ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Երեկվա սերտողության մեջ մենք տեսանք հավատի լավագույն օրինակներ, որոնցով Պողոս առաքյալը եբրայեցիներին բացատրում էր, որ ուրիշի հավատով անկարելի է պարծենալ, որովհետև հավատը զորացնելու համար ջանք է պետք։ Նաև իմացանք որ հավատի մեջ զորավոր այս այրերը նույնիսկ չեն տեսել իրենց տրված խոստումը, բայց չեն դադարել ճգնել, ջանալ և հոգնել իրենց գործերի մեջ։ Ինչպես որ առաքյալը Տիմոթեոսին ասում է ջանա, հոգնիր, ջանք թափիր Աստծու առաջ քեզ ներկայացնել որպես փորձված մի մշակ, որը ամոթով չի մնում ճշմարտության խոսքը ուղիղ խոսելից։ Նամակի հեղինակը ամբողջությամբ չի անդրադառնում բոլոր արդարներին, որովհետև պատմությունը իր մեջ ամփոփում է հազարավոր արդարների անուններ, որոնք հավատով ապրեցին, հավատով գործեցին և հավատով մեռան՝ չտեսնելով խոստացած ժառանգությունը, քանի որ հույս ունեն, որ իրենց սպասելիքը այս երկրի վրա չէ, երկրի բարիքները օրինակն են երկնքի բարիքների։
Հետևաբար արդարության վկաների այսչափ բազմություն ունենալով, մենք պետք է դեն նետենք ամեն տեսակ հպարտություն, ծանր ու թեթև մեղք, և համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առջև։ Այսքան բարեպաշտության օրինակներ ունենալուց հետո, մենք իրավունք չունենք մնալ մեղքի մեջ, կամ ապրել մեղքի հետ։ Յուրաքանչյուր ազգ ունի անթիվ անհամար սրբերի բազմություն, որի օրինակը բավական է, որպեսզի հետևենք նրանց օրինակին, որոնք նահատակվեցին հավատալով Հիսուս Քրիստոսին; Իսկ մենք քրիստոնյաներս, մեր հայացքն ուղղենք դեպի Հիսուս Քրիստոս, որը մեզ համար ամեն բան կատարյալ դարձրեց Իր չարչարանքի ու անպատվության հաշվին, արհամարհեց ամոթը՝ հանձն առավ խաչը, հանուն Իր նպատակի, որի համար աշխարհ էր եկել։ Ավարտեց իր առաքելությունը և նստեց Հոր աջ կողմում։
Ուրիշ ո՞ւմից մենք կարող ենք օրինակ վերցնել, եթե ո՛չ Հիսուս Քրիստոսից, որը համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակություններին։ Որպեսզի մենք չհոգնենք ու չհուսալքվենք նեղության մեջ գտնված ժամանակ։ Եկեղեցու հայրերը պայքարել են հավատի համար, պայքարելով են նահատակվել։ Իսկ այդ պայքարը եղել է քրիստոնեության դեմ, ոչ թե անձի ամբարտավանության դեմ։ Նրանք չենք պայքարել իրենց անձերի հեղինակության, կամ պաշտոնի և աթոռի համար, այլ պայքարել են քրիստոնեության համար՝ չարի դեմ։ Առաքյալը զուգահեռներ տանելով եբրայեցիների և իրենց հայրերի հավատի միջև, մի կարևոր փաստ է արձանագրում, ասելով,- «Դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին և մոռացած այն հորդորը, որն ուղղված էր ձեզ, իբրև որդիների»։
Ո՞րն է այդ հորդորը։ Երբ առակաց գիրքն ասում է, «Որդյակ իմ Տիրոջ խրատը մի անարգիր, և մի վհատվիր, երբ հանդիմանվես նրանից։ Քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է»։ Առակաց․3։11
Սիրելիներ, եթե քրիստոնյաներս մեր տեսադաշտից չհեռացնենք Հիսուս Քրիստոսին, ապա այս կյանքի մրցավազքում հաղթանակը մերը կլինի։ Բայց մենք երբեմն նույնիսկ չենք պայքարում մեղքի հետ, այլ՝ հակառակը՝ համագործակցում ենք։ Իսկ հավատի հայրերը արյուն թափելու չափ հակառակվել են մեղքին։ Առաքյալը չի ասում մահվան չափ, այլ ասում է արյուն թափելու չափ հակառակվել են։ Չէ՛ որ բոլոր մարտերը չեն, որ մահվամբ են ավարտվում, այլ կան մարտեր, որտեղ արյուն է թավում, բայց մահ չի լինում և հաղթանակ է արձանագրվում արյուն թափողի կողմից։ Պողոսը հորդորում է մեղքի հեմ հակառակվել արյուն թափելու չափ։ իսկ սա նշանակում է, որ մեղքից այդքան հեշտ չէ ազատվել, այլ տևական պայքար է պետք որևէ մեղքից ազատվելու համար։ Մեղքը շատ հեշտությամբ հյուր է գալիս մեզ, և մեր թույլտվությամբ մշտական բնակության իրավունք է ստանում մեզ հետ ապրելու և մեր փոխարեն որոշումներ կայացնելու։ Իսկ եթե փորձեք դուրս հանել, երկար ժամանակ կպահանջվի և երբեմն էլ անիմաստ։ Դրա համար հարկ է, որ չմոռանանք մեզ ուղղված հորդորները՝ իբրև որդիների, քանի որ հայրը իր սիրուց մղված երբեմն պատժում է իր զավակին, սակայն սերը զավակի նկատմամբ երբեք չի մարում։ Այն մեղավորը, որը խրատին համբերող է, Հայրը նրան կմոտենա որպես որդի։ Դուք գիտե՞ք մի որդի, որին հայրը չի խրատել։ Եթե հայրը չխրատի իր որդուն, ապա նրա հետ ժառանգության բաժին չի ունենա, խորթ կհամարվի և հարազատ որդի չի կոչվի։ Եթե մենք պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, ուրեմն որքան առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։ Մեր մարմնավոր հայրերը մի որոշ ժամանակի համար են խրատում մեզ, իսկ մեր երկնավոր Հայրը խրատում է մեր օգտի համար, հավիտենականության համար, որպեսզի հաղորդակից լինենք Իր սրբությանը։ Բոլորս էլ գիտենք, որ ամեն խրատ տվյալ պահին հաճելի չէ, և ուրախություն չի պատճառում, այլ՝ տրտմություն, բայց հետո արդարության և խաղաղության պտուղն է հատուցում դաստիարակվողին։
Առաքյալը այս պարբերության ավարտի մեջբերում է Եսայի մարգարեության 35 րդ գլխից մի միտք, որտեղ ասվում է․ «Ուստի ամրացրեք թուլացած ձեռքերը և ծնկները։ Քայլեցեք ուղիղ արահետներով, որպեսզի, ով կաղ է․ չգլորվի, այլ՝ մանավանդ՝ բժշկվի»։ Այստեղ մի նրբություն կա։ Առաքյալը չի ասում, որ մեջբերումը Եսայի մարգարեությունից է, որովհետև իր նամակով ինքը խոսում է եբրայեցիների հետ, որոնք գիտակ էին մարգարեություններին ու օրենքին։ Առաքյալը վստահ էր դրանում, և հատկապես այդ պատճառով է նրանց գրում, որ գրքերը իմանալով հանդերձ և՛ մեղքի մեջ են, և՛ խրատ չեն ընդունում։ Պողոս առաքյալը կարևորելով Նոր կտակարանը և ավետարանի ուսուցումը, չի անտեսում նաև մարգարեությունները, որոնք միայն զգուշացումներ են, պատգամներ են և հորդորներ են ուղղված անհնազանդ ժողովրդին։ Եբրայեցիներին խաղաղության և սրբության կոչ է անում առաքյալը, առանց որի ոչ ոք չի կարող տեսնել Տիրոջը։ Այս մտքերի մեջ արդեն նկատի ունի Հովհաննեսի ավետարանի խոսքը որն ասում է, « Ով տեսնում է Ինձ, Աստծուն է տեսնում»։
Այս խոսքերով զգուշացնում է իր հայրենակիցներին, որ չլինի թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից։ Դառնության արմատ է տեսնում եբրայեցիների մոտ, և չի կամենում, որ այդ արմատը աճելով վնաս պատճառի նաև մյուսներին։ Չի կարող մեկը Աստծուն ճանաչել և լինել պոռնիկ, կամ պիղծ։ Բերում է նրանց Եսավի օրինակը, որը մի աման ապուրի պատճառով վաճառեց իր անդրանկությունը։ Ինչու առաքյալը «պոռնիկ և պիղծ» բառերն օգտագործելիս հիշատակեց Եսավի անունը, քանի ինքը գիտեր, թե հրեական ակունքները ի՛նչ են պատմում Եսավի մասին, որ նա մինչ ապուրի դիմաց իր անդրանկությունը վաճառելը, գայթակղել էր մի այրի կնոջ, ուրացել էր Աստծուն, կռապաշտությամբ էր զբաղվել և արյուն էր թափել։ Պողոս առաքյալը այս բաները գրում է եբրայեցիներին՝ վստահ լինելով որ նրանք հասկանում են բոլոր տողատակերը և ասելիքը հասկանալի է։ Ես հաճախ եմ ձեզ ասում, որ շատ բաներ մեզ համար անտրամաբանական են թվում, քանի որ մենք տեղյակ չենք հրեական շատ ու շատ ավանդություններից ու պատմություններից։
Իսկ հրեաները շատ լավ էին հասկանում հեղինակի խոսքերի իմաստը, քանի որ լավ գիտեին, որ հետագայում Եսավը շատ կամեցավ ժառանգել օրհնությունները, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն։ Իր հայրենակիցների ասում է, որ դուք գիտեք, թե ինչ պատահեց Եսավի հետ իր անզգամության պատճառով, ինչպե՞ս կարող եք դուք շարունակել հետևել նրա օրինակին այն դեպքում, երբ մենք մեր շուրջ այսչափ հավատի վկաների բազմություն ունենք։ Այս բոլոր օրինակները այն բանի համար է բերում առաքյալը, որ հրեաներից և ոչ մեկը չզրկվի Աստծու շնորհից՝ իր դառնության պատճառով։ Պողոս առաքյալի այս արթնացնող խոսքերը թող դաս լինի նաև մեզ համար, որովհետև չի բացառվում, որ մենք էլ մի օր հանդիպենք Աստծու շնորհից զրկվելու ողբերգությանը։ Ճանաչել Աստծուն և տուրք տալ մեղքին, տանում է այն վտանգավոր իրավիճակին, երբ Աստված կարող է զրկել ինչպես շնորհի՛ց, այնպե՛ս էլ օրհնությունից։ Մարդը առանց շնորհի և օրհնության, հույսը կորցրած մի արարած է, որի կյանքը ո՛չ նպատակ ունի ոչ էլ ուրախություն։
Ավետարանների սերտողությունից դուք հիշում եք, երբ Տէր Հիսուսին մի ծուղակային հարց տվեցին կայսրին տուրք տալու մասին, Նա կարճ պատասխան տվեց, և այդ կարճ պատասխանի դարերի ճշմարտություն կա։ Աստված երբեք չի կամեցել տեսնել մարդուն՝ իր իրական կերպարից դուրս եկած և ցեխի մեջ նետված։ Կայսրինը կայսրին տվեք,- ասաց Տէր Հիսուս, իսկ Աստծունը՝ Աստծուն տվեք։ Հասկանալի էր որ կայսրին պատկանողը իր տուրքն էր, քանի որ կայսրի պատկերն էր դրամի վրա։ Իսկ ի՞նչն էր Աստծունը, որ մարդը պետք է տար Աստծուն։Գիտե՞ք ինչն էր Աստծունը։ Մարդն է Աստծունը, քանի որ Աստծու պատկերն է մարդու վրա։ Հետևաբար մարդն իրեն պետք է հանձնի Աստծուն՝ պատկերը չկորցնելու համար։ Սա Աստծու ծրագրի գլխավոր կետն է՝ մարդուն ստեղծելուց հետո, որովհետև Աստված գիտե մարդու հակումը՝ դեպի մեղքը, ինչին ականատես եղանք առաջին մարդուց սկսած, մինչև մեզնից յուրաքանչյուրը։
Նամակի հեղինակը ևս մեկ կարևոր մեսիջ է ուղարկում հրեաներին համեմատական տանելով իրենց հայրերի և իրենց միջև, հիշեցնելով նրանց, իրենց հայրերի լեռան վրա ունեցած սարսափը, որ զգացին Աստծու պատգամները լսելիս, երբ լեռն այրվում էր կրակով, և պատած էր մառախուղով, խավարով, և մթությամբ։ Փողերի հնչումով էր երվում պատգամները, այնպես, որ լսողները սարսափում էին։ Սերտողության սկզբից ձեզ հիշեցրի այս դրվագը, որ մարդիկ խնդրում էին, որ այդ խոսքը չկրկնվի իրենց համար, քանի որ չէին դիմանում; Տեսիլքն այնքան ահազդու էր, որ նույնիսկ Մովսեսը, որ հաճախ էր լսում Աստծու ձայնը, ասաց, «Սարսափում եմ և դողում»։ Պողոսը հիշեցնում է եբրայեցիների այս դրվագը, որի մասին իրենք տեղյակ էին, և ասում էր դուք չեք տեսել այսպիսի ահազդու բաներ, այլ տեսել եք ձեր դիմաց կանգնած Աստծու Որդուն, որը խոնարհությամբ բացատրում է ո՛չ թե այրվող լեռան մասին, այլ՝ Երկնային Երուսաղեմի մասին, խոսում է հրեշտակների բյուրավոր բանակների մասին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովի մասին։
Դուք արժանացել եք տեսնելու բոլորի Դատավոր Աստծուն, Նոր ուխտի Միջնորդին՝ Հիսուս Քրիստոսին, և Նրա արյան հեղումին, որը առավել է աղաղակում քան Աբելի արյան կանչը։ Այսինքն առաքյալի խոսքի նպատակն այն է, որ հրեաները անցել են Եգիպտոսի սահմանը և մոտեցել են ու մտել են խոստացված երկիրը և հանդիպել են այդ երկիրը խոստացողին, որին իրենց հայրերը սպանեցին։ Ինչպես Աբելի արդար արյունն է կանչում, այնպես էլ Քրիստոսի խաչի վրա թափված արյունը չի լռում, քանի դեռ աշխարհի վրա կա չզղջացող մարդ։ Այս է առաքյալի մտահոգությունը իր ժամանակի մարդու համար, որը տեսել է Հիսուս Քրիստոսին և չի հավատացել։ Այս է մտահոգությունը բոլոր դարերի նախանձախնդիր հայրերի, որոնք իրենց գրվածքներում ներկայացրել են ողջ իրողությունը, ապրեն են և քարոզել են իրենց ժամանակի մարդկանց, որոնցից շատերը լսել են ու չեն հավատացել։ Այս է մտահոգությունը մեր օրերի ջանասեր քարոզիչների, որոնք գիշեր ու ցերեկ քարոզում են իրենց ժամանակակիցներին՝ Աստծու խոսքի ճշմարտությունը, սակայն մարդիկ սրտով չեն ընկալում, ինչպես որ չէին ընկալուն Քրիստոսի ժամանակվա մարդիկ։
Բոլոր քարոզողների նպատակն էլ նույն է եղել, որպեսզի մարդը չկորցնի Աստծու օրհնությունն ու շնորհը։ Անխախտ պահի Աստծու պատկերն ու նմանությունը, որը ստացել է Աստծուց։ Շատ ենք լսում, երբ մարդիկ կարդալով Հայտնության գրքի այն 144 հազարի մասին տարակուսանք և զարմանք են հայտնում փրկվողների թվի քչության վերաբերյալ։ Բայց ո՛չ ոք չի զարմանում 2000 տարիների երկարության և Աստծու համբերության վրա, որ սպասում է մարդու դարձին։ Չնայած Հայտնության գրքի այդ թիվը ևս խորհրդանշական է, բայց մարդկանց մոտ տպավորված է որպես փրկվողների թիվ։ Սիրելիներ, մենք հեռու չգնանք, որպեսզի ասելիքը առավել հասկանալի լինի։ Այս պահին մեզ ունկնդրող հետևորդներից յուրաքանչյուրը թող իրենց հարց տա։ Արդեն երեք տարի շարունակ, ամեն օր առավոտյան «Հանապազօրյա Հաց» հաղորդաշարն ուղիղ եթերում է։ Ունեցե՞լ է արդյոք ինքը ճշմարիտ ապաշխարություն։ Քանի՞ մեղքից է ազատվել, այսքան քարոզները լսելուց հետո։ Զգո՞ւմ է իր կյանքի մեջ հոգևոր աճ։ Սիրել է Ավետարան կարդալը՝ այսքան լսելուց հետո։ Այս և նմանատիպ հարցերը կարող են ստուգել մեր հոգևոր ընթացքը։
Եթե պատասխանը դրական է Փառք Աստծուն, իսկ եթե բացասական է, ուրեմն թող Աստված բացի բոլոր փակ սրտերը՝ ապաշխարությամբ և զղջումով; մենք վերևում հիշեցինք, որ Եսավը շատ կամեցավ, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չստացավ, հակառակ, որ արտասուքներով փնտրեց։ Սիրելիներ, զգույշ լինենք նաև մենք մեր օրերում,քանի որ գայթակղությունների թիվը կրկնապատկվել է, մեղքերի տեսակները բազմացել է, Ավետարանի ընթերցումը վերացել է, ապաշխարությունը համարվում է հետամնացություն, զղջումը որպես նսեմացում է նկատվում և անտարբերությունը գագաթնակետին է հասել։ Աշխարհը իր գայթակղություններով կարողացավ տանել նույնիսկ քրիստոնյաների բազմությունը, որոնք հավատացել, մկրտվել, դավանել և ընդունել էին ճշմարտությունը, իսկ այսօր կամավոր ապրում են մեղքի մեջ։
Այսպիսիների համար, նույն Պողոս առաքյալը 10 րդ գլխում ասում է, եթե կամավոր մեղքի մեջ եք ճշմարտությունն իմանալուց հետո, ապա մեղքերի քավության համար ուրիշ զոհ չի մնում ձեզ համար, քանի որ անտեսեցիք Քրիստոսի թափած արյունը՝ ձեր մեղքերի համար։ Այլ՝ մնում է դատաստանի ահեղ սպասումը։ Գուցե ասեք, թե՝ խիստ են Պողոսի խոսքերը։ Այ՛ո, խիստ են։ Իսկ ինչո՞ւ են կրկնվում այս խիստ խոսքերը դարերով և բավարար արդյունք չկա։ Աշխարհում չի գտնվի մի մարդ, որն իր որդուն կամավոր մահվան կմատնի հանրության փրկության համար։ Բայց աշխարհում շատ են մարդիկ, որոնք մեղքի քաղցրության պատճառով անտեսում են Քրիստոսի արյունախառն քրտինքը՝ աղոթքի պահին, երբ խնդրում էր Երկնավոր Հորը՝ դառնության բաժակը իրենից հեռացնելու՝ Հոր կամքով։ Սա իրականություն է, որի առջև կանգնած ենք յուրաքանչյուրս՝ մեկն արդեն զղջացած, մյուսը ապաշխարության ճանապարհին է, երրորդը փրկության դուռն է փնտրում։
Սակայն շատ են նրանք, որոնք դեռ փակ են ինչպես աչքերով, այնպես էլ սրտով։ Թող ողորմի Տէրը այսպիսի մարդկանց և ճշմարիտ ապաշխարության դուռը ցույց տա նրանց։ Պողոս առաքյալի խոսքը խիստ է նաև ուղղված իր հայրենակիցներին, բայց առաքյալը ամեն խոսքից հետո բերում է նրանց համար ծանոթ օրինակներ, ապացուցելու համար, որ եթե իրենց հայրերը երկրի վրա մերժեցին պատգամներ տվող Մովսեսին, և չազատվեցին։ Ուրեմն որչափ առավել չպիտի ազատվենք մենք, եթե թիկունք դարձնենք երկնքից Խոսողին, որի ձայնը շարժեց երկիրն այն ժամանակ։ Իսկ մեր օրերում խոստանում է մի անգամ էլ շարժել ո՛չ միայն երկիրը, այլ նաև երկինքը։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Այս խոսքերը բացատրությունն է մինչ այժմ սերտած նամակների, որ եթե չլսեցիք Աստծու Որդու մեղմ խոսքը, ապա ստիպված կլինեք ներկա լինել այն տեսարանին, որից սարսափեցին ձեր հայրերը՝ լեռան վրա։
Աստծու խոսքը անշարժ է, անսասան է, կայուն է, հավիտենական է, նույնն է բոլոր ժամանակներում; Հետևաբար Աստված կամենում է, որ մենք վերցնենք այդ անշարժ ու հաստատուն խոսքը և ինքներս լինենք անշարժ, որպեսզի երկիրը շարժելուց մենք մնանք անշարժ։ Այս է երկիրն ու երկինքը շարժելու Աստծու նպատակը։ Վերջապես պետք է հայտնի դառնան անշարժ բաները երկրի վրա, որպեսզի Աստված ընտրի ցորենը որոմի միջից և որոմը կրակը նետի։Ուրեմն քանի դեռ հնարավորություն ունենք ընդունելու անշարժ թագավորությունը, ամուր պահենք մեր հավատը, յուրաքանչյուրս՝ մեր շնորհը, և այդ շնորհով ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով դողով, ինչպես նամակի հեղինակն է ասում․ «Մեր Աստվածը ոչնչացնող կրակ է»։ Աստված երկնքում է, Նրա ամենատես աչքը հսկում է մարդուն։ Նա տեսնում է իրեն փնտրող ամեն մեկին և օրհնում է, որպեսզի մենք չանցնենք կրակի միջով, այլ ծառայենք Իրեն և սիրենք մեր նմանին, որը նույնպես կրում է Աստծու պատկերը։ Սիրելիներ, ավարտվեց նաև 12-րդ գլխի սերտողությունը։ Նամակը ավարտվեց խիստ խոսքերով բայց ո՛չ անտեղի՝ բոլոր ժամանակների համար; Տէր Հիսուս Քրիստոս բավարար գտավ երեք տարին քարոզելու համար։ Այդ երեք տարիների քարոզը բացատրվում և քարոզվում է արդեն երկու հազարից ավելի տարիներ։ Բավական չէ, որ մենք համոզված ենք Աստծու ամենակարողության վրա, նաև պետք համոզվենք մեր անկարողության վրա և կառչենք մեր միակ Փրկչին, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
Աղոթենք միասին։
Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա:
Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Որդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրականացնելու համար:
Որդի՜ Աստծո, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ քառասնօրյա ծոմապահությամբ ցույց տվեցիր, որ մարդու համար հնարավոր է ժուժկալությամբ և աղոթքով հասնել հոգևոր բարձունքի: Քո՛ Սուրբ Մկրտությամբ հաստատեցիր վերստին ծնունդով նոր մարդ դառնալու գաղափարը: Քո՛ երեքամյա հանրային ծառայությամբ փոխանցեցիր սերնդե սերունդ Քո ճշմարիտ Լույսը: Երախտապարտ ենք Քեզ, որ կամավոր հանձն առար Խաչի տանջալից մահը մեր մեղքերի պատճառով: Հարություն առար, երևացիր մարդկանց փաստելով Աստվածությունդ:
Համբարձվեցիր և խոստացար ուղարկել Սուրբ Հոգին, որպեսզի լուսավորի Քո առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին առնելով Սուրբ Հոգին, գրի առան Քո բոլոր պատգամներն ու ուսուցումները ճշմարիտ կյանքի համար: Հաստատեցիր մեզ համար Քո Մարմինն ու Արյունը ճաշակելու Խորհուրդը, որպեսզի անմասն չմնանք Քեզնից: Ոչնչից զուրկ չթողեցիր մեզ` երախտամոռներիս: Այդ բոլորը փոխանցվեց մեզ երկու հազար և ավելի տարիներ հետո, բայց մենք արարածներս չենք կարողանում կատարել մեր Արարչի պատգամները ինչպես որ հարկն է, միայն մեղքի պատճառով:
Ծոմ ու պահք ենք պահում աղավաղված ու արդյունքի չենք հասնում:
Մկրտվում ենք Քո Անունով, սրբվում ենք մեղքից, բայց չենք կարողանում մաքուր պահել մեր սիրտը նախանձից ու բարկությունից, էլ ուր մնաց մեր հոգին, որ Աստծու Տաճար, և Սուրբ Հոգու բնակարան կոչվեց:
Պսակվում ենք Եկեղեցու խորհրդով, բայց տեր ու հնազանդ չենք լինում։
Քո միացրածը Պսակը մարդկային ձեռքերը բաժանում են, անտեսում ենք այն խոստումը, որ տվեցինք Քեզ, Աստվածաշնչի, Սուրբ Սեղանի, Քահանայի և մեր հարազատների վկայությամբ: Նույնիսկ ճաշակում ենք
Քո Սուրբ Մարմինն ու Արյունը անարժանաբար, այդ պատճառով շարունակում ենք մնալ նույն մեղանչող բնությամբ: Ո՞վ կգթա մեզ, եթե ոչ Դո՛ւ, Ո՜վ Բարերար:
Մենք արժան չենք Քո մեծ ողորմությանն ու գթությանը, համբերությանն ու կարեկցանքին, ներողամտությանն ու բարերարությանը: Մենք հավատում ենք Քեզ, և այդ հավատը այնքան տկար է որ մեր մարդկային գործոնը իշխում է մեր բանականությանը, որ Դու տվեցիր մեզ անասունից տարբերվելու համար: Դու մեզ ուղղաձիգ ստեղծեցիր և որպես պահպանող հատկություն տվեցիր աստվածճանաչողությունը, բայց մենք դարձյալ ընտրեցինք մեղքը և թաքնվեցինք Քեզնից: Ողորմի՜ր մեզ Տե՛ր, դարձյալ գթա, նորի՛ց ներիր, շնորհի՛ր մեզ ճշմարիտ ապաշխարություն, ո՛ւժ տուր մեզ, այս անգամ պատվով դուրս գալ և արժանանալու Քո Հարության պանծալի տոնին հաղորդակից լինել արժանավորապես, աղաչո՜ւմ ենք Քեզ` և Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։
Աղոթք ենք վերառաքում ամենայն ակնածանքով և ողբալի աղերսներով: Լսի՜ր մեզ Տէր…
Օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Որդիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Հոգիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն