ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ Աստվածային նախախնամությամբ և ողորմությամբ եկանք հասանք մինչև Հովհաննես առաքյալի թղթերը, որ նախավերջինն է առաքելական թղթերից։ Չորս Ավետարանների սերտողությունից հետո մենք սկսեցինք «Գործք Առաքելոցը, Պողոս առաքյալի տասնչորս նամակները, Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը, Պետրոս առաքյալի երկու թղթերը, այսօր կսկսենք Հովհաննես առաքյալի երեք կարճ նամակները և վերջին Հուդա առաքյալի թուղթը», որը ընդամենը մեկ գլուխ է։ Աստիճանաբար ծանոթացանք Քրիստոսի առաքյալների կենսագրությանը, պատմությանը, գործունեությանը, բառապաշարին, տեսակետին, ինչու չէ նաև բնավորությանը։ Վստահ եմ, որ առաքյալներից յուրաքանչյուրին յուրովի ենք ընդունում յուրաքանչյուրդ։ Մեկի սրտին կարող կպնել մի առաքյալի խոսքը, մյուսի սրտին՝ մյուս առաքյալի խոսքը։ Բայց որ նրանց խոսքերն ու պատգամները մեզ քաջալերեցին և ուժ տվեցին, դրանում երկրորդ կարծիք չկա։
Երեք թղթերը, որոնց մենք կանդրադառնանք մեր սերտողությունների ժամանակ վերագրված են Հովհաննես առաքյալին, չնայած, որ թղթերից ոչ մեկում Հովհաննեսի անունը չի հիշատակված։ Առաջին թուղը, որի մասին պետք է խոսենք, ոչ մի տեղեկություն չի տալիս հեղինակի մասին։ Նույնիսկ չկա տեղեկություն, թե հատկապես ում է ուղղված այս թուղթը։ Բովանդակությունից հայտնի է դառնում, որ թուղթը քրիստոնեական համայնքների կացության մասին։ Մենք նախորդ թղթերից էլ տեղեկացանք, որ նախնական քրիստոնեական համայնքները ենթարկվել են հոգևոր կամ կրոնական մի շարք շարժումների ազդեցությանը, որոնք հավատացյալներին շեղում էին ճշմարիտ հավատից։ Այս թղթի մեջ մենք կտեսնենք, որ հեղինակին հետապնդում է մի նպատակ, քաջալերել իր ընթերցողներին, որ մնան Աստծու և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի հետ իրական հաղորդության մեջ։
Այդ իրական հաղորդությունը պետք է դրսևորվի միմյանց նկատմամբ ունեցած եղբայրական սիրո հարաբերություններով, որը կնպաստի պայքարել միաժամանակ կեղծ վարդապետության դեմ։ Քանի որ կեղծ վարդապետությունը վտանգի է ենթարկում հավատացյալների հավատարմությունը Ավետարանին։ Հովհաննես առաքյալը նույնպես հայտնում է, որ մեջտեղ են եկել Քրիստոսի մեծ հակառակորդներ, ստախոս մարդիկ, որոնք ժխտում են թե՝ Հիսուսն է Քրիստոսը։ Հետևաբար առաքյալը շեշտում է, թե ինչն է քրիստոնյայի համար հատկանշական, որ նա լինի ջերմ հարաբերությունների մեջ՝ մերձավորի նկատմամբ և հավատարիմ՝ Հիսուս Քրիստոսին։ Այս երկուսը պետք է արտացոլվեն քրիստոնյայի ապրած կյանքի մեջ։ հեղինակը նաև գեղեցիկ օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է զանազանել սխալը՝ ճշտից։
Սիրելիներ, մենք արդեն ճանաչում ենք Հովհաննես առաքյալին, որ նա իր ավետարանում Քրիստոսին Լույս և Սեր է անվանում։ իսկ այս թղթերի մեջ հորդորում է մարդկանց՝ ապրել լույսի մեջ, քանի որ Քրիստոս ինքը լույս է։ Որպեսզի լույսի մեջ ապրեն, մարդիկ պետք է գործադրեն սիրո պատվիրանը։ Այսինքն Աստծուն պատկանել, նշանակում է սիրել, որովհետև Աստված սեր է։ Առաքյալի այս թղթերի վերաբերյալ նույնպես եղեն են տարբեր կարծիքներ։ Ոմանք կարծիք են հայտնել, որ թղթերը չեն պատկանում Հովհաննեսին, զուտ այն պատճառով, որովհետև իր անունը չեն գտել թղթերի մեջ; Բայց մենք հեղինակի ավետարանը սերտելիք բազում անգամներ հանդիպեցինք նրա խոնարհությանը, որ իր անունը չտալու համար, իր մասին ասում էր, այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր։ Հակառակվողներ միշտ եղել են և պիտի շարունակեն լինել, քանի որ ճշմարտությունը դժվար է լսել նրանց համար, որոնք կեղծիքի մեջ են։ եթե Պետրոս առաքյալը պատմում էր սուտ վարդապետների մասին, որոնք լուր էին տարածում, որ երկրորդ գալուստ չի լինելու և անիմաստ է սպասել հույսով, և ծաղրում էին սպասողներին։ հովհաննես առաքյալը պատմում է այն մոլորեցնողների մասին, որոնք ժխտում են են, թե՝ Հիսուսը Քրիստոսն է։ Մենք չգիտենք, թե ո՛ր մոլորեցնողը ի՛նչ է ժխտում, բայց մենք անվերապահորեն հավատում ենք, որ Հիսուսն է Քրիստոսը, և Նա Աստծո միածին Որդին է, որը լո՛ւյս է, սե՛ր է, և այդ սիրո միջոցով իրագործեց աշխարհի փրկության ծրագիրը՝ խաչի վրա։ Մենք չգիտենք, թե ո՛վ է կասկածում, որ Հովհաննեսն է այս երեք թղթերի հեղինակը, բայց մենք անվերապահորեն հավատում ենք, որ այս երեք թղթերն էլ գրվել են Հովհաննեսի ձեռքով։ Որովհետև առաջին նամակի առաջին տողը կարդալիս, զգացվում է Հովհաննեսի շունչը, բառապաշարը, և վստահությունը՝ Կենաց Բանի հանդեպ։ Ինչպես որ իր ավետարանն է սկսում, այնպես էլ առաջին թուղթն է սկսում նույն վստահությամբ։ Հովհաննեսը խոսում է ականատեսի ու վկայի տեսանկյունից՝ այնքան վստահ ու հաստատ, ինչպես որ եղել է իրականության մեջ։ Նա խոսում է Տիրոջ մասին այնպես, ինչպես որ իր ձեռքերը շոշափել են Նրան, իր ականջները լսել են Նրա ձայնը, իր աչքերը տեսել են Նրա լույս դեմքը։ Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի մասին խոսում է այնպես, ինչպես մեկը խոսում է կյանքի մասին, քանի որ Նա է կյանքը, որը հայտնվեց բոլորին, իրենք տեսան և ամենքը իր հերթին վկայում են այդ մասին՝ յուրաքանչյուրը իր տեսանկյունից։ Հովհաննեսի ներքին համոզումն ու աներեր հավատը թույլ չի տալիս, որ Քրիստոսին ներկայացնելու պահին մտնի մանրամասների մեջ։
Նա միանգամից գրեց․ «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր»։ «Նույն կերպ էլ սկսում է իր առաջին թուղթը, ասելով․ «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, Հոր մոտ էր և հայտնվեց մեզ»։ Հովհաննեսի խոսքերի միջից փոխանցվում է ընթերցողին այն, ինչը կամենում է փոխանցել։ Ասում է, գրում եմ ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Այս տողերը առաքյալը գրում է կատարյալ ուրախությամբ և կամենում է, որ մենք էլ կարդալիս կատարյալ ուրախություն ունենանք։ Քանի որ խոսում է կատարյալ ուրախության պատճառի՝ Սիրո մասին։ Պողոս առաքյալը իր քարոզության մեջ շեշտը դնում է հավատի վրա, Հակոբոս առաքյալը հավատը մեռած է համարում առանց գործերի, Հովհաննես առաքյալը ամեն ինչի հիմքում դնում է սերը, իսկ Պետրոս առաքյալը կարծում է, որ սիրո առաքինությանը հասնելու համար պետք է հավատով ձեռք բերել առաքինությունները, որոնց գլուխը սերն է։ Սիրելիներ միանգամից ձեզ ասեմ, որ այս մտքերի մեջ ամենևին էլ տարակարծություններ չկան։ Այս առաքինությունները առանց մեկը՝ մյուսի չի գործում, ուղղակի առաքյալները յուրաքանչյուրը իր տեսանկյունից են նայում և բոլորը գալիս են նույն եզրահանգման, որ ամեն ինչի հիմքում սերն է, որովհետև՝ Քրիստոս սեր է։
Քանի որ առաքյալները ականատեսն են եղել բոլոր իրադարձություններին, որոնք պատահել են Հիսուս Քրիստոսի հետ՝ իրենց անմիջական ներկայությամբ, բոլորն էլ գրում են նույն վստահությամբ, նույն համոզմամբ, նույն համարձակությամբ։ հովհաննես առաքյալի խոսքերից բխում է մի ճշմարտություն այն մասին, որ ինքը տեսել է, լսել է, շոշափել է հավիտենական կյանքին և այժմ վկայում է այգդ մասին, որպեսզի մենք էլ իր միջոցավ ունենանք այդ վստահությունը։ Քրիստոնեություն նշանակում է անմիջական կապ Հոր և Որդու հետ։ Բոլորին է հրավիրում մտնել այդ միության մեջ՝ կատարյալ ուրախ լինելու համար։ Սիրելիներ, Հովհաննեսը մեզ բառացի փոխանցում է այն, ինչ լսել է Հիսուս Քրիստոսից։ Աստված լույս է, և նրա մեջ բոլորովին խավար չկա։ Միթե առաքյալի այս խոսքերը նորություն են, չէ որ Հին Կտակարանը պատմում է այս մասին, որ լույսը գալու է աշխարհ։ Ուրեմն նորություն չէ Հովհաննես առաքյալի ասածը։ Գիտե՞ք ինչու է ինքը այդպես վստահաբար ասում, որ Աստված լույս է։ Այլ բան է, որ մարգարեները պատկերացմամբ էին գրում այդ լույսի մասին, այլ բան է, որ առաքյալն իր աչքով էր տեսել այդ լույսը և լուսավորվել։
Այստեղ առաքյալը ձեռքը դնում է քրիստոնյաներիս վերքի վրա, որը մշտապես թաքցնում ենք քրիստոնեության քողի տակ։ Տեսե՛ք, թե՝ ինչ ասում․ «Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Քրիստոսի հետ և քայլենք խավարի մեջ, ստում ենք, և ճշմարտությունը չենք կատարում»։
Ով կարող է հակառակվել առաքյալի այս խոսքերին, ինչ որ բան ապացուցելու համար։ Բոլորս ենք ասում, որ հաղորդության մեջ ենք Աստծու հետ՝ ինչպես որ Իր Սուրբ Հաղորդությամբ, այնպես էլ իր անունը կրելով։ Բայց մեր գործերը բոլորովին այլ բան են փաստում։ Քանի որ մենք միմյանց հետ չունենք եղբայրասիրություն, չունենք օտարասիրություն, և մնացած բոլոր առաքինությունները, որոնք սեր են ծնում;
Հետևաբար մենք առայժմ չենք համապատասխանում առաքյալի նշած չափանիշներին, քանի որ լույսի մեջ քայլողների չափանիշները այլ են; Որո՞նք են այդ չափանիշները։
Ասում է․ «Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից»։ Այստեղ մի փոքր մանրամասնենք մի նրբություն, որի չիմացության պատճառով գտնվում ենք ինքնախաբեության մեջ։ Առաքյալն ասում է, այո հավատո՛ւմ ես։ Իսկ ինչպե՞ս ես ապրում։ Արդյո՞ք ապրում ես քո հավատի համաձայն։ Եթե չես ապրում քո հավատի համաձայն, ուրեմն ստում ես և ճշմարտություն չես կատարում։ Որովհետև Աստծու Որդու արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից այն դեպքում, երբ մենք լույսի մեջ ենք քայլում։ Սիրելիներ, ամեն կիրակի մենք Քրիստոսի մարմինն ու արյունն ենք ճաշակում այն հույսով, որ դա կլինի մեր մեղքերին քավություն և թողություն; Բայց այստեղ տեսանք, որ պայման կա մեղքերը մաքրելու վերաբերյալ; Դրա համար Պետրոս առաքյալն ասում է, որ հավատով գիտություն ձեռք բերեք։ Մեխանիկորեն գնալ Պատարագ և ճաշակել Սուրբ Հաղորդությունը, առանց իմանալու Նրա զորավոր ազդեցության մասին, նշանակում է ապրել խավարի մեջ։
Առաքյալի այս խոսքերը հիմք ունենալով, մենք կարող ենք փաստել, որ ամեն կիրակի հազարավոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, և մարդկանց տրվում է Սուրբ հաղորդություն։ Տրամաբանորեն պետք է որ մարդկանց մեղքերը մաքրվեին այսքան տարիների ընթացքում։ Բայց մենք բոլորովին այլ պատեր ենք տեսնում։ Մարդիկ որ միայն միմյանց հետ հաղորդության մեջ չեն, այլ՝ ատում են իրար։ Նշանակում է, որ Սուրբ հաղորդություն են ստանում՝ քայլելով խավարի մեջ։ Նույն բանը փաստում է պողոս առաքյալը՝ Սուրբ Հաղորդությանը անարժանաբար մոտենալու առումով։ Հովհաննես առաքյալը խուսափում է շեշտը դնել հավատի, կամ գործերի վրա, այլ հարցնում է․ «եթե Նրա հետ հաղորդության մեջ եք, ինչպե՞ս եք ապրում ձեր կյանքը; Եթե միության մեջ չեք Աստծու և Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, ուրեմն խավարի մեջ եք դուք։
Առաքյալը ամենևին նկատի չունի, որ մենք մեկ անգամ Քրիստոսի արյունով մաքրվեցինք մեր մեղքերից, նշանակում է անմեղ ենք այլևս։ Բայց այլ բան է մեղավոր վիճակով ձգտել և քայլել լույսի հետ , և ձգտել դեպի հավիտենական լույսը։ Այլ բան է մեկ անգամ մաքրվել մեղքից, դարձյալ դառնալ դեպի մեղքը և մնալ խավարի մեջ։Այսպիսի մեկը չի կարող վկայել Քրիստոսի մասին, և նրա վկայությունը կեղծ կլինի, չհավատաց, որ Քրիստոսի արյունը մաքրել իր մեղքերը։ Նամակի առաջին տողերում հենց այդ մասին էր վկայում վստահությամբ, որ ինքը տեսել է, լսել է, շոշափել է Կենաց Բանը՝ Քրիստոսին։ Իսկ նա, ով հաղորդվում է, և քայլում է խավարի մեջ, նա չի կարող առաքյալի պես վկայել Քրիստոսի մասին; Ուրեմն ինչպե՞ս կարող ենք ունենալ կատարյալ ուրախություն, ինչի՞ համար պետք է ուրախ լինենք, եթե չգիտենք ուրախ լինելու բուն պատճառը։ Իսկ բուն պատճառն այն է, որ Քրիստոս հաղթեց մահը, որը պատճառն է ամեն տեսակ վախի ու տրտմության;
Այս ճշմարտությունները մեզ պատմում են անմիջապես ականատեսներն ու վկաները։ Նաև մեզ տեղեկացնում են, որ եղել են մոլորեցնողներ և սուտ վարդապետության տարածողները, որոնք կասկածի տակ են դրել Քրիստոսի անձը և Նրա երկրորդ գալուստը։ Առաքելական հաջորդականությամբ են մեզ փոխանցվել այս ճշմարտությունները նրանց կողմից, որոնք իրավունք են ունեցել մասնակցելու Աստծու խորհրդավոր ընթրիքին մասնակցելու։ Սրանք այն առաքյալներն են, որոնք իրենց արյան գնով պահեցին և փոխանցեցին հաջորդ սերունդներին աստվածային ճշմարտությունները։ Մենք այս ճշմարտությունները չենք լսում վերջերս մեջտեղ եկած կրոնական որոշ ուղղություններից, որոնք կրողը չեն այս առաքելական փոխանցումների։ Առաքելահիմն մեր եկեղեցին հաջորդաբար ստացել է առաքյալներից ինչպես ավետարանական ճշմարտությունները, այնպես էլ քահանայական ձեռնադրությունները։ Մեր պատասխանատվությունը չափազանց մեծ պետք է լինի առաքյալներից հաջորդաբար ստացած և ճշմարտությունների և ձեռնադրությունների նկատմամբ։ քանի որ նրանք ամենայն մանրամասնությամբ գրել են իրենց ավետարաններում և իրենց նամակների մեջ՝ ճշմարիտ հավատի ու դավանության բոլոր մանրամասները; Հետևաբար ուղղափառ եկեղեցին պարտավոր է նույն նախանձախնդրությամբ և նույն մանրամասնությամբ այս բոլորը բացատրել հավատացյալ հոտին՝ իր հոգու փրկության համար, քանի որ քահանաները տեսուչներ կարգվեցին նրանց հոգու փրկության համար։ Մենք այսօր բախտավորությունն ունենք այսպիսի ականատես վկաներից լսել ու կարդալ մեր տեր Հիսուս Քրիստոսի մասին մանրամասներ, որոնք մեզ օգնում են մեր կյանքը աստծուն հաճելի ընթացքով ապրել։ մեն հաճախ պետք է ստուգենք մեր հավատը և մեր իմացությունը մեր հավատի վերաբերյալ։ Մենք հաճախ պետք է ստուգենք մեր ընթացքը՝ Աստծու առջև հաճելի է արդյոք։ Ամեն օր Հավատամքով պետք է ստուգենք մրե ճշմարիտ դավանանքը։ Երբեմն որոշ ուղղվածություններ ասում են, բավական է հավատաս, և դու փրկված կլինես։ Այստեղ առաքյալը հստակ ասում է, որ Նրա Որդու Արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Չի ասում մաքրեց մեր մեղքերը, այլ՝ մաքրում է։ Իսկ որտե՞ղ է մաքրում։ Եկեղեցում՝ սուրբ հաղորդության ստանալիս։ Մենք չենք կարող ասել, որ մենք մեղք չունենք, եթե այսպես ասենք, մենք մեզ խաբած կլինենք, և մեր խոսքերի մեջ ճշմարտություն չկա։
Իսկ երբ մենք արդարացիորեն խոստովանում ենք մեր մեղքերը, հավատարիմ և արդար է Տերը, մեր մեղքերը մեզ ներելու, և մաքրելու ամեն տեսակ անիրավությունից։ Ամենամեծ մեղքը այն է, որ մենք սեր չունենք մեր մերձավորի և Աստծու նկատմամբ։ Շատերն են այսօր փնտրում հայտնություններ, երազներ, մարգարեությունները աշխարի իրադարձությունները տեսիլքների լուսի տակ մեկնաբանելու համար; Աստված ոչ մի հայտնություն գաղտնիք չի պահել իր արարածից՝ ինչպես հին կտակարանում , այնպես էլ առավել ևս՝ Նոր Կտակարանում իր Որդու միջոցով; Երբ մենք հեռանում ենք Աստծուց, կատարվում է առաքյալի այն խոսքը, որ վեցերորդ համարում կարդացինք, թե եթե դավանենք Քրիստոսին և քայլենք խավարի մեջ, ուրեմն մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե ասենք չենք մեղանչել, այդ դեպքում սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ։
Քանի Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է, որ ասում է․ «Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները»։ Ամեն ինչ հստակ է ասված, Տերը սպասում է մեր ապաշխարությանը և դարձին։ Բայց այդ բոլորի համար ջանք է պահանջվում ըստ Տիրոջ խոսքի, որ ասում է մտեք նեղ դռնով, որը տանում է դեպի լույս։ Մենք չենք ապրում, որպեսզի Ավետարան կարդանք։ Այլ՝ ավետարան ենք կարդում, որպեսզի մեր կյանքը ապրենք այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է պահանջում․
Սիրելիներ, ավարտեցինք առաջին գլխի սերտողությունը, որը մեզ համար գրել է Հովհաննես աստվածաբան առաքյալը։ Աստծու կամքով վաղը կսերտենք երկրորդ գլուխը։
Աղոթենք միասին;
Բժշկի՛ր, ինձ,Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը: Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: