ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մինչ այս պահը մենք միասին սերտել ենք Պողոս առաքյալի նամակները՝ ուղղված տարբեր եկեղեցիների նորաստեղծ համայնքներին: Բայց Պողոս առաքյալը ունի նաև նամակներ, որոնք ուղղված են անհատների: Ովքե՞ր են այդ անհատները, ի՞նչ գործունեություն են ծավալում, և ի՞նչ հանձնարարականներ է տալիս նրանց առաքյալը իր նամակներով: Այդ անձերից մեկը Տիմոթէոսն է, որի մասին մենք վերջին նամակների մեջ շատ լսեցինք: Պողոս առաքյալը Տիմոթէոսին հանդիպել է իր շրջագայություններից մեկի ժամանակ՝ Փոքր Ասիայի Լիուստրա քաղաքում: Այս երիտասարդի մայրը քրիստոնեություն ընդունած հրեուհի է, իսկ հայրը՝ հույն է: Առաջին իսկ հանդիպումից հետո Տիմոթէոսը դառնում է Պողոսի ամենամոտիկ գործակիցներից մեկը, և ուղեկցում է նրան առաքելական բազմաթիվ ուղևորությունների ժամանակ:
Զանազան առիթներով հանձնարարություններ է ստանում առաքյալից՝ պատասխանատու ձեռնարկումներ կատարելու այնպիսի համայնքներում, որոնք անմխիթար վիճակում էին և առաքյալին մտահոգություն էին պատճառում: Տիմոթէոսի անունը մենք հանդիպեցինք նաև Գործ Առաքելոց գրքում, քանի որ շահել էր Պողոս առաքյալի վստահությունը, իր հոգևոր նկարագրով: Պողոս առաքյալը երկու նամակ ունի ուղղված Տիմոթէոսին, որոնք կոչվում են ,,Հովվական թղթեր,,: Ինչու են կոչվում հովվական, որովհետև նամակների մեջ ցուցումներ են տրվում եկեղեցիների հովիվներին, կամ պատասխանատուներին: Տիմոթէոսին ուղղված առաջին նամակի մեջ շոշափվում են երեք գլխավոր կետեր: Ամենից առաջ հանձնարարում է եկեղեցուն՝ հեռու մնալ և զգուշանալ կեղծ վարդապետություններից, հրեական ու հեթանոսական խառնուրդ այն գաղափարներից, որ ոմանք ջանում են տարածել քրիստոնեության մեջ:
Այդ կեղծ վարդապետությունը հենվում է այն հավատալիքի վրա, որ նյութական աշխարհը վատ է, և մարդ կարող է փրկության հասնել միայն գաղտնի մի ճանաչողությամբ, որը վերապահված է միայն խորհրդագետ մարդկանց: Բացի դրանից, այդ կեղծ վարդապետությունները հանձնարարում են հեռու մնալ որոշ կերակուրներից և հրաժարվել ամուսնությունից: Այնուհետև թղթում տրված են որոշ հրահանգներ, որոնք վերաբերում են պաշտամունքին, եկեղեցու կազմակերպմանը, և նրա գլխավոր պատասխանատուների վարվեցողությանը: Վերջին խորհուրդները ուղղված են Տիմոթէոսին, թե նա ի՞նչ ձևով պետք է կատարի իր պաշտոնը, և ինչպե՞ս պետք է զբաղվի հավատացյալների տարբեր խմբերի հետ, որպեսզի լինի Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա: Ակնառու է, որ այս թղթի մեջ Պողոս առաքյալը եկեղեցուց և նրա ղեկավարներից չի՛ պահանջում կույր հնազանդություն, այլ՝ այնպիսի մի հանձնառություն, որ արմատավորված լինի Քրիստոսի անձի փառաբանության և երկրպագության մեջ:
Նաև ակնհայտ է, որ առաքյալին քաջածանոթ են ժամանակի տարատեսակ հերետիկոսությունները, աղանդները և կեղծ վարդապետությունները, որոնց նպատակն է եղել ի սկզբանե խաթարել քրիստոնեական վարդապետության ուղղափառությունը և մոլորեցնելով ժողովրդին՝ դարձնել իրենց հետևորդը: Կեղծիքը հետապնդում է քրիստոնեական վարդապետությանը իր ստեղծման օրից, մինչ մեր օրերը և չի դադարելու նաև հետագայում: Ինչո՞ւ էր Պողոս առաքյալը այդքան մտահոգ ժամանակի հերետիկոսության և աղանդների համար, և զգուշացումներ էր անում եկեղեցիներին՝ զգույշ և հեռու մնալ նրանցից: Որովհետև ինքը նոր էր հաստատում եկեղեցիներ, և վախենում էր,
որ ուղղափառ հիմքերը կխախտվեն և մարդը իր հավատի մեջ կարող է տարուբերվել:
Սակայն այդպես չէ մեր օրերում, և այդպիսի մտահոգությունը տեսանելի չէ մեր եկեղեցու պատասխանատուների կողմից, չնայած, որ մեր օրերում էլ քիչ չեն տարատեսակ այլ ուսմունքներ քարոզող ուղղվածություններ: Մեր քրիստոնեական հավատն էլ հաճախ տարուբերվում է այս փորձությունների պատճառով: Ավետարանական ուղղությանը չի ընդունում Առաքելականի մկրտությունը, մինչդեռ ավետարանի պատգամը հստակ է մկրտության մասին; Այսպիսի բաժանումները միայն թուլացնում են եկեղեցու հիմքերը, և ցավով պետք է ասեմ, որ նույն թափով գործում են այդ բաժանումները քրիստոնեական եկեղեցու մեջ: Այդ պատճառով Պողոս առաքյալը հավաքագրում էր հավատարիմ գործակիցներ, որոնց միջոցով արթուն էր պահում համայնքներին՝ նման վտանգներից: Այդպիսի հավատարիմներից մեկն էլ Տիմոթէոսն էր, որին Պողոսը համարում էր հավատի մեջ իր սիրելի որդին: Մենք գիտենք, որ Պողոս առաքյալը ամուսնացած չէր և զավակ չուներ: Սակայն այնքան էր գնահատում Տիմոթէոսի հավատի գործերը, որ նրան իրեն զավակ էր ընդունում:
Շատ հարցերում որդիները կարող են նման լինել իրենց հայրերին, սակայն հավատի հարցում՝ ինչպես որ Պողոսն ու Տիմոթէոսն էին, հազվագյուտ կարող է լինել: Տիմոթէոսին ուղղված նամակները նույնպես ողջույնի խոսքով են ուղղվում, և ինչպես միշտ Պողոսը իր անվան դիմաց անպայման գրում է առաքյալ կոչումը: Ինչո՞ւ է գրում մշտապես այս բառերը՝ առաքյալ, ծառա, բանտարկյալ, և այլն: Որպեսզի ընթերցողը հասկանա, որ ինքը պարզ մարդ է, բայց առաքված է Մեկից, ում խոսքերն է փոխանցելու ընթերցողին: Բանտարկյալ է ճշմարտության գրկում և պարտավոր է իր Տիրոջ ճշմարտությունը փոխանցել: Ծառա է, քանի որ այդ Տէրն է իրեն առաքել քարոզելու: Փրկիչ Աստծու հրամանի համաձայն է ինքը առաքյալ դարձել, և Նրա անունից է մարդկանց փոխանցում շնո՛րհ, խաղաղությո՛ւն, և ողորմությո՛ւն:
Իր խոսքերը լսողին հավաստի դարձնելու համար, առաքյալը հիմնավորում է իր կոչումը նման անվանումներով; Տիմոթեոսին ուղղված իր նամակների ոճի պատճառով ժամանակի մեկնաբանների մոտ տարակուսանք է առաջացել այն առումով, որ իբրև նամակները չեն պատկանում Պողոսի գրչին: Բայց շուտով հերքվել է ամեն տեսակետ, քանի որ մարդը համայնքի հետ կարող է ուրիշ լեզվով ու բառապաշարով խոսել, իսկ իր հոգևոր զավակի հետ այլ ոճով: Դարձյալ կարևորն այն է, որ նամակները հասել են մեզ և մենք արժանացել են ծանոթանալ Պողոսի և Տիմոթէոսի մտերմիկ զրույցին: Եփեսոսը մեծ քաղաք էր, և Տիմոթեոսը պետք է մնար այնտեղ և կարգավորեր նորաբաց եկեղեցիների աշխատանքները:
Հետագայում մենք շատ կհանդիպենք եպիսկոպոս անվանը, բայց այս նամակի մեջ դեռ նոր էին եկեղեցու ղեկավարները եպիսկոպոսներ կոչվում: Տիմոթէոսը այդպիսի մի պատասխանատու էր Եփեսոսում, որին հանձնարարված էր պատվեր տալ բոլորին՝ հեռու մնալ օտար ուսմունքից, չկապվեն առասպելներին և տոհմաբանություններին, քանի որ դրանք միայն վեճեր առաջացնող ուսմունքներ էին; Տոհմաբանությունն այն էր, որ հաշվում էին, թե ո՛վ է տոհմի մեծը, ո՛վ ումից հետո է ծնվել և ով ո՛ւմ պետք է ենթարկվի: Այսպիսի բաների վրա ժամանակ տրամադրելը առաքյալը անհիմն զբաղմունք է համարում, քանի որ այն չի ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հավատի վրա են հիմնված, ո՛չ թե առասպելների: Աստծու պատվիրանի գլուխը սերն է: Իսկ սերը բխում է սո՛ւրբ սրտից, բա՛րի խղճմտանքից, և անկե՛ղծ հավատից: Ահա քրիստոնեության գլխավոր հիմքերը, ո՛չ այն, թե ո՞վ է մեծ, կա ո՞վ է փոքրը:
Օրենքի վարդապետները անտեսում են այս երեք գլխավոր կետերը՝ սուրբ սիրտ, բարի խղճմտանք և անկեղծ հավատք, և խոտորվում են իրենց խոսքերի ունայնության մեջ, և նույնիսկ իրե՛նք չեն իմանում, թե ի՛նչ են բացատրում ուրիշներին; Օրենքը բացատրելով անկարելի է պահել, այլ օրենքը լավ է, երբ մեկն այդ օրենքը գործադրի օրինավոր կերպով: Բայց առաքյալը բացահայտ հայտարարում է, որ օրենքը արդարների համար չէ, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, նաև այն բոլոր բաների, որոնք դեմ են ողջամիտ վարդապետությանը: Իսկ ողջամիտ վարդապետությունը համապատասխանում է երանելի Աստծու փառավոր ավետարանին, որին որ մշտապես հավատարիմ է Պողոսը: Նշանակում է, որ Տիմոթէոսը պետք է հետևի Պողոսի վարքին ու գործին և նմանվի նրա իր պաշտոնի մեջ:
Տեսեք, սիրելիներ, ինչքան պարզ ու հստակ է Պողոս առաքյալի բացատրությունը օրենքի մասին: Օրենքը պարիսպ է, որը արգելում է մարդուն մտնել չնախատեսված մի վայր: Իսկ երբ մարդը ինքնակամ չի մտնում այնտեղ, որտեղ իրեն արգելված է, այդ մարդու ինչի՞ն է պետք օրենքը: Օրենքը վերը նշված մեղքերի համար, որ մարդիկ կատարում են: Որպեսզի իր ասածը հիմնավորի օրինակով, Պողոս առաքյալը այս նամակի մեջ և՛ս խոստովանում է Տիմոթէոսին, որ ինքը նախկինում հայհոյիչ էր, հալածիչ և անարգող: Բայց շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ զորացրեց իրեն և վստահեց այս սպասավորությունը: Հիմա տեսնո՞ւմ եք արդյունքը՝ օրենքը պահելու: Պողոսը պահում էր օրենքը հրաշալի, բայց այդ օրինապահությունը իրեն կտաներ կործանման, եթե վրա չհասներ Աստծու Շնորհը:
Քանի որ առաքյալը անգիտությամբ և անհնազանդությամբ էր անում, ինչ որ անում էր: Իրեն մեղավորների գլուխն է համարում իր այդ արարքի համար. և փաստում է, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ինքն էր: Այս բաները առաքյալը պատմում է իր մասին, ո՛չ թե հպարտությամբ, այլ բացատրում է, որ օրենքով չազատագրվեց ինքը, որ եկար ժամանակ մեծագույն մեղքի մեջ էր; Այս բոլոր մեղքերի մեջ Տէր Հիսուս ցույց տվեց իր մեծ համբերությունը որպես օրինակ բոլորի համար: Պողոս առաքյալը իր արատավոր անցյալը, Քրիստոսի զորավոր համբերությունը և իր դարձը ի ցույց դնելով կարողանում է հիմնավոր կերպով մարդկանց բացատրել օրենքի և Աստծու ողորմության շնորհի տարբերությունը: Որդյա՛կ իմ Տիմոթէոս,- ասում է Պողոսը,- ավանդում եմ քե՛զ այս պատվիրանը, որ պահես հավատը բարի խղճմտանքով, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը: Առաքյալը վստահում է Տիմոթէոսին, քանի որ նրա վերաբերյալ նախապես մարգարեություններ են եղել իր ամուր հավատի վերաբերյալ: Առաքյալը այստեղ նշում է երկու մարդու անուն՝ Հիմենոս և Աղեքսանդրոս, որոնք հեռու վանեցին իրենցից բարի խղճմտանքը, և նավաբեկության ենթարկվեցին հավատի մեջ: Մենք չգիտենք, թե ովքեր են այս մարդիկ, բայց առաքյալը զարմանալի արտահայտություն է անում նրանց պատժի մասին խոսելիս, ասելով, թե նրանց մատնեցի սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել:
Ինչպե՞ս կարող էր Պողոսը մարդկանց մատնել սատանային, երբ իր նպատակը մարդկանց սատանայի ճանկերից ազատելն է: Սատանան Քրիստոսի հակառակորդն է, մեր իմանալով; Ուրեմն ինչպե՞ս է մատնել նրանց սատանային: Եթե հիշում եք, այսպիսի մի արտահայտություն էլ լսեցինք կորնթացիների առաջին նամակը սերտելիս, երբ դարձյալ Պողոս առաքյալն ասում է,- Մատնեցե՛ք այդպիսի մեկին սատանային, նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տէր Հիսուս Քրիստոսի օրում: Այս երկու մարդիկ ըստ նկարագրության հայհոյիչ են եղել Աստծու խոսքի նկատմամբ, և Պողոսը պատվիրում է նրանց դուրս դնել եկեղեցուց, համայնքից, և զրկել հավատացյալների հետ շփվելուց, համարելով, որ մեղավորը երբ դուրս է դրվում եկեղեցուց, մերկանում է Սուրբ Հոգու պաշտպանությունից:
Իսկ երբ մեկը եկեղեցուց դուրս է, նա կարող է ենթարկվել ամենատարբեր ուժերի: Ինչպես որ պատահեց Հուդայի հետ, երբ նա պատառն առավ և դուրս եկավ իր համայնքի միջից՝ վատ արարքի մտադրությամբ; Հետևաբար Տիմոթէոսին նույնն է պատվիրում անել, որպեսզի շահի այդ մարդկանց և նրանք կորստյան չմատնվեն: Պողոս առաքյալի պատժամիջոցները ընդունելի են, քանի որ բխում է միայն մեղավորի շահերից: Այսինքն մարդուն եկեղեցու համայնքից դուրս դնելը հավասարազոր է սատանային մատնելուն: Եթե իր մյուս նամակներում առաքյալը չի նշում որոշակի անուններ, կամ մեղքեր, երբ գրում էր համայնքներին, ապա այստեղ Տիմոթէոսին հստակ պատգամներ է տալիս հստակ մեղքերի համար: