ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 8:12-30
ՅԻՍՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՅՍԸ
12 Յիսուս նորէն խօսեցաւ անոնց ու ըսաւ. «Ես եմ աշխարհի լոյսը. ան որ իմ ետեւէս կու գայ, խաւարի մէջ պիտի չքալէ, հապա կենաց լոյսը պիտի ունենայ»։ 13 Իսկ փարիսեցիները ըսին անոր. «Դուն քու անձիդ համար կը վկայես, քու վկայութիւնդ ճշմարիտ չէ»։ 14 Պատասխան տուաւ Յիսուս եւ ըսաւ անոնց. «Թէեւ ես իմ անձիս համար կը վկայեմ, բայց իմ վկայութիւնս ճշմարիտ է, վասն զի գիտեմ ուրկէ՞ եկայ եւ ո՞ւր կ՚երթամ։ Իսկ դուք չէք գիտեր ուրկէ՞ կու գամ եւ ո՞ւր կ՚երթամ։ 15 Դուք մարմնին նայելով դատաստան կ՚ընէք։ Ես բնաւ մէկը չեմ դատեր, 16 Թէեւ դատելու ալ ըլլամ, իմ դատաստանս ճշմարիտ է. վասն զի ես մինակ չեմ, հապա ես եւ Հայրը, որ զիս ղրկեց։ 17 Ձեր օրէնքին մէջ ալ գրուած է թէ՝ ‘Երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է’։ 18 Ե՛ս եմ որ իմ անձիս համար կը վկայեմ ու Հայրն ալ, որ զիս ղրկեց կը վկայէ ինծի համար»։ 19 Այն ատեն ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»։ Յիսուս պատասխան տուաւ. «Ո՛չ զիս կը ճանչնաք եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ զիս ճանչնայիք իմ հայրս ալ պիտի ճանչնայիք»։
20 Յիսուս այս խօսքերը խօսեցաւ գանձատունը՝ երբ տաճարին մէջ կը սորվեցնէր ու մէ՛կը չբռնեց զանիկա, վասն զի դեռ անոր ժամանակը հասած չէր։
ՉԷՔ ԿՐՆԱՐ ԵՐԹԱԼ ՀՈՆ, ՈՒՐ ԵՍ Կ՚ԵՐԹԱՄ
21 Յիսուս նորէն ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ ու զիս պիտի փնտռէք եւ ձեր մեղքերուն մէջ պիտի մեռնիք։ Ուր որ ես կ՚երթամ, դուք չէք կրնար գալ»։ 22 Ասոր վրայ Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզինք պիտի մեռցնէ՞, որ կ՚ըսէ թէ՝ ‘Ուր ես կ՚երթամ, դուք չէք կրնար գալ’»։ 23 Ըսաւ անոնց. Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ. 24 Անոր համար ձեզի ըսի թէ՝ ‘Ձեր մեղքերուն մէջ պիտի մեռնիք’, վասն զի եթէ չհաւատաք թէ ես Ան եմ, ձեր մեղքերուն մէջ պիտի մեռնիք»։ 25 Այն ատեն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»։ Յիսուս ըսաւ անոնց. «Ինչ որ սկիզբէն ձեզի ըսի։ 26 Շատ բաներ ունիմ ձեզի համար խօսելու եւ դատելու. բայց ան որ զիս ղրկեց՝ ճշմարիտ է եւ ես ինչ որ իրմէ լսեցի, զանիկա կը խօսիմ աշխարհի»։ 27 Անոնք չիմացան թէ Հօրը համար կը խօսէր իրենց։
28 Յիսուս ըսաւ անոնց. «Երբ Որդին մարդոյ բարձրացնէք, այն ատեն պիտի գիտնաք թէ ես ով եմ ու ինքնիրմէս բան մը չեմ ըներ, հապա Հայրս ինչպէս ինծի սորվեցուց՝ այնպէս կը խօսիմ. 29 Եւ զիս ղրկողը ինծի հետ է. Հայրը զիս մինակ չթողուց, վասն զի ես միշտ անոր հաճելի եղած բաները կ՚ընեմ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Նախորդ գլխի ուսուցումների և այսօրվա սերտողության միջև գտնվող շնացող կնոջ դրվագը, արժանացել է Հովհաննես ավետարանչի ուշադրությանը, այն առումով, որ ընթերցողը նույնպես հաղորդակից լինի այս գլխավոր ասելիքին, որ՝ Քրիստոսին չճանաչող մարդը, նրա խոսքերին անծանոթ քրիստոնյան ու հավատացյալը կարող են հայտնվել ու ապրել մեղքի մեջ առանց գիտակցելու դրա վնասակար հետևանքների մասին: Նախորդ համարներում Տէր Հիսուս ասում է, որ ինքն է երկնքից իջած Հացը, որով մեզ մեղքերի քավություն և թողություն է տալիս և հավիտենական կյանք է պարգևում; Քրիստոսն է կենդանի ջուրը, որից խմելու դեպքում երբեք ծարավ չենք զգալու: Իսկ այսօր ասում է, որ Ինքն է աշխարհի լույսը: Հաց, ջուր և լույս, մի՞թե ավելի կարևոր բաներ կան մեր կյանքի գոյատևման համար; Այս նույն խոսքերն է կրկնում Հիսուս Քրիստոս փարիսեցիների առջև, ինչը որ ասում էր յոթերորդ գլխում: Այսօրվա սերտողության մեջ էլ փորձում է փարիսեցիներին բացատրել, որ նրանք չեն կարող իր մոտ գալ, առանց ապաշխարության, քանի որ Ինքն ու Հայրը միասին են: Փարիսեցիներին բերում է այդ շնացող կնոջ օրինակը և ասում է, որ դուք դատում են մարդուն՝ առերևույթ, մարմնական մղումներից ելնելով, իսկ Ես ոչ ոքի չեմ դատում: Որովհետև Աստված նայում է մարդու սրտին և ըստ նրա սրտի է անում դատաստանը: Յուրաքանչյուր մարդ կարող է ընկնել մեղքի մեջ, սակայն պետք է նաև հաշվի առնել մեղքի դրդապատճառը և օգնել մեղավոր մարդուն, որպեսզի նա դուրս գա մեղքից և չվնասի իր հոգու պատկերը, որ Աստծունն է: Աստված է ստեղծել մարդուն և պատրաստ է վեր բարձրացնել ամեն անգամ, երբ մարդը վայր ընկնի և օգնության ձեռք մեկնի: Սուֆիզմ ուսմունքին հետևող մի մարդ Քրիստոսին բացառելու համար եկեղեցու հայրերից մեկին հարցնում է,- Եթե ձեր Աստվածը այդքան զորեղ է, կարո՞ղ է մի քար ստեղծել, որ ինքն էլ չկարողանա բարձրացնել այդ քարը: Եկեղեցու հայրը պատասխանում է.- Աստծու ստեղծած այդ քարը մարդ արարածն, որն անվերջ ընկնում է և Աստված նրան բարձրացնում է, քանի որ Աստծու համար անկարելի բան չկա: Օրինակները այս մասին շատ շատ են, և հայրերը պնդում են, որ ընկնողը պետք է վեր կենա, քանի անգամ, որ ընկնի:
Հովհան Ոսկեբերանը գեղեցիկ միտք ունի այս ուղղությամբ, որն ասում է,- Երկնքի արքայությանը հասնում է նա, որը ընկնելուց հետո բարձրանալ գիտի: Իսկ բարձրանալ, նշանակում է զղջալ գործած մեղքի համար, ապաշխարել, պահքով ու աղոթքով ազատվել այդ մեղքից և հնարավորինս զերծ մնալ մեղքի գայթակղությունից; իսկ այս բոլորը կարող է անել քրիստոնյան, որը տեղյակ է Աստծու խոսքից: Խոսքը ո՛չ թե պարզ ընկնել և վեր կենալու մասին է, այլ մեղքի մեջ ընկնել և այնտեղից պատվով դուրս գալու մասին է; Օրինակ այս կինը շնության մեծագույն մեղքի մեջ էր, օրենքը մահ էր նախատեսել, իսկ Հիսուս Քրիստոս նրան ներում շնորհեց, այսինքն այս կինը ընկած էր, վեր կացավ Քրիստոսի օգնությամբ և այլևս նույն մեղքի մեջ չպետք է ընկնի: Վեր կենալ նշանակում է զղջալ և դառնալ Աստծուն; Դրա համար է փարիսեցիներին ասում առանց ապաշխարության չեք կարող Աստծու մոտ գնալ: Աստված, որ ստեղծել է մարդուն, եկել է իր ստեղծած մարդուն օգնելու, բայց փարիսեցիներին ասում է դուք չե՛ք կարող գալ այնտեղ, ու ես եմ գնում, դուք չեք կարող լույս լինել աշխարհի համար, դուք չեք կարող տեսնել Աստծու արքայությունը՝ առանց սրտի զղջման և ապաշխարության: Որովհետև փարիսեցիները չգիտեն թե Հիսուս որտեղի՛ց է եկել, և նրան ասում են քո վկայությունը քո մասին հավաստի չէ: Բայց Տէր Հիսուս գիտեր նրանց ամբողջ ազգաբանությունը, թե որտեղից են գալիս և հատկապես ո՛ւր են գնում; Փարիսեցիներին ասում է դուք ըստ մարմնի եք դատում: Իսկ ես ո՛չ ոքի չեմ դատում, իսկ եթե դատե’մ էլ ին դատաստանը ճշմարիտ է, քանի որ մենակ չեմ, այլ Ինձ հետ է նաև Իմ Հայրը: Այսինքն ըստ հրեական օրենքի՝ միայնակ մարդու վկայությունը վավեր չէր համարվում: Մենք ավետարաններում ունենք նմանատիպ օրինակներ, երբ տէր Հիսուս պատվիրում էր ծածուկ պահել այս կամ այն հրաշքը, բայց ինը դա կատարում էր երկու կամ երեք մարդու ներկայությամբ, քանի որ հրեական օրենքը դա էր պահանջում: Փարիսեցիների բազում անմիտ ու կասկածելի հարցերի պատճառով Տէր Հիսուս հարկադրված անվերջ կրկնում էր նույն միտքը, որ Իրեն ուղարկել է Հայրը և ոչ ոք չի կարող համագործակցել Հիսուսի հետ, եթե նրան Հայրը չկանչի: Այս բոլոր պատասխաններից հետո Հիսուսին հարցնում են, թե ո՞ւր է Քո Հայրը: Իսկ Տէր Հիսուս նրանց ասում է, ո՛չ ինձ եք ճանաչում, ոչ էլ իմ Հորը: Եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ հորն էլ կճանաչեիք: Ավելի հստակ է ասում, որ նրանք նույնիսկ Հորը չեն ճանաչում, որ կարծում են թե ճանաչում են; Իսկ եթե Հորը չեն ճանաչում, ուրեմն ինչպես կճանաչեն Որդուն:
Այս հարց ու պատասխաններից պարզ է դառնում, որ փարիսեցիներից իրապես վերցված էր տեսնելու և հասկանալու կարողությունը: Առավել բացակայում էր նրանց մեջ հավատալու առաքինությունը: Տէր Հիսուս այս խոսքերը խոսում էր տաճարի մեջ, հանդիմանում էր տաճարի մեջ, բայց ոչ ոք նրան չբռնեց, որովհետև Քրիստոսի ժամանակը դեռ չէր հասել, որ փառավորվի իր խաչելությամբ:
Հիսուս Քրիստոս, որ Աստծու Որդին էր՝ ծնված կույս Մարիամից, նույն աշխարհի Լույսն էր, նույն Կենաց Հացն էր և նույն Կենդանի ջուրն էր, նաև ճշմարիտ ճանապարհն էր, ու ճշմարտությունը և ամենայն առաքինությունների դուռն էր տէր Հիսուս Քրիստոս, ինչը շատ ծանր ու դժվար ընկալելի եղավ հրեա ազգի մեծամասնության համար: Այդպես էլ չհավատացին, որ Հիսուս Քրիստոս ինքն իր մասին վկայություն անելիս նկատի ուներ Երկնավոր Հոր վկայությունը, Իր գործերը և սուրբգրային բոլոր մարգարեությունները: Փարիսեցիների աչքերը տեսնում էր մարմնացյալ Հիսուս Քրիստոսին և նրանց համար դժվարություն էր հավատալ Նրա աստվածությանը, հատկապես, որ կասկած ու նախանձ կար նրանց սրտերում: Փարիսեցիների համար նույնիսկ անհասկանալի էր այն փաստը, որ իրենք այդքան հակառակվում, ամբաստանում և դավեր էին նյութում Քրիստոսի դեմ, իսկ Քրիստոս նրանց չէր մեղադրում: Իսկ ավետարանից մենք հասկանում ենք որ Քրիստոս առաջին անգամ աշխարհ էր եկել ո՛չ թե դատելու, այլ մեղավորը փրկելու համար, իսկ արդար դատաստանը կլինի Իր Երկրորդ Գալուստին, որից որ ոչ ոք չի կարող խուսափել: Չէ որ Երկնավոր Հայրը ամեն դատաստան տվել է Որդուն և դատաստանի մենաշնորհը Որդու մոտ է: Աստծու Որդին եթե կամենար առավել ուրիշ վկայությունները բերել իր համար, ապա Մովսեսին կբերեր որպես վկա, որ Թաբոր լեռան վրա տեսան Եղիա մարգարեի հետ, կամ Հովհաննես Մկրտչին կբերեր, որի մասին գրվածքները կարդացել էին; Բայց Հիսուս Քրիստոսի նպատակն էր երկար մնալ այդ մարմնի մեջ, որպեսզի օգուտ բերեր իրեն լսողների համար՝ մինչև խաչի փառավոր մահը: Թեև փարիսեցիների կողմից վաղուցվա ծրագիր էր Նրան բռնելը, սակայն չէր հաջողվում ո՛չ մի անգամ, մինչև որ Հիսուս կամավոր պետք է թույլ տար, որ իրեն բռնեն և մահվան դատապարտեն, որպեսզի կատարվի հերթական մարգարեությունը:
Այսօրվա սերտողության երկրորդ մասի մեջ մի ուշագրավ արտահայտություն է անում Հիսուս Քրիստոս, դարձյալ դիմելով փարիսեցիներին, թե՝- Ես գնում եմ, և դուք Ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ: Սա շատ ծանր արտահայտություն էր հրեաների համար, բայց նրան տված պատասխանից հասկանում ենք, որ ամենևին էլ չեն հասկացել, թե ինչ ասաց Հիսուս իրենց: Այստեղ նորից կրկնեց նույն միտքը, ինչ մասին խոսեցինք վերևում: Կմեռնեք,- ասում է,- ձեր մեղքերի մեջ: Ի՞նչ է մեղքը; մեղքը մահ է: Իսկ մահը չի կարող մտնել Աստծու արքայություն: Մահը չի հարող հաշվի նստել Հիսուս Քրիստոսի հետ: Քանի որ մահը պարտվել է Քրիստոսի հարությամբ: Ուրեմն նորից կրկնենք, որ առանց ապաշխարության անկարելի է Քրիստոսին գնալ: Իսկ փարիսեցիները Հիսուսի խոսքը հասկացան այնպես, ինչպես որ իրենց էր հարմար, որովհետև մեղքը փակել է նրանց ականջները և աչքերը: Լսում են, որ Հիսուս ասում է,- կմեռնեք ձեր մեղքերի մեջ և չեք կարող դալ ինձ մոտ: Իսկ փարիսեցիները մտածում են, միթե Հիսուս կդիմի անձնասպանության, որ ասում է, չեք կարող գալ ինձ մոտ, ուր ես եմ գնում: Քանի անգամ էին լսել Հիսուսից նույն խոսքերը, թե աչքեր ունեք, չե՛ք տեսնում և ականջեր ունեք ու չե՛ք լսում; Հիմա հասկանալի՞, թե որտեղից են առաջացել այսքան հերետիկոսներն ու աղանդավորները, որոնք Աստծու խոսքը ընկալում և մեկնաբանում են այնպես ինչպես որ հասել է իրենց չլսող ականջին՝ առանց խորը վերլուծության: Ահավասիկ այսպիսի մի օրինակ հենց նոր տեսանք, թե ինչպես ուղիղ ասված խոսքը չհասկացվեց: Այնուհետև Տէր Հիսուս ավելի է պարզեցնում իր խոսքը ցույց տալով նրանց իրենց գտնվելու վայրը: Նրանց ասում է,- Դուք այս ներքևից եք, իսկ Ես այն վերևից: Դուք այս աշխարհից եք, իսկ Ես այս աշխարհից չեմ: Կմեռնեք, եթե չհավատաք, որ Ես եմ խոստացված Մեսիան, որի մասին ձեր հայրերը գիտեին ու սպասում էին, սպասում եք նաև դուք, բայց չեք տեսնում Ինձ՝ ձեր մեղքի պատճառով: Ւսկ փարիսեցիներ Նրան հարցնում են,- Ո՞վ ես դու: Քիչ առաջ հարցնում էին, թե ո՞վ է քո Հայրը, հիմա ասում են դու ո՞վ ես: Համբերատարությամբ պատասխանեց Հիսուս և ասաց, - Նա, որ սկզբից ևեթ խոսում էր ձեզ հետ: Տեր Հիսուս ասում է շատ բան ունեմ ձեր մասին խոսելու և դատելու, կամենալով դարձյալ բացատրել Իր և Հոր միության մասին, բայց Ավետարանը մեզ ասում է, որ նրանք չհասկացան, թե Հիսուս Հոր մասին է խոսում: Շատերը հավատացին Հիսուսին, այս խոսակցությունից հետո, բայց փարիսեցինեը՝ Ոչ:
Սիրելիներ, փարիսեցիները չհասկացան, քանի որ նրանցից վերցվել էր լսելու և հասկանալու կարողությունը՝ իրենց մեղքի պատճառով: Բայց Քրիստոսի բոլոր խոսքերը հավասարապես վերաբերում է նաև մեզ, որ ծանրաքայլ ենք ապաշխարության մեջ: Առանց ապաշխարության անկարելի է հասնել Անմեղին, որի առաջին հորդորը մարդկությանը՝ ապաշխարությունն էր: Որից հետ Տէր Հիսուս այլևս չխոսեց ապաշխարության մասին, քանի որ ժամանակը կարճ էր, ուսուցումը՝ շատ: Պետք է արադ կերպով առաջ գնալ, ոչ թե՝ հետ: Ապաշխարությունը պետք է ընկալել միանգամից, ազատվել նախկին մեղքերից և նույն ապաշխարությամբ գնալ Հիսուսի ցույց տված ճանապարհով; Ապաշխարության խորհրդի վրա երկար մնալ ու դանդաղել չի կարելի, այն դառնում է քրիստոնյայի կյանքի բաղկացուցիչ մի մասը: առաջ պետք է գնալ, քանի որ ժամանակը կանգ չի առնում, սովորելու դասը շատ է: Ինչու չի կարող չապաշխարող մարդը առաջ գնալ, քանի որ դեռ չի դատարկվել հին մեղավոր մտքերից, իսկ նոր մտքերի համար դատարկ տեղ չունի, դրա համար մնում է տեղում կանգնած ու չի հասկանում եղած նոր խոսակցությունը: Կամ էլ Աստծու այդ նոր խոսքը կպնում է ականջին ու վայր ընկնում; պետք է դատարկել հին մարդու մտքի շտեմարանները: Երանիների մեջ Տէրն ասում է, երանի հոգով աղքատներին: Հոգու աղքատությամբ է որ մարդը իրավունք է ձեռք բերում երկնքի արքայության հասնելու: Քանի դեռ մարդու հոգում իշխում է ,,եսը,, անկարելի է, որ մարդը կարողանա հասկանալ Աստծու խոսքի իրական իմաստով; Երբ մարդը կարծում է, թե ինքը ամեն ինչ գիտե, մեծամիտ է, փառասեր է, այսպիսի մարդուն դժվար է որևէ բան սովորեցնել: այսօրվա ողջ սերտողությունը այդ մասին էր, որ Վարդապետի երկարաշունչ քարոզից հետո շատերը հավատացին, իսկ փարիսեցիները մնացին նույն խստասիրտ հպարտները: Միթե լիքը բաժակի մեջ կարելի է դարձյալ ջուր լցնել: Ոչ, չի կարելի: Այնպես էլ նոր գինին հին տիկերի մեջ անկարելի է լցնել: Որովհետև տիկը չի դիմանա նոր գինուն; Թե տիկը կպատռվի, թե գինին կթափվի:
Վերջին միտքը, որ Տէր Հիսուս բացահայտում է փարիսեցիների համար. դա իր խաչելությունն էր, որի մասին ասաց,- Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ Ես եմ: Եվ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում; Եվ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է, ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ, ինչ որ Նրան է հաճելի: Տէր Հիսուս հաճախ էր հրեաներին ասում, որ ես գնում եմ, դուք կփնտրեք ինձ, որպեսզի գուցե արթնացնի նրանց քարացած ստերը և առաջնորդի դեպի փրկություն, բայց անկարելի եղավ նրանց որևէ բան հասկացնել: Նրանց ծրագրի գլխավոր նպատակը Հիսուսից ազատվելն էր, բայց երբ Հիսուս ասաց, ես գնում եմ և դուք չեք կարող գալ ինձ մոտ, կասկածեցին, որ անձնասպան կլինի և զարմացան; Այս բոլոր ուսուցումները Հիսուս Քրիստոս մանրամասնորեն ներկայացրեց հրեա համայնքին ևս մի կարևոր նպատակով, թեպետ տեսնում էր որ չէին հասկանում, որպեսզի երբ այս բոլորը կատարվի, նրանք հիշեն, որ ասել էր իրենց այդ մասին ամեն ինչ՝ նախօրոք: Գուցե այդ ժամանակ գտնվեն մարդիկ և դարձի գան՝ փրկություն գտնելով: Սիրելիներ, ավետարանի ուսուցման տրամաբանությունն այն է, որ մենք էլ մեր հերթին հասկանանք, որ Հիսուս Քրիստոս Իր Երկրորդ Գալուստն ուշացնում է միայն մեկ պատճառով, որպեսզի որքան հնարավոր է շատ մար գտնի փրկություն: Սակայն ինչպես որ այն ժամանակ էին լսում ու չէին հասկանում, նույն վիճակում էլ հիմա է հոգևոր նյութերի ընկալման հարցը դեռ մի բան էլ ավելի վատ: Բայց Տէր Հիսուս հրեաներին ասաց , որ Ինքը կամավոր կգնա Գողգոթա, կամավոր կընդունի չարչարանքն ու խաչելությունը, փառքով հարություն կառնի և կնստի Հոր աջ կողմում: Իսկ դո՛ւք, ասում է,- կմեռնեք ձեր մեղքերի մեջ: Քրիստոնյա հանրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած նաև մեր օրերում: Ժամանակ տրվեց նաև մեզ՝ խորհելու և դարձի գալու համար: Կգա մի որ այլևս քարոզության կարիք չի լինի, քանի որ արդեն ժամանակ էլ չի լինի: Ուրեմն մենք, որ լսում ենք այս խոսքերը, թող արևը մայր չմտնի մեր մեղքերի վրա, և ապաշխարությունը չդառնա մեզ համար ծանր բեռ, այլ մեր կյանքի թեթև ուղեկիցը: Սիրելիներ ավարտենք այսօրվա սերտողությունը, որ միայն դաս է մեր ժամանակակից քաղաքակրթության համար: Աստված թող վերցնի բոլորիս աչքերի վարագույրը, և մեր խավար միտք լուսավորի՝ տեսնելու համար:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: