ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Երեկ մենք սերտեցին Հակոբոս առաքյալի թղթի ընդամենը մեկից ութ համարները, քանի որ ասելիքը շատ էր, և առաքյալը իր հակիրճ նախադասությունների մեջ տեղավորել է մեկական քարոզի թեմա։ Ինչ որ առաքյալը մեզ փոխանցեց փորձություններից պատվով դուրս գալու գաղտնիքների մասին, դա իր կյանքն է եղել, իր ապրելակերպը և իր ներքին համոզումն է եղել իր հավատի վերաբերյալ։ եթե ամփոփելու լինենք առաջին մասը, ուրեմն հասկացանք, որ փորձությունները անխուսափելի են մեր կյանքում, և դրանք մեզ պետք է ուրախացնեն, քանի որ միայն դրանց շնորհիվ է, որ մենք համբերություն ենք ձեռք բերում՝ մեր փրկության համար։ Փորձությունների ժամանակ չլինի թե երկմտենք, քանի որ Աստված երկմիտ մարդու աղոթքը չի լսում։ Հիմա տեսնենք, թե իններորդ գլխից սկսած ինչ հոգևոր խորհուրդներ է փոխանցելու մեզ Հակոբոս առաքյալը։ Փորձությունների մասին խոսելիս, մենք նշեցինք, թե ինչը կարող է փորձություն համարվել մեզ համար։
Օրինակ նշեցինք, որ հարստությունն ու աղքատությունը լավագույն առիթներն են գայթակղվելու համար, քանի որ եթե մեկը միամիտ հարստանա, անմիջապես հպարտությունը քայլում է նրա կողքով, և երբեմն էլ իրենից առաջ, քանի որ ինքն արդեն շատ բաների վրա իշխանություն ունի։ Նաև հակառակ պարագան կարող է դարձյալ գայթակղության առիթ լինել։ Օրինակ, եթե մի մեծահարուստ կորցնի իր ունեցվածքը, դրա հետ միասին կորցնում է իր ուրախությունը, խաղաղությունը, հանգիստը, սկսում է տրտնջալ, բողոքել նույնիսկ Աստծուց՝ իր բախտի համար։ Իր աղքատանալը դառնում է իր համար մեծ գայթակղության պատճառ։ Այս երկու երևույթների պակասը չունենք մեր միջավայրի մեջ, դրա համար մեզ թող խրատ լինի, թե ինչ է ասում առաքյալն այդ մասին։ Աղքատ եղբայրը,- ասում է հեղինակը,- թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն։ Իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստությունը պիտի անցնի ինչպես խոտածաղիկը։
Նույնպես և հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ․ այսինքն հարուստն իր ընթացքի մեջ ինչը որ կարևոր էր համարում իր կյանքի համար, և իր ողջ կյանքը անցկացրել է հարստությունը դիզելու վրա, նման է խոտածաղկի, որը չորանում է արևի ծագելուց։ Սիրելիներ, ավետարանը հստակ ցուցումներ ունի հարստության վերաբերյալ, և սխալ է այն կարծիքը, որ Աստված դեմ է հարստությանը։ Քավ լիցի։ Աբրահամի նման հարուստ ոչ ոք չէր։ Բայց Աբրահամը քայլում էր Աստծու հետ և լսում էր Աստծուն իր ականջով։ Հոբը հարուստ է չափազանց, Սողոմոնը՝ նույնպես։ Աստված չի մերժում հարստությունը, եթե այն միջոց է, ո՛չ թե նպատակ։ Աստված կրկնապատկում է հարուստի հարստությունը, եթե այն ծառայում է աղքատին ու տնանկին օգնելու համար։ Այլապես, ինչպե՞ս նա հարստացել, միթե իր խելքով, թե՞ Աստծու նախախնամ կամքով։ Որքան հարուստներ են սնանկացել, մի՞թե իրենց ցանկությամբ։ Անշուշտ ո՛չ։ Հակոբոս առաքյալը երանելի է համարում այն մարդուն, որը համբերում է փորձությանը։
Երանի չի տալիս հարուստ մարդուն, ինչպես մենք ենք դա անում երբեմն, այլ երանի է տալիս այն հարուստին, որին երբ Աստված խոնարհեցնում է, նա ընդունում է Աստծուց եկած այդ հայրական ապտակը և գոհանում է Աստծուց, որ իրեն ժամանակին հետ դարձրեց կործանումից։ Այսպիսի մարդը երբ հարատևում է փորձության մեջ, և չի երկմտում, ինչպես որ երեկ սովորեցինք, այսպիսին կստանա կյանքի պսակը, որը Տէրը խոստացավ իրեն սիրողներին։ Այսօրվա սերտողության մեջ էլ կան շատ կարևոր մտքեր, որոնք լավ կլինի մտապահել։ Օրինակ առաքյալն ասում է․ «Ո՛չ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձում ո՛չ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է հրապուրվելով իր ցանկություններից»։ Սա շատ կարևոր միտք է, որովհետև շատ ենք լսում, երբ մարդիկ ասում են,- Ինչո՞ւ է Աստված այսքան փորձություն տալիս ինձ։ Սիրելիներ, ենթադրենք գալիս է փորձությունը։ յուրաքանչյուր ոք պարտվում է այնտեղ, ինչից տկար է։ Ենթադրենք ճոխ սեղան է։ Ուտելու թուլություն ունեցողը անմիջապես գայթակղվում է և չափն անցնում ուտելու մեջ։
Երբեմն նույնիսկ չզգալով որ փորձվեց իր իսկ թուլությունից։ Կամ ենթադրենք հագուստի խանութ է, զվարճանքի վայր է, ընկերուհիների հավաք է, որտեղ պետք չէ բամբասել նրան, որը բացակա է։ Ուշադրություն դարձրեք, որ ամեն ոք պարտվում է նրանից, ինչ որ կա իր մեջ։ Մեկը իր թանկ մեքենան կուռքի տեղ պաշտում է, իսկ մյուսի համար մեքենան զուտ փոխադրամիջոց է, սա էլ թուլություն ունի կանանց նկատմամբ։
Նա, որի համար մեքենան զուտ փոխադրամիջոց է, նրան մեքենայով չեն կարող գայթակղել, քանի որ չունի այդ թուլությունը։ Մեկ ուրիշը առավոտից երեկո տարադրամի փոխարժեքն է ստուգում՝ իր բանկային քարտերի հաշվարկները ստուգելիս։ Մեկի համար սա՛ է գայթակղություն, մյուսի համար նա՛։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա ցանկություն՝ որևէ մեղքի նկատմամբ։ Օրինակ՝ իշխանության, դրամի, հակում հրաշքների նկատմամբ, հագուստի, մեքենայի, ուտելիքի և այլն։ Այս բոլոր մեղքերը տանում են մի ուղղությամբ՝ մարդու կործանում։ Եթե մեկը դրամ է տվել, որպեսզի դու զրպարտես քո հարևանին, կամ բարեկամին և դու գնացել ես այդ քայլին, ու վնասել ես քո մերձավորին։ Մի՞թե Աստված քեզ փորձեց։ Միթե դու կարող ես ասել, ես Աստծուց փորձվեցի։ Իհա՛րկե չես կարող ասել։ Քանի որ քո մեջ կա սերը դրամի նկատմամբ և դու պատրաստ ես գնալ մի ստոր քայլի հանուն դրամի։ Եթե դու գիշերային ակումբում վատնել ես քո ժամանակն ու դրամը, դա Աստծուց չէ, այլ՝ քո ներսում եղած թուլությունն է մեղքի նկատմամբ։
Այս մասին է ասում առաքյալը, ոչ ոք թող չասի Աստծուց եմ փորձվում։ Հաջորդ միտքը, որ տալիս է առաքյալը առավել կարևոր է, և հիշարժան, որով բացահայտվում է ցանկության հասցրած վնասը։ Տեսեք սիրելիներ, ինչքան հստակ է առաքյալի խոսքը մարդու կենցաղի ու ապրելակերպի կանոնների վերաբերյալ։ Խոսեցինք մարդ մեջ եղած ցանկությունների և մեղքից կախումների մասին։ Հիմա ասում է․ «Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով մահ է ծնում»։ Այսինքն մահը այն չէ, որ պատահում է մեր կյանքի ավարտին, որից որ մենք վախենում ենք, մտահոգվում ենք, չենք ուզում։ Այլ՝ պարզվում է, որ մահը գալիս է ավելի վաղ՝ ցանկությունների միջոցով, որոնք մեղք են ծնում,իսկ մեղքը՝ մահ։ Պողոս առաքյալի մի այսպիսի գեղեցիկ միտք ունի, երբ ասում է, – Երբ ես մեղանչեցի, մեղքը կենդանացավ իմ մեջ իսկ ես մեռա։ Պողոս առաքյալը գիտեր այս մասին, իսկ, որ ամեն օր մեղքի մեջ ենք, մենք չգիտենք։ Եթե ամբողջացնենք մեր միտքը, մեր աչքի առջև կգա երեք բան՝ ցանկություն, մեղք, մահ։ Իսկ մենք անվերջ մտահոգվում ենք այն մահից որը հետո է գալու։ Եթե մենք ճիշտ հասկացանք Հակոբոս առաքյալի ընտիր խրատը, ապա մենք մահվան փորձառությունը ունենում ենք, մինչև մեր բնական մահը։
Սիրելիներ, միայն թե մենք ճիշտ հասկանանք «ցանկություն» ասելով։ Ցանկությունը այն կիրքն է, որի պատասխանը « չի կարելին է»։ Որովհետև մենք ունենք նաև դրական ցանկությունները, որոնց հետևանքը մեղք չէ, այլ՝ բարիք։ Վերջերս մի գեղեցիկ ուսուցողական պատմություն եմ կարդացել, որը շատ հարմար է մեր այսօրվա դասին, և կպատմեմ ձեզ, որպեսզի ավելի տպավորիչ լինի մեր սովորածը։ Երեխան տատիկի հետ շուկա է գնում։ Մինչ տատը այս ու այն կողմ է շրջում իր առևտուրը կատարելու համար, շուկայում երեխայի ուշադրությունը գրավում է մի գեղեցիկ դանակ և նրա սրտում ցանկություն է առաջանում ունենալ այդ դանակը։ Վստահ է, որ տատիկը չէր գնի իր համար այդ դանակը։ Երեխան համարձակություն է դրսևորում և վերցնում է դանակը, թաքցնում է գրպանում և տատիկի հետ վերադառնում են տուն։ Վերադարձից հետո, տղայի մոտ ներքին տագնապ է առաջանում և իրեն թվում է թե բոլորը գիտեն այդ գողության մասին։ Դանակը թաքցնում է հողի մեջ, դարձյալ չի հանգստանում և տագնապն ավելի է սաստկանում։ Տղան վազում է շուկա և վերադարձնում է դանակը՝ տիրոջը և ասում․ «Վերցրեք ձեր դանակը, քանի որ ես չեմ կարողանում հանգիստ ապրել»։ Սա՛ է ցանկության ծնած մեղքի մահը, որը տառապանք է պատճառում մարդուն, իսկ մարդը հիմնականում լռեցնում է իր մեջ այս տագնապը, և շարունակում է ապրել հոգևոր մահվան հետ։ Եթե մի պահ մենք էլ անդրադառնանք մեր կյանքին, կհամոզվենք, որ ունեցել ենք մեղքի պահեր, որ կարծես թե կենդանի դիակ լինենք՝ երբեմն վախի պատճառով, որ կարող է բացահայտվել մեղքը, երբեմն ամոթի պատճառով, որ կարող են մարդիկ իմանալ։ Նմանվում ենք Կայենին, որը մեղքից հետո խուսափեց շիտակ պատասխանել Աստծուն։
Հետևաբար պետք է ուշադիր լինենք մեր ցանկությունների նկատմամբ, երբ որևէ բան ենք ցանկանում։ Վանականներից մեկին հարց են տալիս իր ժուժկալության գաղտնիքի մասին, որը միշտ զերծ է փորձություններից․ հետաքրքիր պատասխան է տալիս, ասելով․ Երբ ցանկություն է առաջանում ուտելու, ես քաղցում եմ, երբ ցանկություն է առաջնում պառկելու, ես կանգնում եմ, երբ ցանկություն է առաջնում մեկին մեղադրելու, ես լռում եմ։
Այս վանականը ծանոթ է իր ներքին ցանկություններին և սաստում է նրանց անհրաժեշտության պահին, որպեսզի չհանդիպի մահվան։ Հոգևոր նկարագիր ունեցող մարդիկ գիտեն ցանկության ծնած մեղքի և մեղքի ծնած մահվան մասին, ինչպես օրինակ Հակոբոս առաքյալը, որը այսպիսի ճշգրտությամբ ներկայացնում է մեզ՝ մեղքի ու փորձության տարատեսակները։
Ուղղափառ սրբերից մեկի մոտ խոստովանության է գալիս մի ծեր աթեիստ, և պատմում է իր աթեիստ դառնալու պատճառի մասի, այնուհետև խնդրում է, որ հոգևորականը այդ մասին պատմի բոլորին, թերևս մեկին օգնի՝ այդպիսի վիճակում հայտնված ժամանակ։ Որովհետև յուրաքանչյուր փորձություն հնարավորություն է Աստծուն ծառայելու և հոգևոր աճ ունենալու հանար։ Աթեիստը պատմում է վանական սրբին, որ փոքր տարիքում մայրը իրեն պարբերաբար դրամ էր տալիս՝ եկեղեցում մոմ գնելու համար, կամ մուրացկանին օգնելու համար։ Իսկ ինքը տնտեսում էր այդ գումարները՝ հեծանիվ գնելու ցանկությունը բավարարելու համար։ Մի օր էլ եկեղեցու դռան առջև մի կույր մուրացկանի տուփի մեջ դրամ գցելու փոխարեն վերցնում է նրա դրամները, մտածելով, որ կույր է և չի տեսնի։ Ցանկությունը մեծ էր հեծանիվ գնելու։ Աթեիստը խոստովանում է, որ ավելի լավ էր ինքը մահանար, քան ապրեր այդ տանջալի կյանքով, որովհետև ամաչում է արարքը խոստովանել, իսկ խիղճը հանգիստ չի տալիս։
Թե ինչքան տառապեց այդ մղձավանջի մեջ, չգիտենք, մինչև մի օր ավագ եղբայրը նրան ասում է, որ Աստված չկա, մի տառապիր, ապրիր հանգիստ ու խաղաղ, արա ինչ ուզում ես։ Քո պատկերացրած խիղճը հորինված մի բան է, ազատվի այդ մղձավանջից։ Եթե Աստված չկա, հետևաբար մեղք էլ չկա, ուրեմն խաղաղվիր։ Խոստովանում է Աթեիստը, որ իրեն շատ է գոհացրել եղբոր այդ բացահայտումը, և ինքը ազատվել է այդ տառապանքից։ Խոստովանելու կարիք այլևս չկա, զղջալու կարիք՝ առավել ևս։ Ապրելով մինչ խորը ծերություն, հասկանում է, որ իր աթեիստ դառնալու պատճառը ոչ թե եղբայրն էր, այլ՝ մեղքը, որից այդքան ուզում էր ազատվել։ Մեղքի գիտակցություն, զղջման պատրաստակամություն, հատուցման կամք։ Ահա այս երեքն են, որ մեզ հետ են պահում քրիստոնեական կյանքը բավարար ապրելու համար։
Միայն ծեր տարիքում հասկացավ աթեիստ, որ Աստված կա, մեղքն էլ և պետք է զղջալ այդ մեղքի համար, որը գործել է վաղ տարիքում, և այդ մեղքի պատճառով անտեսել է Աստծուն։ Խոստովանում է, որ ողջ կյանքը ապրել է մեռած։ Սիրելիներ, հիշենք, որ մահը այն չէ, որ հետո է գալու։ Մահը հանդիպել է մեզ մեր գործած և չզղջացած յուրաքանչյուր մեղքի ժամանակ։ Այս երևույթը առկա է ոչ միայն գողության, այլ նաև շնության, դավաճանության, զրպարտության, կեղծիքի և բոլոր մեղքերի, որոնք չենք զղջացել ու չենք խոստովանել։ Բոլորս էլ ականատես եղել ենք, երբ արդար մեկին ամբաստանում են, և մենք չենք կարողանում պաշտպանել նրան, ասելով ճշմարտությունը։ Հետո մեր խիղճը մեզ հանգիստ չի տալիս։ բայց անցնում է ժամանակ և մենք մոռացության ենք տալիս և թվում է թե անցավ։ Բայց չանցավ, այլ՝ ծնեց մահ։ Հակոբոս առաքյալի այն միտքը, որ ցանկությունը մեղք է ծնում, իսկ մեղքը մահ՝ եթե հակիրճ ձևակերպենք, ապա կարելի է ասել, որ մինչև մեր բնական մահվանը հասնելը կա ևս մեկ մահ, որին մեղքն է ծնել։ Իսկ մեղքին ցանկությունն է ծնել։ Այս մահը ավելի վտանգավոր է քան կյանքից հեռանալու մահը։ Այսինքն ապրել մեռած վիճակում։ նույնիսկ կարելի է ենթադրել, թե մենք ինչո՞ւ ենք վախենում մահից։ Որովհետև վախենում ենք մեր մեղքի ծնած մահից, որը մինչև մեր մահն է եղել։ Մենք վախենում ենք մեր անապաշխար կյանքից, մեր թաքցրած մեղքերից, մեր անտեսած մեղքերից։ Առաքյալը երեկ մեզ զգուշացրել էր, որ երկմիտ մարդը նման է ծովի հողմակոծ ալիքներին։ Ուրեմն մեր ներսում երբեք թող չլինի բաժանում։ Եթե մեղանչել ենք, կա խոստովանություն։
Այստեղ ամաչելը տանում է մարդուն կործանման։ Սփյուռքում եղող տասներկու ցեղերին առաքյալը խրատում է, ասելով․ Սիրելի եղբայրներ, մի խաբվեք, քանի որ ամեն բարի շնորհ, և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում։ Վերևում մենք կարդացինք, որ առաքյալը երանի է տալիս փորձությանը համբերողին, քանի որ նա կստանա կյանքի պսակը, որը Տերն է խոստացել։ Առաքյալի նպատակն է, որ համայն մարդկությունը, որ կարդում է իր թուղթը, չզրկվի խոստացած պսակից՝ իր անհամբերության համար, որն այդքան կարևոր է փորձության ժամանակ։ Ավետարանների սերտողության ժամանակ ձեզ մի պատմություն եմ պատմել, հավանաբար շատերդ կհիշեք։
Այս պատմությունը իրական դեպք է, որը կատարվել է առաջին դարի եկեղեցու հայրերից մեկի կյանքում, որը կուսակրոն վարդապետ է, և պարտավոր է մկրտություն կատարել։ Իսկ առաջին դարում մկրտությունը կատարվում էր ջրի մեջ՝ ամբողջական ընկղմումով։ Այս հոգևորականի համար հատկապես դժվար էր մկրտել հակառակ սեռի մարդկանց, քանի որ մեծ գայթակղություն էր նրա համար աջիկների մկրտությունը։ Աղոթքի է կանգնում այս վարդապետը և ջերմեռանդ խնդրում է, որ իրենից վերցվի այդ տկարությունը, այդ թուլությունը, որը իրեն խանգարում է խորհուրդների մեջ՝ մեծագույնը՝ Մկրտությունը կատարել։ Նրան հայտնվում է Հովհաննես Մկրտիչը, որը զերծ էր ամեն տեսակ գայթակղությունից, և ասում է վարդապետին, որ համբերի փորձության ժամանակ և հաստատ լինի դրա մեջ։ Հակոբոս առաքյալն էլ է ասում փորձության մեջ համբերեք, որ կյանքի պսակը ստանաք։
Համբերում է մեր վարդապետը մի որոշ ժամանակ, և մի օր մկրտության են բերում մի գեղեցիկ պարսկուհու։ Վարդապետը խուսափում է այդ մկրտությունից և հեռանում է աղոթքի։ Դարձյալ հայտնվում է Հովհաննես Մկրտիչը և ասում է․ «Բարի ես քեզնից կվերցնեմ այդ գայթակղության տկարությունը, բայց դու կզրկվես խոստացա պսակից, որը իրավունք ունեն ստանալու միայն նրանք, որոնք համբերում են փորձության մեջ»։ Վերցնում է վարդապետից այդ տկարությունը, և նա այլևս չի ունենում այդ մարմնական ցանկությունը, որի պատճառով զրկվեց կյանքի Պսակից։ Վարդապետը չկարողացավ հաղթահարել ու համբերել փորձության մեջ, սակայն սա նրա համար մահ չէր, որովհետև ինքը գիտեր դրա փորձություն լինելը և աղոթքով ազատվեց դրանից։ Սիրելիներ, եթե փորձության մեջ համբերող լինենք, և երկմիտ չլինենք, կփաստենք մեր սերը Աստծու և իր խոսքի նկատմամբ։Մարմնի ցանկության վերաբերյալ ևս մեկ հիշեցում տամ ձեզ և անցնենք հաջորդ խորհրդին։
Ամեն կիրակի Պատարագից հետո, նա՛և ամեն չորեքշաբթի մեր ուղիղ եթերում, մենք մասնակցում ենք զղջման ընդհանրական աղոթքին, որի մի պարբերությունը վերաբերում է մարմնի ցանկությունների դեմ մեղանչելուն։ Մենք
խոստովանում ենք, որ, «Մեղանչել ենք մարմնի ցանկությամբ, ականջների ցանկությամբ, աչքերի անմաքրությամբ, սրտի ցանկությամբ, բերանի անպարկեշտությամբ, և այլն։ Մեղանչել ենք Աստծու դեմ»։ Չեմ ուզում բոլորը կրկնել, ինքներդ գիտեք այդքան կարդալուց։ Մարմնի օրգանների ցանկությունների մեղքը ապրում է մեզ հետ արթնանալու հետո, մինչև քնելը։ եթե մենք Ավետարանի պատգամները ամեն օր չկարդանք, կմնանք մեր մեղքերի մեջ, որոնք գործում ենք կամա և ակամա։ Այսինքն կապրենք ո՛չ թե կյանքի, այլ՝ մահվան հետ։ Մենք երբեմն- երբեմն դառնում ենք անտրամադիր, մտախոհ, հուսահատ, և կարծես մասնավոր պատճառ չկա տխրելու համար։ Բայց մենք այն աթեիստի պես չենք հիշում մեր անցած մեղքերը։ Իսկ այդ մտախոհ վիճակը նրա համար է, որ մենք մի հայացք գցենք մեր մեղքերի դաշտի վրա, և գտնենք մի մոռացված մեղք և զղջանք։ Սիրելիներ ես միտումնավոր այսքան մանրացնում եմ մեր սերտողությունը, որովհետև սա մեր բոլորի ցավոտ վերքն է, մեկի մոտ սպիացած, մեկի մոտ նոր սկսվող, մյուսի մոտ գուցե անբուժելի։ Մենք Հակոբոս առաքյալից շատ կարևոր դասեր սովորեցինք մեր կյանքի շիտակ ընթացքը ապահովելու համար։ Աստված մեզ ստեղծել է Իր կամքով, Իր ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք պտղատու ծառ, որից կարող են օգտվել բոլորը։
Ուրեմն մեր այսօրվա կարևոր դասն այն էր, որ մեկընդմիշտ հիշենք, որ փորձության մեջ պետք է համբերատար լինենք, քանի որ մենք փորձվում ենք մեր ցանկությունների պատճառով և մնում ենք մեղքի մեջ՝ մեր անգիտության պատճառով։ Նաև չմոռանա՛նք, որ ցանկությունը մեղք է ծնում, իսկ մեղքը՝ մահ։ Հետևաբար երբ մեղքի ցանկություն է առաջանում մեր մտքում, անմիջապես արմատախիլ անենք մեղքի սերմը, որպեսզի չմտնի սրտի մեջ։ Մեղքի հաճույքը մինչև կատարելն է, կատարելուց հետո գալիս է դառնությունը և տհաճության զգացողությունը։ Իսկ եթե արդեն գործվել է մեղքը, թող դրան անմիջապես հաջորդի արտասվալից զղջումը, քանի որ Աստծու դեմ մեղանչեցինք մեր զգայարանների միջոցով։ Բայց այստեղ է մի վտանգավոր նրբություն կա զղջալու և փոշմանելու միջև։
Սրանք բոլորովին այլ բաներ են, քանի որ գործած մեղքի համար փոշմանելու դեպքում, դարձյալ կրկնելու հավանականությունը մեծ է։ պետք է զղջալ սրտի կսկիծով, որովհետև մինչ մեղքը գործելը մենք ազատ ենք, ոչ ոք չի ստիպում մեզ Աստծուն վիրավորել, մենք դա անում ենք ինքնակամ, որովհետև այդ պահին մեղքի քաղցրությունը մոռացնել է տալիս Քրիստոսի ինքնակամ խաչելությունը այդ մեղքի համար։ Սիրելիներ, մեղքի թեման անվերջանալի է, պատճառաբանությունները շատ են, պատճառները քիչ են։ մենք մեղանչում ենք առանց պարտադրանքի։ Ավարտենք նաև այսօրվա 9 ից 18 համարների սերտողությունը և մտապահենք բոլոր կարևոր կետերը, որոնց մասին խոսեցինք։ Իսկ հիմա ապաշխարության սաղմոսով աղոթենք միասին։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։ Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ։ Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։ Ցողի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ։ Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան։ Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։