ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ մենք երեկ տեղեկացան Պողոս առաքյալի մտահոգություններին, որ ուներ եբրայեցիների նկատմամբ։Այդ մտահոգությունների պատճառը իր հայրենակիցների հավատի տկարությունն էր, քանի որ նրանք թողած կենդանի Աստծու հավատքը հիմնվել էին իրենց հայրերի ավանդությունների վրա, անգիր գիտեին Մովսեսի հաստատած օրենքները, բայց իրենց կյանքում կիրառելու հարցում դժվարություններ ունեին։ նախորդ գլուխներից հիշում ենք, որ առաքյալը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացրեց տարբերությունները՝ օրենքի և շնորհի, երկնային սրբարանի և երկրային սրբարանի, հավիտենական քահանայապետի և գործող մահկանացու քահանայապետի ։ Ներկայացրեց, որ կան ժամանակավոր և օրինակ հանդիսացող երևույթներ, որոնց միջոցով մենք պատկերացում ենք կազմում երկնային հավիտենական պարգևների մասին։ Եթե մարդկությունը ի վիճակի լիներ միանգամից տեսնելու և հասկանալու երկնային բաները, ապա Աստված այդպես ցույց կտար մարդուն իր ստեղծած բարիքները, որոնց մասին մարդու աչքը չի տեսել և ականջը չի լսել։ բայց Աստված երկրի վրա մարդուն տվեց այն ամենի օրինակը, որպեսզի մարդ արարածը կատարելագործվի և արժանանա երկնայինը տեսնելու։
Օրինակ՝ երբ Տէր Հիսուս գիշերով զրուցում էր հրեա վարդապետ՝ Նիկոդիմոսի հետ, և նա չէր հասկանում Քրիստոսի խոսքերը, այդ ժամանակ Տէր Հիսուս նրան ասաց, – Հրեա վարդապետ ես, ու երկրավոր բաները չես հասկանում, ապա քեզ ինչպես երկնային բաների մասին խոսեմ։ Մեկ այլ օրինակ էլ կա Ծննդոց գրքում, երբ ժողովուրդը ցանկություն է հայտնում Մովսեսին, որ իրենք էլ են կամենում լսել Աստծու ձայնը, որպեսզի խոսի ժողովրդի հետ։ Սակայն երբ Աստված սկսեց խոսել, մարդիկ խելագարության աստիճան սարսափեցին և խնդրեցին, որ Մովսեսը իրենց փոխանցի Աստծու խոսքը և իրենք Մովսեսին կարող են լսել։ Աստված միշտ էլ ընտրել է ժողովրդի միջից օժտված մարդկանց, որպեսզի Իր խոսքը հասցնի հանրությանը։ Այս գործընթացը Աստված երբեք չի դադարեցրել, սկսած Նոյից, Աբրահամից, Դավթից, Մովսեսից, մարգարեներից, քահանայապետներից և այլն; Ոմանք խոնարհությամբ և երկյուղով են ծառայել Աստծուն, նաև եղել են մարդիկ, որոնք շեղվել են Աստծու խոսքից և պատժվել են ժողովրդին անտարբերության մատնելու համար։ Օրինակ՝ Քրիստոսի ժամանակի քահանայապետները, որոնք անվերջ հանդիմանվում էին իրենց կեղծավորության համար։
Այս բոլոր համեմատություններն անելուց հետո Պողոս առաքյալը եբրայեցիներին խոսում է իրենց հայրերի ու նախնիների օրինակելի հավատի մասին։ Որովհետև Պողոս առաքյալին քաջ հայտնի է հրեա ժողովրդի ձևապաշտությունը, և հպարտությունը՝ իրենց ընտրյալ ազգ լինելու պատճառով; Հավատի մասին Պողոս առաքյալի այս քարոզը ևս ապտակ էր օրվա քահանայապետներին, օրենսգետների, և կրոնաքաղաքական բոլոր կուսակցություններին, քանի որ եթե առիթ ունենք պարծենալու մեկի հետևորդը լինելու համար, ուրեմն պարտականություն ունենք նաև նրա գործերին հետևելու մեջ։ Իսկ հրեաները միայն պարծենում են, որ Աբրահամի սերունդ են, իսկ Աբրահամի հավատից ու գործերից շատ հեռու են։ Եբրայեցիների նամակի մեջ այս 11 րդ գլուխը իր ուրույն տեղն է գրավում այն առումով, որ առաքյալը բոլոր փաստերով կարողանում է ապացուցել նախնիների հավատի վրա ոչ ոք չի կարող պարծենալ, եթե ինքը չունենա այդ հավատը։ Մի գեղեցիկ հարցով է դիմում եբրայեցիներին, թե՝ – Ի՞նչ է հավատը։
Այնուհետև մանրակրկիտ բացատրություն է տալիս իր տված հարցին։ Իրապես ի՞նչ է հավատը մեզ համար։ Առաքյալի գեղեցիկ բացատրությունը իր բոլոր ապացույցներով վերաբերում է նաև այսօրվա քրիստոնյային։ Շատ կարևոր հարց է։ Եթե չիմանանք ի՛նչ է հավատը, ինչպե՞ս կարող ենք հավատալ։ Կամ ինչի՞ն կարելի է հավատալ և ինչին ո՛չ։ Հավատը իրականացնում է մեր հույսը, մեր սպասելիքը, որը չենք տեսնում։ Այսինքն հավատը սերտորեն կապված է հույսի հետ։ Օրինակ եթե մեր գրպանում կա որոշակի դրամ, դրա համար պետք չէ ո՛չ հուսալ, ո՛չ էլ հավատալ, այն արդեն կա և մենք տեսնում ենք։ Բայց մեր կյանքում կան բաներ, որոնք չենք տեսնում, բայց անհրաժեշտություն կա հավատալու, և մենք հավատում ենք։ Դա է հավատը։ Այսինքն մենք հավատում ենք մեր հուսո առարկային այնպես, ինչպես որ վստահ ենք մեր գրպանի պարունակության վրա։ Մենք կարիք չունենք այլ օրինակներ բերելու, քանի որ Ավետարանը մեզ հագեցնում է հավատի գործերի օրինակներով։ Պողոս առաքյալը դյուրըմբռնելի բանաձև է առաջարկում հավատի վերաբերյալ, ասելով,- Հավատը մեր հուսացած բաների հաստատումն է, և նաև ապացույցն է այն բաների, որոնք չենք տեսնում։ Ըստ առաքյալի խոսքերի, հավատը ամենաբարձր ցուցանիշն է, որով ենթական կարող է հասնել հուսացած բաներին։ Հիմա հերթով անդրադառնանք առաքյալի հիշատակած օրինակներին, որոնք բնութագրում են իրենց հայրերի անխախտ հավատը։ Քանի որ միայն հավատով կարելի է Աստծուն հաճելի լինել։ Առաքյալն ասում է,- Հավատով ենք իմանում, որ աշխարհներն ստեղծվել են Աստծու խոսքով, անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։ Ֆիզիկոսներն ասում են, որ աշխարհը առաջացել է ինչ որ պայթյունից։
Գիտնականները այլ բան են ասում, և դարերի ընթացքում ոչ ոք չի պնդում իր ասածը։ Իսկ Աստվածաշունչը միշտ նույնն է ասում, որ ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Գիտնականը ասում է, որ երկրագունդը էլիպսաձև է, իսկ Աստված դարերով ասում է, որ երկիրն անձև ու անկազմ էր։ Այստեղ գալիս է հավատի հարցը։ Մարդը կամ հավատում է ֆիզիկոսին, կամ Աստվածաշնչին։ Առաքյալը բերում է հավատքի սյուների օրինակները, որպեսզի մենք կողմնորոշվենք փաստերով մեր հավատի մեջ։ Սկսենք առաջին մարդկանցից, որպեսզի ավելի հստակ լինի մեր պատկերացումը։ Աբելը հավատաց Աստծուն, դրա համար իր պատարագը ավելի ընդունելի եղավ Աստծու առաջ, քան Կայենի մատուցած պատարագը։ Աբելը Աստծուց ստացավ վկայությունը իր պատարագի արդար մատուցման համար։
Աբելը թեպետ մեռավ, բայց բայց խոսում է դեռ ըստ այն խոսքի, որ Աստված Կայենին ասաց,- Ինչ արեցիր, քո եղբոր արյան կանչը աղաղակում է ինձ երկրից։ Աբելի հավատն օրինակելի էր։ Առաքյալը խոսում է Ենովքի հավատի մասին, որը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի։ նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված էր տարել նրան։ Ինչպես Աբելին, այնպես էլ Ենովքին Աստված վկայություն էր տվել, որ Ենովքը հաճելի է Աստծուն։ Միթե առանց հավատի կարելի է հաճելի լինել Աստծուն։ Հավատն է, որ օգնում է մոտենալ Աստծուն և հուսալ, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, որոնք փնտրում են Իրեն։ Ենովքի հավատն օրինակելի էր։
Այնուհետև անդրադառնում է Նոյին, որը պատգամ ստանալով Աստծուց անտեսանելի բաների մասին, վախից բռնված, իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց։ Դրանով դատապարտեց աշխարհը և և ժառանգորդ եղավ այն արդարությանը, որ հավատից էր։ Ինչո՞ւ դատապարտեց աշխարհը։ Որովհետև Նոյի ժամանակ աշխարհը մեղքի մեջ էր ապրում։ Նոյն էլ այդ աշխարհից էր, բայց հավատում էր, և Նոյի հավատը օրինակելի
հավատ էր Աստծու առաջ։
Հիմա անդրադառնանք հավատի իրական հայր՝ Աբրահամին, որը երբ կանչվեց Աստծուց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն։ Գնաց խոնարհությամբ, երբ չգիտեր թե ուր է գնում։ Աստված Աբրահամի հավատքը քննության ենթարկեց Իսահակի զոհաբերությունը պահանջելով; Իսկ Աբրահամը դժկամություն չհայտնեց, քանի որ նրա հավատն աներեր էր, ու ժայռի պես ամուր։ Նա չէր մոռացել Աստծու տված խոստումը՝ իր սերնդի բազմացման վերաբերյալ։ Ամենամեծ փորձության պահին, երբ սիրելի որդուն պիտի զոհաբերեր, նրա մտքից դուրս չէր եկել Աստծու խոստումը։ Հավատում էր, որ Աստված մեռելներից հարություն կտա Իսահակին և կբազմացնի իր սերունդը։ Ո՞վ կարող է թեկուզ պատկերացնել Աբրահամի հոգեկան աշխարհը, երբ օրինակ՝ որդին հարցնում է, թե՝ իսկ ո՞ւր է ողջակիզելու գառնուկը։
Բայց Աբրահամը իր հավատով ստացավ այն խոստումը, որն ասում է․ «Քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։ Աբրահամը միակն էր, որ երեք կրոնների համար էլ ազգերի հայր կոչվեց։ Աբրահամի սերնդի անունով էր Աստված խոսում և ներկայանում, ասելով,- Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ ես։
Սիրելիներ, մեզ էլ է տրված բազում խոստումներ Նոր Կտակարանում մեր Տիրոջ կողմից, բայց բավական է մի փոքր փորձության հանդիպենք, մոռանում ենք Աստծու բարերար նախախնամության մասին, և ապավինում ենք մեր ուժերին ու ձախողվում ենք։ իսկ Տէր Հիսուս Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է․ «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ։ Հիշենք հավատի սյուներին՝ մեր հավատը ստուգելու համար։ Հիշենք հավատի սյուների գործերը, մեր գործերի որակը ստուգելու համար։ Հիշենք Աստվածաշնչի գլխավորների հնազանդությունը՝ Աստծու խոսքին, մեր հավատարմությունը Աստծու խոսքի հանդեպ ստուգելու համար։ Ուրեմն Աբրահամի հավատը օրինակելի հավատ էր։
Իսկ ինչպե՞ս ամուլ Սառան՝ Աբրահամի կինը, որդեծնության սերմը ստացավ, եթե ո՛չ այս օրինակելի հավատով։ Միթե իր զորությամբ, որ առաջացած տարիքում էր, և մտածելն անգամ անկարելի էր։ Սակայն Սառան հավատարիմ համարեց Նրան, ով խոստացավ այդ բանը։ Հավատով էր, որ տարիքն առած մի մարդուց ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկրի աստղերը, և ծովափի ավազը։
Սիրելիներ այս բոլոր մարդկանց հավատը նկարագրելուց հետո է հասկանալի դառնում , թե որն է իրական հավատը, երբ նամակի հեղինակը հիշեցնում է մեզ, որ հավատի մեջ մեռան սրանք բոլորը՝ և դեռևս խոստումները չստացած․ բայց հեռվից տեսան այդ խոստումները և ուրախացան։ Նաև խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։ Այսինքն նրանց խոսքից հայտնի է դառնում, որ մի այլ՝ հայրենի երկիր են փնտրում։ Քանի որ եթե կամենային կարող էին վերադառնալ այն երկիրը որտեղից եկել էին։ Նշանակում է, որ նրանք մի ավելի լավ տեղ են տենչում․ որ երկնային է և ոչ երկրային։ Դրա համար էլ Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել։ Մի՞թե հավատով չէր, որ Իսահակը օրհնեց Հակոբի ու Եսավին՝ գալիք խոստումների հույսով։ Նաև նույն հավատով օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդիներից ամեն մեկին և երկրպագեց Աստծուն՝ իր գավազանի ծայրին հենված։
Մի՞թե հավատը չէր, որ Հովսեփը իր կյանքի վախճանին հիշեց Իսրայելի որդիների ելքը Եգիպտոսից և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Այո, հավատքով էր այն ամենը ինչ կատարվեց Աստծուն հավատարիմ մարդկանց կյանքում։ Ուրեմն հավատն այն է, երբ հույս ունես ստանալու այն, ինչ խոստացված է, ո՛չ թե այն, ինչը տեսնում ես։ Սիրելիներ, հավատն է, որ թույլ է տալիս փնտրել և գտնել հուսացած բաները , եթե նույնիսկ մեր փնտրածը այս աշխարհում չէ։ Որովհետև մեր փնտրած տունը խոստացված քաղաքում է՝ Վերին Երուսաղեմում, որովհետև շատ օթևաններ կան այնտեղ՝ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի, որ պատրաստել է իրեն հավատացողների համար։ Սիրելիներ, Պողոս առաքյալը հատ հատ ներկայացնում է եբրայեցիներին՝ իրենց հայրերի հավատն ու գործերը, որպեսզի նրանց պարծանքը չլինի միայն հայրերի ժառանգորդը լինելու փաստով, այլ՝ որ ավելի կարևոր է, արժանանալ նրանց պաշտած Աստծու կտակը ստանալու պատվին՝ որպես հավատարիմ զավակ։
Մովսեսը մեծ հեղինակություն էր հրեաների համար, որի ծնողները հավատով նրան երեք ամիս թաքցրին, տեսնելով որ կայտառ մանուկ է, չվախենալով թագավորի հրամանից։ Մովսեսը երբ մեծացավ, մերժեց փարավոնի դստեր որդի կոչվել։ Նախընտրեց չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան մեղապարտ հաճույքներ վայելել փարավոնի դստեր տանը։ Քանի որ մայրը հավատով էր դաստիարակում նրան։ Մովսեսը կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը։ Մովսեսն էլ հավատով աչքերը հառած վարձատրության էր սպասում։ Զորավոր հավատն էր, որ նրան ուժ տվեց չվախենալ թագավորից, ով հրաման էր տվել սպանել անդրանիկներին։ Թողեց Եգիպտոսը և միացավ իր երամին։ Հավատով անցան Կարմիր ծովը, կարծես ցամաքով անցնեին։ Մինչդեռ եգիպտացիները նույնը փորձելով խեղդվեցին։ Իսկ ինչպե՞ս ընկան Երիքովի պարիսպները։
Մի՞թե զենքով ու զրահով։ Քավ լիցի։ Պարիսպներն ընկան, երբ նրանք յոթ օր հավատով քայլեցին այդ պարիսպների շուրջը։ Նույնիսկ պոռնիկ Ռախաբի հավատը փրկեց իրեն, որպեսզի անհավատների հետ կորստյան չմատնվի, քանի որ խաղաղությամբ էր ընդունել լրտեսներին և հավատացել էր որ նրանց Աստվածը զորավոր է։ Պողոս առաքյալը շատ բան ունի պատմելու եբրայեցիներին և շատ օրինակներ ունի նրանց տալու համար․ որոնց մասին չի կարող մեկ առ մեկ գրել ժամանակի սղության պատճառով։ Հիշատակում է բոլոր այն երևելի մարդկանց անունները, որոնք ծանոթ էին եբրայեցիներին, և որոնց կհանդիպեք դուք ընթերցելու ժամանակ։ Այդ երևելի մարդիկ հավատով պարտության են մատնել թագավորություններ, արդարության գործեր են կատարել, հասել են խոստմանը, նույնիսկ փակել են առյուծների բերանները իրենց հավատով։ Փրկվել են սրի բերանից, զորացել են իրենց տկարություններից հետո, կտրիճներ են դարձել պատերազմի մեջ։ Նամակի հեղինակն ասում է, որ կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին։ Անշուշտ նկատի ունի Եղիսե մարգարեի կատարած հրաշքը, որ հարություն տվեց այրի կնոջ միակ զավակին։ Այս բոլորը կատարվել են հրեաների աչքի առջև, իրենց մեջ ապրող մարդկանց հետ, սակայն նրանք մնացին իրենց խստասրտության մեջ։ Կային մարդիկ, որոնք հավատով կրեցին չարչարանքներ իրենց ապրած տարիների ընթացքում, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության։ Իսկ նամակի ավարտին, Պողոս առաքյալը կարծես հենց իրեն է նկարագրում, առանց անուն տալու։ Քանի որ ասում է իսկ շատերը ենթարկվեցին տանջանքների և գանահարությունների, կապանքների և բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան։ Թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված։ Ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, քարայրներում և լեռներում անցավ նրանց կյանքը։
Այս մարդիկ, որոնց մասին խոսում է առաքյալը, որոնցից մեկն էլ ինքն էր, հավատի մեջ վկայված լինելով հանդերձ չընդունեցին խոստումը։ Աստված մեզ համար ավելի լավն է նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն,- մտածում էին նրանք։ Տանջանքների ու չարչարանքների այս երկար ցանկը մեզ ներկայացնելիս, հասկանալի է, որ առաքյալն ինքն էլ է անցել այդ նեղ դռնով իր զորավոր հավատքի շնորհիվ։ Աստծու Սուրբ Հոգին երբեք չի լքել Պողոսին, սակայն երբեք էլ չի նվազեցրել նրա չարչարանքներն ու կապանքները։ Այդ կապանքների և գանահարությունների շնորհիվ էր որ հալածիչ Սավուղը դարձավ Պողոս առաքյալը և Տիրոջ ընտիր քարոզիչ։ Այո դարձավ, սակայն Պողոսն էլ չընդունեց խոստումը մինչ իր նահատակությունը։ Նա հավատում էր, որ այս տանջանքներն են, որ նման է մրցավազքի, որն ավարտվելու է պսակով։ Տիմոթեոսին ուղղված նամակում հիշում եք, որ գրել էր,- Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։
Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում, ինձ պիտի տա Տէրը՝ Արդար դատավորը, այ՛ն օրը․ Եվ ո՛չ միայն ինձ, այլ՝ նաև բոլոր նրանց, որ սիրեցին Նրա հայտնվելը։ Բ․ Տիմ․ 4։7 Սիրելիներ, եբրայեցիների նամակի 11 րդ գլուխը կարելի է անվանել «հավատի հիմն» այն առումով, որ հավատի լավագույն օրինակները բերված է հին Կտակարանից, իսկ Նոր Կտակարանից արդեն բոլոր առաքյալների և նա՛և Պողոս առաքյալի օրինակը բավական է , որպեսզի հիմք ունենանք մեր հավատի գործերի մեջ։ Միակն է այս գլուխը, որն ամբողջությամբ խոսում է հավատի մասին։ Իսկ հաջորդ՝ 12 րդ գլխում արդեն կիմանանք, թե ինչ պետք է անեն հասցեատերերը այս նամակը կարդալուց հետո։ Այդ հասցեատերերից մեկն էլ մենք ենք՝ քրիստոնյաներս, որ ո՛չ մի նեղություն ու հալածանք չտեսանք մեր օրերում, սակայն մեր հավատն օրինակելի չէ ո՛չ մեզ համար, ո՛չ էլ այլոց համար։ Սիրելիներ, այստեղ ավարտենք 11-րդ գլխի սերտողությունը և անդրադառնանք մեր ունեցած հավատին, որը հօդս է ցնդում առաջին պատահած փորձության ժամանակ։ Այս գեղեցիկ դասը հավատի վերաբերյալ պահենք մեր սրտում, որպես ամենօրյա օրինակ մեզ համար։
Աղոթենք միասին․
Ով մեր գթառատ Աստված, անսահման ու մարդասեր ողորմությանդ ապավինելով, աղաչում եմ Քեզ, օրհնի՜ր այս աղոթքը կրող զավակներիդ, և հաղթական սուրբ Խաչիդ կնիքով պահիր-պահպանիր նրանց ընտանիքները, կանանց, զավակներին, տներն ու ստացվածքները: Լիառատ կյանքի արգասավորություն և հաջողություն պարգևիր, փրկի՜ր նրանց չարի բոլոր հարձակումներից, որպեսզի երբ այս աղոթքները ընդունես և մեր մարմինները բժշկես, երախտապարտ հոգով ու գոհունակ սրտով երկրպագելով, փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ. Ում վայել է փառքը, իշխանությունն ու պատիվը, հավիտյանս, հավիտենից. ամեն: