Աստծո երկայնամտությունը և դատաստանը…

«Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում»։ Մատթ.3:10
Ըստ երևույթին մեր ամեօրյա փորձառությունը չի հաստատում այս դատավճռի ճշմարտությունը, որ Ինքը` Ճշմարիտ Մեսիան կրկնել է շատ անգամ տարբեր խոսքերով և կողմնակի օրինակներով:
Քանի՞ անպտուղ, վնասակար ծառեր անարգել աճում են մեր աչքի առջև, զուր
տեղը գետին են զբաղեցնում, ուրիշների աճմանն արգելք լինում, կամ իրենց չար պտուղներով թունավորում շատերին, մինչդեռ հուսատու պտղալից տունկերը խեղդվում, կորցնում են իրենց կենսունակությունը, կամ անխնա կտրվում`
մահվան գիրկն են նետվում: Ինչո՞ւ է այսպես…
 
«Ահա մեղավոր են և հաջողակ են». այս միտքը միայն սաղմոսերգուին չէ, որ տանջել է, այլ մեզ` ամենքիս զբաղեցնում է շարունակ և մենք փոխանակ ճշմարտության Ավետարանի մեջ լուծումն որոնելու`մռայլ մտածությունների մեջ
ենք ընկնում, կամ պղտոր աղբյորներից մեր բարոյական հաստատամտությունը ջլատող անշահ տեսություններ քաղում: Ավետարանի թզենու առակը օրինակ
պետք է լինի ամենքիս համար, երբ մեր անպտուղ լինելը, մեր չար պտուղներ ունենալն զգում ենք, կամ աչքի առաջ տեսնում ենք անշահ մարդիկ, որոնք զուր
հաց են ուտում, և հարցնում ենք զարմացած. ինչո՞ւ են ապրում այսպիսիները,
ինչո՞ւ Աստված ամեն անպետք տունկ արմատով չի խլում և և մեր ամեն մի չար գործը պատժում:
 
Պատասխանը պարզ է, ինչպես թզենին այգեպանի համար, այնպես և մեզնից յուրաքանչյուրն իր տեղում թանկ է իր նախախնամող Տիրոջ համար, որը մեղավորի մահը չի կամենում, այլ չար ճանապարհից դառնալն ու ապրելը. և քանի մենք կենդանի ենք, հույս կա դեռ, որ մեր շուրջը բարեհաջող պայմաններ կստեղծվեն և մեր բարի պտուղներ բերելուն կնպաստեն: Աստծո ամենամեծ առաքինությունը երկայնամտությունն է: Եվ հիրավի, ինչպե՞ս պետք է կառավարվեր տիեզերքը, եթե նրա նախախնամողն այդ առաքինությունը չունենար, եթե նա ինչպես մի գորովալից այգեպան չվարվեր իր տնկած ծառերի հետ, որ գիտե երկար համբերել և իմաստությամբ ու սիրով հոգ տանել, մինչև ցանկալի պտուղներ ստանա: Ո՞վ
կարող է ասել, թե մեզնից յուրաքանչյուրի համար ի՞նչ է պահած: Երկայնամիտ
ու Անաչառ Դատավորը մի տարի, երկու տարի – հարյուր տարի սպասել կարող է, բայց երբևիցէ կանի իր դատաստանը և վախճանը պարզ է.
«Հատանի և ի հուր արկանի, այսինքն` կտրւում եւ կրակն է գցւում»:
Քարոզագիրք` «Արարատ»-ի ժառանգությունը.