ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ նախորդ սերտողությունն ավարտվեց այն մտքի վրա, որ մենք վերհիշենք այն օծումը որ ստացել ենք մեր մկրտությամբ, այսինքն Սուրբ Հոգու շնորհը, բնակեցնենք այն մեր մեջ, որպեսզի որևէ մեկը մեզ մոլորության չտանի։ Ի սկզբանե մենք կանչված ենք Աստծու որդիներ լինելու համար։ Այս սերը մեր նկատմամբ ևս Աստծու սիրո մեծագույն դրսևորումներից է։ Իրավունք ստացանք Աստծու զավակ կոչվելու, և իրավունք ստացանք Նրան Հայր կոչելու մեր աղոթքի ժամանակ։ Այս մեծագույն սիրո պատճառով է, որ աշխարհը չի ընդունում ճշմարիտ քրիստոնյաներին, քանի որ նրանք Աստծու զավակներ են։ Չեն ընդունում, որովհետև չընդունեցին նաև Տիրոջը։ Առաքյալը աշխարհ է անվանում նրանց, որոնք ապրում են Աստծու պատվիրաններից դուրս՝ մեղքի ու վայելքի աշխարհում։ Սիրելիներ, ի՞նչ կա ավելի զարմանալի, քան այն, որ Աստված մեղավոր մարդուն անվանել է Աստծու զավակ։ Աստծու սերը մարդու նկատմամբ՝ թույլ տվեց գնալ այդ քայլին։ Մի՞թե ավելի փառավոր բան կա աշխարհում, քան կոչվել Աստծու որդի։ Աստծու շնո՛րհը պարգևեց մարդուն այդ պատիվը։ Պատվաբեր է լինել մի երկրի թագավորի որդի, բայց դա անհամեմատելի է այն բանի հետ, երբ մարդ երկնավոր Թագավորի՝ Աստծո՛ւ որդի է կոչվում։
Փառք մարդասեր Աստծուն, այն ամենի համար, որ պարգևել է մարդուն։ Եթե Աստծու որդիներ են կոչվում մարդիկ, ուրեմն նաև ժառանգորդներ են։ Հետևաբար ժառանգակից են նաև Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներ, եթե Աստված մեզ արժանացրել է այս պատվին ու անվանը, ապա ինչի՞ց և ումի՞ց մենք պետք է վախենանք։ Ինչո՞ւ պետք է վախենալ զրպարտողից, թշնամուց, սատանայից, չար ոգուց, մահից կամ դժոխքից։ Չէ որ Աստված իշխանություն ունի այս բոլորի վրա, իսկ մենք Աստծու զավակ ենք։ Հետևաբար վախը կորցնում է իր իմաստը, այն ամենից հետո, երբ մենք վստահ ենք, որ Աստծու զավակներ ենք։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում Հռոմեացիների նամակում, եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է հակառակ լինել մեզ։ Միթե երեխան անտառով անցնելիս վախ ունի, երբ քայլում է իր հոր ձեռքը բռնած։ Իսկ մի՞թե երեխան մենակ կարող է անցնել անտառով, առանց վախենալու, երբ հայրը իր հետ չէ։
Որդեգրման այս մեծագույն պարգևը մենք ստանում ենք մկրտությամբ, որովհետև մկրտությամբ ենք ծնվում Աստծուց և ստանում ենք Աստծու որդի հեղինակավոր անունը։ Աստվածամարդ Հիսուս Քրիստոսի սերը եզակի է աշխարհում տարածված սիրո բոլոր դրսևորումների մեջ։ Որովհետև լինելով մեղավորներ, կոչվեցինք Աստծու որդիներ։
Սովորաբար որդիները ժառանգորդներն են իրենց հայրերի, և այն ամենը, ինչ որ պատկանում է հորը, փոխանցվում է որդուն։ Որդիները սովորաբար նման են իրենց հայրերին՝ ինչպես արտաքինով, այնպես էլ բնավորությամբ։ Իսկ մենք կոչվեցին Աստծու որդիներ և ժառանգներ։ Ի՞նչ է Աստծու հարստությունը, որ փոխանցվելու է մեզ։ Աստծու կալվածքը Նրա անմահությունն է, հավիտենականությունն է, երկնքի արքայությունն է, իմաստությունն է, ներողամտությունն է, սերն է և համբերատարությունն է, սրբությունն է։ Սիրելիներ, տեսեք Աստված ի՛նչ է կտակում աշխարհին, իսկ աշխարհը մերժում է դրանք, ընտրելով ժամանակավորը, կեղծիքը, խաբեությունը, անհանդուրժողականությունը և այլն;
Աշխարհը ծաղրում է քրիստոնեությունը, որպես խեղճության կրոն, որպես հանդուրժողականության դրսևորում չարին բարով պատասխանելու անկարողության կրոն։ Առաքյալն ապագայի մասին այսպես է ասում․ «Այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի չէ, թե ի՞նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ Նա հայտնվի, լինելու ենք Նրա նման, քանի որ Նրան տեսնելու ենք այնպես, ինչպես որ կա»։ Այստեղ խոսքը վերաբերում է Աստծու որդիներին, որոնք տեսնելու են Աստծուն՝ միայն հանդերձյալ կյանքում, ո՛չ այս։ Պարզ բացատրություն ունի այս միտքն այն առումով, որ ամեն ոք, ով այս հույսն ունի Նրա վրա, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ Նա էր մաքուր։ Մաքուրի հետ շփվելիս, պետք է լինել մաքուր։ Հանդիսավոր տոնակատարությանը անկարելի է մասնակցել կեղտոտ հագուստով;
Հետևաբար Աստծու տիրույթը մաքրամաքուր է, և այնտեղ անմաքուր բան չի կարող լինել։ Հովհաննես առաքյալն այնքան շիտակ է իր արտահայտությունների մեջ, որ կասկածելու, կամ երկմտելու տեղ չի թողնում։ Որովհետև ամեն ոք, որ մեղք է գործում, նա անօրենություն է անում, և մեղքը ինքնին անօրենություն է։ Իսկ Աստված անօրենության Աստված չէ։ Ուրեմն երբ մարդը մեղք է գործում, պետք չէ, որ մնա այդ մեղքի մեջ և ապականվի, այլ անմիջապես պետք է զղջումով և ապաշխարությամբ դուրս գա մեղքից՝ հնարավորինս անվնաս։ Առաքյալն ամեն մտքից հետո բացահայտում է գաղտնիք, որ մեղքը անօրենություն է, իսկ Աստված չի ընդունում անօրենությունը։ Ուրեմն մարդը պետք է որոշում կայացնի ընտրություն կատարել Աստծու և մեղքի միջև։ Մեղքը ապականում է մարդուն։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ի սկզբանե մարդը ստեղծված չի եղել մեղքի համար, այլ մարդը ստեղծված է եղել դրախտային միջավայրում ապրելու համար։ Սատանան խաբելով հանեց մարդուն իր բնականով վիճակից, և նետեց մեղքի մեջ։ Օրինակ Ինչպես որ Աստված ձկները ստեղծեց ջրում լողալու համար, եթե մեկը նրանց ջրից դուրս հանի, նրանք չեն դիմանա այդ կենցաղին։ Նույնն էլ մարդն է։ Երբ մեղք է գործում, դուրս է գալիս իր հոգևոր միջավայրից և սկսում է շնչահեղձ լինել՝ իր խղճմտանքի պատճառով։
Ինչո՞ւ է առաքյալը մեղքը անօրենություն անվանում, որովհետև ցանկացած մեղք դեմ է պատվիրանին և Աստծու խոսքին։ Սիրելիներ, երբեմն սովորական բառապաշարով անկարելի է նկարագրել, թե՝ Աստված ի՛նչ է արել մեզ համար։ Եթե մենք մեր ընտանիքի օրինակով վերցնենք, գուցե ավելի հեշտ հասկանանք Աստծու արածը։ Ենթադրենք մի հոգատար հայր իր վրա է վերցնում իր զավակի կատարած անօրենություններն ու տառապում է այդ պատճառով։ Ինչ է զգում զավակն այդ պահին; Նույնը պետք է զգանք մենք ամեն օր, քանի որ մեր ամեն մեղքը տառապանք է Աստծու համար, ով մեղքը չճանաչեց։ Ուրեմն Աստծուն հանդիպելու համար պայման է, մաքրվել, և ազատվել կրքերից։ Այսինքն առաքյալն ասում է, որ մեղքից հեռու մնացող մարդը ժամանակի ընթացքում ձեռք է բերում հոգևոր դիմադրողականություն և կարողանում է պայքարել մեղքի դեմ։ Նշանակում է, ամեն ոք, որ ապրում է Քրիստոսի մեջ, չի մեղանչում։ Իսկ նա որ մեղանչում է, չի տեսել Քրիստոսին, ր չի ճանաչել Նրա։
Պետք չէ խաբել և ինքնախաբեությամբ զբաղվել։ Արդարություն գործողը արդար է, իսկ ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան ի սկզբանե կար։ Աստծու Որդին հենց դրա համար հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Աստծուց ծնված մարդը չի կարող մեղանչել։ Այդպես են զանազանվում Աստծուց ծնվածները և սատանայի հետևորդները։ Բոլոր առաքյալների նպատակն է եղել իրենց գրություններով մարդկությանը հասցնել առավելագույնին, որպեսզի հնարավոր լինի տեսնել Աստծուն՝ հանդերձյալում։ Ինչպես կարող է մարդը տեսնել Աստծուն, երբ ավետարանն ասում է, որ ոչ ոք Աստծուն չի տեսել։ Օրինակ պարզ մեկ մարդուն տեսնելու համար մեկ այլ մարդուն պետք է տեսողական օրգան, որպեսզի մտապահվի նրա դիմագծերը, ինչի հիման վրա մենք հետո կճանաչենք նրան։ Կան բաներ, որոնք սովորական տեսողական օրգանը անկարող է տեսնել։ Դրանց համար էլ կան հատուկ միկրոսկոպ սարքեր։
Քանի որ Աստված Մաքուր Հոգի է, հետևաբար բնական է, որ աստվածտեսության համար պետք չեն մարդկային ֆիզիկական աչքերը, այլ՝ բոլորովին այլ տեսողություն՝ հոգևոր տեսողություն։ Իսկ հոգևոր տեսողություն ունենալու միակ պայմանը հոգևոր լինելն է, Աստծուն իր մեջ մշտապես ունենալն է։ Որպեսզի երբ հայտնվի Աստված, հոգևոր մարդը կարողանա տեսնել Աստծուն՝ ինչպիսին որ Նա կա։ Մարմնավոր քրիստոնյան չի կարող հաղորդակցվել Աստծուն։ Քանի որ արդարություն չգործողը Աստծուց չէ։ Նաև Աստծուց չէ նա, ով իր եղբորը չի սիրում։ Առաքյալի այս աստվածաբանական մտքերը առաջին հայացքից անհասկանալի են թվում, բայց իրականության մեջ ուղղակի պետք է ազնիվ լինել, հասկանալու համար, որ ուղղակի անկարելի է համագործակցել մեղքի և Աստծու հետ միաժամանակ։ Կամ օրինակ երկրի վրա ապրել մեղքի մեջ, և երազել երկնքի արքայության մեջ մաս ու բաժին ունենալ։ Մեկ անգամ մեղքի դառնությունը ճաշակած քրիստոնյան, չի կարող երկրորդ անգամ հայտնվել նույն մեղքի մեջ, այն պարզ պատճառով, որ չկորցնի Աստվածային խաղաղությունը իր ներսից։
Առաքյալն ասում է, որ աշխարհը մեզ չի ճանաչում և չի ընդունում։ Մի՞թե անօրենը կկամենա ճանաչել Հովհաննես առաքյալին, կամ մեղքի սիրահարը կկարդա առաքյալի այս նամակը։ Իհա՛րկե և՛ չի ճանաչի․ և՛ չի կարդա։ Եթե Հովհաննես առաքյալն այսօր քարոզեր այս խոսքերը, նույն կարծիքն էր ունենալու աշխարհի մասին, դեռ մի բան էլ ավելի։ Մարդասպանը նույնպես չի կամենա լսել առաքյալին, քանի որ իրեն Կայենի հետ է համեմատում, և բացահայտում է սպանության պատճառը, ասելով, որ Կայենի գործերը չար էին։ Կայենը առաջին խախտեց «սիրեք միմյանց» պատվիրանը։ Կայենը տեսնում էր եղբոր բարի գործերը, և գիտեր իր չար գործերն ու մտածումները, որոնք արտահայտեց սպանությամբ։ Հետագայում մենք տեսանք, որ այդ նույն նախանձն էր որ դրդեց քահանայապետին՝ խաչելության որոշում կայացնել Հիսուս Քրիստոսի համար, որի գործերը բարի էին։ Ուրեմն պետք չէ զարմանալ, որ աշխարհը կարող է ատել բարի համբավ ունեցողին, իր չար կամքի պատճառով։ Ով սիրում է իր եղբորը, նա մահվանից կյանք է տեղափոխվում, իսկ ով ատում է իր եղբորը, նա մնում է մահվան մեջ։ Առաքյալը նույնիսկ մարդասպան է անվանում այն մարդուն, որն իր եղբորը չի սիրում, կամ ատում է։ Քանի որ այսպիսին իր մեջ հավիտենական կյանք չունի։
Տեր Հիսուս կյանքը տվեց մեզ համար, և մենք այդտեղ ճանաչեցինք իրական սերը։
Պատվեր տվեց մեզ, որ մենք էլ նույնը անենք։ Բայց ո՛չ թե խաչը բարձրանանք, այլ՝ չատենք, չարը չխորհենք, նախանձով չլցվենք միմյանց հանդեպ։ Եթե աշխարհի բարիքներից օգտվում ենք, և մեր եղբայրը մի բանի կարոտ է, չկարծրացնենք մեր սիրտը՝ նրան օգնելու համար։ Որովհետև կարծր սրտի մեջ չի կարող սեր մտնել։ Ուրեմն Աստված հեռու է այսպիսի մարդուց, քանի դեռ չի զղջացել։ Սիրելիներ, առաքյալի բոլոր մտքերի հիմքում ընկած է սերը, և այդ սիրո միջոցով կամենում է ցույց տալ տարբերությունը իրական քրիստոնյայի և ինքնախաբեությամբ զբաղված քրիստոնյայի միջև։ Ի՞նչ է Հովհաննեսի նպատակը։ Նրա նպատակն է, որ քրիստոնյաները խոսքերով ու լեզվով չսիրեն, այլ՝ գործերով և ճշմարտությամբ։ Այլապես ինչպե՞ս կարող ենք տարբերել կեղծ քրիստոնյային բարեպաշտ քրիստոնյայից, եթե ոչ նրա գործերով։ Եբրևէ մեկի հավատը չենք կարող ստուգել և ոչ էլ գնահատել, քանի որ մեզ տեսանելի չէ, իսկ ցանկացած մարդու արարք և գործ խոսում է նրա հավատքի կայունության մասին։ Հավատքի ամրությունը և գործերի որակը հնարավորություն են ստեղծում մարդու համար վստահությամբ կանգնել Տիրոջ առաջ։
Երբ մենք մի գործ ենք անում, բարի կամ չար, առաջինը մեր սիրտն է արձագանքում՝ ըստ այդ գործի անհրաժեշտության։ Շատ հաճախ են մեր սրտերը մեզ դատապարտում, մեր արարքների համար, բայց մենք լռեցնում ենք։ Առանց հիշելու, որ սրտերի Տերը Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է։ Եթե մեր սրտերն են մեզ դատապարտում վատ արարքի համար, ապա Աստված մեծ է մեր սրտերը, և Նա գիտե ամեն բան։ Եթե մեր արարքների պատճառով մեր սրտերը մեզ չդատապարտեն,, ապա մենք համարձակություն կունենանք Աստծու առաջ, և ինչ էլ խնդրենք, կստանանք Նրանից։ Քանի որ պահում ենք Նրա պատվիրանները, և կատարում ենք Նրան հաճելի բաներ։ Պարզ է պատվիրանը և անփոփոխ։ Այն պահանջում է, որ հավատանք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ Տերը պատվիրեց մեզ։ Ով պահում է Նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ և Աստված նրա մեջ։Իսկ Աստծու բնակվելը մեր մեջ, ի հայտ է գալիս Սուրբ հոգու միջոցով։
Սիրելիներ մենք գիտենք, որ մինչև օրենքի տալը, մեղքը մեղք չէր համարվում։ Սակայն իմանալ օրենքն ու մեղանչել, բացահայտ անարգանք է Աստծու նկատմամբ։ Նույնը պատվիրանին է վերաբերում։ Իմանալ Աստծու պատվիրանները և մեղանչել, դարձյալ անարգանք է Աստծու և իր պատվիրանի առաջ։ Այժմ դառնանք մեր օրերի պատվիրանապահությանը, որը իսպառ բացակայում է մեղքնում։ Սկսենք մի պարզ բանից։ Եկեղեցի մտնելիս մեծամասնությունը միանգամից մոտենում է մոմավաճառին և նույն արագությամբ էլ լքում է եկեղեցին՝ մոմ վառելու պատճառով: Թող մոմ վառելը չլինի քո գլխավոր նպատակը եկեղեցի գնալիս: 21 րդ դարի քրիստոնյան պետք է վեր կանգնի մոմ վառելու աստիճանից: Այսօր քրիստոնյայի դիմաց բազում մարտահրավերներ կան, որոնց չի կարող դիմակայել միայն մոմ վառելով: Այսօր քրիստոնյան պետք է հաստատ լինի իր հավատալիքների մեջ, որպեսզի նրան չխաբեն կեղծ արժեքներով: Հավատքը պետք է հիմնված լինի միայն Ավետարանական ճշմարտությունների վրա, Հավատամքի բոլոր կետերի վրա, այլապես կարող են շեղել նրան իրական քրիստոնեական վարդապետությունից: Մեր օրերում էլ քիչ չեն մոլորեցնողները, գայթակղեցնողները և ծաղրողները։ Իսկ ի՞նչ վիճակում է բուն քրիստոնյայի կյանքը՝ ըստ Ավետարանի և ըստ պատվիրանապահության։ Որքանո՞վ է այսօրվա հավատացյալը հաղորդ Քրիստոսի խաչելության խորհրդին, և ինչ է իր վերաբերմունքը՝ իր պարտականություններին։
Եկեղեցի մտնելիս կանգնիր Խաչյալի պատկերի առջև և լուռ նայիր Նրա խաչված ձեռքերին ու ոտքերին:
Եթե դու Աստվածաշնչին ծանոթ չե՛ս, ապա պատկերին նայելիս, միայն խղճմտանքդ կարող է շարժվել։ Իսկ եթե ծանոթ ես ողջ եղելությանը, որը կատարվեց քեզ համար, ուրեմն քո սրտի խորքից արտասվալից մի աղոթք կհնչի:
Լռության մեջ կհանդիպեք դու և քեզ համար խաչված Հիսուս Քրիստոս, և դու կասես Նրան…
Ահա լուռ կանգնած եմ Քո առջև Տիեզերքի Թագավոր, և տեսնում եմ, որ Քո Մեծանուն և Պատվական գլխին՝ թագի փոխարեն փշե պսակ է դրված: Քո օրհնյալ ոտքերը, որ ողջ Պաղեստինը շրջեցին, գամված է խաչափայտին, Քո Սուրբ ձեռքերը, որ կույրին, կաղին, անդամալույծին բժշկեցին, արգելափակված է մեխերով: Քո ողորմած շրթներից, որ միայն կյանքի և փրկության խոսքեր էին լսվում, քացախ են մոտեցրել թրջելու համար: Քո համբերատար ականջները, որ հազարավոր օգնության խնդրանքներ էր լսում և օգնում, այժմ լսում է ամբարտավան ձայնը, թե՝ «խա՛չը հանիր դրան», կամ ավազակի աղաղակը՝, որն ասում է,- եթե Աստծո որդին ես իջիր խաչից…
Քո ցավի նկատմամբ, Տեր իմ Աստված, անտարբերություն է մինչև այժմ…Ինչպե՞ս կարող եմ ես հիմա Քեզնից որևէ բան խնդրել, ի՞նչ երեսով, երբ մի ժամանակ ես էլ իմ անգիտության պատճառով նույն կերպ եմ վարվել Քեզ հետ, իմ բազում մեղքերի պատճառով: Տէ՜ր իմ և Աստված իմ, իմ Հո՜ւյս ու Լույս, իմ Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, աղաչո՜ւմ եմ Քեզ, զորություն տուր ինձ, որպեսզի իմ զգայարանները ենթարկվեն ինձ այնպես, ինչպես հոտը՝ հովվին, ինչպես զինվորը՝ հրամանատարին:
Հանձնում եմ Քե՛զ իմ մեղավոր սիրտը, դարձրու այն Քեզ համար Սուրբ Սեղան և բազմիր այնտեղ հավիտյան, և առաջնորդի՛ր ինձ գնալ Քո արդարության ճանապարհներով մինչև Քո Երանելի Երկրորդ Գալուստը: Տե՛ր իմ, Իմ ոտքերը գամված չե՛ն, բայց ես չեմ գնում արդարության ճանապարհով, իմ ձեռքերը գամված չե՛ն, բայց բարեգործություն չեն անում, իմ շրթները Քո Անունը փառաբանելու փոխարեն սեփական «ես» ն է փառաբանում: Ողորմիր Տէր և ձեռք մեկնիր կորուսյալիս, ահա՛ Քո առջև եմ:
Եթե այսքանը ասելուց հետո նորից ցանկություն կառաջանա մոմ վառելու, վառի՛ր և թող Աստված ընդունելի անի քո աղոթքը և ողորմությունը:
Քավ լիցի, եթե ես որևէ մեկին մեղադրում եմ այս տողերի միջոցով։ Ուղղակի ժամանակն անցնում է, իսկ մենք տեղում կանգնած ենք մնացել հոգևոր առումով: Իսկ Հովհաննես առաքյալն ասում է, որ դուք Աստծու որդիներ եք։ Մի՞թե Աստված մեզնից այսքանն է պահանջում, ինչով որ մենք ապրում ենք այսօր՝ եկեղեցուց ներս, թե դուրս։ Այստեղ ավարտենք նաև առաքյալի երրորդ գլխի սերտողությունը և նախապատրաստվենք հաջորդ սերտողությանը։