ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 7:40- 52
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. այսօր կավարտենք յոթերորդ գլխի սերտողությունը, որը բավական անհանգիստ իրավիճակի մեջ է դնում փարիսեցի իշխանավորներին; Երեկ մեր միտքը ավարտվեց այնտեղ, որ հրեա առաջնորդները իրենց սպասավորներին ուղարկեցին, որպեսզի Հիսուսին ձերբակալեն, սակայն սպասավորները չկարողացան Նրան բռնել, և տպավորված լինելով Նրա խոսքերից, վերադարձան իրենց ուղարկողների մոտ; Իրադարձությունները արագ են զարգանում և ժողովրդի բազմության մեջ սկսեց տարակարծություններ և վեճեր առաջանալ Հիսուսի անձի շուրջ: Շատերը Հիսուսին համարում էին ճշմարիտ մարգարե, մյուսները ասում էին, սա է Քրիստոսը: Բայց կային մարդիկ, որոնք հիմնվելով Սուրբ Գրքի մարգարեության վրա զարմանում էին, որ Քրիստոս գալու է Գալիլիայից; Նրանք կարդացել էին, որ Քրիստոս գալու է Բեթղեհեմ գյուղից, որտեղից էր նաև Դավիթը: Իսկ երեկվա սերտողության մեջ էլ կարդացինք մի խումբ մարդկանց մասին, որոնք ասում էին, թե ոչ ոք չգիտե, թե Քրիստոս որտեղից է գալու: Այսպիսի բազմակարծության պատճառով ժողովուրդը պառակտվեց: Որոշները կամեցան բռնել Հիսուսին, բայց վախեցան մյուսներից, քանի որ շատերն էին Նրան հետևում; Քահանայապետների սպասավորները այս անգամ էլ ձեռնունայն վերադարձան իրենց առաջնորդների մոտ: Իսկ կրոնական առաջնորդները զարմացած ասացին,- Ինչո՞ւ Նրա այստեղ չբերեցիք: Սիրելիներ, մենք հետևելով իրադարձություններին, տեսնում ենք, որ ժողովրդի մեջ պառակտում առաջացավ Հիսուսի անձի շուրջ վիճելու հարցով; Չգտնվեց մի գրագետ մարդ, որը Սուրբ Գրքերի մարգարեությունների հիման վրա, կարողանար փաստել Հիսուսի Քրիստոս և Մեսիա լինելու հանգամանքը, և խաղաղեցներ ժողովրդին; Կամ չկար այդպիսի մարդ, կամ էլ չկամեցան փաստել: փաստորեն իրենց պատճառով ժողովրդի մեջ պառակտում առաջացավ, իսկ հետագայում իրենք Հիսուսին զրպարտելով մեղադրեցին՝ ժողովրդի մեջ խռովություն առաջացնելու համար: Անարդարությունը մարդկությանը հասակակից է, և երբեք իր տեղը չի զիջում:
Քահանայապետների սպասավորները երկու օր լսեցին Հիսուսի խոսքերը և չափազանց տպավորված էին Նրա խոսքով այնպես, որ չկամեցան բռնել Նրան, քանի որ երբեք չէին լսել որևէ մեկին, որն այդքան ճշմարտությամբ և իշխանությամբ խոսեր ժողովրդի հետ: Սպասավորների խոսքերից կարելի է կարծել, որ նրանք նույնիսկ իրենց առաջնորդներից չէին լսել այդպիսի քարոզներ և ուսուցումներ: Մի խոսքով հիացած էին Հիսուսի խոսքով, ինչ պատճառով արժանացան իրենց ռաբբիների հանդիմանությանը՝ Հիսուսի խոսքը գովելու համար: Փարիսեցիների համար մեծ հուսահատություն եղավ իրենց սպասավորների այդպիսի պատասխանը և մտավախություն ունեցան, որ հանկարծակի ժողովրդի բազմությունը միանգամից կդառնա դեպի Հիսուս և իրենց սպանության ծրագիրը կխափանվի: Փարիսեցիները ասացին իրենց սպասավորներին,- Միթե դուք էլ եք մոլորվել: Միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց Նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրենք չգիտե և նզովյալ է: Օրենքի գիտակները ,,խաժամուժ ամբոխ,, են անվանում այն բազմությանը, որի համար խաչվեց Հիսուս Քրիստոս: Մեծագույն արհամարհանք և անպատվություն ժողովրդի այն խավի հասցեին, որոնք ընտրում են Հիսուսին և հավատում են Նրա խոսքին: Հոգևոր առաջնորդների արարքը ամբողջությամբ հակասում է Սուրբ Գրքին, քանի որ Սուրբ Գրքերը գրվեցին, որպեսզի պատկան մարդկանց միջոցով բացատրվի հանրությանը: Բավական չէ, որ չեն սովորեցրել ժողովրդին, նաև ,,խաժամուժ ամբոխ,, են անվանում օրենքը չիմանալու պատճառով; Հենց օրենքը և Գրվածքները չիմանալու պատճառով հրեա իշխանավորները օգտագործեցին այդ առիթը և ժողովրդի մեջ պառակտում առաջացրին Քրիստոսի անձի շուրջ: Եթե ժողովուրդը Սուրբ Գիրք իմանար, ապա Քրիստոսի ասած ամեն խոսք կհամեմատեր մարգարեությունների հետ և հաստատուն կերպով կպնդեր, որ Քրիստոսն է Մեսիան, որին սպասում են խանդավառությամբ; Նախորդ սերտողության 29 րդ համարի մեջ Տէր Հիսուս շատ կարևոր միտք արտահայտեց այն մարդկանց համար, որոնք ասում էին թե իբրև ոչ ոք չգիտե, թե որտեղից է գալու Քրիստոս: Ի պատասխան նրանց կասկածին Հիսուս ասաց,- Գիտեմ Նրան, որովհետև Նրանի՛ց իսկ եմ, և Նա ուղարկեց Ինձ: Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Հորից է եկած, ո՛չ որևէ տեղից; Այս խոսքերը լրացնում են Հովհ. 3: 16 համարի այն միտքը, որ ասում է,- Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատա, չկորչի, այլ՝ ընդունի հավիտենական կյանքը: Հայրը տվեց իր Որդուն, և Որդին բարձրաձայնում է այդ մասին;
Ներկա գտնվող սպասավորները ուղարկված էին Հիսուսին բռնելու համար, բայց ինչպես Տէր Հիսուն է ասում իմ ժամանակը դեռ չի հասել, Նրան չկարողացան բռնել: Հովհաննեսի ավետարանի մեջ արդեն երրորդ անգամն է, որ հանդիպում ենք այս խոսքերին, որ ասում է Հիսուս Քրիստոս, թե Իր ժամանակը դեռ չի հասել: Առաջին անգամ ասաց Կանայի հարսանիքի ժամանակ, երբ մայրը հայտնեց, որ գինին վերջացել է; Երկրորդ անգամ ասաց, երբ եղբայրները ստիպում էին Իրեն՝ Տաղավարահարաց մեծ տոնին մասնակցել: Իսկ երրորդ անգամ այստեղ է ասում, երբ կամենում էին Իրեն ձերբակալել: Սա Աստծու նախախնամությունն է, Աստծու գործերն են, որոնք մարդու համար անքննելի են, ինչպես որ Երկրորդ Օրինաց 29:29 ում է ասում,- Գաղտնի բաները մեր Տէր Աստծուն են, իսկ հայտնիները՝ մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը: Այն ինչ Աստված չի հայտնում, մենք չենք կարող հասկանալ: Մեզ բավական է հասկանալ այն, ինչ տրվել է մեզ հասկանալու համար: Ինչու հրեա իշխանավորները չկամեցան Քրիստոսի մեջ տեսնել աստվածությունը: Որովհետև նրանք Քրիստոսին նկատեցին միայն որպես մրցակից իրենց, որն ունի ավելի բարձր հեղինակություն և համբավ, քան իրենց իրենց իշխանությամբ: Իրենց մեջ եղած նախանձը թույլ չտվեց տեսնել ճշմարտությունը, ինչ մեծ գայթակղություն դարձավ ժամանակի հասարակության համար: Հիսուսի բռնելու համար իրենք չեն գնում, այլ ուղարկում են իրենց սպասավորներին, քանի որ վախենում են Քրիստոսի հավատացող բազմության ատելությունից իրենց հանդեպ: Բայց իրենց ուղարկած պատվիրակությունը ամեն կերպ փորձում է հասկանալ Քրիստոսի խոսքերի խորին խորհուրդները: Բայց քանի որ իրենց առաջնորդները չկամեցան բացահայտել Քրիստոսի ազգաբանությունը և ծննդավայրը, հաստատեցին, որ Գալիլիայից է եկել և մեղադրեցին դրանում: Բայց մենք հիշում ենք, որ մոգերի գալու ժամանակ Հերովդես արքան կանչել էր քահանայապետին և ճշտել էր Նրա ծնվելու վայրը և նրան ասել էին, որ ծնվելու է Բեթղեհեմում; Ամեն քայլի մեջ կրոնավորները մեղանչում են Քրիստոսի և Սուրբ գրվածքների առջև: Գիտեք ինչու են մեղանչում, որովհետև ապաշխարությունից հեռու մարդիկ բախվել են ապաշխարության Հիմնադրի և Քարոզչի հետ: Այդ պատճառով բախումը չի ավարտվում նրանց միջև: Առաջնորդները իրենց սրտի ավելցուկից են խոսում, Տէր Հիսուսն էլ Իր սրտի ավելցուկից է խոսում: Արդյունքի մասին էլ կարդում ենք մենք; Երբ սպասավորները երկրորդ անգամ դատարկ վերադարձան, առանց Հիսուսին բռնելու քահանայապետները առանց վատ զգալու հայտարարեցին, որ խաժամուժ ամբոխի կարծիքը, որ նզովյալ են, իրենք հաշվի չեն առնում, այլ միայն բարձրաստիճան հոգևորականների կարծիքն է կարևոր իրեն համար:
Բայց հանկարծ այդ պահին հանդես է գալիս իրենց իշխանավորներից մեկը, որին մենք ճանաչում ենք Նիկոդեմոս անունով, որը գաղտնի հետևում էր Քրիստոսին, և սա այն մարդն էր գիշերով էր գնացել Քրիստոսի մոտ՝ իր հարցերով, անկեղծացավ և ասաց,- Միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախ նրանից լսած կամ իմացած չլինի, թե ինչ գործել նա: Մտահոգվեցին փարիսեցի իշխանավորները, որ իրենցից մեկն է այդպես կարծում և ասացին նրան,- Միթե դու էլ Գալիլիայից ես, քննիր և տես, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս: Սիրելիներ, Հիմա մենք քննենք այս նախադասությունը, որ կրոնավորները ասացին Նիկոդեմոսին, որը իրենցից մեկն էր; Նախ՝ Գալիլիացի ասելով, նրանք նկատի ունեին անուս մարդկանց և իրենց իշխանավորին պատրաստ էին վիրավորել Գալիլիացի ասելով, միայն թե կանխեին նրա դրական կարծիքը Քրիստոսի վերաբերյալ; Շարունակեցին Հիսուսին պահել մարգարեի կարգավիճակում և բացահայտեցին, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս; Նիկոդեմոսին առաջարկում են քննել, բայց իրենք երբեք չկամեցան քննել, որ Հիսուս ծնվել է Բեթղեհեմում, ո՛չ թե Գալիլիայում; Նիկոդեմոսը առաջին անգամ Հիսուսի մոտ գալով չէր հասկացել վերստին ծննդի մասին Հիսուսի խոսքերը, բայց հիմա տեսնում ենք, որ հանդես է գալիս Հիսուսին պաշտպանելու դիրքից, ինչ ամենևին դուր չի գալիս իր կուսակիցներին հենց այն բանի համար, որ նա ուղղակի զարմանք արտահայտեց, ասելով, - դուք Նրան մեղադրում եք շաբաթը չպահելու մեջ, օրենքը խախտելու մեջ, բայց նախ չեք լսում նրան թե ինչու է այդպես անում; Հրեա իշխանավոր Նիկոդեմոսի մասին Ավետարանում մենք երեք անգամ ենք առիթ ունենում կարդալու: Առաջին անգամ գիշերով Հիսուսի մոտ գնաց, երկրորդ անգամ այստեղ է, որ խոսում է Հիսուսի օգտին, իսկ երրորդ անգամ կարդում ենք Ավետարանի ավարտին, երբ Պիղատոսի մոտ է գնում՝ Հիսուսի մարմինը խաչից իջեցնելու խնդրանքով; Երեք դեպքում էլ այս իշխանավորը դրական կերպարով է հանդես գալիս; Փարիսեցիների մեջ կային նաև այսպիսի մարդիկ: Նիկոդեմոսը պատահական մարդ չէր, նա Գամաղիելի աշակերտն է եղել, ինչպես որ Պողոս առաքյալը: Ի միջի այլոց, ավանդությունը պատմում է, որ Գամաղիելը հետագայում դավանում է քրիստոնեություն և միանում է քրիստոնյաներին իր որդու հետ: Գրված է, որ Ստեփանոս Նախավկային քարկոծելով սպանելուց հետո նրա մարմինը նետում են աղբանոց, որպես կենդանիների կեր: Այդ ժամանակ արդեն Գամաղիելը մկրտվել և քրիստոնեություն էր ընդունել, և վերցնում է Ստեփանոս նախավկայի մարմինը և պատշաճ ձևով թաղում; Նույնը կատարում է Նիկոդեմոսի հետ, երբ նա մահանում է, նրան թաղելով Ստեփանոսի կողքին: Իսկ երբ ժամանակի լրումին մահանում է Գամաղիելը, քրիստոնյաները նրան թաղում են Ստեփանոսի և Նիկոդեմոսի մոտ:
Դարձյալ ըստ ավանդության 415 թ, նրանք սրբադասվել են և նրանց մասունքները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս և պահվել են սրբավայրում: Նիկոդեմոսը հավատացել էր Հիսուսին, բայց վախը իր իշխանավորներից նրան թույլ չէր տվել, որ հայտնապես դավանի Քրիստոսին որպես Աստծու Որդի: Սիրելիներ, մեր աչքի առջև է տվյալ ժամանակի պատկերն ամբողջությամբ և մենք հասկացանք, թե ինչքան մեծ և բացասական դեր են խաղացել կրոնական առաջնորդները՝ մարդկանց Քրիստոսից հեռացնելու հարցում; Մենք ունենք Նիկոդեմոսի օրինակը, որը գաղտնի էր հետևում Հիսուսին, վախենալու պատճառով, մենք տեսնում ենք այն պատվիրակությանը, որոնց ուղարկեցին Հիսուսին ձերբակալելու և նրանք ուղղակի չկարողացան նրան բռնել, քանի որ հիացած էին Նրա խոսքի ճշմարտությամբ, և նույնիսկ չթաքցրին իրենց հիացմունքը, որ դեռ ոչ ոքից չէին լսել այդպիսի խոսքեր, ինչպես որ այդ մարդուց: Բնական է նրանք ոչինչ չգիտեին Հիսուսի մասին, և մեկ անգամ լսելով հասկացել էին Նրա առավելությունը այլոց հանդեպ: Շատ մեծ նշանակություն ունի Քրիստոսի վարդապետության քարոզությունը, և հատկապես թե ո՛վ է քարոզողը: Վստահաբար կարող ենք ասել, եթե քահանայապետները իրենց սպասավորներով հանդերձ լծվեին ջերմեռանդ քարոզությամբ, պատկերը բոլորովին այլ կլիներ: Բայց նրանց նպատակը իրենց մրցակցին ժամ առաջ վերացնելն էր, ո՛չ թե քարոզելը: Հովհաննես Ավետարանիչը հոգ է տարել իր ընթերցողի մասին, որպեսզի ամեն մանրուք հասկանալի դառնա, ամեն տողատակ ընկալելի լինի, և գլխավորը, որ իր ասելիքը Քրիստոսի աստվածության վերաբերյալ հավատ ներշնչի մարդկանց մոտ և սրտով կարդան, մտքում պահեն, գործերում ցույց տան: Քրիստոնյայի համար շատ կարևոր արժեքներ գոյություն ունեն, որոնց հիման վրա պետք է կառուցել կյանքի հոգևոր շինությունը՝ խաղաղ ապրելու համար:
Այդ արժեքներն են՝ Քրիստոսի թափած անմեղ արյունը մարդկության համար. Մխիթարիչ Սուրբ Հոգին, որը ստանում ենք մկրտությամբ, Աստվածաշունչ Մատյանը, որը կյանքի անդավաճան ուղեկից է, և պատարագը՝ Սուրբ Հաղորդության խորհրդով: Այս բոլորի գլուխը ապաշխարությունն է, միայն ապաշխարող սիրտը կարող է խոնարհվել Քրիստոսի խաչի առջև, որի առաջին պատգամը ապաշխարությունն էր: Քրիստոնյայի հավատքը պետք չէ, հիմնված լինի զգացմունքների վրա, որովհետև զգացմունքները խաբուսիկ են: Երբեմն կարող է քեզ թվալ, թե Աստված ներել է քո բոլոր մեղքերը, բայց իրականում այդպես չլինի, և կարող է երբեմն քեզ թվալ որ Աստված չի ներում քեզ, բայց Աստված վաղուց է ներել քեզ: Հավատը պետք է հենվի հարատև ապաշխարության վրա, որովհետև Աստծու հանդիմանական խոսքն որ մարդուն տանում է ապաշխարության; Քրիստոնյաների մոտ հաճախ է նկատվում աստվածաշնչյան թույլ գիտելիք և ուժեղ զգացմունքային հավատք: Անկյունաքարն է կարևոր քրիստոնյայի կյանքում, որը արհամարհեցին շինարարները, որոնք այս պարագայում հրեա իշխանավորները եղան: Եթե հրեաներն էլ ապաշխարության հոգի ունենային, կլսեին, կհավատային ու կընդունեին Հիսուս Քրիստոսին, որին Աստված էր ուղարկել: Թող Աստված մեզ ճշմարիտ ապաշխարություն պարգևի մեր կյանքի բոլոր օրերի համար, որպեսզի մեր կարդացածը խոնարհությամբ կատարողներ լինենք; Ավարտեցին նաև յոթերորդ գլուխը, վաղը՝ եթե Աստված կամենա, կսկսենք 8 րդ գլխի սերտողությունը:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: