ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 8:31- 47
ԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՒ ԳԵՐԻՆԵՐ
31 Այն ատեն Յիսուս իրեն հաւատացող Հրեաներուն ըսաւ. «Եթէ դուք իմ խօսքիս մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներս կ՚ըլլաք 32 Եւ ճշմարտութիւնը պիտի գիտնաք ու այն ճշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ»։ 33 Պատասխան տուին իրեն. «Մենք Աբրահամին սերունդն ենք ու երբե՛ք մէկուն չծառայեցինք. դուն ի՞նչպէս կ՚ըսես թէ՝ «Ազատ պիտի ըլլաք’»։ 34 Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ ‘Ամէն ով որ մեղք կը գործէ, անիկա մեղքի ծառայ է’։ 35 Եւ ծառան տանը մէջ յաւիտեան չի մնար, բայց որդին յաւիտեան կը մնայ։ 36 Ուստի եթէ Որդին ձեզ ազատ ընէ, ճշմարտապէս ազատ պիտի ըլլաք։ 37 Գիտեմ թէ Աբրահամին սերունդն էք, բայց կը փնտռէք զիս մեռցնել վասն զի իմ խօսքս ձեր ներսիդին տեղ չունի։ 38 Ես ինչ որ տեսայ իմ Հօրս քով՝ զայն կը խօսիմ եւ դուք ալ ինչ որ տեսաք ձեր հօրը քով՝ զայն կ՚ընէք»։ 39 Պատասխան տուին ու ըսին անոր. «Մեր հայրը Աբրահամն է»։ Ըսաւ անոնց Յիսուս. «Եթէ Աբրահամին որդիները ըլլայիք, Աբրահամին գործերը պիտի գործէիք։ 40 Բայց հիմա կը փնտռէք սպաննել զիս, այնպիսի մարդ մը, որ ձեզի ճշմարտութիւնը խօսեցայ, որ Աստուծմէ լսեցի։ Աբրահամ այդ բանը չըրաւ։ 41 Դուք ձեր հօրը գործերը կ՚ընէք»։ Այն ատեն ըսին անոր. «Մենք պոռնկութենէ չենք ծնած, մենք մէկ Հայր ունինք, որ է Աստուած»։ 42 Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աստուած ձեր Հայրը ըլլար, պիտի սիրէիք զիս. վասն զի ես Աստուծմէ ելայ ու եկայ. ո՛չ թէ ես ինքիրմէս եկայ, հապա անիկա զիս ղրկեց։ 43 Ինչո՞ւ դուք իմ խօսքերս չէք հասկնար։ Անոր համար որ չէք կրնար իմ խօսքիս մտիկ ընել։ 44 Դուք ձեր հօրմէն Սատանայէն էք ու ձեր հօրը բաղձանքը կ՚ուզէք ընել։ Անիկա սկիզբէն մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չկեցաւ, վասն զի անոր ներսիդին ճշմարտութիւն չկայ։ Երբ անիկա ստութիւն խօսի, բուն իրեններէն կը խօսի, քանզի անիկա ստախօս է եւ անոր հայրը։ 45 Բայց որո՛վհետեւ ես ճշմարտութիւն կը խօսիմ, ինծի չէք հաւատար։ 46 Ձեզմէ ո՞վ կրնայ զիս յանդիմանել մեղքի համար. իսկ եթէ ես ճշմարտութիւնը կը խօսիմ, ինչո՞ւ ինծի չէք հաւատար։ 47 Ան որ Աստուծմէ է, Աստուծոյ խօսքերը մտիկ կ՚ընէ։ Դուք անոր համար մտիկ չէք ըներ, քանզի Աստուծմէ չէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Տեսնենք, թե ի՞նչ է ասում մեզ այսօր մեր Հովհաննես առաքյալը. Երուսաղեմի տաճարում դեռ շարունակվում է ուսուցումը Տէր Հիսուս Քրիստոսի կողմից, բայց այս անգամ Նա խոսում է հավատացյալ հրեաների համար, նրանց համար, որոնք տաճարում հավատացին Նրան իր վկայությունից հետո: Սրանք էլ այն հավատացյալ հրեաներն են, որոնք աստվածաբանական խորհուրդները չեն հասկանում և առհասարակ ավելի խորը մտքերը իրենց համար հասանելի չէ: Այս հավատացյալները չհավատացին, ինչպես որ կկամենար տեսնել Հիսուս Քրիստոս: Ուղղակի այս հավատացյալ հրեաների խմբին դուր եկավ խոնարհությունը Քրիստոսի ուսուցման մեջ, քանի որ իրենց ականջը սովոր չէր նման խոսքի: Այս միտքը մեզ հասկանալի է դառնում Հիսուսի այն խոսքից, որ նրանց ասում է,- Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, Իմ աշակերտները կլինեք: Որովհետև տեսնում էր նաև նրանց սրտերը և գիտեր որ հավատարիմ չեն մնալու Իր խոսքին: Քանի որ նախորդ ուսուցման ժամանակ երբ խոսում էր երկնքից իջած հացի մասին և ասում էր, որ Ես եմ Կենաց հացը, ներկաներից շատերը հեռացան Իրենից՝ խիստ համարելով այդ խոսքերը: Հիմա իրեն հավատացողներին հորդորում է հավատարիմ մնալ իր ուսուցմանը և ճանաչել ճշմարտությունը, այսինքն Իրեն; Հրեաների իմացած ճշմարտությունը օրենքն էր, որը օրինակն էր կամ ստվերը Իրական ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսն է: Նախորդ համարում փարիսեցիների ասաց, որ դուք կմեռնեք ձեր մեղքերի մեջ, եթե չապաշխարեք, որովհետև Աստծու արքայության մեջ մեղքը տեղ չունի: Իսկ այս հրեաներին, որոնք իբրև հավատացյալ են, ասում է եթե հավատարիմ մնաք իմ ուսուցմանը կճանաչեք Ինձ, որ ճշմարտությունն եմ, իսկ ես ձեզ կազատեմ ձեր մեղքից: Հին ուխտի արյան զոհաբերությունները մարդուն չեն ազատել մեղքից, իսկ հոգևոր զոհաբերությունը և հավատքը կազատի մարդուն իր մեղքերից, որի մեջ ապրում է և ծառա է մեղքին:
Իսկ Հիսուս առաջարկում է նրանց ազատվել մեղքից և լինել ո՛չ թե մեղքի ծառաներ, այլ՝ Աստծու որդիներ: Լսողները, որոնք իրենց Աբրահամի որդիներ էին համարում, զարմացան, որ Հիսուս իրենց ծառաներ է անվանում: Բայց Տէր Հիսուսի խոսքը հստակ է, և մեղքի ծառաներ է անվանում նրանց իսկ նրանք հասկանում են ստրուկի իմաստով: Տէր Հիսուս նորից է բացատրում, որ մեղքի գերության տակ մնացած մարդիկ չեն կարող ազատ կոչվել, որովհետև ծառայում են մեղքին, հետևաբար մեղքի ծառա են: Իսկ ծառա հավիտենական տան մեջ չի կարող բնակվել: Նկատի ունի, որ մեղավոր մարդիկ երկնքի արքայության հավիտենականության մեջ անելիք չունեն; Ինչպես որ փարիսեցիներին ասաց մեղքը մահ է, իսկ մահը հավիտենականության մեջ տեղ չունի: Բայց որդին ապրում է հավիտենականության մեջ: Մի՞թե չեք կամենում լինել Աստծու որդիներ և ապրել հավիտենականության մեջ: Եթե Որդին ազատի ձեզ ձեր մեղքերից, դուք ճշմարտապես ազատ կլինեք և իրավունք ձեռք կբերեք հավիտենականության համար: Սիրելիներ, թվում է թե ամեն մեկ նախադասություն լիարժեք և հասկանալի կերպով բացատրում է ներկաներին, բայց պարզվում է, որ այս հավատացյալ հրեաներն էլ ուրիշ խնդիր ունեն հասկանալու իրենց հպարտության պատճառով: Իրենք հպարտանում են իրենց նախահայր Աբրահամով և նրանից բացի մեկին չեն ուզում ճանաչել, բայց միևնույն ժամանակ լինելով Աբրահամի որդիներ ապրում են մեղքի մեջ և չեն հետևում Աբրահամի գործերին: Տէր Հիսուս ասում է, եթե դուք հավատաք ինձ, ապա կճանաչեք ճշմարտությունը, և որևէ մեկը չի հարցնում Հիսուսին, մի՞թե մեր գիտեցած օրենքները ճշմարիտ չեն , այլ՝ կեղծ: Որևէ մեկը չի ներկայանում իր արժանիքներով, այլ հպարտ են միայն Աբրահամի անունով և ոչ իրենց գործերով: Հիշո՞ւմ եք մենք Մատթևոսի Ավետարանի սերտողության ժամանակ լսեցինք, թե ինչպես էր Հովհաննես Մկրտիչը հրեաներին հանդիմանում այն բանի համար, որ նրանք իրենց Աբրահամի որդիներ էին կոչում, և ո՛չ մի ապաշխարության գործ չէին կատարում: Հովհաննեսն ասում էր նրանց,- Մի հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր Հայրն է, ասում եմ ձեզ, որ Աստված կարող այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել: Հիմա Տէր Հիսուս կամենում է այս քարացած սրտերով հրեաներից Աստծու որդիներ պատրաստել, և սրանք չեն հասկանում; Հիսուս ամենևին չի մեղադրում, որ նրանք մարդու ծառաներ են, այլ բացատրում է, որ բացի մարդու ծառայից, նաև մեղքի ծառա եք:
Մեղքի ծառայությունը ավելի ծանր է մարդու ծառայությունից, իսկ դրանից կարող է ազատել միայն Աստծու Որդին, որ հենց այդ նպատակով է եկել: Մենք շատ հաճախ ենք կարդում, որ առաքյալները գրում են, որ իրենք Քրիստոսի ծառաներն են: Այս ասելով, նրանք փաստում են, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են իրենց սեփական կամքից, և ծառայում են Քրիստոսին: Օրինակ Պողոս առաքյալն էլ է իրեն համարում Քրիստոսի ծառա, և նույնիսկ գրում է, որ նախ պետք է արժանանալ Քրիստոսի ծառա կոչվելուն, որովհետև ծառան նա է, որ իր կամքով ոչինչ չի անում, այլ՝ իր տիրոջ: Մարդու կամքը տկար է և երբեք աստվածայինին չի ձգտում, այլ մեղքին, որովհետև մարդու ազատությունը մարդուն տանում է փակուղի: Առաքյալները բոլորը հրաժարվեցին իրենց մեղավոր կամքից և իրենց համարեցին Քրիստոսի ծառաներ: Նույնիսկ Քրիստոսի եղբայրը՝ իրեն Քրիստոսի ծառա համարեց, Նրան հավատալուց հետո, չնայած որ միասին էին ապրում: Պողոս առաքյալը այս մասին հստակ պատկերացում է տալիս բոլորիս, ասելով,- Ո՛ւմ որ ծառայում եք, ծառան եք նրա:Եթե ծառայում եք Աստծուն, ուրեմն դուք ազատ եք մեղքից ամբողջությամբ, իսկ եթե մեղքին եք ծառայում, ուրեմն ծառա եք մեղքին; Հրեա ազգը այնքան էր լճացել իրենց միապաղաղ օրենքների մեջ, որ նույնիսկ մեղքի մեջ ապրողը չէր զգում իր մեղքը: Հրեաների համար իրենց միջից ընտրում էին քահանայապետ, որը իրավունք էր ստանում մարդկանց կողմից՝ Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի համար: Բայց քահանայապետը նույնպես տկարություններ և մեղքեր ուներ հետևաբար ամբողջությամբ չէր կարող մոլորվածներին և տգետներին արձակել մեղքերից, քանի որ ինքն էլ մեղքեր ուներ: Ուրեմն հարկ էր որ քահանայապետն էլ իր համար ընծաներ ու զոհեր մատուցեր իր մեղքերի համար, ինչպես որ ժողովուրդը: Ամեն քահանայապետ ո՛չ թե ինքն իրենից է առնում այդ պաշտոնը, այլ՝ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես որ օրինակ՝ Ահարոնը: Նույնպես և Քրիստոս, ո՛չ թե Ինքն իրեն մեծարեց, քահանայապետ դառնալու համար, այլ՝ Նա, ով Նրան ասաց,- Դո՛ւ ես Իմ Որդին, Ես այսօր քեզ ծնեցի:
Սիրելիներ, ինչպես նկատեցինք, շատ ծանր է եղել հին ուխտի մեջ մեղքերի թողության հարցը և ամբողջը կապված էր եղել զոհերի արյան հետ, և հատկապես որ անմեղ չի եղել ոչ զոհ մատուցողը և ոչ էլ զոհն ընդունող քահանայապետը: Հիսուս Քրիստոս կամենում է ազատել մարդկանց այդքան բարդություններից և զոհերի արյան ծովից, բայց մարդիկ համառորեն ուզում են մնալ նույն կախյալ վիճակում և ազատություն չեն ուզում , քանի որ չեն ճանաչում թե ի՛նչ բան է ազատությունը: Հիսուս հրեաներին ասում է, որ գիտեմ, թե դուք Աբրահամի որդիներ եք, բայց պատրաստվում եք սպանել Ինձ՝ Աստծու Որդուն, քանի որ Իմ խոսքը չեք հասկանում և այն տեղ չունի ձեր մեջ: Դուք շարունակում եք անել այն, ինչ տեսել ու լսել եք ձեր հորից, բայց Ես, ասում է Հիսուս,- խոսում եմ այն, ինչ տեսա Իմ Հոր մոտ: Իրենց համարում են Աբրահամի որդիներ, բայց Աբրահամից ոչինչ չկա իրենց մեջ: Գրվածքն ասում է, Հավատաց Աբրահամը և այդ հավատը իրեն արդարություն համարվեց: Աստված Աբրահամի այդ տեսակ հավատը փոխակերպեց արդարության , իսկ այստեղ Աբրահամի որդիները լսելով չեն հասկանում, չեն հավատում և չեն ուզում իջնել իրենց հպարտությունից, որպեսզի տեսնեն իրենց դիմաց է Նա, որը մեծ է Աբրահամից; Տէր Հիսուս բազում օրինակներով բացատրում է նրանց, որ խոսքը չհասկանալու համար, դուք պատրաստվում եք սպանել, ու հետն էլ ասում եք որ դուք Աբրահամի զավակներ եք; Աբրահամը իր զավակին զոհաբերելու տարավ Աստծուն սիրելու պատճառով, իսկ դուք նույնիսկ չեք հասկանում թե ի՛նչ եմ խոսում ես: Ինչո՞ւ էր այսքան մանրամասն ներկայացնում ամեն ինչ և հիմնավորում, որ նրանց հպարտությունն էր պատճառը, որ չէին հասկանում Հիսուսին; Նույնիսկ ուղիղ իմաստով հարց է տալիս հրեաներին, ասելով,- Ինչո՞ւ ինձ չեք հասկանում; Երբ նրանց ասաց, որ դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր կամքն եք կատարում, քանի որ նա մեջ ճշմարտություն չկար:
Տէր Հիսուս հղում արեց Եզեկիելի մարգարեություն, որին փարիսեցիները շատ լավ ծանոթ էին, հատկապես այն հատվածին, որ մարգարեի բերանով խոսում է Աստված սատանայի մասին, ասելով,- Անարատ ես եղել քո օրերում, ստեղծվելուցդ ի վեր, մինչև որ անիրավություններ են երևան եկել քո մեջ: Եզեկ. 28:14 Անիրավության ու հպարտության մեղքի մեջ ընկած հրեշտակների մասին է խոսքը, որոնք վռնդվեցին երկնքից: Հրեաների մեջ էլ կա այդ հպարտությունը և նրանք անվերջ իրենց են փնտրում և ո՛չ Աստծունը: Իսկ սերը ոչինչ չի փնտրում, բայցի ծառայությունից: Ահա թե ինչու չեն հասկանում Հիսուս Քրիստոսի ո՛չ մի խոսքը, որ ուղղված է իրենց: Այս ամենից հետո Հիսուս հարց է տալիս ներկա փարիսեցիներին, ասելով,- Ձեզնից ո՞վ կհանդիմանի Ինձ մեղքի համար: Իսկ եթե ճշմարիտ եմ ասում, ինչու չեք հավատում ինձ: Եթե մենք ժամանակ ունենայինք և հիմա հերթով բացեինք համապատասխան մարգարեությունները, ապա կտեսնեինք, որ Հիսուս Քրիստոս ոչինչ չի խոսում մարգարեություններից դուրս: Քանի որ Երեմիա Մարգարեն կանգնում է ժողովրդի առջև և բացահայտ հարց է տալիս նրանց, ասելով,- ահա ես կանգնած եմ ձեր առջև, բարձրաձայն ներկայացրեք իմ մեղքերը, իսկ եթե մեղք չունեմ ինչո՞ւ ինձ չեք լսում; Կամ Եսայի մարգարեն իր առաջին գլխում նույն բանն է ասում Իսրայելի ժողովրդին արտահայտելով Տիրոջ կամքը, թե,- Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ: Վայ մեղավոր ազգին, մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն ծնունդներ, որ թողեցիք Տիրոջը և բարկացրիք Իսրայելի Սրբին; Եսայ.1:3 Քրիստոս հրեաներին ամեն խոսք ասում է փաստերով, որպեսզի չկարողանան հակադարձել, քանի որ իրենց հայրերն էլ նույնն են արել և թաքնվել են Աբրահամի անվան համբավի տակ, բայց իրենց մեղքերով; Երբեմն քրիստոնյաներն էլ թաքնվում են քրիստոնյա անվան տակ և ապրում են մեղքի մեջ, կարծելով թե քրիստոնյա անունը կարող է իրենց ազատել գալիք պատասխանատվությունից: Փարիսեցիները չկարողացան հասկանալ, որ Քրիստոս այն լույսն էր, որ իրենց ուղեկցում էր անապատից դուրս գալու ժամանակ: Սիրելիներ, Քրիստոսի այս մարգարեությունները ամբողջությամբ աստվածաբանական մտքեր են, որոնք կարելի հասկանալ միայն մաքուր սրտով, սեփական անձը և ես ը ուրանալով: Այլապես մարդը իր սահմանափակ մտածողությամբ անկարող է հասկանալ Աստծուն:
Բայց մաքուր սիրտը վերցնում է այն ինչ ասում է Աստված, և չի հակառակվում Աստծու խոսքին: Այսպիսի մարդու համար Աստված առավել խորին խորհուրդներ է բացում հետագա ընթերցումների ժամանակ: Շատ են հանդիպում մարդիկ, որոնք ասում են, որ իրենք Ավետարանը կարդում են և չեն հասկանում: Պատարագը լսում են և չեն հասկանում: Եթե այս մարդիկ անկեղծորեն իրենց սրտում քննեն իրենց ասածը, ապա կտեսնեն, որ իրենց միտքը կարդալու և լսելու պահին այլ բանով է զբաղված, և ներկա չէ ոչ խորհրդի ժամանակ, ոչ էլ կարդալու ժամանակ;: Մի մարդ, որը տիրապետում է տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների, ինչպե՞ս կարող է չհասկանալ Աստծու խոսքը: կամ մի մարդ, որը տիրապետում է օտար լեզուներ, ինչպե՞ս կարող է չհասկանալ Սուրբ Գիրքը՝ գրված իր լեզվով: Ցանկության դեպքում մարդ արարածը սովորում է, այն, ինչ իրեն պետք է իր բիզնեսի, մասնագիտության, եկամտի և իր շահերի համար, բայց երբ հերթը հասնում է Աստվածաշնչին կամ պատարագին, շատերը ասում են չենք հասկանում; Սա պատասխանատվությունից չի ազատում մարդուն, այնպես ինչպես որ Հիսուս Քրիստոս փաստերով ապացուցեց հրեաներին, որ ձեր սրտերը մաքրեք մեղքերից և զղջացեք դրանց համար, ու այդ ժամանակ կհասկանաք բոլոր խոսքերը որ Ասում է Հիսուս Քրիստոս: Քանի դեռ մարդ արարածը իր մեղքերի համար չի զղջացել, և իր սիրտը չի մաքրել ամեն տեսակի մեղքերից, Հայրը չի կարող կանչել նրան Իր Որդու մոտ; Ինչպես որ փարիսեցիների ասաց, մեղքը երկնքի արքայությունում տեղ չունի, ո՛չ էլ մահը, որը մեղքի վարձքն է; Այսօրվա սերտողության դասը այնքան պարզ էր ասված, որ նույնիսկ մեկնության կարիք չունի, որպեսզի չաղավաղվի խոսքի մաքրությունն ու անաղարտությունը, որ ասաց Տէր Հիսուս,- Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի: Կամ երկրորդ միտքը՝ որ ասում է, Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Ավելի պարզ ու հասկանալի անկարելի է արտահայտել այս մտքերը: Ուղղակի մեր և առհասարակ մարդկության խնդիրը կայանում է նրանում, որ մենք ուզում ենք և՛ մեր կամքը, և՛ Աստծու կամքը: Ուզում ենք և՛ մեր ազատությունը և՛ Աստծու տված ազատությունը: Այդպես չի՛ լինում, քանի որ Տէր Հիսուս այս մասին էլ է ասել, թե՝ երկու տիրոջ չեք կարող ծառայել: Կարող ենք ծառայել Աստծուն և լինել կատարյալ ազատներ և ոչ ոք չի կարող մեզ մեղադրել մեղքի մեջ: Ճանաչե՛նք ճշմարտությունը, սիրելինե՛ր, որովհետև ուրիշ ճանապարհ չկա դեպի Գողգոթա տանող: Ես եմ Ճանապարհը և ճշմարտությունը,- ասում է Աշխարհի Լույսը՝ Մեր Տէր Հիսուսը: Ավարտեցին այսօրվա սերտողությունը, վաղը հանդիպելու ակնկալիքով:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: