Ի՞նչն է ինձ այդպես կապել եկեղեցուն.

Պատարագի ժամանակ փորձեցի գտնել մի հարցի պատասխան, որ
տարիներ ի վեր հետաքրքրում է ինձ: Ի՞նչն է ինձ այդպես կապել եկեղեցուն
և ի՞նչը ինձ այսքան փոխեց այս տարիների ընթացքում:
Կրկնվող բաներից կարելի է ձանձրանալ, նույն գիրքը ինչքան հետաքրքիր լինի,
մի քանի անգամ չենք կարդա, նույնը` կինոն և այլն: Բայց տասներկու տարի է
ամեն կիրակի գնում եմ Պատարագ, ու հաջորդ օրվանից սպասում եմ կիրակիին, չնայած որ Պատարագն էլ նույնն է ամեն կիրակի: Պատարագի ժամանակ ինչ հասկանալու է, հասկանում եմ, քարոզը հասկանում եմ, աղոթքները, սաղմոսները անգիր գիտեմ, նույնիսկ քահանայի բաժինը գիտեմ, այսինքն ամեն ինչ հասկանում եմ, ինչ որ մարդու ձեռքով է գրվել: Բայց կա մի բան, որ չեմ հասկանում, ու հենց այդ բանն է որ ինձ գամել է եկեղեցուն, ոչ թե կապել…Ու հանկարծ զգացի, որ ինձ եկեղեցուն կապում է ոչ թե այ՛ն, ինչը հասկացել եմ, այլ այ՛ն, ինչը չեմ հասկացել:

Բուն` Խորհուրդ Խորինը, Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելն է ինձ փոխել ու կապել եկեղեցուն, կապել է հազար թելերով: Սուրբ Հաղորդությունն է, որ իմ մեջ հեղաշրջում կատարեց, ու ինձ համար գերագույն արժեք դարձավ Աստված, ոչ թե
ես, կամ գիտելիքը որ սովորեցի: Ես հիմա հստակ կարող եմ ասել, որ ունեմ երեք բարեկամ` Եկեղեցի-հոգևորական, Աստվածաշունչ և բժիշկ: Քանի որ ես ստեղծված եմ եռամասնյա` հոգի, միտք և մարմին: Ուղղակի կիսվեցի ձեզ հետ մտքերով,
բայց քավ լիցի, երբեք`փորձառությամբ: Իմ փորձառությունը որևէ մեկի համար փորձառություն չի կարող լինել: Աստված յուրովի է մոտենում ամենքին…

«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան»:

68958_626907934103554_956972066723910531_n