Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • About me
    • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Հոգին մեծ է, քան Նեռը, որ աշխարհում է․ Ա․ Հովհաննես․ գլուխ չորրորդ․

04/05/2022 by Der Armen

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հանապազօրյա Հաց

Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ Մենք արդեն ճանաչում ենք սիրո քարոզիչ՝ Հովհաննես առաքյալին, որի բոլոր «երգերը» սիրո մասին են։ Տեր Հիսուս Քրիստոս իր շռայլ սիրով պարուրել է Իր սիրելի աշակերտին, իսկ աշակերտն էլ առաքյալ դառնալով, չի դադարում Քրիստոսին ներկայացնել որպես սեր, կյանք, և լույս։ Ամենքս կարող ենք փաստել ու հաստատել առաքյալի խոսքերը Քրիստոսի անունների հետ կապված։ Երբ մենք ճանաչում ենք Աստծուն, և Իր ողջ ուղղափառ վարդապետությունը, ապա մենք էլ համոզված ենք, որ մեր կյանքում կատարած լավագույն գործերը՝ սիրով արված գործերն են։ Բոլոր նվիրական խոսքերը՝ սիրով ասված խոսքերն են։ մեր կատարած չնչին ողորմությունը՝ սիրով արված ողորմությունն է։ Ուրեմն մենք «Ամեն» ենք ասում առաքյալի այն պնդմանը, որ Աստված Սեր է։ Դարձյալ եթե նայենք մեր կյանքի հոգևոր առաջընթացին ու հոգևոր աճին, ապա կտեսնենք, որ մեր կյանքում դրական տեղաշարժ եղավ միայն այն ժամանակ, երբ Աստծու խոսքի լույսը թափանցեց մեր սրտից ներս։ Լուսավորեց մեր միտքը, մեր սիրտը, մեր խոսքը։ Ուրեմն մենք դարձյալ «Ամեն» ենք ասում առաքյալի այն պնդմանը, որ Աստված Լույս է։

Քրիստոսի սերն ու լույսը մեր կյանքը դարձնում է երանելի, օրինակելի, հաճելի, հեշտ, խաղաղ, ու ամենակարևորը՝ թափանցիկ, որը բաց ավետարան է մարդկանց աչքի առջև։ Ուրեմն մենք կրկին համաձայն ենք առաքյալի այն պնդմանը, որ Քրիստոս Կյանք է։ Այս մասին ասում է նաև Տեր Հիսուս Քրիստոս, ավելացնելով ևս մի քանի առաքինությունները, ասելով,- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Հովհաննես առաքյալը իր նամակի չորրորդ գլուխը, որն այսօրվա սերտողության թեման է, նույնպես կառուցել է սիրո հիմքի վրա, սակայն այս գլխում մի շատ կարևոր բան է սովորեցնում մեզ։ Ինչպե՞ս զանազանել հոգիները։ Հիշո՞ւմ եք, երրորդ գլուխը ավարտվեց հենս այս մտքի վրա, որ Աստծու մեր մեջ բնակվելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որ Նա տվեց մեզ։ Մենք այս գլխի մեջ պատգամ ունենք առաքյալից, չհավատալ ամեն մի հոգու, այլ փորձել հոգիները, թե արդյո՞ք Աստծուց են։ Ինչպե՞ս կարող ենք մեն հոգիներ ստուգել, եթե պարզվի, որ մենք մեր հոգու մասին լուր չունենք։ Կամ լուր չունենք նաև առաքյալի այս նամակից, որով մեզ պատգամ է տալիս ստուգել հոգիները։

Սիրելիներ, մենք ամեն չորեքշաբթի, իսկ բոլոր մարդիկ ամեն կիրակի Սուրբ Պատարագի ավարտին մասնակցում են մեղքերի ընդհանրական խոստովանության զղջման աղոթքին, որի մեջ կա մի հատված՝ հոգով մեղանչելու մասին, որտեղ ասում ենք բոլորս, թե «Մեղանչեցի հոգովս և նրա զորություններով»։ Այդ պահին գիտակցո՞ւմ ենք, թե ի՛նչ ենք խոստովանում Տիրոջ առջև, ասելով «Մեղա Աստծո»։ Մեղանչում ենք Աստծու առջև և խոստովանում ենք Աստծու առջև։ Երբ ասում ենք․- Մեղա՜ հոգովս և նրա զորությամբ..
Մենք գիտե՞նք, թե որո՛նք են հոգու զորությունները։ Հոգու զորություններն են. խորամանկություն, անզգամություն, հանդգնություն, երկչոտություն, շռայլություն, ժլատություն, զեղխություն, անիրավություն, չարահավանություն, հուսահատություն, և թերամտություն։
Արդեն իմանալով հոգու զորությունների մասին, վերհիշենք, թե ողջ օրվա ընթացքում քանի՞ անգամ կարող ենք այս զորություններով մեղք գործել։ Քանի մարդ կարող են մեր դեմ մեղք գործես իրենց հոգու զորություններով։ Իսկ առաքյալն ասում է ստուգեցեք և փորձեցեք հոգիները, և մի հավատացեք ամեն հոգու։ Բայց առաքյալը մեզ չի թողնում երկմտության մեջ, այլ սովորեցնում է նաև ստուգելու ձևը։ Ուրեմն ինչպե՞ս իմանանք, թե տվյալ հոգին Աստծուց է արդյոք։ Խաբվելու մտավախությունը չափազանց մեծ է, քանի որ եղել են, կան ու դեռ կլինեն սուտ մարգարեներ, սուտ վարդապետներ, և մոլորեցնողներ, որոնք չունեն Քրիստոսի հոգին։ Առաքյալը ուսուցումը պարզ է հոգիները ստուգելու հարցում․ Ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։ Բնականաբար նաև ամեն հոգի, որը չի դավանում Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց չէ։ Կրոններ կան, որոնք չեն դավանում Քրիստոսին՝ մարմնով եկած, այլ ընդունում են, որպես մի պարզ մարգարե։ Քրիստոնյան կարո՞ղ է այս կրոնին հետևել։ Անշուշտ ոչ։ Քանի որ վտանգը մեծ է։ Առաքյալը այս տեսակ մարդկանց, որոնք չեն դավանում Քրիստոսին՝ մարմնով եկած, ասում է, որ այդ հոգին Նեռինն է, որի մասին բոլորս էլ լսել ենք, որ գալու է, և արդեն իսկ աշխարհում է։ Նեռի հոգին աշխարհում է Քրիստոսի օրերից մինչ մեր օրերը և նրա վախճանը կլինի Տիրոջ երկրորդ գալուստին։ Այս էր առաքյալի առաջարկած չափանիշներից մեկը՝ սուտ մարգարեներին ստուգելու համար։ Քանի որ առաքյալը այս նամակը գրել է քրիստոնյաներին, ապա, վստահ է նրանց վրա, որ նրանք Աստծուն ճանաչելով, հաղթել են այն մարդկանց, որոնք աշխարհում են, և լսում ենք աշխարհին, ո՛չ թե Աստծու խոսքը;
Սա ևս ստուգելու մի ձև է, եթե մարդիկ չեն ուզում լսել Աստծու խոսքը, նրանք Աստծուց չեն։ Այս երկու չափանիշներով կարելի է զանազանել ճշմարտության հոգին՝ խաբեության հոգուց։ Որովհետև ճշմարտության հոգի ունեցող մարդկանց հոգին ավելի մեծ է, քան նա որ կա աշխարհի մեջ։ Այդպիսի մարդիկ լսում են աշխարհին և աշխարհն էլ իրենց է լսում սիրով։ Սրանք արտաքին նշաններ են, որոնցով անմիջապես հայտնի է դառնում մարդու հոգին։

Բայց առաքյալը հոգիների թեմայից դարձյալ անդրադարձ է ասում սիրո թեմային։ Առաքյալի բերած սիրո բոլոր օրինակները վերաբերում են Աստծու սիրուն, որը արտացոլվեց Քրիստոսի միջոցով և եղավ սիրո կատարյալ օրինակ։ Աշխարհում ամենաշատ գործածվող բառը սերն է, որով մարդիկ միմյանց ճնշում են, հալածում են, խաբում են, և շարունակ կրկնում են, որ սիրում են։ Ինչու ասաց զանազանեք հոգիները և մի հավատացեք ամեն մի հոգու, եթե Աստծուց չէ։ Չկա մեկը, որին այսպիսի սիրո անվան տակ խաբած չլինեն իր կյանքի մեջ գոնե մեկ անգան; Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև մարդու հոգու զորությունների մեջ առաջինը խորամանկությունն է, և մարդը փորձում է այդ խորամանկությունը քողարկել սիրո քողի տակ և խաբել։ Լավ կլինի, որ դուք իմանաք հոգու զորություններից բոլորի մասին և նաև իմանաք, թե ինչպես են դրանք կառավարվում։ Որպեսզի դուք էլ թույլ չտաք նույն մեղքը՝ մեկ այս մարդու նկատմամբ։ Հոգու զորությունները, որոնց մասին վերևում ձեզ ասեցի, որոնցից առաջինը խորամանկությունն է, կառավարվում են հոգու ևս երեք զորությունների կողմից։ Այդ երեք զորությունները սրանք են՝ Բանականություն, ցասում և ցանկություն։ Ինչպես նկատեցիք առաջինը բանականությունն է, որով կառավարվում է մարդը։

Երբ մարդը հեռանում է աստվածային առաքինություններից, Աստծու խոսքից, և հայտնվում է մեղքի միջավայրում, նշանակում նրա հոգում խախտվել են այդ երեք զորությունները և ցանկությունը իշխել է բանականությանը և մարդը կատարում է այն, ինչ ցանկանում է։
Ոչ թե մտածում է իր գործած մեղքի վնասի մասին, այլ՝ բավարարում է իր ցանկությունը։ Որովհետև բանականությունը տկարացել է, զիջելով իր տեղը՝ ցանկությանը։ Այսպես են գործում մարդու հոգու զորությունները։ Երբ քրիստոնյան տեղյակ է իր հոգու գործունեությունից, ապա ուշադիր է, որ երբեք բանականությունը չկորցնի իր առաջնահերթությունը և մարդը չընկնի մեղքի մեջ։ Ուրեմն ինչո՞ւ է առաքյալը այդքան օրինակ բերում Քրիստոսի ունեցած սիրուց, որովհետև Քրիստոսի սիրո նպատակը բարձր է աշխարի ցանկացած ցանկության նպատակից։ Այ՛դ սերն է, որը միշտ զոհաբերվում է, ո՛չ թե պահանջում։ Ո՛չ թե որևէ բան պարտադրում է, այլ՝ սիրով ծառայում։ Ուրեմն առանց սիրո, որի նպատակը ծառայելն է, աշխարհում ո՛չ մի սեր արդարացված չէ։ Կարող ենք օրինակներ բերելով հասկանալ, սկսելով Աստծու հանդեպ ունեցած սիրուց։

Երբ մարդը սիրում է Աստծուն, ի սեր Աստծու սիրում է նաև իր մերձավորին՝ նույնիսկ մեղավոր վիճակում, քանի որ արեց Աստված այդպես վարվեց։ Աստծուն սիրող մարդու սրտում պահանջ չկա, հրամայել չկա, պարտադրել չկա, այլ կա միայն օգտակար լինելու մեծագույն ցանկություն, որը սովորել է իր Տիրոջից։ Երբ մարդը սիրում է իր հայրենիքը, իր կյանքով է պահում նրա սահմանները իսկ խղճով՝ օրենքները։ Երբ մարդը սիրում է իր եկեղեցին, երբեք չի ամաչի իր ծառայությունը բերել եկեղեցուն՝ ինչի մեջ որ շնորհ ունի։
Իսկ մենք գիտենք, որ բոլոր մարդիկ շնորհ ունեն Աստծուց։ Եկեղեցին մեր Մայրն է, իսկ զավակի ներկայությունը միշտ հաճելի է մորը։ Երբ մարդը սիրում է իր ծնողներին, փոքր տարիքում հնազանդվում է նրանց՝ իր սիրուց մղված, իսկ մեծ տարիքում հոգ է տանում նրանց հանդեպ, դարձյալ սիրուց մղված։
Երբ մարդը սիրում է իր ընտանիքը, որի մեջ մտնում են ինչպես զավակները, այնպես էլ ամուսինները։ Զավակների նկատմամբ սերը ոչ թե նրանց բոլոր ցանկությունները կատարելու մեջ է՝ շփացնելով նրանց, այլ՝ վերը նշված բոլոր բարոյական օրենքները սովորեցնելու մեջ է։ Ով չի կռացել և կապել իր զավակի կոշիկի թելերը, կամ նրա սիրուց մղված գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի հոգա նրա ուսման կարիքները։ վերջապես եկանք հասանք փոխադարձ սիրուն։ եթե ամուսինները միմյանց չսիրեն Աստծու ցույց տված սիրով, ապա դա ընտանիք չէ, այլ՝ քաոս։ Որովհետև առանց Աստծուն սիրելու անկարելի է սիրել միմյանց։ Մարդկային սերը չի հանդուրժում և առաջին իսկ սխալի դեպքում առաջ է գալիս անհնազանդությունը; Խոսքը այն սիրո մասին չէ, որ անհարկի ասումեն միմյանց, և հաջորդ րոպեին այդ սիրուն փոխարինում են անհարգալից բառերը։ Աշխարհային սերը վերածվել է սեռական բնազդի և քայքայում է մարդկանց ու ընտանիքները։ Իսկ Քրիստոսի սիրով միացած ընտանիքը պետության ամուր հիմքն է, երեխաների համար կենդանի քայլող օրինակ է և օրհնված է Աստծուց ամեն օր։

Հովհաննես առաքյալը նորից մեզ հիշեցնում է, որ Աստված մեր սիրուց դրդված աշխարհ ուղարկեց իր սիրելի Որդուն, իմանալով, որ խաչն են հանելու։ Մենք չէ, որ սիրում ենք Աստծուն, այլ՝ Աստված սիրեց մեզ։ Մենք ուղղակի պարտավոր ենք փոխադարձել այդ սիրուն՝ մեր հնազանդությամբ, խոնարհությամբ, ծառայասիրությամբ, օտարասիրությամբ, զանազան առաքինություններ ձեռք բերելով։ Իր առաջին նամակում առաքյալն ասաց, որ մենք հավատով պետք է առաքինություն ձեռք բերենք, իսկ առաքինություններով միայն կարող ենք ձեռք բերել սեր։ Ո՛չ ոք չի կարող ուղղակի սիրել։ Ուղղակի չեն սիրում, սերը մեծ և անհատույց զոհաբերություն է պահանջում։ Որքան շատ ենք լսում Աստծու անունը ամեն տեղ, ամեն բանի մեջ, երբեմն՝ անհարկի ասելով՝ Աստված հետդ, աստված մեզ հետ է, մենք Աստծու հետ ենք, Առտված կամենա, Աստված չկամենա։ Իսկ առաքյալը իր սովորության համաձայն տալիս է մի կարճ բանաձև՝ ճշտելու համար մեր սերը Աստծու նկատմամբ։ Նա ասում է․ «Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ, և նրա սերը մեր մեջ կատարյալ է»։

Սերը գոռալով չէ, բացատրելով չէ, այլ հստակ բանաձև ունի։ Սիրե՛ք միմյանց։ Առաքյալների մեջ միայն Հովհաննես է, որ անվերջ խոսում է սիրո մասին, կարծես՝ նույն բաները կրկնելով։ Նման այն սիրահարված զույգին, որոնք անվերջ կրկնում են միմյանց, թե սիրում են, դարձյալ նոր բան չեն ասում, ուղղակի կրկնում են։ Սիրելիներ Հովհաննես առաքյալը գրեթե իր բոլոր գրքերում խոսում է Աստծու սիրո մասին՝ գաղափար չունենալով փոխադարձ սիրուց։
Մենք գիտենք, որ Հովհաննես առաքյալն էլ ամուսնացած չի եղել, բայց Քրիստոսի սերը նրան լռել չի տվել՝ անվերջ սիրո մասին խոսելուց։
Այնպես ինչպես Պողոս առաքյալը նույնպես ամուսնացած չէր, բայց նրանից լավ ո՛չ ոք ամուսնական փոխհարաբերությունների մասին չի կարող այդքան տեղեկություն տալ։
Եթե մարդու սրտում Աստծու սերն է, նրա մտքում իմաստությունն է, նրա լեզվի վրա՝ խրատ է, ձեռքերում՝ օգնություն է։ Հովհաննես առաքյալը բոլոր հնարավոր և տրամաբանական օրինակներով փաստում է, որ անկարելի է, որ մեկն ասի, թե՝ սիրում է Աստծուն, և չսիրի իր եղբորը։ Այսպիսի մարդը ստում է, և ճիշտ չի ասում։ Քանի որ եղբայրը իր աչքի առջև է իր կարիքներով հանդերձ, որին ամեն օր տեսնում է։ Իսկ Աստծուն չի տեսնում, ուրեմն ինչպես կարող է սիրել Աստծուն, երբ անտեսում է Աստծու պատվիրանը՝ թե սիրե՛ք միմյանց։ Հետևաբար ով սիրում է Աստծուն, պետք է սիրի նաև իր եղբորը։

Սիրելիներ, ես չեմ հոգնելու ձեզ ասելուց, որ Սուրբ Գիրքը պետք է բացակայի ձեր ձեռքերից միայն այն ժամանակ, երբ այդ ձեռքերը բարիք են գործում այդ պահին։ Առանց սուրբ Գրքի անկարելի է ունենալ խաղաղություն, սեր, համբերություն, հանդուրժողականություն, խոնարհություն և ամեն առաքինություն։ Սուրբ Գիրքն է, որ մեր ձեռքը բռնած տանում է կյանքի քարքարոտ ճամփան՝ առանց վնասելու մեզ։ Իսկ առանց Սուրբ Գրքի մենք անօգնական վիրավոր ենք ընկած գազանների մեջ։ Մի գեղեցիկ մեջբերումով ավարտենք այսօրվա սերտողությունը, որը նույնպես վերաբերում է Սուրբ Գրքին։ Որովհետև մենք այսքան ուսուցում չէինք սովորի, առանց ավետարանների և ավետարանիչների։ Մեր եկեղեցու հայրապետներից Հովհան Ոսկեբերանը հարց է տալիս այսօրվա քրիստոնյային, ասելով․ «Ասացե՛ք ինձ, ձեզնից ո՞վ է ձեզնից, որ քրիստոնեական Գիրքը տանը ձեռքն առնելով՝ ուշադրությամբ կարդում է այն և ջանում ճանաչել Աստվածաշունչը։ Ո՛չ ոք չի կարող այդ բանն ասել իր մասին։ Շաշկի ու զառեր շատ շատերի մոտ կգտնեմ, իսկ Աստվածաշունչ՝ ո՛չ ոք չունի իր ձեռքում, բացառությամբ քչերի։ Վերջիններս էլ նման են Գիրքը չունեցողներին. նրանք թաքցնում են այն ինչ-որ տեղ կամ պահում պահարանում և հոգ չեն տանում այն կարդալու մասին։ Ո՞րն է դրա օգուտը, – ասացե՛ք ինձ։ Աստվածաշունչը մեզ չի շնորհված այն բանի համար, որ ունենանք այն որպես գիրք, այլ որպեսզի դրոշմենք այն մեր սրտերում»։

Թող Տեր Աստված օրհնի բոլորին` մեր Սուրբ եկեղեցու ժողովրդին`
տղամարդկանց և կանանց, ծերերին և մանուկներին, երիտասարդներին ու կույսերին, և փրկի ձեզ բոլոր չարիքներից, ամրացնի Իր Աջի հովանու ներքո, արժանացնի երկնքի արքայությանը և Իր անմատչելի լույս երեսի տեսությանը: Թող Տեր Աստված օրհնի ձեր տունն ու բնակավայրը և ձեր եկեղեցու հիմքերը:
Թող Տեր Աստված օրհնի ձեր քաղաքի բնակիչներին և հալածի բռնակալ թշնամու չար զորությունը:
Թող Տեր Աստված օրհնի միաբան պահի ժողովրդիդ և թեթևացնի ձեր մեղքի բեռը:
Եվ Տեր Աստված`ամենայնի Արարիչը թող հաստատուն պահի ձեզ և առատ պարգևներ տա` այստեղ և հանդերձյալ կյանքում։ Թող Տեր Աստված խաղաղության մեջ պահի մեր Հանապազօրյա Հացը ճաշակողներին և իրենց ընտանիքներին։
Ով օրհնված և փառավորված է այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն.

Post Views: 942

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ
← Ո՛վ ատում է եղբորը, մարդասպա՛ն է․ Ա․ Հովհաննես․ գլուխ երրորդ․
Ե՛վ Աստծուց ենք ծնված, և՛ մեղանչում ենք․ Ա․ Հովհաննես․ գլուխ հինգերորդ․ →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com