ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ ինչպես որ ձեզ տեղեկացրել էի, և դուք էլ գիտեք, որ Հովհաննես առաքյալը բացի իր Ավետարանից, ու Հայտնության Գրքից, ունի նաև երեք ընդհանրական թղթեր, որոնցից առաջին թղթի հինգ գլուխներն արդեն սերտել ենք, իսկ այսօր կսերտենք երկրորդ և երրորդ թղթերը, որոնք շատ համառոտ են, ու փոքր։ Առաջին թղթի բովանդակությունը դեռ թարմ է մեր մտքերում, և հիշում ենք, որ առաքյալը խոսեց Հոգու, ջրի և արյան մասին, որ այս երքը վկայում են Ճշմարտության մասին։ Սուրբ Հոգու ներգործությունը շատ կարևոր է Աստծու խոսքի տարածման համար։ Իսկ Աստծու ճշմարիտ խոսքը լվանում, մաքրում և սրբագործում է ամեն մարդու, որը հավատով է լսում և ընդունում Աստծու խոսքը։ Ամբողջ աշխարհում լվացող նյութերի գովազդ է ամենուրեք։ Բայց մենք մոռանում ենք, որ օճառը լվանում և մաքրում է միայն արտաքին կեղտը։ Իսկ Աստծու կենդանի և հավիտենական խոսքը լվանում և մաքրում է ներսից՝ փրկության համար։ Առաջին թղթի ընդհանուր բովանդակության մեջ առաքյալը խոսեց նաև Աստծուց ծնվածների մասին, այսինքն վերստին ծնվածների, որոնք չեն կարող երկար մնալ մեղքի մեջ, և Անառակ Որդու պես կհեռանան խոզանոցից։ Այսինքն հասկացանք, որ Աստծուց ծնվածը իրավունք չունի այլևս մեղքի մեջ մնալու։ Հիմա տեսնենք, թե ինչ է ուսուցանում իր երկրորդ փոքրիկ թղթով, որը ընդամենը մեկ գլխից է բաղկացած։ Այս թղթի մեջ Հովհաննես առաքյալը իրեն ներկայացնում է որպես երե՛ց։ Նամակի բովանդակությունից հասկանում ենք, որ նա առանձնահատուկ հեղինակություն է վայելել այն մարդկանց մոտ, որոնց ուղղված է այս թուղթը։ Նա դիմում է ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին։ Հավանաբար այս մարդիկ տեղական մի եկեղեցու անդամներն են։
Այս թղթի մեջ էլ քաջալերում է իր ընթերցողներին, որ ապրեն ճշմարտության և սիրո մեջ։ Տեղական եկեղեցու այս անդամներին էլ զգուշացնում է հեռու մնալ նույն կեղծ գաղափարներից, ինչի մասին, որ խոսեց առաջին թղթում։ Այս թղթի մեջ առաքյալը խոսում է նաև իր հավանական այցելության մասին և փոխանցում է ողջույններ այլ եկեղեցիների։ Առաքյալի այս երեք նամակներն էլ կարելի է համարել ընտանեկան նամակներ, քանի որ եկեղեցին էլ մի մեծ ընտանիք է, և խրատները վերաբերում են ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Սիրելիներ, տեսակետ կա, որ այս նամակները գրվել են 90 ից 100 թվականներին, երբ առաքյալը խորը ծերության մեջ էր։ Որքան էլ որ նամակները իրենց բովանդակությամբ փոքր լինեն, մեզ համար շատ կարևոր է առաքյալներից յուրաքանչյուրի գրած միտքը, քանի որ առաքյալները անձնական շփման մեջ են եղել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, հետևաբար նրանց նամակների և խոսքերի ու մտքերի մեջ անպայման կգտնենք Աստծու Որդու շունչը, Սուրբ հոգու ներշնչանքը։
Առաջին անգամն է, որ առաքյալը իրեն ներկայացնում է որևէ անունով, այստեղ իրենց երեց է անվանում, և խոսում է ճշմարտության մասին, որով իրենք հաղորդակցվում են միմյանց հետ։ Նամակի հասցեատերերը նույնպես ճշմարտության կրողներ են և իրենց մեջ հաստատված է փոխադարձ սեր՝ միմյանց նկատմամբ։ Այս նամակագրության ժամանակ, արդեն առաքյալը մենակ էր, և իր բոլոր հավատակից եղբայրներն ու առաքյալները նահատակվել էին։ Այս տեսանկյունից եթե նայեք, Հովհաննես առաքյալը կարող է համարվել առաջին եկեղեցու հիմնադիր, քանի որ Աստծու հրամանով, նա ողջ էր մնացել, և մարդկանց փոխանցում էր ճշմարտություններ, որոնք ոչ թե իր իմաստությունից էլ այլ Կենդանի աղբյուրի ակունքից՝ Հիսուս Քրիստոսից, որից խմել էր ինքը իր աշակերտության տարիներին։ Ապրելով հրեական միջավայրում, քաջատեղյակ լինելով հրեաների ունեցած վերաբերմունքը կանանց նկատմամբ, որ այդքան էլ բարեհաճ չէր, առաքյալը համարձակությամբ նամակ է հասցեագրում մի կնոջ, այն էլ ընտրյալ Տիրուհու։ Ո՞վ էր այս ընտրյալ կինը, որ արժանացել էր առաքյալի հարգալից խոսքերին, և նույնիսկ գրավոր թղթին։ Անշուշտ այդ կնոջ ընտրյալ լինելը պայմանավորված էր Քրիստոսի հանդեպ ունեցած նրա հավատին ու ծառայությանը, որ հավանաբար հայտնի էր նաև իր ժամանակակիցներին։ չէ որ բոլորն են կանչվում, բայց քչերին է հաջողվում ընտրյալ լինել։ Իսկ եթե Հովհաննեսը նրան ընտրյալ է համարում, մենք միայն ողջունում ենք նրա ընտրյալ լինելու հանգամանքը։ Թղթում հիշատակվում է այս կնոջ որդիների մասին, որոնք նույնպես ճշմարտության հետևորդներ են։ Ըստ նկարագրության կինը այրի է եղել, քանի որ ամուսնու անվան հետ կապված ոչինչ չկա գրված։ Այրի կին է, հավատացյալ զավակներ ունի, ինքը բարեպաշտ է, և հայտնի է իր միջավայրում, որպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդ՝ իր ընտանիքով։ Հիշում եք Պողոս առաքյալը այրի կանանց մասին խոսելիս, որպես օրինակ նկարագրում էր այսպիսի վարք ունեցող մեկին, քանի որ եթե մեկը իր զավակներին չկարողանա քրիստոնեաբար դաստիարակել, ապա ինչպե՞ս կարող է այլոց զավակներին, որ իր խնամակալության են հանձնված, նրանց կրթել հոգևոր կյանքի մեջ։ Այս այրի կինը իր ընտանիքով սիրված ու հարգված է ոչ միայն Հովհաննես առաքյալից, այլ՝ նաև բոլոր նրանցից, որոնք նույնպես ճշմարտությամբ են վարում իրենց կյանքը։ Այս ընտանիքին առաքյալը Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ, խաղաղություն և ողորմություն է մաղթում ճշմարտության սիրով։ Ինչո՞ւ է առաքյալը մի նախադասության մեջ երկու անգամ շեշտում, որ ճշմարտությամբ է սիրում; Նշանակում է, որ առաքյալը նկատի ունի նաև կեղծ սիրո առկայությունը, որ կա մարդկանց մեջ։
Մենք նույնպես ամենատարբեր առիթներով ականատես ենք լինում դեպքերի, երբ լսվում են սիրելու մասին արտահայտություններ, որոնք բոլորովին կապ չունեն առաքյալի ասած ճշմարիտ սիրո հետ։ Երբեմն մեկը մյուսին ասում է․ «Ես քեզ շատ եմ սիրում»։ Սակայն ասված խոսքը բացահայտ կեղծիք է, և շատերին է հայտնի այդ մասին։ Բայց հանգամանքները այդպես են պահանջում, որ ասի։ Սա շատ արատավոր երևույթ է մեր իրականություն մեջ, հատկապես, որ արվում է երեխամերի ներկայությամբ, և դարձյալ երեխաների ներկայությամբ էլ նույն մարդուն, որին «սիրում էին» քիչ առաջ, հիմա բամբասում են։ Սա հիմնականում արվում է վերադասին տուրք տալու համար։ Դրա համար առաքյալը երկու անգամ է նշում, որ այդ ընտանիքին ճշմարտությամբ է սիրում։ Սիրում է, որովհետև այդ ընտանիքի զավակները ընթանում են ըստ այն պատվիրանի, որն ստացան Հորից։ Հորդորում է առաքյալը այդ բարեպաշտ կնոջը, որ մնան նույն սիրո մեջ, ինչ մեջ որ ապրում էին։ Ո՛չ թե նոր բան էր սովորեցնում, այլ խնդրում էր, որ նրանք իրենց հոգևոր ընթացքը չփոխեն հանկարծ։
Սիրելիներ, հավանաբար արդեն նկատած կլինեք, որ առաքյալները իրենց նամակների կամ թղթերի սկզբում և վերջում ինչպիսի բարեմաղթանքներ են փոխանցում միմյանց։ Քիչ առաջ կարդացինք, որ առաքյալը այդ ընտանիքին մաղթեց շնո՛րհ, ողորմությո՛ւն և խաղաղություն։ Մաղթեց ճշմարտությամբ և սիրով։ Մի պահ մտովի վերհիշենք մեր բարեմաղթանքները, որ որոնք հնչեցնում ենք մեր միջոցառումների և որոշ արարողությունների ժամանակ։ Կամ ինչու չէ նաև սովորական հանդիպումների և բաժանումների ժամանակ։ Վերջերս մոդա է եղել, հարսանյաց հանդեսներին հրավիրել մի խոսնակ, որը հմուտ և արհեստավարժ է անհավանական մաղթանքներ տալու մեջ։ Օրինակ՝ « երկար տարիների երջանիկ կյանք, մեծ սեր, լիքը փող, շքեղ մեքենա, հավերժական ուրախություն» և էլի շատ ու շատ անհասանելի ցանկություններ։ Դուք լսել եք, որ մարդիկ միմյանց շնորհ մաղթեն Աստծուց։ կամ ողորմություն մաղթեն Աստծուց։ Ոչ, մարդիկ գիտեն, թե իրար ինչ մաղթեն, որ հաճելի լինի։ Բայց առաքյալները եկեղեցու հավատացյալներին խաղաղություն են մաղթում, քանի որ առանց խաղաղության մարդկանց կյանքը իրական քաոս է։ Այդ խաղաղությունն էլ մաղթելով չէ, եթե մարդը ինքը չկամենա ձեռք բերել խաղաղություն՝ առաքինությունների միջոցով։ Տիրոջից Ողորմություն են մաղթում առաքյալները մարդկանց, որովհետև եթե մարդը ողորմած չէ, նա չի կարող բարի բան կամենալ իր մերձավորին։ Եվ վերջապես եթե մարդու Աստծուց շնորհ չունենա, կվարվի մարդկայնորեն, իսկ մենք գիտեն մարդու կամքի հետևանքները։ Ինչու մարդիկ չկարողացան օրենքով փրկվել, որովհետև չուզեցին մտնել շնորհի տակ։ Օրենքն ասում է՝ կատարի՛ր։ Շնորհն ասում է հավատա՛։ Օրենքն ասում է,- Կատարիր և կապրես։ Շնորհն ասում է,- հավատքով ապրիր և կկատարես։ Իսկ այս բոլորի գլուխը սերն է, որը կատարել է տալիս ամեն բարի գործ՝ կլինի ողորմություն, կլինի ծառայություն, կամ օգնություն։ Առաքյալը ամեն Կերպ փորձում է իր ընթերցողին հավաստիացնել, որ մի Հայր տիեզերքում, որն Իր Միածին Որդուն չխնայեց, որպեսզի դու ազատ ու երջանիկ ապրես քո կյանքը: Կա մի Որդի Տիեզերքում, որն անտրտունջ կրեց խաչի տառապանքը որպես զոհ քեզ համար, որպեսզի ազատվես մեղքին գերի լինելու քո տկարությունից: Կա մի Սուրբ Հոգի Տիեզերքում, որն անվերջ քեզ հիշեցնում է քո խղճի և բանականության միջոցով, որ պատասխան տալու ժամանակ կա՝ քեզ համար, դա քո կյանքի ավարտն է: Կա միայն մի մայր Տիեզերքում, որն իր սրտում պահում էր խորհուրդը՝ իր Որդու մահվան մասին, որն աշխարհ եկավ քեզ փրկելու համար:
Կա նահատակ սրբերի բազմություն տիեզերքում, որոնք անվերապահ հավատացին այն Որդուն, որն այժմ նստած է Հոր աջ կողմում որպես բարեխոս քեզ համար: Այդ սրբերի բազմությամբ է ցանկապատված Քրիստոսի աներևույթ եկեղեցին, որ մշտական փառաբանության և հաղորդակցության մեջ է Ամենասուրբ Երրորդության հետ:
Հիմա նայիր քեզ, ո՛վ մարդ, այդ ո՞ր արժանիքիդ համար է այսքան բան արվում քեզ համար: Ուրեմն այս պահից դեն նետիր հպարտությունդ, որից սկիզբ են առնում մնացած մեղքերը: Մաքուր գործերով, լուսավոր մտքերով, զղջացող սրտով և խաղաղ հոգով սկսիր օրդ: Միայն այս պարագայում կարելի է ուրախ լինել, խաղաղ լինել, ողորմած լինել; Ուրախացիր, որ հին մեղքը չեկավ քեզ հետ նոր օրվա մեջ: Ուրիշ գաղտնիք չկա մեր միապաղաղ կյանքի մեջ: Իսկ որտեղ Քրիստոս չի թագավորում, այնտեղ գաղջ է, ինչքան էլ որ արհեստական ուրախություն ստեղծենք:Մարդկանց կյանքի մեջ Քրիստոսի բացակայությունը սիրո բացակայություն է։ Հովհաննես առաքյալն ասում է, սերը այն է, որ ընթանաք Նրա պատվիրաններով։
Առաքյալը այս բարեպաշտ ընտանիքին էլ է զգուշացնում ժամանակի մոլորեցնողներից, որ հայտնվել են ամենուր։ Հայտնվել են մարդիկ, որոնք չեն խոստովանում, որ Հիսուսն է Քրիստոսը՝ մարմնով եկած։ Առաքյալի համար շատ ծանր է լսել այսպիսի հերձված՝ Հիսուս Քրիստոսի մասին, որին ինքը շոշափել է, որի հետ խոսել է, որին լսել է, որի կյանքի բոլոր հանգրվաններին ներկա ու ականատես է եղել անձամբ, սկսած քարոզությունից մինչև Գողգոթա ու Համբարձում։ Հետևաբար որքան ցավ կարող էր պատճառել Հովհաննեսին և առհասարակ բոլոր առաքյալներին, այսպիսի անհեթեթ մոլորությունները, որ տարածում էին մարդկանց մեջ։ Այսպիսի հերձվածողներին առաքյալը մոլորեցնող և Նեռ է անվանում։
Առաքյալը մտահոգ է մարդկանց համար, քանի որ կարող են գայթակղվել այսպիսի մոլորեցնողների պատճառով և կորցնեն իրենց վաստակածը, այլ կամենում է, որ քրիստոնյա մարդիկ պահեն իրենց, որպեսզի չարը չմոտենա նրանց, և իրենք արժանանա բովանդակ վարձը ստանալու։ Հետևաբար բոլոր քրիստոնյաները պետք է մնան Քրիստոսի վարդապետության մեջ, որպեսզի մշտական հաղորդակցության մեջ լինեն և ճանաչեն Քրիստոսին։ Ով մնում է այդ վարդապետության մեջ նա ընդունում է և՛ Հորը, և՛ Որդուն։ Նույնիսկ քրիստոնյաներին առաջարկում է, որ եթե մեկը գա ձեզ մոտ և չունենա Քրիստոսի այդ վարդապետությունը, նրան նույնիսկ տուն մի ընդունեք։ Բացի նրանից, որ տուն մի ընդունեք, նաև ողջույն մի տվեք։ եթե մեկը այսպիսի մարդկանց ողջույն ասի, ուրեմն մասնակից կլինի նրանց չար գործերին։
Սիրելիներ առաքյալի այս նամակի մեջ չկա մի խրատ, որը գրած չլինի իր թղթերում, բայց քանի որ Հովհաննես առաքյալը կամենում է հանդիպել քրիստոնեական եկեղեցիներին, և կենդանի շփման միջոցով խոսի նրանց հետ, դրա համար շատ կարճ են երկրորդ և երրորդ նամակները։ Սիրելիներ, առաքյալի այս երկրորդ նամակի շուրջ նույնպես եղել են տարաձայնություններ մեկնաբանների կողմից այն առումով, որ մի մասն ասում են, որ այս նամակը որոշակի անձի ուղղված նամակ է, քանի որ նույնիսկ անուն է նշվում և զավակների մասին է հիշատակվում, որ բարեպաշտ են։ Իսկ մեկնաբանների մեկ այլ մասն ասում է, որ առաքյալը Տիրուհի ասելով նկատի ունի քրիստոնեական եկեղեցին, իսկ նրա զավակների մասին խոսելով, նկատի ունի հավատացյալները։ Սակայն մեր՝ ընթերցողներիս համար երկու տարբերակն էլ ընդունելի է, քանի որ ինչպես անհատը կարող է բարեպաշտ լինել և նույնպիսի զավակներ ունենալ, այնպես էլ եկեղեցին կարող է հավատարիմ լինել ճշմարիտ վարդապետությանը և ունենալ հոգևոր հավատացյալ հոտ։ Երրորդ նամակը, կամ թուղթը ևս ունի հասցեատեր և այդ մարդը ոմն Գայիոսն է։ Այստեղ է առաքյալը կիկին ներկայանալով որպես երեց, հայտնում է իր ուրախությունը Գայիոսի գործերի հաջողության և նրա առողջության համար։ Այս մարդու մասին ևս բարի վկայություններ են լսվել հավատացյալ եղբայրներից, թե Գայիոսը ապրում է ճշմարտությամբ և հավատքով՝ Տիրոջ առաջ։ Առաքյալը, ինչպես ասացինք, արդեն մեծ տարիքում էր, և նրա համար ուրիշ ինչը կարող էր ուրախություն պարգևել, եթե ոչ իր հոտի անդամների հոգևոր նկարագիրը, որի լուրը հասնում էր իրեն, տարբեր մարդկանցից և տարբեր մարդկանց մասին։ Գայիոսի միայն պատվիրում է նույն սիրով լցվել նաև օտարների նկատմամբ և նրանց ցույց տալ Աստծուն հաճելի ճանապարհը։ Քանի որ քրիստոնյաների բարի վարքը տեսնելով, շատ ու շատ հեթանոսներ դառնում էին քրիստոնեության, քանի որ ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։
Բայց առաքյալի երրորդ նամակում հիշվում է ոմն Դիոտրեփեսը, որն իրեն բոլորից բարձր է կարծում և չի ընդունում Հովհաննես առաքյալին։ Անվերջ չարախոսում ու բամբասում է քրիստոնյաներին։ Այս չարակամ մարդը ինչպես որ ինքը չի ընդունում քրիստոնյաներին, և բամբասում է նրանց, այնպես էլ արգելք է հանդիսանում այլոց, որ հետևեն քրիստոնեական համայնքներին։ Առաքյալը Գայիոսին պատվիրում է հեռու մնալ այսպիսի մարդկանցից, և առհասարակ չնմանվել նրանց, այլ շարունակել բարի ընթացքը, ինչի մեջ որ գտնվում է իր սիրելի եղբայր Գայիոսը։ Որովհետև ով բարին է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, նա Աստծուն չի տեսել։ Նամակն ավարտում է ողջույնի խոսքերով, դարձյալ հույս հայտնելով, որ շուտով կկայանա իրենց հանդիպումը, որին առաքյալը շատ է սպասում։ Սիրելիներ, մենք ծանոթացանք հովհաննես առաքյալի երեք թղթերին։ Ծանոթացանք նաև առաքյալի կտրուկ մոտեցումներն՝ Աստծու պատվիրանների կատարման հարցում։ Բայց մենք մի շատ կարևոր դաս սովորեցինք մեզ համար, որ Աստծուց ծնվածը չի կարող մեղանչել, և Աստծուց ծնվածը պահում է իրեն և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծու որդին եկավ մեզ խելք տվեց, որպեսզի ճանաչենք Իրեն։ Այս ամենն իմանալուց հետո աշխարհը չարի մեջ է։ Իսկ Տիրոջ Երկրորդ Գալուստն անխուսափելի է։ Ավարտեցինք Հովհաննես առաքյալի ընդհանրական երեք թղթերը։ Եթե Աստված կամենա հաջորդ սերտողությունը կլինի Հուդա առաքյալի թուղթը, որը վերջինն է առաքելական թղթերից։
Աղոթենք միասին․
Հեռո՜ւ, շատ հեռու, ոչ վաղ անցյալում,
Մի իմաստուն ծեր այսպես էր ասում:
Փա՛ռք տուր Աստծուն ամեն ինչի համար, փառք տուր և՛ ուրախության համար, և՛ տխրության համար: Փա՛ռք տուր Աստծուն, որ Նա օգնում է քեզ փրկվել:
Եթե մեկը քեզ նեղացրել է այս կյանքում, դու մի աշխատիր արդարանալ
նրա առջև, այլ խոնարհ եղիր և իմացի՛ր, որ Աստված օգնում է քեզ փրկվել:
Փառք տուր Աստծուն, որ Նա այդպես օգնում է քեզ փրկվել:
Եթե դու ծանր հիվանդացել ես, և չես կարողանում անկողնուց վեր կենալ, ուրեմն այդպես էր պետք մեղքերի պատճառով: Պետք չէ՛ ողբալ և վախենալ: Փա՛ռք տուր Աստծուն, որ Նա դրանով օգնում է քեզ փրկվել:
Մեր տարիները անցնում են կամաց, բոլոր ընկերները հեռանում են, աննկատ մոտենում է ծերությունը, բայց դու մի՛շտ հաստատ մնա և քո հոգում ասա.
Փա՛ռք Աստծուն ամեն ինչի համար, որ պատահեց իմ կյանքում, Փառք Աստծուն, որ օգնում է ինձ փրկվելու հարցում: