ օր Աստված կշարժի նաև մե՛ր եկեղեցու աշտանակները։ Սիրելիներ ասելիքը շատ է Հուդա առաքյալի թղթում, հետևաբար այն կբաժանենք երկու մասի, և երկրորդ մասը կսերտենք հաջորդ եթերաժամին։
Իսկ հիմա աղոթենք միասին
Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա:
Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Որդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրագործելու համար:
Որդի՜ Աստծո, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ քառասնօրյա ծոմապահությամբ ցույց տվեցիր, որ մարդու համար հնարավոր է ժուժկալությամբ և աղոթքով հասնել հոգևոր բարձունքի: Քո՛ Սուրբ Մկրտությամբ հաստատեցիր վերստին ծնունդով նոր մարդ դառնալու գաղափարը: Քո՛ երեքամյա հանրային ծառայությամբ փոխանցեցիր
սերնդե սերունդ Քո ճշմարիտ Լույսը: Երախտապարտ ենք Քեզ, որ կամավոր հանձն առար Խաչի տանջալից մահը մեր մեղքերի պատճառով: Հարություն առար, երևացիր մարդկանց փաստելով Աստվածությունդ: Համբարձվեցիր և խոստացար ուղարկել Սուրբ Հոգին, որպեսզի լուսավորի Քո առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին առնելով Սուրբ Հոգին, գրի առան Քո բոլոր պատգամներն ու ուսուցումները ճշմարիտ կյանքի համար:
Հաստատեցիր մեզ համար Քո Մարմինն ու Արյունը ճաշակելու Խորհուրդը, որպեսզի անմասն չմնանք Քեզնից: Ոչնչից զուրկ չթողեցիր մեզ` երախտամոռներիս: Այդ բոլորը փոխանցվեց մեզ երկու հազար և ավելի տարիներ հետո, բայց մենք արարածներս չենք կարողանում կատարել մեր Արարչի պատգամները՝ ինչպես որ հարկն է, միայն մեղքի պատճառով: Ծոմ ու պահք ենք պահում ու արդյունքի չենք հասնում: Մկրտվում ենք Քո Անունով, սրբվում ենք մեղքից, բայց չենք կարողանում մաքուր պահել մեր սիրտը նախանձից ու բարկությունից, էլ ուր մնաց մեր հոգին, որ Աստծու Տաճար, և Սուրբ Հոգու բնակարան կոչվեց:
Պսակվում ենք Եկեղեցու խորհրդով, բայց տեր ու հնազանդ չենք լինում։ Քո միացրածը Պսակը մարդկային ձեռքերը բաժանում են, անտեսում ենք այն խոստումը, որ տվեցինք Քեզ, Աստվածաշնչի, Սուրբ Սեղանի, Քահանայի և մեր հարազատների վկայությամբ: Նույնիսկ ճաշակում ենք Քո Սուրբ Մարմինն ու Արյունը անարժանաբար, այդ պատճառով շարունակում ենք մնալ նույն մեղանչող բնությամբ: Ո՞վ կգթա մեզ, եթե ոչ Դո՛ւ, Ո՜վ Բարերարդ:
Մենք արժան չենք Քո մեծ ողորմությանն ու գթությանը, համբերությանն ու կարեկցանքին, ներողամտությանն ու բարերարությանը:
Մենք հավատում ենք Քեզ, և այդ հավատը այնքան տկար է որ մեր մարդկային գործոնը իշխում է մեր բանականությանը, որ Դու տվեցիր մեզ անասունից տարբերվելու համար: Դու մեզ ուղղաձիգ ստեղծեցիր և որպես պահպանող հատկություն տվեցիր աստվածճանաչողությունը, բայց մենք դարձյալ ընտրեցինք մեղքը և թաքնվեցինք Քեզնից: Ողորմի՜ր մեզ Տե՛ր, դարձյալ գթա, նորի՛ց ներիր, շնորհի՛ր մեզ ճշմարիտ ապաշխարություն, ո՛ւժ տուր մեզ՝ պատվով դուրս գալ մեզ հանդիպած փորձությունից՝ արժանանալու համար Քո սուրբ Մարմնին և արյանը՝ արժանավորապես, աղաչո՜ւմ ենք Քեզ` և Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն աղոթք ենք վերառաքում ամենայն ակնածանքով և ողբալի աղերսներով: Լսի՜ր մեզ…
Օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Որդիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Հոգիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն