ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 8:1-11
ՇՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԲՌՆՈՒԱԾ ԿԻՆԸ
1 Յիսուս Ձիթենեաց լեռը գնաց։ 2 Երբ առտուն նորէն տաճարը եկաւ, բոլոր ժողովուրդը իրեն կու գար ու ինք նստեր կը սորվեցնէր անոնց։ 3 Դպիրներն ու փարիսեցիները շնութեան մէջ բռնուած կին մը բերին անոր ու զանիկա մէջտեղը կայնեցնելով՝ 4 Ըսին իրեն. «Վա՛րդապետ, այս կինը շնութեան մեղքը գործած ատենը բռնուեցաւ։ 5 Մովսէս օրէնքին մէջ մեզի պատուիրեց այսպիսիները քարկոծել։ Հիմա դուն ի՞նչ կ՚ըսես ատոր համար»։ 6 Ասիկա կ՚ըսէին՝ զանիկա փորձելով, որպէս զի անոր վրայ ամբաստանութիւն ընելու առիթ մը ունենան. բայց Յիսուս դէպի վար ծռելով՝ մատովը գետնին վրայ կը գրէր. 7 Սակայն երբ ստիպեցին՝ հարցնելով իրեն, վեր նայեցաւ ու ըսաւ անոնց. «Ձեզմէ անմեղ եղողը՝ առաջին քարը անիկա թող ձգէ ատոր վրայ»։ 8 Եւ նորէն ծռելով՝ գետնին վրայ կը գրէր։ 9 Անոնք այս լսելով ու իրենց խղճմտանքէն յանդիմանուելով՝ մէկիկ մէկիկ դուրս ելան, ծերերէն սկսած մինչեւ յետինները։ Յիսուս մինակ մնաց ու կինը մէջտեղը կայնած։ 10 Յիսուս վեր նայելով ու կնոջմէն զատ մէկը չտեսնելով՝ ըսաւ անոր. «Ո՛վ կի՛ն, ո՞ւր են անոնք, որ քու վրայովդ ամբաստանութիւն կ՚ընէին. մէկը քեզ չդատապարտե՞ց»։ 11 Անիկա ըսաւ. «Ո՛չ մէկը, Տէ՛ր»։ Յիսուս ըսաւ անոր. «Ես ալ չեմ դատապարտեր քեզ. գնա՛ ու ասկէ յետոյ մեղք մի՛ գործեր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. յոթերորդ գլխի ավարտին մենք մի հետաքրքիր իրողության հանդիպեցինք փարիսեցիների ներքին խոհանոցից: Հրեա իշխանավորները չէին ուզում, որ իրենց սպասավորները գովեստի խոսքեր ասեին Քրիստոսի քարոզության մասին; Այդ պատճառով մի ուրիշ նենգ քայլի գնացին, ասելով,- Մ՞իթե իշխանավորներից որևէ մեկը հավատաց Նրան: Այս ժամանակ դուրս եկավ Նիկոդեմոսը, որը հրեա իշխանավոր էր և պաշտպանեց Քրիստոսին; Այս երևույթը դարձյալ ապացուցում է նրանց մեջ եղած կեղծիքը, որ մասին այդքան զգուշացնում էր Հիսուս Քրիստոս; Ահավասիկ Նիկոդեմոսը իշխանավոր էր և՛ հավատում էր Քրիստոսին; Ավետարանն ասում է, այնուհետև ամեն ոք իր տունը գնաց: Ամեն ոք իր տունը գնաց, բայց քահանայապետները մնացին մտահոգության մեջ, քանի որ իրենց սպասավորները և Նիկոդեմոսը դարձել էին և Հիսուսին էին պաշտպանում՝ հիացած լինելով Նրա խոսքերից: Գիշեր էր և դուրս եկավ նաև Հիսուս և գնաց ձիթենյաց լեռը՝ աղոթքի և վերականգնելու իր ուժերը, քանի որ ծանր օր էր ունեցել փարիսեցիների հետ ունեցած հանդիպումից: Սա նշանակում է, որ Հիսուս դեռ Երուսաղեմում է և ամեն օր տաճարում ուսուցանում է մարդկանց: Հաջորդ օրը նորից տաճար գնաց, և ժողովուրդը համախմբվում էր Նրա շուրջը, լսելու համար Նրա իմաստուն խոսքերը: Այս անգամ օրենսգետներն ու փարիսեցիներ այլ մեթոդ էին ընտրել Հիսուսին ծուղակը գցելու համար, և տաճար բերեցին մի կնոջ, որը հայտնապես շնացել էր, այսինքն բռնվել էր շնության մեջ: Բերեցին կնոջը ր կանգնեցրին մեջտեղում՝ Հիսուսի առջև, և ասացին, իբրև Նրա կարծիքն են ուզում իմանալ այս հարցի շուրջ: Իրենք գիտեին Մովսեսի օրենքի պահանջը շնության մեջ բռնված մեկի հանդեպ: Բայց միտումնավոր այդ կնոջը բերեցին Հիսուսին փորձելու համար: Եթե չմեղադրեր կնոջը՝ շնության համար, ապա Հիսուսին դատապարտելու էին Մովսեսի օրենքը անտեսելու համար: Իսկ եթե հանկարծ մեղադրեր կնոջ՝ քարկոծել օրենքի համաձայն, ապա նրան կմեղադրեին դաժանության և խստասրտության մեջ, և կկորցներ մարդասիրության իր համբավը, որ ուներ մարդկանց մեջ:
Մի խոսքով երկու պատասխանի դեպքում էլ Նրա մեղադրանք էր առաջադրվելու, քանի որ եկողների նպատակը մենք գիտենք արդեն; Այնպես, ինչպես նախորդ հարցերի ժամանակ երբ տալիս էին Հիսուսին և ամոթով մնում Նրա առջև իրենց անգիտության համար: Այսպիսի հարցերից մեզ ծանոթ է օրինակ՝ շաբաթի մասին հարցը, կամ կայսրին տրվելիք տուրքի մասին հարցը և այլն; Հիսուս լսեց նրանց տված հարցը՝ կնոջը քարկոծելու մասին, բայց լռեց և ոչինչ չպատասխանեց: Այդ լռությունը ավելի մեծ պատասխան էր փարիսեցիների համար, բայց ավաղ նրանք չհասկացան նաև այդ լռության իմաստը և դարձյալ շեղեցին Հիսուսի ուշադրություն նույն հարցով: Իսկ Հիսուս ցած նայելով մատով գետնին ինչ որ բան էր գրում: Մենք գիտենք, որ Հիսուս իր երեք տարիների ընթացքում ոչինչ չի գրել և որևէ գրավոր արձանագրություն չկա, որ հասցեագրված լինի Նրան: Նա ոչինչ չի գրել իր կյանքի ընթացքում, բայց աշխարհի մեծագույն և հեղինակավոր Սուրբ Գրքի հեղինակն է Տէր Հիսուս: Ոչ միայն Հեղինակն է, այլ գլխավոր Հերոսն է այդ Սուրբ Գրքի, որն աշխարհում ամենաշատ տպագրվողն է: Գետնին մատով գրելու մասին Ավետարանը որևէ ցուցում չի տալիս, բայց եթե ավետարանիչը անդրադարձել է այդ մանրուք համարվող երևույթին, նշանակում է այն արժեքավոր մի բան է: Աստվածաշնչի մեկնաբանները տարբեր կերպ են մեկնաբանում այս երևույթը, ասելով, որ գետնին գրում էր այդ կնոջ հետ շնացողների անունները և նրանց մեղքերը, որոնց մեջ էին նաև նրան մեղադրողները: Իրականում Տէր Հիսուս չմերժեց Մովսեսի օրենքը, ոչ էլ շրջանցեց այն, այլ տվեց մի պատասխան, որը խիստ մտածելու առիթ տվեց մեղադրողներին: Երբ երկրորդ անգամ դիմեցին Հիսուսին, Նա գլուխը վեր բարձրացրեց և արձագանքեց նրանց հարցումին, տալով առավել իմաստուն պատասխան, քան նրանց հարցն էր, ասելով,- Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա: Ասաց այս խոսքերը և շարունակեց մատով գետնին բաներ գրել; Տեսե’ք, սիրելիներ, թե Հիսուսի այս իմաստուն պատասխանը քանի գաղտնիք բացահայտեց միանգամից:
Նա՛խ պարզվեց, որ կնոջը այդտեղ բերելը հերթական ծուղակ էր Հիսուսի դեմ; Երկրորդը՝ ուրիշ ի՞նչ կերպ պետք է այդքան մարդ խոստովանեին իրենց մեղավոր լինելը, եթե այս պատասխանը չլիներ: Ինչո՞ւ իրենք անարգեցին Մովսեսի օրենքը, և չքարկոծեցին, եթե կինը շնացել էր: Մի՞թե Մովսեսի օրենքը քարկոծել է տալիս միայն կնոջը, չէ՞ որ կինը ինչ որ մեկի հետ է շնացել, ո՞ւր է այդ տղամարդը, եթե դուք արդարությամբ եք դատում, սիրելի փարիսեցիներ: Իսկ եթե դուք էլ մեղավոր եք, ապա ինչո՞ւ եք մեղադրում ձեր նման մեղավորին, որի իրավունքը չունեք: չէ որ փարիսեցիները հանրության մեջ ներկայանում էին որպես օրենքը պահող առաջնորդներ: Այս առումով էլ ամոթով մնացին ժողովրդի աչքի առջև, որպես իրենց նման մեղավոր մարդիկ և ոչ ավել: Նրանց լուռ հեռանալու քայլը փաստեց ևս մեկ իրականություն, որ նրանք իրենց մտքում հավատում էին որ Հիսուս կարդում է սրտերը, դրա համար անախորժությունից խուսափելու համար հեռացան; Տաճարի ուսուցումը շաբաթ օրով էր, իսկ դա նշանակում է, որ օրը շաբաթ էր, երբ կնոջը բերեցին Հիսուսի մոտ: Ըստ շաբաթ օրվա օրենքի նույնիսկ գրել չէր կարելի, իսկ Հիսուս գրում էր ավազի վրա: Փարիսեցիները տեսնելով գրածների մեջ իրենց մեղքերը, նույնիսկ չմեղադրեցին Հիսուսին՝ շաբաթ օրով գրելու համար; Հեռացան, ոչինչ չասելով: Հիսուսի տված կարճ պատասխանը սևերես արեց Իր համար ծուղակ պատրաստողներին; Գլուխը վեր բարձրացրեց Հիսուս, և Իր դիմաց չտեսավ ո՛չ ոքի, քանի որ հեռացել էին մեծից մինչև փոքրը: Հիսուս մնաց միայնակ մեղավոր կնոջ հետ, և նրան հարց տվեց,- Ո՛վ կին, ո՞ւր են: Քեզ ոչ ոք չդատապարտե՞ց: Կինը ասաց, ո՛չ, Տէր: Տէր Հիսուս ասաց,- Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա, այսուհետև այլևս մի մեղանչիր:
Ներեց Տէր Հիսուս մեղավոր կնոջը, որը մահապատժից ազատվեց ակամայից: Փարիսեցիները պատրաստած ծուղակը Հիսուս Քրիստոսի միջոցով վերածվեց փրկության, որին արժանացավ մեղավոր կինը, որը շունչը պահած սպասում էր Մովսեսի օրենքի կիրառմանը՝ իր հանդեպ: Ա՛յո մեղքը գործված է, Մովսեսի օրենքը կա այդ մասին: բայց այստեղ մեկ ուրիշ նրբություն կա: Փարիսեցիները մեղավոր լինելով հանդերձ, կամենում են դատապարտել մեղավոր կնոջը՝ Աստծու օրենքի համաձայն; Դրա համար է Տէր Հիսուս ասում է նրանց, որ ձեր գործը դատապարտելը չէ մեղավորին, դուք դատավորներ չեք, եթե մեղավորներ եք; Բայց Աստծու ողորմությունը մարդու անձի նկատմամբ այլ է, իսկ պատգամը մեղքի նկատմամբ՝ այլ: Սիրելիներ, ես հավատում եմ, որ այս կինը իր հետագա կյանքում այլևս չգնաց նույն ճանապարհով, այլ հակառակը՝ դարձավ Քրիստոսի հետևորդներից, քանի որ նա իր մահը գրեթե տեսավ, մինչ նրան բերում էին Հիսուսի մոտ: Նա այդպիսի տասնյակ դեպքեր էր տեսել իր աչքով՝ ուրիշների հետ պատահած: Ավետարանի այս դրվագը, որ անբարո կնոջը ներում է Հիսուս այսպիսի իմաստուն պատասխանով, շատ գրողների և կինոռեժիսորների ուշադրության թեմա է դարձել, որպես խրատական մի պատմություն, որից կարող են օգտվել մեծից մինչև փոքրը, ինչպես որ եկել ու հավաքվել էին փարիսեցիները: Քանի որ բոլոր մարդիկ են մեղավոր, և միմյանց դատապարտելու չար սովորությունը տարածված է ամենուր: Եթե մեկը գող է և չի շնանում, չի նշանակում, որ իրավունք ունի դատապարտելու շնացողին: Դատապարտելու իրավունք ունի ինչպես տեսանք միակ Անմեղը՝ որը չի տեսել մեղքի համը: Նրա տված մեկ համառոտ պատասխանը կարող է լռեցնել աշխարհի բոլոր մեղավոր մարդկանց բերանները: Այստեղ ևս մեկ նրբություն կա այն մարդկանց համար, որ ասում են, թե Հիսուս ներեց անբարո կնոջը: Բայց այս մարդիկ ուշադրություն չեն դարձրել Հիսուսի տված պատասխանի վրա, որ ասաց կնոջը բոլորի հեռանալուց հետո: - Ես էլ քե՛զ չեմ դատապարտում. Գնա, և այսուհետ մի մեղանչիր: Հիսուս դատապարտեց մեղքը և պատվիրեց այլևս չկրկնել:
Հիսուս սիրում է մեղավորին, և ատում է մեղքը: չէր եկավ մեղավոր մարդուն մեղքի ճանկերից ազատելու համար: Ուրեմն պետք մեկընդմիշտ հիշել, որ պետք է ատել հարբեցողությունը, ո՛չ թե հարբեցողին, որկրամոլության մեղքը, ո՛չ թե որկրամոլին, և պետք է սիրել մարդուն, որը ընկել է թմրամոլության մեղքի մեջ՝ խնայելով մարդուն, և այլն: Որովհետև մարդը ունի Աստծու պատկերը և վնասվել է այդ պատկերը, որը պետք է փրկել ինչ որ ձևով, չդատապարտելով մարդու անձը, ինչը որ արեց Հիսուս Քրիստոս այդ կնոջ օրինակով: չէ որ նրան չասաց,- գնա ինչ ուզում ես արա, այլ ասաց, եթե շարունակես, մեղքը քեզ կկործանի: Աստծու Որդին չի կարող մեղադրել մարդուն, ինչպես որ մարդիկ են մեղադրում միմյանց: Տէր Հիսուս առաջարկեց, որ քարը թող առաջինը նետի կնոջ վրա այն մարդը, որը մեղք չունի: Այդպիսի չգտնվեց ներկաների մեջ և չի գտնվի նաև աշխարում: Հիսուս զերծ էր մեղքից, և միակ իրավունքը իրենն էր քար նետելու, սակայն նա չէր եկել սպանելու համար, այլ՝ սպանության պատճառ մեղքից ազատելու համար: Այս պատմության մեջ մենք արտաքինից տեսնում ենք, որ մեղավոր կինը ամենևին էլ չի զղջում իր գործած մեղքի համար, բայց Տէր Հիսուս նրան ներում է; Այստեղ է, որ մենք մեր առօրյայում միշտ սխալվում ենք, քանի որ չենք քննում, այլ արտաքին երևույթներից ելնելով է, որ մեղադրում ենք մեկին; Մենք չտեսանք մեղավոր կնոջ զղջումը առերևույթ, սակայն Տէր Հիսուս տեսավ նրա սիրտը, որ վախից, զղջումից, ամոթից, անորոշությունից գրեթե կծկվել էր կարծես: Ա՛յո, կնոջ սիրտը տեսավ, ո՛չ թե բառերը լսեց, ինչպես որ մենք էինք սպասում, որ ասեր մեղավոր կինը: Երբեմն մեղանչելուց հետո որոշ մարդիկ այնպես են վախենում իրենց արածից, եթե չբռնվեն, իրենց կյանքում այլևս չեն կրկնի: Իհարկե խոսքը բոլորին չի վերաբերում, քանի որ մենք ճանաչում ենք շատերին, որոնք մի քանի անգամ են հայտնվում ճաղավանդակների հետևում՝ նոյն մեղքի համար:
Գուցե այս կինն էլ այդ պահին հասկացավ, որ մեղքի վարձը մահն է, և ինքը կանգնած է իր մահվան առջև դեմ դիմաց: Եթե այսպիսին նորից կրկնի նույն մեղքը, ուրեմն դա իր կամավոր ընտրությունն է այլևս: Դուք մի պահ պատկերացրեք մի սարսափելի բան: Ենթադրենք այսօր, մեր իրականության մեջ գործեր Մովսեսի այն օրենքը, որ շնության համար պետք է քարկոծելով սպաներին ենթակային: Կամ Հայաստանը պետք է լրացուցիչ քարեր ներկրեր, քանի որ իր ունեցած քարի պաշարը չէր բավարարի: Կամ էլ առհասարակ քար պետք չէր գա, քանի որ քար գցելու իրավունք ունեցող էլ չէր գտնվի: Այս մեղքը մեր օրերի համար քաղցկեղի պես տարածում ունի և քաղցկեղի պես բուժում չունի, ցավոք: Հովհաննես ավետարանիչը ընթերցողին լայն հնարավորություն է տալիս խորհելու Հիսուսի տրվելիք պատասխանի շուրջ; Ավետարան կարդացող և իմացող հավատացյալը արդեն գիտե Հիսուս Քրիստոսի դիրքորոշումը ցանկացած ծուղակային հարցի վերաբերյալ: Նույնիսկ այն պարագայում, երբ կարդացել է, որ Գողերը, ավազակները, շնացողները, արվամոլները Երկնքի արքայություն չեն մտնի: Նաև լայն հնարավորություն է խորհելու սեփական անձի մասին, հատկապես նման առիթների ժամանակ ինչպիսին է մեր դիրքորոշումը, մեր պատասխանը, կամ ինչպե՞ս մե՛նք կվարվեինք տվյալ պարագայում; Ընթերցողը նաև կարող է գնահատական տալ փարիսեցիների լուռ հեռանալու երևույթին, քանի որ այս քայլը նրանց կողմից համարվեց կշռադատված քայլ, թեպետ այլ նպատակով էին եկել: Սա ևս լավագույն օրինակ է մեզ համար, առաջինը չմեղադրելու: Մի՞թե մեր օրերում չէին գտնվի մարդիկ, որոնք անտեսելով իրենց մեծ մեղքերը, կվերցնեին քարերը և առաջինը կնետեին: Անշուշտ կգտնվեին;
Ընթերցողին կարող հետաքրքրել նաև մեկ այլ միտք, թե ինչի՞ համար է ավետարանիչը այս նյութ տեղադրել այն գլխավոր ուսուցումներից հետո, երբ Տէր Հիսուս խոսում է Իր աստվածության մասին, Երկնքից իջած Հացի մասին, Կենդանի ջրի մասին: Այսինքն հավիտենական կյանքի խոսքեր ունեցողի մասին այսքան լուրջ թեմաներից հետո մեկել հանդիպում ենք շնացող կնոջ մեղադրանքի արարողությանը: Ավետարանիչը ոչինչ հենց այնպես չի գրել ու տեղադրել, գրելու համար: Իսկ թե ի՛նչ է ուզում դրանով մեզ սովորեցնել մենք կծանոթանանք վաղվա սերտողության մեջ: Այստեղ ավարտենք մեր սերտողությունը, բայց շարունակենք մեր մտածումներն ու խորհրդածությունները այս թեմայի շուրջ: Այսպիսի թեմաներ մեզ հանդիպում են ամեն օր, և մենք ամեն կարիք ունենք սովորելու շիտակ պատասխան տալու մեր դասը: Կհանդիպենք վաղը Աստծու խոսքի շուրջ, Աստծու կամքով:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: