Ղովտն ապրեց անօրեն սոդոմացիների մեջ ու փրկվեց, Հուդան առաքյալ էր, բայց գեհենի բաժին դարձավ: Կարդա և օգտվիր օրինակից:

Արդար Սրբին մի քաղաքաբնակ ասաց.
«Աշխարհում մնալով՝ հնարավոր չէ փրկվել: Եթե նույնիսկ մարդը ներքուստ բարեբարո լինի, ուրիշները նրան կգայթակղեցնեն:
Ավելին, որքա՜ն շատ են բամբասանքները. ոմանց թվում է, թե աստվածասերները չափից ավելի են իմաստակում, մյուսներին դուր չի գալիս ուրիշներից տարբերվող նրանց կենսակերպը, քննադատում են աշխարհի կանոններին չհետևելու համար, ոմանք էլ նրանց կոչում են մարդախույսներ: Իսկ այս ամենը անհաստատ սրտի
համար շատ վտանգավոր է: Ով ցանկանում է լինել կատարյալ, անպայման պետք է ապրի վանքում կամ անապատում»: Լսելով այս՝ սուրբ պատասխանեց.
«Զավակս, տեղը ո՛չ փրկում, ո՛չ էլ կործանում է մարդուն, միայն գործերն են փրկում ու կործանում: Ոչ սուրբ աստիճանը կօգնի, ոչ էլ սուրբ վայրը նրան, ով չի կատարում Աստծո պատվիրանները:
 
Սավուղն ապրեց արքայական ճոխության մեջ, բայց մեռավ,
Դավիթն ապրեց նույն շքեղության մեջ և պսակն ընդունեց.
Ղովտն ապրեց անօրեն սոդոմացիների մեջ ու փրկվեց, Հուդան առաքյալ
էր, բայց գեհենի բաժին դարձավ: Ով ասում է, թե աշխարհում, ամուսնու /կնոջ/
կամ երեխաների հետ ապրելով հնարավոր չէ փրկվել, նա սնում է
իր անմտությունն ու թուլությունները:
Աբրահամը կին և երեխաներ ուներ, ուներ երեք հարյուր ութսուն ստրուկ, այդքան էլ՝ ստրկուհի, մեծաթիվ ոսկի ու արծաթ. բայց այդ ամենը նրան չխանգարեց, որ կոչվի Աստծո բարեկամ: Քանի անապատական ու եկեղեցու սպասավոր է փրկվել, քանի` մեծամեծ և զինվորական, քանի`արհեստավոր ու հողագործ: Քանիսն էին աղմկոտ մայրաքաղաքներում, քանիսը՝ խաղաղ անապատներում: Կարդա՛ սուրբերի վարքը և կիմանաս Աստծու հաճությունը շահածների անունները:
 
Բայց մյուս կողմից էլ, այդ նույն աստիճանն ունեցող, նույն պայմաններում, նույն վայրերում և հենց այդ ժամանակ ապրողներից քանի-քանիսն են կորստյան մատնվել: Արքայից մինչև ստրուկ Երկնքի արքայության որդիներ են դարձել, և արքայից մինչև ստրուկ` կործանվել:
Քրիստոսի եկեղեցու որդի՛, մի գայթակղեցրու միտքդ.Աստծուց ամեն տեղ փրկություն կստանաս, եթե կատարես կամքը Նրա: Տերն արդարի հոգին իր գիրկը կառնի, լինի նա գահակալ, թե մաճկալ, խորանում, թե կռվի դաշտում: Եվ այսպես, աշխարհում ապրողը թող չհուսահատվի:
Եթե մեղանչի, զղջումով դարձյալ կարող է մոտենալ Աստծուն: Յուրաքանչյուր ոք թող կատարի այն շնորհի առաքինությունները, որոնք Աստված դրել է նրա վրա, ավելին, թող լինի բարեպաշտ և մարդասեր, այնժամ կփրկվի: Դրան հակառակ, եթե որևէ մեկն առանձնանա անապատում, բայց հետ չկանգնի չար գործերից կամ չարակամությունից, անկասկած, կկործանվի»:
Քրիստոնեական բարեպաշտության օրինակներ գրքից.
10644914_693025784145007_2075903257967879987_n