Տկար ու երկչոտ են այն մեղավորները, ովքեր ափսոսում են, որ թողել են մեղքը: Ուսուցանում են Սուրբերը…

Բոլոր իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան, բայց ոչ բոլորը թողեցին նախկին սովորություններն ու նախասիրությունները: Ահա թե ինչու նրանցից ոմանք անապատում դեգերելիս ափսոսանքով էին հիշում միսն ու բանջարեղենը, որ ուտում էին Եգիպտոսում: Նույնպես և ապաշխարողները հաճախ խոստանում էին չկրկնել մեղքը բայց պահպանում են մեղքի նկատմամբ հակվածությունը: Նրանց սրտերը ժամանակ առ ժամանակ դեպի ետ են շրջվում, ինչպես Սոդոմից հեռանալիս արեց Ղովտի կինը: Նրանք հիշեցնում են այն հիվանդներին, ում բժիշկը խստիվ արգելել է սեխ ուտել, քանի որ այն կարող է մահացու վնաս հասցնել, բայց նրանց չի լքում սեխին ձեռք տալու, հոտոտելու ցանկությունը, և նրանք երջանիկ են համարում բոլոր նրանց, ում թույլատրվում է սեխ ուտել: Տկար ու երկչոտ են այն մեղավորները, ովքեր ափսոսում են, որ թողել են մեղքը:
 
Նրանք հաճույքով են այն մտաբերում և համարում են, թե ովքեր չեն հրաժարվել, բավարարվածություն են գտնում: Օրինակ`մեկը, որ տառապում է վրեժխնդրությամբ, խոստովանությունից հետո հրաժարվում է իր մտադրությունից, բայց որոշ ժամանակ անց պատմում է ընկերներին վեճի մանրամասները, ասում, թե վրեժխնդիր կլիներ, եթե Աստծուց չվախենար, և թե որքան ծանր է ներելու աստվածային պատվիրանը: Օ՜, եթե միայն կարելի լիներ վրեժ լուծել…Մի՞թե պարզ չէ, որ այս մարդը թեև Եգիպտոսից է դուրս եկել, սակայն չի մոռացել այնտեղի խորտիկների համը: Ահա
մի կին, որը թեև մերժել է անօրինական սերը, բայց ամենևին էլ դեմ չէ, որ իրեն սիրահետեն…Ի՜նչ վտանգավոր է նրանց կացությունը:
 
Իմ աստվածասեր բարեկամ, առաքինի կյանք վարելու համար հարկավոր է ոչ միայն այլևս չմեղանչել, այլև սրտից անխնա վտարել այն ամենը, ինչ նպաստում է մեղսագործությանը: Այդ չարաբաստիկ հակումները կարող են արմատանալ և նորանոր անկումների առիթ հանդիսանալ: Դրանք այնպես են ծանրաբեռնում հոգին, որ այն անկարող է դառնում հաճախակի, արագ և ջանասիրաբար բարիք գործելու, ինչն էլ ճշմարիտ բարեպաշտությնա էությունն է: Այն հոգիները, ովքեր արդեն մեղսունակ չեն, բայց դեռ պահպանում են հակումը և կապվածությունը մեղքին, իմ կարծիքով` նման են տկար օրիորդների, որոնք իրականում հիվանդ չեն, բայց նրանց բոլոր դրսևորումները հիվանդագին են`ուտում են, բայց չեն հագենում, քնում են բայց չեն հանգստանում, ծիծաղում են, բայց չեն ուրախանում, և կարծես հազիվ են գոյատևում, այլ ոչ թե ընթանում կյանքի ճանապարհով: Ամեն մի բարի գործ այնպես է հոգնեցնում նրանց, որ գործերը քանի գնում սակավաթիվ և անարդյունավետ են դառնում:
«Բարեպաշտ կյանքի ուղեցույց» գրքից
Սուրբ Ֆրանցիսկոս Դը Սալ
640px-rembrandt_harmensz-_van_rijn_079