ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․Աստծու նախախնամ կամքով մենք այսօր կսերտենք Առաքելական թղթերից առաջինը՝ Սուրբ Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը։ Որպեսզի մեզ ամեն ինչ պարզ լինի հենց սկզբից, ապա նախ ճշտենք, թե ո՞վ է Հակոբոս առաքյալը։ Ավետարանից մեզ հայտնի են երեք Հակոբոսներ։ Առաջին Հակոբոսը Հովհաննեսի եղբայրն էր և Զեբեդէոսի որդին։ Երկրորդ Հակոբոսը Ալփեոսի որդին էր։ Իսկ երրորդ Հակոբոսը մեր սերտողության հեղինակն է և մեր Տիրոջ եղբայրը, այսինքն Հովսեփի աստվածահոր ավագ որդին։ Սա կոչվում է նաև Հակոբ Արդար, ըստ իր վարած կյանքի։ Քանի որ վաղ քրիստոնեական ավանդությունը պատմում է Հակոբոսի մասին, որ նա դեռ մանկուց սիրել է արդարությունը, եղել է աղոթասեր և առհասարակ չի օգտագործել խմիչք։ Այսինքն սա այն Հակոբոսն է, որն ապրել է մեր Տէր Հիսուս Քրիստոսի հետ միասին նույն տանը։ Ուրիշ ով կարող է ավելի մեծ վկայություն և ճշմարտություն պատմել մեզ, քան այս արդար մարդը, որին վիճակված է եղել ապրել Աստծու ներկայության մեջ։
Սկզբնական շրջանում Հակոբոսը նույնպես վերապահումով է մոտեցել Քրիստոսի աստվածությանը, ազդված լինելով հրեական տարակարծություններից, սակայն Քրիստոսի հարությունից հետո, Հակոբոսը շատերի հետ միասին հավատացին և ոչ միայն հավատացին, այլ՝ ապրեցին Քրիստոսի վարդապետության լույսի ներքո։ Իսկ Քրիստոսի համբարձումից հետո Հակոբոսին ընտրեցին Երուսաղեմի առաջին Պատրիարք, և կարելի է ասել, որ նա առաջինն էր քրիստոնեական եկեղեցու հիմնադիրներից։ Իր վարքի մեջ պատմվում է նաև, որ ամեն օր Հակոբոս Պատրիարքը Սողոմոնի տաճար էր մտնում և ծնկաչոք աղոթում էր ժողովրդի մեղքերի համար, ինչի հետևանքով նրա ծնկները դարձել է ուղտի ծնկների նման կոշտ։ Կա ևս մեկ իրական պատմություն՝ կապված Հակոբոս առաքյալի Պատրիարքության տարիների հետ, երբ նրա համբավը գնալով աճում է Երուսաղեմում, և մեծ հեղինակություն է ձեռք բերում իր սրբակենցաղության շնորհիվ, իսկ մենք արդեն գիտենք, որ փարիսեցիները այլ համբավ չեն ընդունում, բացի իրենցից, կանչում են Հակոբոսին և պարտադրում են, որ բարձրանա տաճարի ամենաբարձր մասում կանգնի և հայտարարի, որ Քրիստոս կեղծ վարդապետ է եղել, և մոլորեցրել է ժողովրդին՝ իր վարդապետությամբ։
Չի մերժում Պատրիարքը՝ տաճարի գմբեթը բարձրանալ։ Պատրիարքի հետ բարձրանում են նաև մի քանի սպասավորներ, որոնք հնազանդվում էին քահանայապետներին։ Վերևում հարց են տալիս Հակոբոս առաքյալին և ակնկալում են լսել իրենց կամեցած պատասխանը, որին սպասում էր նաև ներքևում կուտակված ժողովուրդը։ Երբ հանդիսավոր կերպով տալիս են հարցը, թե ո՞վ էր այդ նազարեթցի Հիսուսը։ Հակոբոսը ձեռքը վեր բարձրացնելով, գրավում է ողջ ժողովրդի ուշադրությունը և հայտարարում․ Նազովրեցին Հիսուս Քրիստոսն է, Աստծու Որդին, որին դուք խաչեցիք։ Նա այժմ նստած է Աստծու աջ կողմում։ Այս խոսքերը լսեցին քահանայապետները, փարիսեցիները, օրենսգետները և ողջ ժողովուրդը։ Իսկ քահանայապետը աղաղակեց և ասաց․ « Մի՞թե արդար Հակոբոսն էլ մոլորության մեջ է»։
Տաճարի բարձունքից նրան ցած գցեցին հրելով։ Ավանդությունն ասում է, որ միանգամից չի մահացել Պատրիարքը, այլ կարողացել է ծնկաչոք աղոթել նույնիսկ այդ վիճակում։ Գուցե չմահանար, եթե նրանցից մեկը գավազանով չհարվածեր Հակոբոսին այդ պահին։ Այսպես է ավարտվում Հակոբոս առաքյալի ճգնակենցաղ կյանքը՝ կրոնական առաջնորդների ձեռքով։ Հակոբոս առաքյալը իր թուղթը գրել է 45 ից 50 թվականներին։ Թղթի հենց առաջին տողով ներկայացնում է իր ով լինելը, նաև թե ում է ուղղված այս թուղթը։ Սիրելիներ, վստահ եմ, որ դուք նկատեցիք Պողոս առաքյալի նամակների սերտողության ժամանակ, նրա խոնարհությունը՝ իրեն ներկայացնելիս։ Նույնը անում է այս թղթի հեղինակը և առհասարակ բոլոր առաքյալները։ Լինելով եղբայրը Տէր Հիսուս Քրիստոսի, իրեն ներկայացնում է որպես ծառա Աստծու և Տէր Հիսուս Քրիստոսի։ Գերադասում են ծառա լինել Հիսուս Քրիստոսին, քան ապրել վայելքի մեջ, ինչպես որ Մովսեսը գերադասեց ծառա լինել Աստծուն, քան վայելեր փարավոնի դստեր հարստությունն ու վայելքը։ Կամավոր են ընտրում ծառա լինել Հիսուսին, որովհետև Տէր Հիսուսն ասում է, ուր որ ես եմ, այնտեղ իմ պաշտոնյան կլինի։ Հակոբոս առաքյալի թուղթը պարունակում է մի քանի գործնական ցուցումներ՝ ուղղված աշխարհով մել սփռված համայն իսրայելացի ժողովրդին։ Առաքյալը կենդանի և առույգ լեզվով, տպավորիչ պատկերներով գրում է այս թուղթը քրիստոնյաներին՝ դատապարտելով նրանց վերաբերմունքը ինչպես իրենց փոխադարձ հարաբերություններում, այնպես էլ ո՛չ քրիստոնյաների նկատմամբ։ Հակոբոսն այս թղթում անդրադառնում է միմյանց հետ չառնչվող՝ տարբեր թեմաների։ Նախ խոսում է իմաստության մասին, որը գալիս է Աստծուց և այն պետք լի հավատով խնդրել և ստանալ։ Այնուհետև հրահանգներ է տալիս աղքատության և հարստության, փորձությունների և փորձանքների, ճշմարիտ կրոնի վերաբերյալ, որոնք պետք է արտահայտվեն գործերով։ Դատապարտում է ամեն տեսակ խտրականություն՝ համայնքի մեջ, և ուշադրության է արժանացնում մի նյութ, որը կարելի է համարել նրա թղթի հիմնական թեման։ Ո՞րն է այդ թեման։ Կապը՝ հավատի և գործերի միջև։
Սա ամենացավոտ թեման է քրիստոնյա աշխարհում, որը գրեթե իսպառ բացակայում է քրիստոնյաների մոտ։ Շատ գեղեցիկ օրինակներով մի հատվածում ներկայացնում է լեզվի միջոցով գործած չարիքները։ Կշտամբում է այն մարդկանց, որոնք պատճառ են դառնում կռիվների և վեճերի, նաև բարեկամ են աշխարհիկ հաճույքներին անձնատուր եղած մարդկանց; Այսպիսի մարդիկ նաև իրենց իրավունք են վերապահում դատելու իրենց եղբայրներին։ Այլ խոսքով առաքյալի պահանջը հստակ է․ բավական չէ տեսականորեն հավատալ Ավետարանին, հարկավոր է, որ հավատն արտահայտվի առանձին մի վերաբերմունքով, որովհետև հավատն առանց գործերի մեռած է։ Սիրելիներ, Պողոս առաքյալից մենք սովորեցինք, որ ամեն բան կարելի է մեզ, բայց, ո՛չ ամեն բան՝ օգտակար։ Հիմա Հակոբոս առաքյալից սովորեցինք, որ հավատն առանց գործերի մեռած է։
Եթե մենք հաճախ չբացենք ու չկարդանք ավետարանը, այսպիսի մտքեր, էլ որտե՞ղ կարող ենք լսել, կամ ով կսովորեցնի մեզ այսպիսի խոսքեր, որոնք կյանքեր են փրկում կորստյան մատնվելուց։ Առաքյալի նպատակն էլ դա էր, որ իր համաքաղաքացիներին, որոնք ցրված են աշխարհով մեկ, լուր տար Աստծու խոսքից, որը ջրի պես անհրաժեշտ է մարդուն՝ իր կյանքի բոլոր օրերում։ Ողջույնի խոսք է հղում իր եղբայրներին՝ որոնք գտնվում են սփյուռքում։ Հակոբոս առաքյալը իր թղթի հենց առաջի տողում հորդորով դիմում է իր եղբայրներին, որպեսզի ամենայն ուրախության արժանի համարեն, երբ տեսակ, տեսակ փորձությունների մեջ ընկնեն։ Ընթերցողը անմիջապես հակասություն է տեսնում այս խոսքի և Տերունական աղոթքի վերջին տողի մեջ, երբ խնդրում ենք Աստծուն, որ մեզ չտանի փորձության, այլ՝ փրկի մեզ չարից։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք տեսակ տեսակ փորձությունները ուրախությամբ ընդունել։ Սակայն երբ կարդում ենք հաջորդ միտքը, հասկանալի է դառնում, որ փորձությունների միջոցով Աստված համբերություն է տալիս մարդուն։
Իսկ համբերությունը մարդուն մոտեցնում անթերի վիճակին, կատարյալ լինելուն։ Աստված կամենում է, որ մարդը ոչ մի բանով պակաս չլինի, ըստ Իր խոսքի, որ ասում է․ «Կատարյալ եղե՛ք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»։ Աստվածաշնչի մեկնաբանները Ծննդոց գիրքն ուսումնասիրելիս, ուշադրություն են դարձրել մի հետաքրքիր երևույթի վրա, և բացահայտել են, որ Աստված ամեն բան ստեղծելիս, ասում է․- Լավ է։ Միայն մարդուն ստեղծելիս, չի ասում, որ լավ է։ Նշանակում է մարդը կատարյալ չէ, այլ պետք է ձգտի կատարելության։ Սա չի նշանակում, որ մարդը անկատար է, այլ մարդը միշտ տեղ ունի առաջ գնալու իր հոգևոր կյանքի մեջ, մինչև հասնի իր ստեղծողին ու Փրկչին։ Մի օրինակ տամ ձեզ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ցորենը անկատար չէ իր տեսակի մեջ, սակայն այն դառնում է կատարյալ, երբ վերածվում է հացի։ Նույնն է մարդու պարագան, մարդն էլ պետք է դառնա կատարյալ և ոչ մի բանի պակաս չունենա։ Աստված աշխարհը ցորենի տեսքով հանձնել է մարդուն, որպեսզի մարդը ցորենից ալյուր պատրաստի և այլուրից էլ հաց։ Սակայն ընտրությունը թողել է մարդուն։ Ով ինչի պակասության կարիք ունի, թող դիմի Աստծուն և ստանա Նրանից։ Եթե մեկը իմաստության պակաս ունի, թող խնդրի Աստծուց և ստանա։ Աստված բոլորին առատապես է տալիս, և երբեք չի հանդիմանում, երբ Իրենից խնդրում են՝ կատարելության հասնելու համար։ Այստեղ մի պահ կանգ առնենք, հիմնավոր հասկանալու համար։ Դժվար է գտնել մի մարդ, որը հանձն առնի, որ ինքը տկարամիտ է, և իրեն իմաստություն է պետք։ Մենք շատ ենք խնդրում Աստծուց առողջություն, հաջողություն, պաշտպանություն, օրհնություն, օգնություն և այլն, բայց իմաստություն չենք խնդրում, որովհետև համոզված ենք, որ իմաստություն ունենք։
Եթե անկեղծ լինենք, երբեք չենք բարձրաձայնում, որ մենք իմաստություն չունենք։ Գուցե ամեն ինչի հետ հաշտվենք, օրինակ որ ծերացել ենք, դրամ չունենք, պաշտոն չունենք, լավ չենք երգում, և այլն, բայց դժվար հանդուրժել, եթե մեկը մեզ հիմար անվանի։
Մարդը դժվար է խոստովանում, որ ինքը իմաստություն չունի։ Իսկ իմաստություն չունեցող մարդը կարող է ամեն սխալ թույլ տալ իր խոսքի մեջ, գործի մեջ, պատասխանատվության մեջ և ամենուր։ Բայց առաքյալն ասում է․ «Միայն թե նա հավատով թող չերկմտի, որովհետև, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի աստծուց որևէ բան ստանալ։ Քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ Տեսեք, թե ի՛նչ գեղեցիկ միտք է արտահայտում առաքյալը, ասելով․ «Երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ Մի՞թե այսպես չէ։ Բոլորս կարող ենք փաստել որ առաքյալը բացարձակ ճշմարտություն է սովորեցնում մեզ։ Ավետարանում մի գեղեցիկ օրինակ կա, այդ ճշմարտությունը լավ հասկանալու համար։
Հիշո՞ւմ եք, հիվանդ երեխայի հայրը դիմեց Տեր Հիսուսին՝ որդուն բժշկելու համար։ Երբ Տեր Հիսուս հարց տվեց, թե հավատո՞ւմ որ ինքը կարող է բժշկել։ Հայրն ասաց․ «Հավատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։ Բոլորս ունենք այսպիսի պահեր, երբ մեզ թվում է, թե հաստատ ենք մեր որոշումների մեջ, բայց մի բան կա, որ դեպի ներքև է ձգում, և խանգարում է դեպի վեր սլանալ մտքով։ Դա կարող է լինել վախ, կասկած, երկմտություն, տարակուսանք։ Այս բոլորը հաղթահարվում է աղոթքով և վերականգնվում է հավատը՝ Տիրոջ զորությամբ, ինչպես որ բուժվեց նաև երեխայի հայրը՝ իր անհավատության մեջ, քանի որ անկեղծ ասաց, որ հավատում է, բայց ունի նաև անհավատություն։ Մարդկային բնությունն այդպիսին է, որ երբեմն չի ուզում, չի ձգտում, բայց տեղյակ է Աստծու կամքից։
Դա աղոթքով է հաղթահարվում միայն։ Եվս մեկ օրինակ հիշենք Ավետարանից, երբ Տեր Հիսուս Գեթսեմանի պարտեզում աղոթքի կանգնեց և մինչև արյուն քրտինքի աստիճանի, և խնդրում էր, որ իրենից հեռացվի այդ բաժակը, որը ինքը չէր ուզում, բայց չշրջանցեց երկնավոր Հոր կամքը, այլ՝ աղոթքի մեջ ասաց, թող քո կամքը լինի։ Երեք անգամ աղոթեց նույն բանի համար։ Մենք այդպես չենք անում երբեք, քանի որ իմաստություն չունենք, և ճիշտ խնդրելու ձևը չգիտենք։ Առաքյալն ուզում է, որ իր խոսքը լսող հրեաները, ինչպես նաև մենք, որ կարդում ենք իր թուղթը, լինենք կատարյալ, և ոչ մի բանով պակաս չլինենք։ Քանի որ Տեր Հիսուսն էլ է ասում, որ իրեն նմանվենք կատարելությամբ։
Ո՞րն է Աստծու կատարելությունը, որ կամենում է Իրեն նմանվենք։ Սերն ու ողորմությունն է Աստծու կատարելությունը, որով մարդուն ազատեց մեղքի պատժից։ Կատարյալ է այն քրիստոնյան, որը սիրում է իր Տեր Աստծուն, և նույն կերպ սիրում է իր մերձավորին։
Սիրելիներ, մեր հավատը կարող է փորձության ենթարկվել Աստծուց, բայց ո՛չ չարի, այլ մեր համբերության և մեր ամրության հաստատման համար։ Այստեղ է, որ մենք պետք է իմաստություն խնդրենք Աստծուց՝ ո՛չ թե փորձությունից հրաժարվելու, այլ՝ դրանից պատվով դուրս գալու համար։ Իսկ չարը չի՛ կարող մեզ փորձել, եթե մենք չընտրենք սխալ հրավերը։ Մենք փորձվում ենք միայն մեր ցանկություններից, որովհետև արդարությո՛ւնն էլ, մե՛ղքն էլ մե՛ր ընտրությամբ է միայն։ Տեր Հիսուս անապատում մերժեց երեք փորձությունները և պարտության մատնեց սատանային։ Սիրելիներ մի պահ նորից անդրադառնանք Հակոբոս առաքյալին, որն ասում է ուրախ եղեք փորձությունների մեջ։ Չմոռանանք, որ մեզ հետ խոսողը մեր Տիրոջ եղբայրն է, ապրել է Քրիստոսի հետ նույն հարկի տակ, և նաև իր վարքից կարդացինք, որ արդար է եղել դեռ մանկուց։
Հակոբոսը 12 առաքյալների մեջ չի եղել, սակայն նրա ականջը մշտապես լսել է Տիրոջ խոսքը, և քանի որ նաև արդար էր, իր խոսքը ուղղում է այնպիսի վստահությամբ, որը կարող է խոսել այն մարդը, որը ապրում է այդ խոսքով։ Իր թուղթը ուղղել է քրիստոնյա հրեաներին, սակայն ինքը հարգված անձ է եղել նաև ո՛չ քրիստոնյա հրեաների միջավայրում։ մենք գիտենք, որ առաջին դարի հրեաների մեջ կային Աստծուն հավատացող և Քրիստոսին մերժող հրեաներ։ Կային նաև Աստծուն հավատացող և Քրիստոսին դավանող հրեաներ։ Հակոբոս առաքյալը հարգանք ու հեղինակություն ուներ երկու տեսակ հրեաների մոտ էլ; Եթե հիշում եք «Գործ Առաքելոց» գրքի մեջ Պողոս առաքյալը Հակոբոսին Երուսաղեմի հավատքի սյուն է անվանում։ Այս հավատքի սյունը իր արդարությամբ և խոնարհությամբ հրաշալի դասեր է տալիս իր փոքրիկ, բայց խորհուրդներով մեծ թղթի միջոցով։
Պողոս առաքյալն իր անմնացորդ սերն ու նահատակության աստիճանի նվիրումն էր մեզ որպես օրինակ բերում, իսկ Հակոբոս առաքյալը մեզ հետ խոսում է փաստերի լեզվով, ապացուցելով մարդու թուլությունը՝ մեղքի, գայթակղության, և փորձանքի ժամանակ։ Երբ մեր միջավայրում, կամ մեր մերձավորներից մեկը փորձության ու փորձանքի մեջ լինի, մի՞թե մենք նրան կասենք ուրախացի՛ր, քանի որ համբերություն ձեռք կբերես այդ փորձությունից հետո։ Անշուշտ չենք ասի։ Իսկ Հակոբոս առաքյալը մեզ ասում է ուրախացեք այդ ժամանակ։ Գիտե՞ք, թե ինչու մենք չենք ասի մեր մերձավորին, որովհետև ինքներս փորձության մեջ եղած ժամանակ չենք համբերում, և կորցնում ենք մեր հավասարակշռությունը՝ մեղանչելու աստիճան։ Իսկ Հակոբոս առաքյալը վստահությամբ է ասում այս խոսքերը, քանի որ երկմիտ չէ, համբերություն ունի, և գիտե, որ դա փորձություն է, հետևաբար Տիրոջ պես պարտության է մատնում փորձողին էլ փորձությանն էլ։ Ի՞նչը կարող է մեզ համար փորձություն համարվել։
Պաշտոնը, դրամը, ոսկին, հաղթանակը, իշխանությունը, փառքը, մեծարումը, գեղեցկությունը, հարմարավետությունը և այլն։ Ամեն մարդ չէ, որ կարող է կայուն մնալ վայելքի մեջ, հետևաբար ամեն հարմարավետ բան ձեռք բերելուց առաջ հավատ ձեռք բերենք, Աստծու գիտությունը ձեռք բերենք, խոնարհություն և առաքյալների վարքի նմանություն ձեռք բերենք։ Աշխարհի վայելքներն ու զվարճությունները մեր աչքերի համար գայթակղություն են և մեզ հաճելի է տեսնել դրանք։ Քանի որ մենք անտեսում ենք Աստծու խոսքի զորությունը։
Ինչպես որ աստվածաշնչի մեկնաբաններն են ասում, որ վերջին ժամանակներում քրիստոնյաների մեծամասնությունը գնալու է հավատուրացության, իսկ հրեաների մեծամասնությունը ընդունելու է Քրիստոսին։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։ Քանի որ քրիստոնյաների հավատի պակասի պատճառով, նրանց համար հաճելի են հրաշքները, վայելքները, դրամը և աշխարհի գայթակղությունները։ երբ գա հակաքրիստոսը, և ցույց տա բազում հրաշքներ մարդկանց աչքի առջև, մարդիկ պիտի հավատան, քանի որ հակված են հրաշքներ տեսնելու, զվարճությունները վայելելու։ Իսկ հրեաները արթնություն են ունենալու և չեն հավատալու հակաքրիստոսին և նրա գործած հրաշքներին, և ասելու են, որ սա կեղծ է։ Իսկ ո՞վ է ճիշտը։ Ճիշտը Հիսուս Քրիստոսն էր, որին մենք մերժեցին և խաչեցինք մեր ձեռքով։
Սիրելիներ, մեզ համբերություն է պետք ոչ թե մի որոշ ժամանակի, կամ ինչ որ փորձության ժամանակ, այլ մեր համբերությունը պետք է դրսևորվի լիությամբ։ Միայն այդ ժամանակ կատարյալ կլինենք։ Տեր Հիսուս նույնպես ասում էր․ «Ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի»։ Ուրեմն համբերությունը առաջանում է տարատեսակ փորձություններից։ իսկ սա գալիս է փաստելու Հակոբոս առաքյալի խոսքը, որ փորձության ժամանակ պետք է ուրախանանք, որովհետև ամեն փորձության մեջ իմաստություն ենք խնդրում, դրանից պատվով դուրս գալու համար, իսկ փորձությունից հետո՝ առավել համբերատար ենք դառնում։ ուրեմն պիտի ուրախ լինենք, քանի որ մոտենում ենք փրկությանը՝ ըստ Տիրոջ խոսքի։ Վերևում էլ ձեզ ասացի, որ քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում հրավիրվում է կատարելության, որպեսզի նմանվի իր Տիրոջը։ Ճիշտ է, որ քրիստոնյան երկրի վրա չի կարող կատարյալ լինել, բայց կատարելության հիմքը պետք է դրվի երկրի վրա։ Եթե երկրի վրա ապրած կյանքը վատնենք մեր կամեցած ձևով, ապա էլ ժամանակ չի մնա երկնքում այն ամբողջացնելու։
Սիրաքի իմաստության երկրորդ գլխում ասում է․ «Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերիր, և շփոթության մի մատնվիր փորձությունների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր Նրանից։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունիր հոժարությամբ և տառապանքների ժամանակ համբերատար եղիր։ Քանի որ ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում»։ Սիրաք․ 2։1 Իսկ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք Տիրոջ խոսքը, որն ասում է․ Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ.16.33): Սիրաք Հիշենք նաև, որ «Գործք Առաքելոց» գրքում Պողոս առաքյալը եկեղեցու երեցներին հավաքելով ասում էր․ «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը» Գործք․ 14։22 Սիրելիներ այսօրվա մեր սերտողության մի քանի համարներից բավական մեծ դաս սովորեցինք։ Փորձությունները անխուսափելի են, ուղղակի մենք մեր վերցրած դասերը պետք է գործի դնենք փորձությունների ժամանակ։
Այդպես են արել նախ մեր Տէր Հիսուս Քրիստոս, որ Աստված է, ապա առաքյալները, որոնք այդքան փորձառություն ունեին, այնուհետև մեր եկեղեցու հայրերը, որոնք գրքեր են գրել իրենց փորձառությունից և իրենց զորավոր հավատից մղված։ Հերթը հասել է մեզ, որ ավելի մոտ ենք Տիրոջ Երկրորդ Գալուստին, քան առաքյալները և մեր եկեղեցու հայրերը։ Մենք կարող ենք նաև խուսափել փորձությունից և դա մեղք չի համարվի։ Քանի որ համարձակ գնալ փորձության՝ ապավինելով սեփական ուժերին ավելի մեծ մեղք է, քան կարելիության դեպքում՝ հրաժարվել փորձությունից։ Որովհետև նա չէ մեղավորը, որը խույս տվեց փորձությունից՝ հանգամանքների բերումով, այլ նա՝ ով համարձակ գնաց փորձության և պարտվեց իր մեծամտության պատճառով։ Մենք ունենք նաև այսպիսի օրինակ Տեր Հիսուս Քրիստոսից, երբ փարիսեցիները ուզեցին Նրան բռնել և գահավեժ անել, Նա խույս տվեց և հեռացավ նրանց միջից, ոչ այն պատճառով, որ վախեցավ, քանի որ սատանային էր հաղթել անապատում, այլ իր ծրագրի իրագործելու ժամանակը դեռ չէր հասել։ Այսպիսի քայլը խորագիտություն է, քան վախ։ Հակոբոս առաքյալի հորդորը՝ փորձության վերաբերյալ թող այսօր օգնի՝ մեզ պատահած փորձության պահին։ Ավարտենք այսօրվա սերտողությունը և միասին աղոթենք Հովհան ոսկեբերանի կարևոր աղոթքը՝ Աստծու խոսքը կարդալուց կամ լսելուց առաջ․
Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի
պանդուխտ եմ ես այս աշխարհում։ Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ
օրենքիդ հրաշալիքները. հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը։ Ես Քեզ եմ ապավինում,
Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ,
որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի։
Քանի որ Դո’ւ ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ։ Ամեն: