ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 7: 1- 10
ՅԻՍՈՒՍ ԵՒ ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
1 Այս բաներէն ետքը Յիսուս Գալիլիայի մէջ կը պտըտէր, քանզի չէր ուզեր Հրէաստանի մէջ պտըտիլ, վասն զի Հրեաները զինք սպաննել կ՚ուզէին։
2 Հրեաներուն տաղաւարահարաց տօնը մօտ էր, 3 Ուստի իր եղբայրները ըսին իրեն. «Ելի՛ր ասկէ ու Հրէաստան գնա, որպէս զի քու աշակերտներդ ալ տեսնեն քու գործերդ որոնք կ՚ընես. 4 Վասն զի մէկը չկայ որ ծածկաբար բան մը ընէ եւ ինք յայտնի ըլլալ ուզէ. եթէ դուն այդ բաները կ՚ընես, ինքզինքդ աշխարհի յայտնէ»։ 5 Քանզի իր եղբայրներն ալ չէին հաւատար իրեն։ 6 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ժամանակս դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ 7 Աշխարհ ձեզ չի կրնար ատել, բայց զիս կ՚ատէ, վասն զի ես կը վկայեմ թէ իր գործերը չար են։ 8 Դուք ելէ՛ք այս տօնին. ես [դեռ] չեմ ելլեր այս տօնին. վասն զի ժամանակս դեռ չէ լեցուած»։ 9 Այս ըսելով անոնց՝ ինք Գալիլիա մնաց։
10 Բայց երբ իր եղբայրները գացին, ետքը ինք ալ գնաց տօնին, ո՛չ թէ յայտնի՝ հապա գաղտուկ կերպով մը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ.Նախորդ օրերի երկար ուսուցումն անցկացնելու հետո, Տէր Հիսուս չկամեցավ գնալ Հրեաստան, քանի որ լուր ուներ, որ հրեա առաջնորդները կամենում են սպանել իրեն: Նախորդ սերտողության մեջ էլ ձեզ ասացի, որ Տէր Հիսուս խուսափում էր հրեաների մեջ անժամանակ հայտնվելուց, ոչ թե նրա համար, որ վախենում էր մահից, քավ լիցի, այլ չէր կամենում, որ իրեն սպանեն իշխանությամբ, այլ կամենում էր իր կամքով ու իր իշխանությամբ տալ իր կյանքը:Դրա համար երբ հասավ խաչելության պահը, բացարձակ չխուսափեց, ոչ մի միջոց չձեռնարկեց, և ինքնակամ գնաց խաչվելու:Այս նրբությունը միշտ հիշեք, որ Հիսուս Քրիստոս իր իշխանությամբ խաչը բարձրացավ, ոչ թե հրեաների կամքով: Ինքը տվեց իր կյանքը մարդկության համար, ոչ թե իր կյանքը խլեցին մարդու փրկության համար: Սա շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ: Այսինքն սա սիրո առաջին դրսևորումն է, երբ չես խնայում քեզ, որպեսզի այլոց համար լավ լինի: Սա էր գերագույն նպատակը Երկնավոր Հոր փրկության ծրագրի, որ Հիսուս Քրիստոս իր վրա վերցնի աշխարհի մեղքը, որովհետև միայն Իր ուսերը կարող էին տանել այդ խաչը, քանզի ամբողջությամբ անմեղ էր ու արդար: Չգնաց հրեաստան և շրջում էր Գալիլիայում: Աշակերտներից ոմանք հեռացել էին, ոմանց համար Իր ասած խոսքերը գայթակղություն է եղել: Նույնիսկ իր եղբայրները, որոնց հետ ապրում էր, այսինքն Հայր Հովսեփի որդիները, որ կային իրենից առաջ, նրանք էլ չէին հավատում իր կատարած հրաշքներին, թեպետ ամեն օր տեսնում էին իրենց աչքով:
Քանի որ ստիպում էին Հիսուսին, որպեսզի գնա Հրեաստան և ամենքին ցույց տա այն բոլոր զորավոր գործերը, որ անում է Գալիլիայում, որպեսզի հայտնի դառնա աշխարհին: Ի՞նչ էր եղբայրների նպատակը, երբ այս բանն էին կամենում: Եթե եղբայրները գիտեին, որ հրեաները ուզում են սպանել Հիսուսին, ապա ինչո՞ւ էին ասում գնա և արա այդ գործերը, թող քեզ ճանաչեն բոլորը: Մի՞թե մտահոգ չէին, որ իրենց եղբորը կսպանեն; Իսկ եթե ենթադրենք չգիտեին և իրենցից ծածուկ էր պահվել հրեաների սպանության մտադրությունը, ապա ինչո՞ւ էին շտապում Հիսուսի համբավի տարածման հարցում: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, ամեն տեղ մարդկային գործոնը տեսանելի է: Եղբայրներ նույնպես կամենում էին, որ Հիսուս շուտով դառնա հռչակավոր մեկը և իրենք օգտվեն այդ համբավից, քանի որ իրենց տնից է, իրենց եղբայրն է: Մտածում էին այնպես, ինչպես որ աշակերտներից շատերը, որոնք կամենում էին շուտո՛վ նստել Նրա մեծության աջ և ձախ կողմերում: Որովհետև Հիսուսին ակնարկում էին, որ չի կարող մեկը հայտնի դառնալ, եթե ծածուկ է գործում: Հիսուսի եղբայրների հավատն էլ տկար էր և մեռած հավատ էր: Հիսուսի կողքին չգտնվեց գեթ մեկ անձ, որը միանգամից հասկանար Հիսուսի գործելաոճը և չհեռանար Նրանից: Առանց Սուրբ Հոգու զորության մարդը ինքն իրենից ոչինչ անել չի կարող, ըստ այն խոսքի, որ Տեր Հիսուս ասում է 15 րդ գլխում, թե առանց ինձ ոչինչ անել չեք կարող:
Տէր Հիսուս չկամենալով եղբայրներին տրտմեցնել, շատ հետաքրքիր առաջարկ արեց նրանց, ասելով,- Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Այսինքն ինչն է ձեզ խանգարում, որպեսզի դուք էլ Հովհաննես Մկրտչի պես դուրս գաք ժողովրդի մեջ և քարոզեք լույսի մասին: Չէ՞ որ ձեզ դրա համար չեն մեղադրի, որ խոսում եք ճշմարտության մասին, ոչ թե դուք եք ճշմարտությունը: Աշխարհը պայքարում և ատում է բուն ճշմարտությունը, ոչ թե ճշմարտության մասին խոսողին: Աշխարհը ատում է ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը բացահայտում է աշխարհի չար գործերը: Հիսուս Քրիստոս բացահայտեց հրեա առաջնորդների կեղծավոր կյանքը մարդկության առջև, և հարուցեց նրանց բարկությունը այն աստիճանի, որ Իրեն մահվան դատապարտեցին: Եղբայրները կամենում էին, որ Հիսուս մասնակցեր Տաղավարահարաց մեծ տոնին, քանի որ ժողովրդի բազմությունը այդ տոնի պատճառով հավաքվել էին Երուսաղեմում և տոնի օրը մեծ ջահագնացություն էին կազմակերպում ամբողջ քաղաքով մեկ: Եղբայրները ուզում էին, որ Հիսուս այդ բազմության համար հրաշքներ գործեր և դառնար ճանաչված բոլորից: Բայց խորը չէին մտածել, որ կարող էր ժողովրդի մեջ խռովություն առաջանալ և հռոմեական զորքը մտներ ու կոտորեր մարդկանց: Չէ՞ որ Հրեաստանում բոլորը չէին, որ Հիսուսին ընդունում էին որպես Աստծու Որդի: Նույնիսկ կարելի է ասել, որ հազվագյուտ մարդիկ էին, որ դավանում էին այդպես: Դրա համար Հիսուս եղբայրներին ասաց, դուք գնացեք այդ տոնին, Ես այդ տոնին չեմ գնալու, քանի որ Իմ ժամանակը դեռ չի լրացել: Երբ այսպես ասաց, իր եղբայրները գնացին այդ տոնին մասնակցելու, իսկ Ինքը մնաց Գալիլիայում: Ինքը գիտեր, որ գնալու էր տոնին, բայց չկամեցավ եղբայրների հետ գնալ և հայտնապես երևալ մարդկանց մեջ:Ինքն էլ գնաց, բայց թաքուն, որպեսզի աղմուկ չբարձրանա:
Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ Տէր Հիսուս ասում է,- Իմ ժամանակը դեռ չի լրացել: Վերևում մենք խոսեցինք այն մասին, թե ինչո՞ւ էր Հիսուս խուսափում վաղաժամ մահից, որովհետև Նա խաչելությունը կամավոր ընդունելուց զատ, մեկ այլ առաքելություն էլ ուներ, որը պակաս կարևոր չէր ժողովրդի համար: Հիսուս այդ նախատեսված ժամանակում պետք է հասցներ աշակերտներ ընտրել, նրանց ուսուցանել իր ողջ վարդապետությունը: Պետք է խոսեր և բժշկեր մարդկանց բազմությանը:Մեր փրկությունը չի կատարվել միայն Հիսուսի խաչելությամբ, այլ նաև Նրա հզոր վարդապետության տարածումով, այլապես խաչելությունը ժամանակի ընթացքում կմոռացվեր ազգերի կողմից: Տէր Հիսուս ինքն էր ընտրում հարմար ժամանակը Երուսաղեմ գնալու, որպեսզի կարողանար և քարոզել և խուսափել մահից: Տաղավարահարաց տոնին հրաժարվեց գնալ հայտնապես, քանի որ վտանգ կար: Իսկ հիշո՞ւմ եք, որ աշակերտները ասացին, ինչո՞ւ ես ուզում Երուսաղեմ գնալ, չէ որ այնտեղ ուզում էին քեզ սպանել: Իսկ Տէր Հիսուս պատասխանեց, ասելով,- Դրա համար իսկ եկել եմ; Խուսափում էր մահից, բայց երբ Պետրոսն ասաց, քավ լիցի թե այդ բանը քեզ պատահի, նրան ասաց,- Հետևս անցի սատանա, դու գայթակղություն ես ինձ համար: հետևաբար սիրելիներ, մենք յուրաքանչյուր բառը, որ արտաբերել է մեր Տէրը, պետք է խնամքով լսենք, ուշադիր կարդանք, խորհելով հասկանանք, թե որը ինչ դրդապատճառով է ասում և անում:
Սիրելիներ, ես ուզում եմ ձեզ միջանկյալ մի տեղեկություն ևս հաղորդել, քանի որ Հիսուսի եղբայրներ ասելով, ես ասացի, որ նրանք հայր Հովսեփի հարազատ զավակներն են և որևէ արնակցական կապ չկա Հիսուսի և Մարիամ Աստվածածնի հետ: Սա լուսաբանենք և անցնենք առաջ: Մենք խոսել ենք այս մասին, բայց մեր հետևորդների թիվն անընդհատ ավելանում է, գուցե մեկը տեղյակ չէ: Ինչո՞ւ Մարիամը նշանվեց ծեր Հովսեփի հետ: Եսայի մարգարեությունը բոլորիդ հայտնի է, որ գրված է, - Ահա կույսը պիտի հղանա և մի մանուկ պիտի ծնի և նրա անունը Էմմանուէլ պիտի դնեն: Մարիամը մանկուց մեծացել էր տաճարում, և երբ նրա ժամանակը լրացավ, պետք է տաճարից դուրս գար: Աստծու նախախնամությամբ Մարիամին հանձնեցին Հովսեփի խնամքին երեք պատճառով: Նախ, որ Մարիամի Սուրբ Հոգուց հղությունը ծածուկ մնա սատանայից, քանի որ Սատանան գիտե սուրբ Գրքերը, որ փրկիչը պետք ծնվի կույսից: Իսկ Հովսեփի մոտ մնալով, այդ կասկածը ցրվում էր: Ամուսին ունեցողը չի կարող կույս լինել:Առաջին վտանգը ապահովված է: Երկրորդ պատճառն այն էր, որ սատանան հետևում էր բոլոր կույսերին, ըստ մարգարեության գրքի: Եվ երրորդ պատճառն այն էր, որ Մարիամը ամուսնացավ Հովսեփի հետ, որպեսզի Հովսեփը պահպանի Մարիամի գեղեցկությունն ու գրավչությունը իր ժամանակի երիտասարդներից, իսկ ամուսին ունեցողին ոչ ոք չէր կարող մոտենալ: Ահա թե ինչու էր Աստծու օրհնեալ այդ աղջնակը հայտնվել Հայր Հովսեփի մոտ, քանզի նրա միջոցով էր աշխարհ գալու մարդկության Փրկիչը: Իսկ հայր Հովսեփը արդեն ուներ այդ զավակներին, որոնք Հիսուսից շատ մեծ էին տարիքով:
Հիսուսի այդ եղբայրները բացի նրանից, որ չէին հավատում, որ Հիսուս Փրկիչ է, նաև չէին հավատում, որ Մեծ Վարդապետ է, քանի որ իրենց աչքի առջև էր մեծացել, և նրանք գիտեին, որ չի սովորել ոչ մի հետ: Այստեղ մնում էր պարզ հավատ, իսկ հրեաները դա չունեցան: Ճիշտ է, որ եղբայրները հետևում էին Նրան, քանի որ մտահոգ էին այն բանի համար, որ Հիսուս հուդայականության տեսանկյունից քարոզում էր ոչ ստանդարտ մտքեր, և մտավախություն ունեին, որ կվնասեն Նրան: Հիշո՞ւմ եք այն դրվագը, երբ Նրա մայրն ու եղբայրները եկան կանչեցին, քանի որ լսել էին վտանգի մասին: Փրկիչ և Վարդապետ լինելու միտքը ծածկված էր հրեա ազգից և կարելի ասել ծածկված է մինչև հիմա, ինչպես որ Պողոս առաքյալ ն ասում է.- Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածքների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու: Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ: Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կվերացուի, որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է: Բ.Կորնթ. 3:14
Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա հասկանալ և նմանվել Նրա մարդկային կատարյալ հատկություններին, այլապես մարդն ինչպե՞ս կնմանվեր Աստծուն: Սա էր որ չընկալեցին հրեաները և առհասարակ շատ շատերը: Չէ՞ որ ասաց,- Եղեք կատարյալ, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ: Այդ պատճառով էլ Հիսուսի եղբայրների մեջ հավատը մնաց տկար: Հիսուս Քրիստոս մեր Փրկիչն է, մեր Վարդապետն է, մեզ հավիտենական կյանք պարգևողն է, և մենք դրան հավատում ենք անվերապահ: Նույն հավատով էլ պետք է կատարողները լինենք Նրա խոսքերի: Հիսուսի եղբայրները և առհասարակ իր շուրջը գտնվողներից շատերն էի կամենում Հիսուսի տեսնել Իր փառքի բարձունքի վրա, որպեսզի վայելեն Նրա հետ միասին: Բայց Հիսուս Քրիստոս փառքի ժամանակը լրանալու էր Գողգոթայի վրա և հա՛տկապես խաչի վրա: Հետևաբար դժվար էր եղբայրներին բացատրել, երբ իրեն ստիպում էին որ Իր զորավոր գործերով իրեն հայտնի աշխարհին: Ինչո՞ւ ասաց, աշխարհը ձեզ չի մեղադրի, որովհետև եղբայրներն էլ ապրում էին աշխարհի կյանքով, դրա համար աշխարհը նրանց չէր մեղադրելու ոչնչի համար: իսկ Հիսուս Լույս էր խավար աշխարհի համար և աշխարհը Նրա չընկալեց:
Աշխարհը այսօր օրինականացնում է մեղքը և չի մեղադրում նրան, ով համագործակցում է իր հետ: Կհալածվեն այն քրիստոնյաները, որոնք համագործակցում են աշխարհի մեղքի հետ: Երբ որ եկեղեցին հզոր թափով պայքարի մեղքի դեմ, կսկսվի եկեղեցու դեմ հալածանքը, քանի որ աշխարհը ատելու է ճշմարտությունը, որ քարոզվում է եկեղեցում; Իսկ եթե եկեղեցին մեղմ վերաբերմունք ունենա աշխարհի մեղքի հանդեպ, աշխարհը չի հալածի նաև եկեղեցուն, քանի որ աչք է փակում մեղքի վրա: Հիսուս Քրիստոս աշխարհի ախտորոշումը գրել է դեռ երկու հազար տարի առաջ, այնպես որ այսօր նոր բան ասող չի լինելու, ուղղակի պետք է կարդալ Սուրբ Գրքերը, որպեսզի տեղեկացված լինենք, թե որը ինչի համար է լինում: Ինչո՞ւ Հիսուս չէր ուզում գնալ Տաղավարահարաց տոնին: Այս տոնի մասին մենք արդեն գիտենք, որ հիշատակն է քառասուն տարիներ անապատում տաղավարների մեջ ապրելու և դրանից ազատագրվելու: Բայց ժամանակի ընթացքում այնքան է աղավաղվել այդ տոնը, որ կորցրել է իր իրական իմաստը՝ այսինքն մեղքի գերությունից ազատագրվեցին և մտան խոստացված երկիր, որպեսզի ազատվեն օրենքի լծից և ընդունեն շնորհը, որ գալու է Քրիստոսից; Հիմա այդ տոնը ուղղակի վերածվել է կեր ու խումի և մոռացվել է իրական իմաստը:Իսկ Հիսուսի համար հաճելի չէր մասնակցել այդպիսի զվարճանքի, որի նպատակը միայն ուտել, խմել և զվարճանալն է: Հիսուսի նպատակն է ժողովրդին սովորեցնել իրենց ցանկացած տոնի խորհուրդը և տոնի նպատակը: Տաղավարները նշանակն են այս ժամանակավոր կյանքի, որ մերը չէ, այլ ժամանակավոր է, և մենք պետք է կենտրոնանանք հավիտենականի վրա: Քրիստոնեական տոներն էլ կորցրել են իրենց իրական իմաստն ու նպատակը և նշվում են նշելու համար: Յուրաքանչյուր տոն ունի իր ճաշատեսակը և տոնը մեր օրերում վերածվել է համապատասխան ճաշատեսակով ուրախանալու:
Մինչդեռ քրիստոնեական տոնի գլխավոր Հերոսը Հիսուս Քրիստոսն է և ամեն ուրախություն Նրա շուրջն է ծավալվում; Տոնի նպատակն է հիշել վերհիշել Քրիստոսի կյանքի բոլոր մանրամասները, ուրախանալ, որ մեր փրկությունը ապահովողի տոնն է այսօր, և ապրել այդ հույսով: Թեկուզ քրիստոնեական սրբերի տոների հիշատակությունը զուտ նրա համար է, որ մենք հիշենք, որ տվյալ սուրբը նահատակվել է Քրիստոսի անունը բարձր պահելու համար, Նրան հավատալու և ծառայելու համար: Քրիստոնեական բոլոր տոների առանցքում Հիսուս Քրիստոսն է: Հրեաներն էլ տոների ջահերը վառելիս սպասում են Մեսիայի գալուստին, որը ըստ իրենց պատկերացմամբ դեռ գալու է: Սիրելիներ, երբեմն կրոնական մոլորությունները մարդկանց ավելի վատ տեղ են տանում, քան ակամա մեղքերը: Հետևաբար մենք պետք է անսահման ուշադիր լինենք և տոների խորհրդի հարցում, և մեր կարդացած Ավետարանի խոսքերի ճիշտ մեկնությանը, որպեսզի չլինենք մոլորված քրիստոնյա, որը չգիտե իր քրիստոնյա լինելու մեծագույն պատիվը և հոգևոր շահը: Ավարտենք այս մտքի վրա մեր սերտողությունը, և սպասենք վաղվա իրադարձություններին, որ տեղի է ունենալու տաճարի մեջ:
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: