ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ Այսօր Պողոս առաքյալը ամփոփելու է իր մտքերը և փակելու է եբրայեցիներին ուղղված իր նամակը։ Վստահ ենք որ եբրայեցիները սիրով են կարդացել իրենց ուղղված այս նամակը, հայրական լավագույն խրատների ու հորդորների պատճառով։ Գուցե նաև այն պատճառով, որ իրենց հայտնի չէր նամակի հեղինակը, այլապես չէին կարդա, քանի որ ատում էին Պողոս առաքյալին՝ Քրիստոսին քարոզելու համար։ Իսկ մենք և սիրով կարդացինք նամակը, և սիրով սերտեցինք միասին, քանի որ բոլորս ենք սիրում Պողոս առաքյալին՝ Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատարմության համար։ Շատ դասեր ու խրատներ տվեց իր հայրենակիցներին՝ սիրելով ու մտահոգվելով նրանց հոգևոր անհոգության համար։ Նախ ցույց տվեց իրենց հայրերի հավատի կատարյալ օրինակներին, ապա զգուշացրեց, թե ինչ կլինի, եթե չհետևեն նրանց հավատին ու օրինակին։
Առաջարկեց ապրել խաղաղությամբ և սրբությամբ, որպեսզի հանկարծ չզրկվեն Աստծու շնորհից։ Հիմա տեսնենք, թե ի՛նչ մտքերով է ավարտում վերջին գլուխը և ինչ վերջաբանով է փակում նամակը։Պողոս առաքյալը շատ կկամենար, որ իր նամակը սկսեր և ավարտեր Քրիստոսին քարոզելով, բայց հաշվի առնելով իր հայրենակիցների խստասրտությանը, փորձում գրքերի և մարգարեությունների միջոցով հասկացնել, որ հայրերն էլ խոսել են Քրիստոսի մասին՝ մարգարեությունների միջոցով։ Բոլոր հորդորներից բացի, առաքյալը եբրայեցիների պատվիրում է հաստատ մնալ եղբայրասիրության և օտարասիրության մեջ, քանի որ իրենց ծանոթ օրինակներ կան, որ ոմանք իրենց օտարասիրության շնորհիվ հրեշտակներ են հյուրընկալել։ Գիտե՞ք, թե ո՛ւմ նկատի ունի առաքյալը, երբ ասում է, թե հրեշտակներ ընդունեցին օտարասիրության շնորհիվ։
Հիշո՞ւմ եք Աբրահամը ընդունեց օտար մարդկանց և հյուրասիրեց նրանց և պարզվեց որ Տիրոջ հրեշտակներն էին։ Նաև Ղովտը՝ Աբրահամի եղբորորդին ընդունեց իր հարկի տակ օտար մարդկանց, և նրանք Տիրոջ հրեշտակներ էին և հիշում եք, թե ինչ եղավ Սոդոմ և Գոմոր քաղաքների հետ։ Հրեաներին այս օրինակները քաջ ծանոթ էին, դրա համար առաքյալը շատ մանրամասների չի անդրադառնում, ուղղակի հիշեցնում է, թե ինչ պարգև է օտարասիրությունն ու հյուրասիրությունը։ Իրապես, հյուրասիրությունը, հատկապես պատահական մարդկանց, երբեմն մեծ օրհնություն է լինում ընդունողի համար, ինչպես որ եղավ Ղովտի պարագային, ինչու չէ նաև Աբրահամի, քանի որ հրեշտակները նրան տվեցին բարի ավետիսը՝ զավակ ունենալու։ Այս բացթողումները Պողոսը տեսել էր իր ժողովրդի մոտ և չի կամենում Աստծու ընտրյալ ժողովրդի մեջ տեսնել այսքան հակառակություն և անհնազանդություն։ Ինքը՝ երկար ժամանակ լինելով բանտարկյալ, բազում նեղություններ է կրել և գիտե բանտարկյալի անազատության մեջ գտնվելու կարիքներն ու վնասները։
Հետևաբար պատգամ է տալիս, որ հոգ տանեն բանտարկյալների նկատմամբ՝ իրենց բանտարկյալ պատկերացնելով։Մի՞թե Պողոսը իր օգուտի կամ շահի համար էր բանտարկվել։ Քավ լիցի։ Նա Քրիստոսին քարոզելու համար էր բանտ նետվել։ Այն Քրիստոսի, որը ժողովրդի փրկությունն էր ապահովել։ Հետևաբար, եթե մեկը համարձակություն ունի ժողովրդի համար պայքարելու և բանտ դրվելու, ապա այդ ժողովուրդը պարտավոր է սատար լինել և հոգալ այդպիսի մարդկանց համար, որոնք չարչարանքներ են կրում ընդհանուրի համար։ Եթե առաքյալները հանձն էին առել քարոզությունը և դրա պատճառով բանտարկությունն ու հալածանքները, միթ՞ե մեծ բան էր, որ ժողովուրդն էլ հոգար այդ մարդկանց մարմնավոր պետքերը։ Չէ որ ոչ ոք ապահովագրված չէ, թե ինքը կարող է մի օր հայտնվել կապանքների մեջ և օգնության կարիք ունենա։ Մենք արդեն ծանոթ ենք Պողոս առաքյալի տեսակետին, որ ունի ամուսնական ընտանիքի վերաբերյալ, և նախորդ՝ գրեթե բոլոր գլուխներում անդրադարձել է ամուսնական կյանքի, նրա բարոյական և հոգևոր կողմերին։ Առաքյալը սուրբ է համարում ամուսնական անկողինը, և պատվավոր՝ ամուսնությունը։
Կրկին ձեզ հիշեցնեմ, որ պողոս առաքյալն ամուսնացած չի եղել, բայց ընտանիք և ամուսնություն թեմաներում, ոչ ոք նրա նման հստակ չի խոսում։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև Պողոս առաքյալը հայտնում է Քրիստոսի դիրքորոշումը, ոչ թե իր։ Իսկ երբ պատահում է, որ ինքն է խորհուրդ տալիս, ավելացնում է, որ Տիրոջից պատգամ չունի, և դա իր կարծիքն է։ Իսկ այս նամակի մեջ հստակ ասում է․ «Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին»։ Ընդ որում այս պատգամը կարծես չի առնչվում ընդհանուր պատգամների հետ, սակայն հասկանալի է, որ առաքյալը տեղյակ է իր համաքաղաքացիների մեջ եղած այս տարածված մեղքից, դրա համար է գրում, որ ամուսնական անկողինը սուրբ է։ Եթե ըստ ավետարանի ամուսնական անկողինը սուրբ է, ապա յուրաքանչյուր ամուսնական դավաճանություն ոտնձգություն է Աստծու պատվիրանի դեմ։ Քանի որ զույգը խոստանում է հավատարիմ լինել մինչ ի մահ։
Երբեմն թվում է, թե սա ուշադրության արժանի հարց չէ, որ այդքան շոշափվում է Ավետարանում, սակայն եթե պատկերացնենք մի ընտանիք, որտեղ կա դավաճանություն, շնություն և պոռնկություն, ապա կտեսնենք, որ այդ ընտանիքի զավակները նույնպես վնասված էն թե՛ բարոյական, թե՛ հոգևոր առումով։ Ընտանիքի մայրը կորցնում է իր խաղաղությունը այդ պատճառով; Իսկ երբ տան մայրը խաղաղ չէ, ուրիշ մեկը չի կարող խաղաղեցնել մթնոլորտը; Սիրելիներ, ամեն ինչ կախում ունի թե ընտանիքը հոգևոր ինչ մակարդակ ունի։ Պատկերացրեք մի կին, որի ամուսին դավաճանում է իրեն։ Դժվար չէ պատկերացնել, քանի որ ամենուրեք նույն խնդիրն է, նույն գանգատները և նույն անլուծելի խնդիրը; Ամուսնու դավաճանությունը ապրած կինը նման է կակաչի, որի արտաքինը գեղեցիկ է ու կարմիր՝ իսկ ներսը՝ սև։ Սակայն ամուսնու դավաճանությունը զգացող կինը գուցե կռիվներ չսարքեր տանը, չհանդիմաներ և ամուսնալուծության հարց մեջտեղ չբերեր, եթե կանխավ իմանար, թե ինչ ասում Ավետարանը՝ իր դավաճանող և շնացող ամուսնուն;
Ո՛չ թե կկորցներ իր խաղաղությունը, լաց ու կոծով այլ՝ միայն կաղոթեր իր ամուսնու զղջման համար։ Շուտափույթ խոստովանության և ապաշխարության համար, քանի որ Ավետարանն ասում է, այդպիսի երկնքի արքայությունը չեն մտնելու։ իսկ այստեղ Պողոս առաքյալն ասում է․ «Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին»։ Ամեն ինչի պատասխանը ունի Ավետարանը, ափսոս, որ ամեն ընտանիք չունի այդ գիտակցությունը՝ նրանից օգտվելու; տեսեք, մենք ընդամենը առաջին երեք համարներին ենք դեռ անդրադարձել և ինչքան բան սովորեցինք։ Եղբայրասիրություն, հյուրասիրություն, ամուսնական սուրբ անկողնու մասին; Եթե մենք պահենք այս բոլորը, մեր խնդիրները շատ արագ կվերանան։ Ամուսնու դավաճանության մասին առաջին լուրը ստացած կինը ուղղակի կարող է ջարդ ու փշուր լինել, և ամեն ինչ իր աչքին փոշիանա մեկ ակնթարթում։ Չեմ կարող ասել, թե բարեպաշտ քրիստոնյա կինը ուրախությամբ կընդունի այդ լուրը, սակայն առաջին բանը որ մտքով կանցնի, դա Աստծուն խնդրելն է, նրա զղջումի և հոգու փրկության համար։ Որքան որ ցավոտ է այս թեմայի մասին խոսելը, նույնքան էլ անհրաժեշտ է, քանի որ ավետարանն է անվերջ անդրադառնում այս հարցին՝ տալով սպառիչ պատասխաններ։
Սիրելիներ, հստակ է պատվիրանը՝ ամուսնական անկողինը սուրբ է։ Վերջակետ, նոր տողից։ Բոլոր մեղքերն են զազրելի Աստծու աչքի առջև, սակայն այս շնության մեղքի անմիջական մահացու հարվածը ընտանիքին է հասնում։ Փողասիրությունը նույնպես արատավոր մեղք է, որը պետք չէ, որ տեղ գտնի մարդկանց մեջ, և լավ կլինի, որ մարդիկ բավարարվեն իրենց ունեցածով։ Քանի որ փողասիրությունն ու ագահությունը միմյանցից հեռու մեղքեր չեն։ Բավական է փողասեր լինել, ագահությունը շտապելով կմոտենա, որպեսզի հուշի կուտակելու մասին։ Իսկ անհագ կուտակումը երբեք չի ասում բավական է։ Ինչպես որ Ավետարանի փայլուն օրինակը՝ մեծահարուստի շտեմարանների մասին։ նա էլ մեծացրեց ամեն տարի, որպեսզի առատ բերք ունենա։ Սակայն Աստված մի պարզ հարց է տալիս ագահ հարուստին, բոլորդ էլ հիշում եք; «Այս գիշեր հոգիդ քեզնից առնեն, ո՞ւմ կմնա քո հարստությունը»։ Ուրեմն փողասիրությունից առաջ հիշենք մեր հոգու շտեմարանները առաքինություններով լցնելու մասին, և երբ այն մեզնից առնվի, Աստծու առաջ սևերես չմնա։ Իսկ ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ առաքյալն ասում է, բավարարվիր քո ունեցածով։ Սիրելիներ, ովքեր ձեզնից ունեն այդ փորձառությունը, նրանք մտովի կհամաձայնվեն առաքյալի խոսքի հետ, որ երբ Աստված մեզ հետ է, մեր ունեցածը մեր բավարարում է լիուլի; Իսկ եթե Աստված մեզ հետ չէ, մեզ հետ է ագահությունը և փողասիրությունը։ Ըստ առաքյալի խոսքի մենք էլ համարձակ ասենք․ «Տէրն է իմ օգնականը և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»։ Երբ Տէրն է մեզ հետ, մենք մենք նույնիսկ որևէ բանի կարիք չենք ունենում, և ինչպես որ հինգ հազարի կերակրման ժամանակ հինգ հացը բավարարեց բոլորին, այնպես էլ մեր ունեցածը բավական է մեզ; Մի գեղեցիկ խոսք կա, որն ասում է․ «եթե աշխարհի ինչքերը հավասար բաժանեին մարդկանց միջև, մի՞թե քեզ այդքան բաժին կհասներ, ինչքան ու ունես այս պահին»։
Ուրեմն ինչու չենք բավարարվում մեր ունեցածով; Դարձյալ պատճառը մեկն է։ Որովհետև, կամ՝ լուր չունենք Սուրբ Գրքերից, կամ լուր ունենք միայն որպես գիտելիք։ Եթե այդ գիտելիքը կյանքի չվերածվի, մենք միշտ ձգտելու ենք ունենալու և կուտակելու անհագ ցանկությանը։ Այս բնույթն ուներ մարդը երեկ, ունի այսօր, և պիտի ունենա վաղը, քանի դեռ նրա սիրտը աշխարհն է հրապուրում։ Պողոս առաքյալի նամակներն ընթերցելիս, նրա սրտի ցավը և մտահոգությունը ուղղակի աղաղակում է յուրաքանչյուր տողից ու մտքից։ Որքան ասելիք ունի առաքյալն իր ժամանակի մարդուն և առհասարակ բոլոր ժամանակների մարդկանց, որոնք դեռ չեն զգացել Քրիստոսի բուրմունքը՝ իր խոսքերի միջից։ Մի գեղեցիկ պատգամ էլ տալիս է եբրայեցիներին՝ առաջնորդներին հիշելու վերաբերյալ։
Հիշեցե՛ք, ասում է, ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևո՛ղ եղեք նրանց հավատին։ Շատ կարևոր միտք արտահայտել առաքյալը, որը կամ ճիշտ չի մեկնաբանվում մեր օրերում, կամ սխալ է հասկացվում առաքյալի պատգամը։ Տեսեք, ասում է,- Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը ասեցին ձեզ։ Համաձայն ենք, քանի որ Աստծու խոսքը մենք լսում ենք մեր եկեղեցու հոգևոր առաջնորդներից, հովիվներից։ Քանի որ նրանց կողմից Աստծու խոսքի քարոզությունը արժանի է բարի հիշողության։ Սխալ հասկացողությունը երկրորդ տողի մեջ է, երբ ասում է,-Նայեք նրանց կյանքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Այստեղ ասում է հետևեք նրանց հավատին, եթե նրանց կյանքը և խոսքը ներդաշնակ են, ապա հետևեք նրանց հավատին։ չէ որ միշտ չէ, որ Աստծու խոսքի քարոզությունը և քարոզչի կյանքը ներդաշնակ են Աստծու և ժողովրդի աչքի առջև։
Գուցե մեկը քարոզել է Աստծու խոսքը, բայց նրա կյանքը ընդօրինակելու արժանի չէ առհասարակ։ Ուրեմն որքան կարևոր է, որ Ավետարանի ամեն խոսք իր իրական իմաստով հասկանանք և նաև քարոզենք նույն կերպ։ Այս մտքից անմիջապես հետո, առաքյալը ներկայացնում է Կատարյալ օրինակին՝ Հիսուս Քրիստոսին, որը նո՛ւյնն է երե՛կ, այսօ՛ր, և հավիտյա՛ն։ Նշանակում է մարդը իրավունք չունի երկփեղկվելու, մարդը նույնը պետք է լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրսևորումների մեջ, որպեսզի իր խոսքը հավատ ներշնչի լսողի ականջի մեջ։Իսկ իր կյանքը օրինակ լինի լսողի համար։ Քանի որ Աստծու խոսքը խոսողների կյանքը խոշորացույցի տակ է այն առումով, որ, եթե քարոզած խոսքը քարոզողը չի պահում, ուրեմն չի կարող պահանջել նաև լսողից։
Հիշում եք պողոս առաքյալի և Պետրոս առաքյալի մեջ տարաձայնություն եղավ այս թեմայի շուրջ, և Պողոսը Պետրոս առաքյալին ասաց․ « Դու, որ հրեա ես և հեթանոսի պես ես ապրում, ինչպե՞ս կարող ես հեթանոսի հրեության բերել»։ Եթե մենք դավանում ենք Հիսուս Քրիստոսին ուրեմն պետք է նմանվենք Նրա ամեն ինչում, քանի որ Իր խոսքը, գործը, սերը, հանդիմանությունը, բոլորը ապացույց ունեցան ժողովրդի աչքի առջև և ոչ մի ծածուկ բան չկար, որ մարդիկ կասկածեին։ Մենք ապրում ենք ինֆորմացիայի դարաշրջանում և ամեն ինչ փոփոխական է, հատկապես լրատվամիջոցները։ Գիտնականները մի բան են բացահայտում և ի լուր աշխարհի հայտնում են, որ մեզ խաբել են այսքան տարի; հետո մեկ ուրիշը հերքում է տալիս այս նյութին և այսպես շարունակ։
Միակն է Հիսուս Քրիստոս և իր վարդապետությունը, որ անփոփոխ է և նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Դրա համար առաքյալը բոլոր եկեղեցիների հորդորում է հավատարիմ մնալ ողջամիտ վարդապետությանը և տեսակ տեսակ օտարոտի ուսմունքների մեջ չտարուբերվել։ Նաև նկատի ունի օրենքի ուսուցիչներին, որոնք առավել հակված են ուտելու կամ չուտելու օրենքի տառին հետևելու, քան Քրիստոսի խոսքով իրենց սիրտը ամրացնելու։ Որովհետև կերակրի կանոններին հետևողները ո՛չ մի օգուտ չքաղեցին, երբ այդպես ընթացան։ Առաքյալը խոսում է մի ժամանակի մասին, երբ դեռ Երուսաղեմի տաճարը կար, կենդանիների զոհաբերությունը կար քահանայապետի ձեռքով՝ մեղքերի քավության համար, երբ այդ անասունների մարմինները այրում էին ճամբարից դուրս։ Այս երևույթը օրինակն էր Հիսուս Քրիստոսի զոհաբերության, որը կատարվեց Երուսաղեմ քաղաքի դռներից դուրս։ Դրա համար է առաքյալն ասում․« Մենք ունենք մի սեղան, որից օգտվելու իրավունք չունեն նրանք, որոնք դեռ ծառայում են սրբարանի զոհաբերությունների սեղանին»։
Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան զոհաբերությունից հետո կենդանիների զոհ մատուցելը այլևս վավեր չէ։ Այսուհետև բոլորը օգտվելու են նույն սեղանից, բոլորը բնակվելու են նույն քաղաքում և ունենալու են նույն քաղաքացիությունը։ Այսինքն, հիմա բոլոր մարդիկ ապրում են իրենց երկրներում, ենթարկվում են իրենց օրենքներին, ունեն իրենց երկրի քաղաքացիությունը։ Բայց քրիստոնեությունը ունի մի սեղան, որի վրա պատարագվում է Հիսուս Քրիստոս, և բոլոր մարդիկ, որոնք դավանում են Հիսուս Քրիստոսի, որպես Աստծու Որդի և Փրկիչ, օգտվում են այդ սեղանից։ Բայց ոչ թե կենդանի զոհ մատուցելով, այլ՝ օրհնության Պատարագ մատուցելով։ Այսինքն Աստծու անունը դավանող մեր շրթների պտուղը մատուցենք, որ աղոթքն ու փառաբանությունն է։ Մեր բարիքներին ու բարեգործություններին այսուհետ միմյանց հաղորդակից ու մասնակից դարձնենք, որովհետև այսպիսի պատարագներն են Աստծու համար հաճելի։
Ինչպես որ սաղմոսերգուն է ասում 50 րդ սաղմոսում․« Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք, բայց Դու ողջակեզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է պատարագն Աստծու։ մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում»։ Սիրելիներ, տեսե՛ք, որ առաջնորդների մասին մեկ զգուշացումով կարծես չի բավարարվում առաքյալը, և նամակի ավարտին նորից է անդրադառնում նույն թեմային, այս անգամ արդեն պատվիրում է լսել առաջնորդներին։ Քիչ առաջ պատվիրում էր հիշել, հիմա ասում է լսեք ձեր առաջնորդներին և հնազանդվեք նրանց։ Ինչո՞ լսել և ինչո՞ւ հնազանդվել առաջնորդներին։ Ուշադիր լինենք նաև այս պատգամի վրա։ Առաքյալը չի ասում հնազանդվեք, որովհետև առաջնորդը նստած է գահաթոռին, իշխանություն ունի կարգադրելու, իրավասու է ձեզ պատժելու, կամ դուք պարտավոր եք։ Այլ՝ պարզ հայերենով ասում է․«Որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ»։
Եթե ամփոփենք առաքյալի վերջին միտքը, ապա կարելի է ասել, որ մենք նախ՝ պետք է փառաբանենք Աստծու անունը, այնուհետև լսենք ու հնազանդվենք մեր առաջնորդներին՝ պայմանով, որ նրանք հսկում են մեր հոգիների համար։ Հիմա ծուռ նստենք, շիտակ խոսենք, ինչպես որ ժողովուրդն է ասում։ Ո՞վ չի հնազանդվի այսպիսի առաջնորդին, որը գիշեր ու ցերեկ հսկում է մեր հոգիների համար, և ուրախ է, որ Աստծու խոսքն է մեզ սովորեցնում։ Վստա՛հ եմ, որ բոլորը կհնազանդվեն, ե՛թե գտնվի այսպիսի առաջնորդ։ Առաջնորդ նա չէ, որն իր խոսքն ուժի զոռով է առաջ տանում։ Կամ պնդում է, որ իրեն պետք է հնազանդվեն, քանի ինքն է առաջնորդը։ Այսպիսի առաջնորդը Պողոս առաքյալին չի ճանաչում ուրեմն։ Առաքյալը երկու դեպքում էլ հստակ գրել է իր խոսքը՝ հիշե՛ք, լսե՛ք և հնազանդվե՛ք ձեր առաջնորդներին, եթե․․․ ձեզ Աստծու խոսքն են ասում և եթե հսկում են ձեր հոգիների համար։ Առաջնորդին հնազանդվելու այսօրվա կանոնները խորթ են Պողոս առաքյալին և նույնիսկ՝ անհասկանալի։ Քանի որ ինքը՝ անձա՛մբ Քրիստոսից կանչված լինելով, երբեք իշխող առաջնորդ չեղավ, այլ՝ ծառայող եղբայր։ Նաև Քրիստոսի որպես առաջնորդ ունենալով, նրա ծառան եղավ ու կապյալն ու բանտարկյալը։
Էլ ինչպես Պողոս առաքյալը կարող է հասկանալ այսօրվա առաջնորդներին, որոնք երբ դուրս են գալիս իրենց շքեղ պալատներից, անմիջապես հայտնվում են « հնազանդվողները» և ուղեկցում են մինչև սահմանված վայրը։ Սակայն այլ է առաջնորդի պարտականությունը՝ հնազանդվողի նկատմամբ։ Առաջնորդը պետք է Աստծու խոսքը սովորեցնի և հսկի հնազանդվողի հոգու համար, իսկ հավատացյալը պարտավոր է հնազանդվել այսպիսի առաջնորդին, հովվին, երեցին և եկեղեցու սպասավորին։ Միմյանց պետք է տրվել ծառայասիրությամբ, փոխադարձ սիրով ու հնազանդությամբ։ Սիրելիներ, ցավով եմ ասում, բայց առաքյալի խոսքերը միայն կարդացվում են եկեղեցիներում, իսկ առաջնորդ և հնազանդվող հարաբերությունները նույնն են ինչ որ ունենք իրականում ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական միջավայրում։ Հիմա անդրադառնանք մի շատ կարևոր կետի, որով Պողոս առաքյալը հաստատում է իր վերը նշված խոսքը։ Ասում է․«Աղոթեցեք մեզ համար, որովհետև հաստատ գիտեք, որ մաքուր խղճմտանք ունենք, և ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ»։ Ասացեք ինձ, քանի մարդ կարող է այս վստահությամբ աղոթք պահանջել իրեն լսողներից։ Հիմա ասե՛ք, ո՞վ չի աղոթի այսպիսի առաջնորդի համար, որը մաքուր խղճմտանք ունի, և նրա բարի վարքի մասին հաստատ գիտեն իրեն լսողները։
Սիրելիներ, ամեն ինչ փոխադարձ է, ամեն ինչ խոնարհության մեջ է, ամեն ինչ պատասխանատվության է ենթարկվելու, առաքյալի իսկ խոսքերով, որ ասում է․« Քանի որ առաջնորդները հաշիվ են տալու ձեր փոխարեն»։ Նամակի վերջի տողերում Պողոսը լուր է տալիս եբրայեցիներին, որ Տիմոթեոս եղբայրը ազատվել է բանտից։ Ձեզ արդեն ասել եմ, որ այս նամակի սկիզբն ու ավարտը նման չէր նախորդ նամակներին, որոնք սկսվում և ավարտվում էին ողջույնի գեղեցիկ խոսքերով և Պողոս առաքյալը հաստատում էր, որ նամակները իր ձեռքով են գրված։ Այս նամակի վերջին տողում ուղղակի ասում է, ողջունեք ձեր առաջնորդներին և բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։ Շնո՛րհ բոլորիդ։ Այս անորոշ վերջաբանով փակում է նամակը մեր սիրելի Պողոս առաքյալը, որն այսքան ուրախություն և հոգևոր խորհուրդներ պարգևեց մեզ՝ իր 14 նամակներով։ Սիրելիներ, մենք ավարտեցին նաև Պողոս առաքյալի 14 նամակների սերտողությունը։
Փառք Աստծուն՝ նաև այս ողորմության համար։ Փառք Աստծուն, որ առողջ պահեց ինձ, իսկ եց ձեզ փոխանցեցի Աստծու խոսքը, ինչ համար չափազանց ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր հոգևոր առաջընթացը։ Եթե Աստված կամենա, հաջորդ սերտողությունը կլինի առաքյալների ընդհանրական թղթերը։ Եզրափակենք մեր սերտողությունը՝ նամակի վերջաբանի խոսքով, որտեղ առաքյալն ասում է․
«Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս»։ Ամէն