ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։ Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ո՛չ իսկ մէկ հոգի։ Այս տողերը կարդալիս, այլևս հարց չի մնում հասկանալու համար, թե ինչու պետէ գա անօրենը: Բայց մենք այս հարցի շուրջ շատ տեղեկություններ ունենք Ավետարանից՝ աշխարհի վախճանի մասին: Մատթևոսի ավետարանի ավարտին ասում է,- Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։ Մենք ավետարանները սերտելու ժամանակ շատ էինք հանդիպում դրվագների, երբ հրեաները վախենում էին ապստամբությունից, քանի որ Հռոմի իշխանությունը զորք էր մտցնում և կոտորում էր ապստամբներին: Վերևում մենք կարդացինք, որ Պողոս առաքյալն ասաց, – Այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա: Այսինքն նախ պետք է լինի ապստամբություն, և ժողովուրդը ընդվզի կառավարության դեմ: Իսկ կառավարության դեմ ժողովուրդը ընդվզում է այն ժամանակ, երբ անօրենությունը շատանում է: Հավանաբար Ներոնի մասին տեսակետը այս հիմքն ուներ, քանի որ սաստում էր ապստամբությունները՝ սպանություններով: Իսկ երբ ապստամբությունները սկսվեն, կհայտնվի հակաքրիստոսը: Աշխարհում ամեն բան կատարվում է Աստծու նախախնամությամբ: Ինչպես որ մեր փրկության ծրագիրը կատարվեց Իր Որդու միջոցով, այնպես էլ կլինի աշխարհի վախճանը: Աշխարհի վախճանը Աստծու տարօրինակ գործերից է:
Ո՛չ թե նրա համար, որ Աստված կամեցավ մարդու համար չար բան, այլ՝ մարդը ինքը իր կամքով վաստակեց իր վախճանը: Աշխարհի վախճանը Աստված երկարաձգում է բոլոր հնարավոր ձևերով, որպեսզի շատեր միանան փրկության ծրագրին իրենց կամքով, և ծառայեն Իրեն: Սակայն երբ տեսնի, որ կամեցողների թիվը նվազում է, կամ վերանում, Աստված հետ կքաշի իր պաշտպանող ձեռքը և հակաքրիստոսը կանցնի գործի:
Աստված մարդուն տվել է ազատ կամք և մինչև վերջ չի կամենում զրկել մարդուն՝ իր ազատ ընտրությունից: Եթե մարդը նախընտրում է նեռին, ապա Աստված հարգում է նաև այդ ընտրությունը:Մինչդեռ Աստված ամեն պայման ստեղծել էր, որ մարդը ընտրի բարին: Մարդու այսպիսի սխալ ընտրությունը չի փոխում Աստծու բարությունը՝ մյուս մարդկանց նկատմամբ:
Սիրելիներ, հավանաբար Պողոս առաքյալը այս պատճառով է, որ կամենում է, որ մարդիկ գիտություն ունենան և փրկվեն: Նեռի գալուստն անխուսափելի է, բայց առաքյալի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ընդգրկել փրկության ծրագիր և Ավետարանի քարոզչության մեջ: Սակայն Աստվածաշնչի ողջ համատեքստի մեջ հասկանալի է, որ աշխարհի վախճանի և նեռի գալստյան ուշացումը Աստծու ամենազոր ձեռքում է, քանի որ Նա մարդու փրկության համար չի խնայել Իր Թանկագին Որդու արյունը: Իսկ երբ մարդը արհամարհի այդ արյունը և անտեսի Աստծու Որդու զոհաբերությունը իր համար, այն ժամանակ արդարացի է Աստված իր բոլոր դատաստանների մեջ: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էր Աստված պատվիրում աղոթել երկրի իշխանների համար, որպեսի նրանց անօրենության շատացումը պատճառ չդառնա հավատուրացության ժողովրդի մեջ:
Պողոս առաքյալը նամակով հանգստացնում է համայնքին, ասելով, որ Տիրոջից սիրված եղբայրներ, մենք պարտավոր ենք միշտ գոհություն հայտնել Աստծուն, ձեզ համար, որ փրկվեք հոգու սրբացումով և ճշմարտության հավատով, որին կարող եք հասնել մեր ավետարանումով և Տեր Հիսուս Քրիստոսի մեծ ողորմության շնորհիվ: Ուրեմն պետք է պինդ պահել այն ինչ սովորեցինք, թե խոսքով, թե քարոզներով, թե Ավետարանով, թե հորդորներով, Որպեսզի Հիսուս Քրիստոս և մեր Աստվածը, որ սիրեց մեզ այդչափ. և մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույսը որպես շնորհ, հաստատ պահի բոլորիս սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ: Տեսեք, սիրելիներ, առաքյալն ասում է, գոհություն հայտնեք Աստծուն, որ ձեզ ընտրեց՝ փրկության համար:
Բայց միթե կարելի է ասել, թե Աստված ինչ որ մարդկանց հատուկ չընտրեց, որ փրկվեն: Քա՛վ լիցի: Աստված բոլորին է հրավիրում, բոլորին է սպասում, բոլորի համար պատրաստեց փրկությունը, բոլորի ազատ իրավունքներն է հարգում, սակայն սիրով ընդունում է նրանց, որոնք արձագանքում են իր հրավերին և օգնություն են խնդրում իրենց տկարության, մեղքերի, անկարողության համար: Բայց քանի դեռ մարդը կարծում է, թե ինքը կարող է իր իշխանությունը պահել առանց Աստծու կամքի, թող համարի այն տապալված: Քանի դեռ մարդը կարծում է, թե ինքը կարող է ինքնուրույն կամ իր կամքով գլուխ հանել այս աշխարհի սատանայական գործարքներից, թող իրեն համարի պարտված:
Ինչո՞ւ է առաքյալը խնդրում, որ մարդիկ աղոթեն Տիրոջ խոսքը տարածողների համար: Որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գնա և փառավորվի ամեն տեղ: Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի փրկվել անօրեններից ու անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չեն, որ հավատ ունեն: եթե դուք չպահանջեք, որ ձեր համար քարոզեն Աստծու խոսքը, քարոզողը լսող ականջ չի գտնի և ինքն էլ կսռի այդ խոսը տարածելու մեջ: Այսպիսի դեպքերում է, որ սերը պակասում է, անօրենությունը ավելանում է, հակաքրիստոսի գալը մոտենում է: Մի՞թե մեր տեսանելի աշխարհում դժվար է պատկերացնել այս վիճակը, երբ ամեն օր է սերը պակասում և անօրենությունը շատանում:
Նամակի ավարտին Պողոս առաքյալը ևս մեկ կարևոր ակնարկ է անում տեղի եկեղեցու հավատացյալներին, հավանաբար այն պատճառով, որ լսել է նրանց մեջ տեղի ունեցածի մասին: Պատվիրում է նրանց, որ հեռու մնան ամեն մի եղբորից, որ ծույլ կյանքով է ապրում: Չի ապրում այն կյանքով, ինչ մենք ձեզ օրինակ եղանք և նաև սովորեցրինք, քանի որ ձեր մոտ եղած ժամանակ երբեք չծուլացանք, և ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ գիշեր ու զոր աշխատում էինք, որպեսզի ձեր վրա բեռ չլինեինք; Ո՛չ թե նրա համար, որ իշխանություն չունեինք ձեր հացն ուտելու, այլ՝ որպեսզի օրինակ լինեինք ձեզ համար, և քանի ձեր մոտ էինք, պատվիրում էինք, ասելով, թե՝ – Ո՛վ չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի: Սիրելիներ այս արտահայտությունը մեզ շատ ծանոթ արտահայտություն է, որ լսվում էր խորհրդային կամ սովետական դպրոցում, որ ասում էին,- ,,Ով աշխատի, նա կուտի,, Պարզվում է, սա Պողոս առաքյալի խոսքն է, ո՛չ թե Լենինի կամ Ստալինի:
Առաքյալը պատվիրում է հեռու մնալ ծույլ մարդուց, բայց մենք նույնիսկ չենք մտածել այդ մասին, որ ծույլ մարդուց կարելի է հեռու մնալ: Քանի որ ծույլ մարդիկ պարապ շրջում են և դատարկ բաներով են զբաղվում ու հետաքրքրվում: Այսպիսիներին առաքյալը պատվիրում է աշխատել և սեփական ջանքերով հաց վաստակել: Եկեղեցու համայնքին պատվիրում է այս ծույլ մարդկանցից հեռու մնալ, սակայն նրանց որպես թշնամի չընդունել, այլ խրատել որպես եղբայր: Իսկ եթե լինեն մարդիկ, որոնք չեն հնազանդվի այս նամակի մեջ եղած հորդորներին, մի հարաբերվեք նրանց հետ, թող ամոթով մնան:
Եթե նայենք Պողոսի ուսուցմանը, նպատակը հայտնի է: Ամեն գնով շտկել մարդուն՝ անտեսել, բայց թշնամի չհամարել, որպեսզի ուղղի իր սխալը, և համայնքից դուրս չմնա: Սաստելը, հանդիմանելը, զգուշացնելը միջոցներ ձեռք առնելը, խրատելը, նույնիսկ նրա հետ չհարաբերվելը՝ ժամանակավորապես, որպեսզի հասկանա, այս բոլոր եկեղեցում ընդունված կարգ է, և Պողոսը ինքն էլ կիրառել իր քարոզության և նամակների մեջ: Այսինքն անել ամեն ինչ, մինչև որ ենթական ուղղիր իր սխալը իրեն շրջապատող եղբայրների հորդորների շնորհիվ, բայց ոչ մի դեպքում որպես թշնամի չհամարել:
Այսօր այս դաստիարակչական միջոցները իսպառ բացակայում են մեր եկեղեցիներում, և եթե համայնքներ կան, նաև համայնքներում: Մեզանում լավ զարգացած է դատել, հեռացնել, հաղորդությունից զրկել, կամ կարգալույծ անել: Թող ողորմի մեզ Տէրը, որ այսքան կարդալուց հետո, դեռ մեզանում կան երկրորդական հարցեր, որոնք գրավում են առաջնային հարցերի տեղը և մեր հոգևոր մակարդակը մնում է նույն աստիճանի վրա: Երբեմն նույնիսկ տեսանելի սխալը չեն զգուշացնում, քանի որ մեզանում այդ մշակույթը դեռ ձևավորված չէ, սիրով դարձի բերել: Առաքյալն էլ իրեն չի համարում որպես թե մի ղեկավար, որ իշխանություն ունի նրանց վրա, սակայն ոչ մի անգամ չի անտեսում համայնքից ներս տեղի ունեցած խնդիրները բարձրաձայնել և լուծումներ առաջարկել: Մենք տեսանք նույնիսկ որ Կողոսացիներին գրված նամակում ևս հորդորներ կային համայնքին, այն դեպքում, երբ ինքը նույնիսկ կողոսացիների մոտ չէր եղել:
Այս երկու նամակները որ սերտեցինք միասին, շատ ջերմ նամակներ էին գրված Պողոս առաքյալի կողմից: Ավանդությունն ասում է, որ Պողոս առաքյալը առողջական խնդիրներ է ունեցել նաև տեսողության հետ և նրա նամակները գրել իր գրագիրը՝ իր թելադրանքով: Բայց նամակների վերջում կարդում ենք ողջույնի խոսքերը, որտեղ առաքյալն ասում է, որ այս ողջույնի գիրը իմ ձեռքինն է, որը որպես նշան կա բոլոր նամակներում:
Այս կերպով էլ կամենում է մի ջերմություն փոխանցել նամակագիրներին, որոնք կարդալու են և զգալու են նամակի հայրական ջերմությունը՝ Պողոսից, թեկուզ հեռավորության վրա:
Սիրելիներ, Տիրոջ ողորմությամբ մենք ավարտեցինք նաև Պողոս առաքյալի երկու նամակները՝ ուղղված Թեսաղոնիկեի եկեղեցուն: Շատ ուսուցողական նամակներ էին, մեր դասերը ևս շատ էին այս նամակներից, և Աստված կամենա, որ մեր լսածը հասկացող և կատարող լինենք, ինչպես որ առաքյալն էր հորդորում իր նամակները կարդացողներին: Յուրաքանչյուր քարոզչի միակ նպատակն է Աստծու խոսքը հասցնել մարդկանց սրտերին, որքան որ հնարավոր է: Հուսամ, որ այս նամակների մեկնությունը կօգնի ձեզ՝ կարդալիս հնարավորինս շուտ մտնել խորքերը և հասկանալ Պողոս առաքյալի ուզածը՝ ձեզնից, նաև այսօ՛ր: Այս նամակն էլ ավարտենք ի՛ր ողջույնի խոսքով, որ շատ նվիրական խոսք է, ասված իր ընթերցողին:
Խաղաղութեան Տէրն ինքը թող միշտ խաղաղութիւն տայ ձեզ ամէն ինչում։ Տէրը ձեզ բոլորիդ հետ լինի։ Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է, որ, որպէս նշան, կայ իմ բոլոր թղթերում. այսպէս եմ գրում ես։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամեն.