ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ։ Մենք երեկ ծանոթացան Հովհաննես առաքյալի առաջին նամակի բովանդակությանը, և համոզվեցինք, որ մեր առաքյալները անսպառ աղբյուրներ են եղել Սուրբ Հոգով լցված։ Մի ծավալուն ավետարան գրելուց հետո Հովհաննես աստվածաբան առաքյալը զգացել է, որ էլի բան ունի ասելու նորադարձ քրիստոնյաներին։ Որոշել է գրել նաև այս երեք թղթերը։ Քանի որ Հիսուս Քրիստոսի երեք տարվա քարոզությունը կարիք ունի հազարամյակներ մեկնաբանելու և լուսաբանելու։ Ասածիս վառ օրինակը մեր Հանապազորյա Հացն է։ Տասը տարի շարունակ խոսել եմ աստվածաշնչյան ամենատարբեր թեմաներով։ Վերջին երեք տարին խոսում եմ ամեն օր։ Եթե ժամանակս ու առողջությունս ների, և ես սկսեմ խոսել նաև երեկոները, վստահեցնում եմ ձեզ, որ Ավետարանի ասելիքը չի սպառվի։ Նա՛և, դո՛ւք եթե բացի առավոտներից շարունակեք լսել նաև երեկոները, ձեր հոգևոր քաղցը չի հագենա Աստծու խոսքի մեկնությունը լսելուց։
Այսպիսի՛ն է Աստծու խոսքը, երբ ընկնում է պարարտ հողի մեջ։ Իսկ Աստծու խոսքը իր հողի մեջ ընդունող հավատացյալը չի կարող սաղմոսերգուի պես չասել․ «Հոգիս հողի ծարավ է քեզ, Տեր»։ Մենք այսօր ունենք այսպիսի անգնահատելի հարստություն և ապրում ենք աղքատի պես։ Այսօր մենք հնարավորություն ունենք ավետարանի պարունակությունը մեր սեփականությունը դարձնելու, բայց չենք անում։ Աստված չկամենա, եթե գա մի ժամանակ, երբ նորից արգելվի Սուրբ Գրքի ներկայությունը, մենք մեր տաք տների մեջ ցրտից կմեռնենք։ Մեր առատ ուտելիքների մեջ քաղցած կմեռնենք։ Մեր նյութական ջուրը չի հագեցնի մեր ծարավը, քանի որ մեր հոգին այլ ջրի ծարավ ունի։ Այսօր օգտագործենք լավագույն հնարավորությունը և ավետարանից մեր գլխի ու սրտի մեջ ունենանք գլխավոր պատգամները։ Իսկ մեր գլխից ու սրտից ո՛չ ոք չի կարող հանել մեր իմացածը։ Առաքյալների սրտի մեջ գրվեց ավետարանները, և նրանք խոսեցին իրենց սրտի ավելցուկից, մինչև իրենց նահատակություն։ Միայն Հովհաննես պահվեց, ըստ Տիրոջ խոստման, որպեսզի գրեր նաև աշխարհի վախճանի մասին։
Ուրեմն մենք արդեն ունենք կատարյալ ուրախություն՝ ըստ նամակի հեղինակի, քանի որ այս ամենը գրում է , որպեսզի մենք կատարյալ ուրախ լինենք։ Մենք երբեմն սխալ բաների համար ենք ուրախանում, անտեսելով բուն ուրախությունը։ Պետք չէ, որ մենք ուրախանանք մեր պատվիրանապահության վրա, այլ՝ պետք է ուրախանանք, որ թանկ գնով գնվեցինք։ Պետք չէ ուրախանալ այն բանի համար, որ մենք ազատ ենք մեղք գործելուց։ Այլ պետք է ուրախանանք այն բանի համար, որ ներվել են մեր մեղքերը։ Պետք չէ ուրախանալ, որ մենք ծառայում ենք, կամ որևէ մեկն է մեզ ծառայում։ Այլ պետք է ուրախանանք այն բանի համար, որ բարեխոս ունենք Աստծու առաջ՝ Հիսուս Քրիստոսին, Արդարին ու Անարատին, որն Իր արյամբ մաքրեց մեր մեղքերը։ Բայց առաքյալի խոսքերը միայն մեզ ուրախացնելու համար չեն, քանի որ երկրորդ գլխում գրում է․ «Այս բաները գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք»։ Հովհաննես առաքյալի ուշադիր ընթերցելիս, կզգանք, թե ինչքան գործնական ու կտրուկ է իր խոսքերի մեջ։ Օրինակ եթե ուրիշները հազարավոր ուսումնասիրություններ են անում, ճշտելու համար երկրի ստեղծման տարիքը, ապս Հովհաննեսին դա չի հետաքրքրում։ Նա գրում է որ սկզբից էր Բանը։ Իսկ այդ սկզբի մասին կարևոր չի համարում իմանալ։ Նրան հետաքրքիր է Կենաց Բանը, Կենաց Խոսքը, որը շարժիչ ուժն է աշխարհի համար։
Նույն կերպ է վարվում նաև պատվիրանների մասին խոսելիս։ Երեկ մենք անդրադարձանք մի դրվագի, երբ ասում է, «Եթե հաղորդության մեջ եք Քրիստոսի հետ և ձեր գործերը այլ են, ուրեմն ստում եք, և ձեր մեջ ճշմարտություն չկա»։ Կամ ասում է, եթե ասենք, ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում։ Հստակ է Հովհաննեսի խոսքը և անբեկանելի, քանի որ Աստծու խոսքն է անփոփոխ։ Մենք կամ հավատում ենք, կամ՝ ոչ։ Այլ տարբերակ չկա ըստ՝ առաքյալի։ Որովհետև, եթե ասենք՝ չե՛նք մեղանչել, սուտ ենք հանում մեղքի համար Խաչվողին։ Եթե մեղքը չկար, ապա ինչու խաչվեց Աստծու Որդին անարգ խաչելությամբ։ Նամակը սկսում է դարձյալ նույն կտրուկ պահանջով, ասելով՝ «Այս բաները գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք»։ Իսկ եթե պատահի որ մեղանչեք, Աստծու առաջ բարեխոս ունեք Հիսուս Քրիստոսին։ Առաջարկում է չմեղանչել, իսկ մեղանչելու դեպքում առաջարկում է ելքը։ Եթե անկեղծ խոստովանենք, յուրաքանչյուրս քանի՞ անգամ ենք կարդացել առաքյալի այս տողերը՝ չմեղանչելու վերաբերյալ։ Կամ մեղանչելու դեպքում քանի՞ անգամ ենք հիշել առաքյալի առաջարկած ելքը։ Մեր թերությունը կայանում է նրանում, որ կարդում ենք, և կարդացածը մեզ չենք վերագրում։ Կարծես առաքյալը այս բոլորը գրել է միայն հրեաների համար, և հրեաներից հետո մարդկությունը չի մեղանչել երբեք։
Ի՛նչ մեծ հույս է հայտնում մեղանչողին, որպեսզի հուսահատության գիրկը չընկնի և ապավինի միակ բարեխոսին, որը նստած է Աստծու աջ կողմում։ Բարեխոս բառի վրա ուշադրություն դարձնենք, քանի որ մեր աշխարհային ընկալմամբ մենք բարեխոս բառը այլ կերպ ենք ընկալում։ Մենք խնդրում ենք մեկին՝ բարեխոսել մեկ ուրիշի մոտ, որը ավելի բարձր է մեզնից, ինչու չէ, նաև բարեխոսողից։ ուղղակի բարեխոսողը ավելի մոտ նրան քան մենք։ Մեր պատկերացրած բարեխոսները երբեմն շահի համար կարող են բարեխոսել, երբեմն՝ հեղինակության։ Սակայն արդար բարեխոսը երբեք անարդար գործերի մեջ չի հայտնվում, այլ արդար է նաև իրավիճակը ներկայացնելիս։ Տեր Հիսուս բարեխոս է մեզ համար Իր Հոր մոտ, ո՛չ այնպես, կարծես թե խնդրում է Հորը՝ մեզ համար, այլ հավասարը խոսում է հավասարի հետ, քանի որ տեր Հիսուս մարդկային կերպարանք առավ և տեղյակ է մարդու տկար բնության և մեղանչական լինելու մասին՝ Ինքը լինելով կատարյալ անմեղ։
Այստեղ կարելի է հետևություն անել։ Միթե այս բարեխոսությունը մեծագույն առիթ չէ, որպեսզի մենք հրաժարվենք ամեն տեսակ մեղքից, ի մտի ունենալով այն ճշմարտությունը, որ Քրիստոս մեկ անգամ արդեն կրել է անպատվությունը մեզ համար, միթե կարելի է մեղքի համար դարձյալ դիմել նույն Խաչվողին; Սիրելիներ մենք պետք է ավետարանական ճշմարտությունները ամեն ժամ կարդանք, որպեսզի նման տողերը մեզ արթուն պահեն մեղքի հանդեպ։ Զգայուն մարդը երբեմն ամաչում է, երբ իրեն երկու անգամ են նկատողություն անում նույն բանի համար, եթե նույնիսկ իր ծնողն է, կամ իր ղեկավարը։ Ուրեմն որքան առավել պատշաճ չէ մեղքի պատճառով կանգնել Աստծու առաջ և խնդրել մի բան, որը արդեն ավելիով արվել է մեզ համար։ Աստված ներող է, համբերող է, սիրող է, և յուրաքանչյուր զղջացող սիրտ ընդունելի է Աստծու առաջ, բայց առաքյալի խոսքը ամենևին չի նշանակում, որ ամեն օր մեղանչիր և ամեն օր բարեխոս ունեցիր Աստծու Որդուն։ Այլ ասում է, գրում եմ, որ չմեղանչե՛ք։
Տեր Հիսուս Իր համբարձումից հետո ուղարկեց մեզ ևս մեկ բարեխոս՝ Մխիթարիչ Սուրբ Հոգին, ինչպես որ Ինքն է բարեխոս Հոր մոտ մեզ համար։ Մարդը որքան ապերախտ պետք է լինի, որ ստորաքարշ մեղքի համար ուրախացնի չարին, և տրտմեցնի Աստծուն՝ հատկապես ճանաչելուց հետո։ Յուրաքանչյուր մարդ կարող է կամա և ակամա հայտնվել մեղքի մեջ, սակայն յուրաքանչյուր մարդ չէ, որ ունի մեղքի գիտակցություն և կարող է կանգնել Աստծու առաջ մեկընդմիշտ զղջալ իր կատարած մեղքերի համար և այլևս նույն մեղքը չկրկնել։ Այլ բան ակամա հայտնվել մեղքի մեջ, այլ բան է նույն մեղքը շարունակաբար գործել և չզղջալ։ Բոլորովին այլ բան է միտումնավոր մեղանչել, չհիշելով Անմեղի արյունը։ Հովհաննես առաքյալն աստիճանաբար անդրադառնում է մեղքի պատճառներին և հետևանքներին։ Մենք տեսանք, որ առաքյալը շատ կտրուկ է իր տեսակետների մեջ և հստակ լուծում է տալիս ցանկացած պարագայում իրավիճակից դուրս գալու համար։ Պատվիրանները գրվել են մարդու համար, որպես կյանքի ուղեցույց, որպեսզի մարդը զատի չարը՝ բարուց, կեղծը՝ ճշմարտությունից։ Պատվիրանները տրվեցին մարդուն, որպեսզի մարդը ճանաչի իր Տիրոջը, իր ստեղծողին, իր Փրկչին, իրեն մեղքից ազատողին, իրեն հավիտենական կյանք պարգևողին։ Մարդը չկամեցավ ճանաչել իր Փրկչին և համագործակցեց իր Փրկչի հակառակորդի՝ սատանայի հետ։ Աստված մեկ անգամ մարդուն ազատեց չարի ճանկերից և ասաց, – այլևս մի արա։ Այնուհետև Աստված մարդուն իր պատվիրաններով հեռու է պահում չարի խաբեություններից և գայթակղություններից։ Իսկ մարդ արարածը գերադասում է մնալ մեղքին ստրուկ, քան վայելել Աստծու պարգևած ազատ կամքը, որով կարող է հրաժարվել չարից։ Այստեղ առաքյալը դարձյալ իրեն հատուկ ոճով ասում է․ « Ով ասում է, թե ճանաչում է Աստծուն, բայց Նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա»։ Միթե աշխարհում կգտնվի մի մարդ, որը կարողանա ընդդիմանալ առաքյալի այս խոսքերին, կամ որևէ սխալ գտնել նրա հստակ մեկնաբանության մեջ։ Անշուշտ չի գտնվի։ Առաքյալը հաստատված է այն համոզման վրա, որ մենք մեղավոր մարդիկ ենք, և Աստծու Որդու արյունը մեզ մաքրում է մեր մեղքերից։ Իսկ երբ մենք քայլում ենք խավարի մեջ, հրաժարվում ենք այդ մեղքերի մաքրումից։ Առաքյալը ամեն անգամ տարբեր մեկնաբանություններով մեզ տանում է մի տեղ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է․ «Ով ասում է, թե ինքը Քրիստոսի մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա է ընթանում»։
Պողոս առաքյալը հավատի վրա է հիմնում մարդու կյանքի ընթացքը։ Հակոբոս առաքյալը գործերն է կարևորում հավատի հետ միասին։ Պետրոս առաքյալը հավատով առաքինություններ ձեռք բերելն է առաջնային համար։ Իսկ Հովհաննես առաքյալը գեղեցիկ բանաձևումով ասում է․ «Ո՛վ պահում է Նրա խոսքը, Աստծու սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է․ և սրանով ենք իմանում, որ Նրա մեջ ենք»։ Սա մի օգտակար կանոն է, որով ամեն մարդ կարող է իր հոգևոր ընթացքը ստուգել գիշեր ու ցերեկ։ Բնականաբար ոչ ոք չի կարող ընթանալ, ինչպես որ Քրիստոս ընթացավ։ Որովհետև եթե մարդն ի վիճակի լիներ ընթանալ միայն արդարության ճանապարհով, ապա Քրիստոսի խաչելության կարիքը ամենևին չէր զգացվի, որովհետև մեղք չէր լինի, կամ այն աստիճան չէր լինի, որ աշխարհը ապականվեր։
Սիրելիներ, առաքյալը Աստծու անունից մեզ զգուշացնում է զանազանել կեղծ վարդապետությունը՝ ուղղափառ վարդապետությունից, կեղծ մարգարեին ճշմարիտ մարգարեից, լույսը խավարից։ Սա հավիտենական խնդիր է մարդկանց համար, զանազանել կեղծիքը, որը զգեստավորված է ճշմարտության զգեստով։ Բայց առաքյալը դարձյալ հեշտացնում է մեր գործը՝ կրկին մի պարզ կանոն տալով, թե «Ո՛վ ասում է, թե լույսի մեջ է, և ատում է եղբորը, սուտ է և խավարի մեջ է տակավին»։ Մի՞թե երբևե ավելի պարզ բացատրություն կարող ենք գտնել մարդկային հարաբերությունների մասին գրված հազարավոր գրքերի մեջ։ Ուրիշ տարբերակ չունի առաքյալը։ Ինչպիսի համեմատություն էլ որ անում է Հովհաննեսը, հիմքում դրված է սերը։ Առանց սիրո ամեն գործ ձախողված է։
Ավանդությունը պատմում է Հովհաննեսի ծերության մասին, որ մարդիկ գալիս էին և նրանից մի իմաստություն էին խնդրում իրենց կյանքը շիտակ ապրելու համար։ Հովհաննեսը յուրաքանչյուր եկողին տալիս էր միևնույն պատասխանը՝ անկախ նրանց տված հարցից, թե «Սիրեք միմյանց»։ Իր աշակերտի այն հարցին, թե ինչո՞ւ է բոլորին նույն պատասխանը տալիս, երբ ինքը կարող է իմաստուն խորհուրդներ տալ նրան, առաքյալը պատասխանում է․ «Սերը գլուխն է բոլոր առաքինությունների և աշխարհի փրկության ծրագիրը սիրո հիման վրա կազմվեց ու կատարվեց։ Աստված աննկարագրելի սիրով սիրեց աշխարհը, և իր միածին Որդուն ուղարկեց նրա փրկության համար։ Որդին աննկարագրելի սիրով սիրեց մեղավոր մարդուն, և այդ սիրուց մղված՝ խաչելության գնաց կամավոր՝ նրա փրկության համար։ հետևաբար ուրիշ ինչ կարելի է խորհուրդ տալ մարդկանց, երբ իրենց փրկությունը սիրո արդյունք է»։ Սիրելիներ, առաքյալը գիտե, որ մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց տարիքներն ու նախասիրությունները, հետևաբար տարբեր են նրանց մոտեցումը Աստծու խոսքին։ Այդ պատճառով դիմում է տարբեր տարիքի մարդկանց, բոլորին հիշեցնելով կյանքի գլխավոր իրադարձությունը՝ որ մարդկանց մեղքերը ներված են Քրիստոսի անվան սիրուն։ Հայրերին է գրում, որոնք ճանաչել են Քրիստոսին, ի սկզբանե կար։ Երիտասարդներին է գրում, որ հաղթեցին չարին; Պատանիներին է գրում, և բոլորին տալիս է կյանքի գլխավոր հիմնը՝ « Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ կա աշխարհի մեջ։ Քանի որ աշխարհի մեջ եղածը մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն է, և այս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ՝ այս աշխարհից։ Աշխարհն էլ կանցնի ըստ Տիրոջ խոսքի, ցանկությունն էլ կանցնի, բայց Աստծու խոսքը կատարողն ու պահողը կմնա հավիտյան։ Սիրելիներ, ասեցինք, որ առաքյալն այս խոսքերը ուղղում է բոլորին, ինչպես երիտասարդին, այնպես էլ ծերին, բայց խոսքերից հասկանալի է, որ ակնկալիք ունի մարդկանց ունակություններից, որ եթե կամենան կարող են բոլորն էլ պահել Աստծու խոսքը և հավիտենական կյանքը ժառանգել։ Աշխարհի սիրո հետ կապված դարձյալ նույն համեմատությունն է բերում, ասելով, « Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ»։ Մի՞թե այստեղ կա մեկ այլ տարբերակ։ Ոչ, չկա։ Կամ՝ սիրում ենք աշխարհը, կամ՝ սիրում ենք Աստծուն։ 2000 տարի առաջ առաքյալը գրում է, որ վերջին ժամանակն է, և ինչպես որ լսել եք Նեռը գալու է։ Առաքյալի ժամանակակից մարդիկ են եղել, որոնց գործերը համեմատում է հակաքրիստոսի գործերի հետ։ Որոնք մի ժամանակ իրենց միջից են դուրս եկել, բայց իրենցից չեն եղել, քանի որ հեռացել են իրենցից։
Մատնացույց անելով այդ կեղծ ուսմունքի մարդկանց նորից հիշեցնում է, որ ստախոսը նա է, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն։ Հետևաբար խրատում է ամեն մարդու, որ հաստատուն մնան այն վարդապետության մեջ, որը լսեցին սկզբից։ Որովհետև եթե Աստծու խոսքը բնակվի մարդկանց մեջ, մարդիկ էլ կբնակվեն Հոր և Որդու մեջ; Սա է հավիտենական կյանքը, որ Տերը խոստացավ իրեն հավատացող ամեն մարդու։ Պետրոս առաքյալը նույնպես գրել էր այս հերձվածի մասին, որոնք կասկածում են որ Հիսուսը Քրիստոսն է։ Իսկ Հովհաննեսն ասում է, գրեցի ձեզ, որպեսզի ո՛չ ոք ձեզ չմոլորեցնի։ Առաքյալը խոսում է նաև քրիստոնյաների օծման մասին, որը հավանաբար կամ ձեռնադրության խորհուրդն է, յուղով օծմամբ, կամ մկրտության խորհուրդն է, որը բնակվի քրիստոնյաների մեջ՝ և այլ ուսուցման կարիք չի լինի։Առաքյալը նկատի ունի Սուրբ Հոգին որ ստանում են մարդիկ՝ մկրտությամբ և լցվում են շնորհներով։ Երկրորդ գլուխն ավարտում է մի գեղեցիկ հորդորով, որը կարելի է կարդալ ամբողջությամբ․ «Իսկ այժմ, որդյակնե՛ր, մնացեք Նրա մեջ, որպեսզի, երբ Նա հայտնվի, վստահություն ունենաք և Նրա գալստյան ժամանակ նրանից չամաչեք; Քանի որ դուք գիտեք, թե Նա արդար է։ Նաև իմացեք, որ ամեն ոք, ով արդարություն է անում, Աստծուց է ծնված»։ Սիրելիներ, եթե մենք էլ ամփոփելու լինենք մեր այսօրվա սերտողությունը, ապա կարելի է վստահաբար ասել, որ քրիստոնյան նա է, որ ապրում է քրիստոնեաբար։ Առաքյալի նման մենք էլ ուրիշ տարբերակ չփնտրենք։ Կամ՝ քրիստոնյա ենք, կամ ո՛չ։ Ուրեմն սիրելիներ, ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Շրջելով խավարի մեջ՝ այլոց ցույց տանք որ իբրև լույսի մեջ ենք։ Մկրտությամբ ստացածը սրբությամբ պահենք, մկրտության ժամանակ չարից հրաժարումը երբեք չմոռանանք և հավատարիմ մնանք մեր հավատամքի ու Աստծու խոսքին։ Սա էր երրորդ գլխի ամփոփ սերտողությունը, որ կամեցա սիրով փոխանցել ձեզ։ Ով ականջ ունի լսելու, անպայման կլսի։ Ով ականջ ունի և չի ուզում լսի, թող Աստված բացի բոլոր խուլ ականջները։
Աղոթենք միասին։
Աստուա՛ծ բարերար եւ բազումողորմ, Քեզ ապաւինող Քո այս ծառաներին ողորմի՛ր, եւ Քո ամենակարող սուրբ Աջովդ հաստատո՛ւն պահիր ապաշխարողներին, եւ տո՛ւր իմաստութիւն` սրբութեամբ ու անբծութեամբ գնալու Քո սուրբ եւ անարատ ճանապարհով: Եւ թոյլ մի՛ տուր սատանային մարտնչել նրանց հետ` ցանկութեամբ, կամ ձանձրութեամբ, եւ կամ բարեգործութան պատճառաբանութեամբ: Այլ, Քո բովանդակ բարերարութեամբ՝ պահի՛ր նրանց հակառակորդի ամենայն մեքենայական հնարքներից եւ առաջնորդիր աղօթքի եւ պահքի ճգնութեան: Աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, եղի՛ր նրանց համար խրատող հայր եւ մի՛շտ ապաւէն: Յաջողութի՛ւն տուր հոգեւոր խորհուրդների եւ աստուածային գործերի մէջ: Թողութի՛ւն շնորհիր Քո բարերարութեամբ, եթէ մեղանչել են խորհրդով եւ մտքով: Աղաչում եմ Քեզ, բարերա՛ր Տէր, տո՛ւր ապաշխարութիւն եւ արդարացրո՛ւ նրանց: Թող նրանք դառնան դէպի Քեզ ըստ Քո անսուտ խօսքի, որ ասացիր. «Դարձէ՛ք դէպի ինձ` եւ ես կդառնամ դէպի ձեզ»: