ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 6: 37- 52
37 Այն ամէնը, որ Հայրը ինծի կու տայ, ինծի պիտի գան եւ ան, որ ինծի կու գայ, բնաւ դուրս պիտի չհանեմ։ 38 Վասն զի ես երկնքէն իջայ՝ ո՛չ թէ իմ կամքս ընելու, հապա անոր կամքը՝ որ զիս ղրկեց։ 39 Եւ զիս ղրկող Հօրը կամքը այս է, որ այն ամէնը որ ինք տուաւ, չկորսնցնեմ, հապա անոնց յարութիւն առնել տամ վերջին օրը։ 40 Քանզի զիս ղրկողին կամքը այս է, որ այն ամէնը որ կը տեսնեն Որդին եւ կը հաւատան անոր, յաւիտենական կեանք ունենան, ե՛ս ալ անոնց յարութիւն առնել պիտի տամ վերջին օրը»։
41 Հրեաները կը տրտնջէին իրեն դէմ, վասն զի ըսաւ թէ՝ ‘Ե՛ս եմ երկնքէն իջած հացը’ 42 Եւ կ՚ըսէին «Ասիկա Յովսէփին որդին՝ Յիսուսը չէ՞, որուն հայրն ու մայրը մենք կը ճանչնանք. ուրեմն ի՞նչպէս կ՚ըսէ ասիկա թէ՝ ‘Ես երկնքէն իջայ’»։ 43 Պատասխանեց Յիսուս ու ըսաւ անոնց. «Տրտունջ մի՛ ընէք ձեր մէջ։ 44Մէկը չի կրնար ինծի գալ, եթէ զիս ղրկող Հայրը զանիկա չքաշէ ու ես անոր յարութիւն առնել պիտի տամ վերջին օրը 45 Մարգարէները գրած են եւ ամէն ոք ալ Աստուծմէ սորված պիտի ըլլայ։ Այն, որ Հօրմէս կը լսէ ու կը սորվի, ինծի կու գայ։ 46 Ոչ մէկը Հայրը տեսած է, այլ միայն ան՝ որ Աստուծմէ է, անիկա Հայրը տեսած է։ 47 Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ ‘Ան որ ինծի կը հաւատայ, յաւիտենական կեանք ունի’։ 48 Ես եմ կենաց հացը։ 49 Ձեր հայրերը անապատին մէջ մանանան կերան ու մեռան։ 50 Այս է այն հացը, որ երկնքէն կ՚իջնէ, որպէս զի եթէ մէկը ատկէ ուտէ, չմեռնի։ 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքէն իջայ. 52 Եթէ մէկը այս հացէն ուտէ, յաւիտեան պիտի ապրի եւ այն հացը՝ որ ես պիտի տամ՝ իմ մարմինս է, որը ես պիտի տամ աշխարհի կեանքին համար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Երեկ մեր սերտողությունը ավարտել էինք այն հատվածի վրա, որ հացի բազմացման հրաշքից ուրախացած բազմությունը փնտրեց և գտավ Հիսուս Քրիստոսին Կափառնայում քաղաքում: Լսելով Հիսուսի խոսքերը նրանք կամեցան օգտվել այն հացից, որի մասին իրենց տեղեկացրեց Վարդապետը: Սիրելիներ հավատը Աստծուց է, սակայն մենք մեր աղոթական կյանքով այդ հավատը պետք է հասցնենք հույսի, իսկ քրիստոնեական հույսը մեզ մոտեցնում է սիրուն: Աստված սեր է, իսկ մենք երբ Սուրբ Հաղորդության մեջ ենք Աստծու հետ՝ Իր մարմնի և արյան հաղորդությամբ, դա Հացն է երկնքից իջած, որ կյանք է տալիս աշխարհին: Դա այն մանանան է, որ Աստված տվեց անապատում հրեաներին; Հիշում եք Ելից գրքից, որ Աստված զգուշացրեց ժողովրդին Մովսեսի միջոցով, որ երկնքից թափվող մանանան հավաքեն միայն տվյալ օրվա համար, քանի որ հաջորդ օրը նորից է թափվելու երկնքից, որպեսզի կշտացնի անապատով քայլող ժողովրդին: Իսկ ժողովուրդը իր թերահավատության պատճառով երկու օրվա պաշար էր հավաքում և մանանան փչանում էր հաջորդ օրը: Աստծու խոսքին չվստահելու առաջին պայմանը թերահավատությունն է: Քրիստոնյաներից շատերն էլ թերահավատություն ունեն Քրիստոսի մարմնի և արյան սրբագործող հատկության զորության վրա, որ կարող է ունենալ իրենց կյանքում: Այսպիսի թերի հավատքի պարագայում սուրբ հաղորդությունը մարդու բերանի մեջ կարող է դառնալ սովորական հաց և որևէ ազդեցություն չունենալ նրա կյանքում; Աստծու ամեն խոսքի հանդեպ անմնացորդ հավատք է պետք, որպեսզի խոսքը գործի մարդու մեջ: Այս միտքն է, որ Տէր Հիսուս կամենում է ներկաներին հասցնել, որ փնտրեք կորստյան ենթակա հացը, այլ ձեր հոգու փրկության սննդի մասին հոգացեք, որ կանգնած է ձեր առջև և դուք չեք տեսնում; Ես եմ,- ասում է Կենդանի հացը, և ով դեպի Ինձ գա քաղց չի զգա; Հավատը, հույսը և սերը միայն կարող են մեզ այդ գիտակցությանը, որ Քրիստոսի մարմինն ու արյունը քավություն, թողություն և հավիտենական կյանքի հույս է մեզ համար: Այս երկարատև ուսուցման ժամանակ Տէր Հիսուս պարբերաբար կրկնում է նույն միտքը, թե՝ Ես եմ կենաց հացը: Քանի որ նույնիսկ Նրա աշակերտների մեջ կային շատերը, որոնց համար այս խոսքերը ամբողջությամբ ընկալելի չէր, ուր մնաց ամբողջությամբ հասկանալի լիներ այն մարդկանց համար որոնք հաց լսելով մտածում են միայն որովայնի հագեցվածության մասին;
Նույն կացության մեջ էր Տէր Հիսուս, երբ հրեա վարդապետ՝ Նիկոդեմոսին էր բացատրում մարդու վերստին ծննդի մասին, և նա չէր հասկանում Հիսուսի խոսքերը: Այժմ խոսում է Հաղորդության խորհրդի մասին, իսկ ժողովուրդը դարձյալ չի հասկանում: Ինչո՞ւ չէին հասկանում այն ժամանակ, ինչո՞ւ չեն հասկանում նաև այսօր: Որովհետև մինչև ենթական վերստին չծնվի, չի հասկանա աստվածային խորհուրդների իմաստը և երբեք չի զգա դրանց ներգործությունը իր կյանքում: Իսկ նրանք, որոնք մոռանում են իրենց հին մեղավոր մարդը և հետևում են Հիսուս Քրիստոսի խոսքին՝ այդ ճանապարհին ձեռք են բերում այն, ինչ մասին խոսում է Հիսուս Քրիստոս: Այն, ինչ վերաբերում է մարմնին, մարդը հասկանում է միանգամից, իսկ հոգուն վերաբերվող արժեքները միանգամից հասկանալի չեն:Հիմա ձեզ ասեմ, թե ինչի՛ համար է այդպես: Հոգին անմահ է, և մարմինը՝ մահկանացու, այդ մասին բոլորդ գիտեք, նորություն չէ: Քանի որ հոգին անմահ է, նրա համար ժամանակավոր ոչինչ գոյություն չունի: Եթե դուք տրվում եք Աստծու խոսքին և հարատևում են նրա մեջ, հոգին չի հագենում և անվերջ ձգտում է այդ սննդին, որով որ դուք իրեն կերակրում եք, և նա այդ սնունդով առողջ է պահում նաև մարմինը: Իսկ երբ դուք տրվում եք մեղքին, մեղքը ձեր արյան միջոցով ներթափանցում է ձեր մարմնի բոլոր մասերը և հիվանդացնում նաև մարմինը: Սուրբ Հոգին չի կարող համագործակցել մեղքի և ապրել մարդու մեջ: Երբ որ մենք կատարյալ հավատքով հաղորդվում ենք Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությամբ, մենք հաղորդակից ենք դառնում, ժառանգակից ենք դառնում, կցորդ ենք դառնում Աստծու Որդուն, որին Հայր աշխարհ է ուղարկել հենց այդ բանի համար, որ մենք Նրա հետ մեկ լինենք: Իգնատիոս Անտիոքացին մի հետաքրքիր միտք է արտահայտում, որը առավելապես վերաբերում է այն մարդկանց, որոնք առավոտից երեկո Հիսուսի անունն են տալիս, բայց գործերը այլ բան ասում; Նա ասում է,- Մի՛ խոսեք Հիսուսի մասին, եթե չեք փափագում ուտել Նրա մարմինը և խմել Նրա արյունը: Նրա խոսքերը կրկնելը բավարար չէ՛ և չի հագեցնում հոգին, այլ՝ Նրա հետ պետք է նույնանալ՝ Իր թափած արյունով և ծեծված մարմնով: Պատարագի ավարտին խորհրդակատար քահանան վեր բարձրացնելով Սկիհը, ասում է,- Ի Սրբություն՝ Սրբոց: Քանի՞սն են ուշադիր այս խոսքերին, քանի՞ս են գլխիկոր կանգնած այս խոսքերը լսելիս, որ Սրբությունը պատրաստում են բաժանել մարդկանց որ սուրբ չեն ամենևին, բայց կարող են սրբանալ, եթե գնահատեն այն, ինչը տրվում է իրենց՝ Տիրոջ պատվերի համաձայն;
Ի՞նչ է նշանակում սուրբ: Սուրբը նա չէ, որ հրեշտակի թևեր ունի, այլ նա է, որը զատված է մնացածից, առանձնացել է մյուսներից իր հոգեվիճակով, որը արդեն ճանաչում է Հիսուս Քրիստոսին, և փորձում է ոչնչով այլևս չնեղացնել իր Տիրոջը, իսկ պատահածի դեպքում էլ Պետրոսի պես դառնապես լացում է, քանի որ գիտեր չմեղանչելու մասին և դարձյալ ընկավ: Ամեն ժամ խնդրում է Աստծուն, որպեսզի վերականգնի նախկին հարաբերությունը Աստծու հետ: Սրբերը սուրբ են դարձել իրենց մեղավոր կյանքից երես թեքելով, Քրիստոսին միանալով, աշխարհից հեռանալով, և իրենց մարմինը անտեսելով, որը մեղքերի սիրահար է: Տէր Հիսուս խոսում է անվերջանալի բացատրությամբ և այդ խոսքը հասանելի չէ մարդկանց, քանի որ ասում է երկնքից իջա՝ Հոր կամքը կատարելու: Իսկ ներկաների մեջ կան մարդիկ, որոնք ճանաչում են Նրա ծնողներին, և գիտեն, որ Հովսեփի որդին է;Մարմնավոր մարդիկ մտածում են մարմնավոր բաներ, սակայն եթե փորձեն հասկանալ, կամ խնդրեն, որ իրենց տրվի հասկանալու շնորհը, Հայը ոչ ոքի չի մերժի տալ, ինչպես որ Պետրոսին հայտնեց և դավանել տվեց, որ Քրիստոս Աստծու Որդին է: Պետրոսն էլ գիտեր, որ Հիսուս Մարիամի և Հովսեփի Որդին է, բայց Հայրը Պետրոսին այլևս հանձնեց Հիսուսին: Սրանում համոզվում ենք Տէր Հիսուսի այն խոսքից, որ ասում է,- Բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չեմ կորցնի, այլ վերջին օրը հարություն առնել կտամ: Սիրելիներ, այսպիսի խոստում ունենք Հիսուս Քրիստոսից, ինչպե՞ս կարող ենք չշտապել անդամագրվելու այն մարդկանց շարքը, որոնց Հայրն է տվել Հիսուսին: Ողջ կյանքը կարելի ջանալ այս խոստումին արժանանալու համար:Բայց ինչպես կարող է մարդը հասնել այս խոստմանը, երբ չի կարդում Աստվածաշունչը, և լուր չունի Աստծու այսքան նվիրական խոստումներից: Միայն հպարտությունը կարող է մարդուն արգելել, որպեսզի նա խոնարհվի և ջանա հասկանալ այս բոլորը՝ ո՛չ թե իր գրագիտությամբ, այլ՝ սրտով, անմեղությամբ, իրեն և իր անգիտությունը Աստծուն հանձնելով;Մարդու կյանքում չկա ավելի արժեքավոր բան, քան նա ժամանակին իրեն հանձնում է Աստծուն և իր սրտում թագավորում է Աստված, ոչ թե հպարտությունը:
Այս ուսուցմանը ներկա գտնվող հրեաների մեջ կային այդպիսի հպարտ սրտով մարդիկ, որոնք իրենց տրամաբանությամբ էին դատում Քրիստոսի խոսքեը, որ ասում էր Ես եմ երկնքից իջած հացը: Կրկնում էին այն խոսքերը, որոնք վերևում ասացի ձեզ, թե՝ Սա Հիսուսը չէ՞ որի հորն ու մորը ճանաչում ենք: Ինչպե՞ս կարող է երկնքից իջնել: Սիրելիներ Ավետարանը երբեք չի ակնկալում, որ մարդիկ Աստծու խոսքը կուրորեն կրկնեն կամ հավատան, բայց Ավետարանի միակ պահանջն է որ այն լսեն կամ կարդան մաքուր սրտով, անկեղծ հավատքով, ոչ թե մարդկային տրամաբանությանը զոռ տալով, ինչ արեցին ներկաներից շատերը: Հիսուս հասկացավ նրանց մտածումները և ասաց, -Մի քրթմնջեք իրար մեջ, ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե նրան չձգի Իմ Հայրը՝ ոչը ինձ ուղարկեց, որպեսզի Ես նրանց վերջին օրը հարություն առնել տամ: Հիշեցնում է նրանց մարգարեության այն գրվածը, որն ասում է,- Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն; Այսինքն նրանք, որ լսում և հավատում են մարգարեության խոսքը սրտով, նրանք են որ գալիս են դեպի Հիսուս և Հիսուս նրանց չի կորցնում: Տէրը ասում է ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հորը: Այս խոսքերը հասկանալու համար, դարձյալ վերադառնանք Պետրոսին: Պետրոսն էլ չէր տեսել Հորը, բայց Հայրը լուսաբանեց Պետրոսի համար, թե ով է Քրիստոս: Ազնիվ հավատքն է, որ սկիզբ է դնում ամեն լուսավորություն, որ միայն Աստծուց է, ո՛չ մարդուց: Որովհետև Աստծուց է բխում Սուրբ Հոգին և լուսավորում ամեն մարդու, որ Քրիստոսին է փնտրում; Սուրբ հոգին է, որ մխիթարում, հիշեցնում և լուսավորում է մարդու միտքն ու սիրտը: Այս մեկ ուսուցման մեջ հին անգամ կրկնում է նույն միտքը, թե- Ես եմ Կենաց հացը: Որովհետև մարդկանց դեմքերից հասկանալի է որ չեն կարողանում հավատալ և հավանաբար անվերջ կրկնում է՝ տեսնելու համար, թե ժողովրդի բազմությունից քանիսը կարող են հաղթահարել իրենց անգետ մեծամտությունը և ծնկի գա իր առջև օգնություն խնդրելու համար, որպեսզի Հայը ուղարկի Իր Սուրբ հոգուն՝ նրանց փրկության համար: Ո՛չ ոք հարց չի տալիս, ո՛չ ոք չի կամենում հասկանալ, թե ինչպե՞ս պետք է ուտել այդ Հացը և չմեռնել: Կամ ինչպես էր որ իրենց հայրերը մանանա կերան և մեռան, իսկ իրենք որ ուտեն երկնքից եկած հացը՝ չեն մեռնելու: Ինչո՞ւ չեն հարցնում: Այսօր էլ չեն հասկանում և չեն հարցնում: Որովհետև թույլ են տվել, որ սատանան կասկած դնի իրենց սրտերում աստվածային խորհուրդների վերաբերյալ, որպեսզի Աստծու Որդու կամավոր խաչելությունը չհասկացվի մարդկության կողմից: Բայց համընդհանուր հարության օրը տիեզերական հրապարակում այս խոսակցությունը հիշեցվելու է մարդկությանը, եթե մինչ այդ օրը դարձի չգան ու չապաշխարեն սրտանց:
Սիրելիներ, ինչպես տեսանք, մարդու փրկությունը ինքնուրույն գործընթաց չէ, այն տրվում է ի վերուստ այն մարդկանց, որոնք կամավոր են կամենում ունենալ փրկություն և հավիտենական կյանք: Հիշում եք, որ աշակերտները հարցրին Հիսուսին, թե,- ապա ով կարող է փրկվել, Տէր Հիսուս պատասխանեց, մարդու համար դա անկարելի է, բայց Աստծու համար անհնար որևէ բան բան չկա: Քրիստոնյաներս երևի հազարավոր անգամներ լսել ենք այս խոսքերը Ավետարանից, որ Տէր Հիսուս ասում,- Փնտրեցեք նախ՝ Աստծու արքայությունը, ապա մնացածը կտրվի ավելիով; Իսկ մենք, նույնիսկ քրիստոնյաներս, և հատկապես քրիստոնյաներս, փնտրում ենք նախ՝ հեղինակություն, պաշտոն, հարստություն, հետո միայն սկսում ենք արտաբերել Աստծու անունը, ոչ թե փնտրում ենք Նրա կամքը, այլ մեր կամքն ենք պարտադրում Աստծուն, որպեսզի պահպանի այն, ինչ որ ունենք, որպեսզի վայելենք; Աստված այսպիսի բարդ հարաբերություններ չի ակնկալում մեզնից, այլ՝ ասում է ինձ փնտրիր մաքուր սրտով, որպեսզի ունեցվածքդ կարողանաս վայելել այլոց հետ, ոչ թե միայն քո վայելքների համար:Աստվածային գործերի մեջ ամեն ինչ հերթականությամբ է և դասավորված է, Նախ՝ Աստված, հետո ընտանիք, հետո մնացածը: Դրա համար էր այդ մարդկանց ասում, որ Դուք Ինձ չէիք փնտրում որպես Աստծու Որդի, այլ ձեզ հաց էր պետք: Հա՛ց և վայե՛լք: Ահա թե ի՛նչ է պետք մարդկությանը երեկ և այսօր, իսկ վաղը միայն Քրիստոս է պետք լինելու համայն մարդկությանը, Որի մասին չեն մտածում այսօր: Համայն մարդկությունն է տառապում այս հիվանդությամբ, որը տարածվում է սերունդների մեջ, գնալով ավելի ու ավելի սրանալով: գրիգոր Աստվածաբանն ասում է,- Եղել է ժամանակ, երբ մարդը չի եղել, բայց չի եղել այնպիսի ժամանակ, երբ Աստված չի եղել, և Չի լինելու այնպեսի ժամանակ, երբ մարդը չլինի(նկատի ունի մարդու հոգին): Հետևաբար ինչպե՞ս կարող է Աստծու ձեռքի ստեղծագործությունը անհնազանդ լինել իր Ստեղծողի կամքին: Ուրեմն եթե չի լինելու է ժամանակ, երբ մարդը չի լինելու, դա հավիտենականությունն է: Իսկ ո՞վ է ապահովում մարդու հավիտենականությունը, եթե ո՛չ Աստված: Իսկ թե ո՞ր հավիտենականության մեջ կհայտնվի մարդը, դա կախված է իր ապրած կյանքից:
Սիրելիներ, ո՛չ մի պարգև առավել չէ Պարգևողից: Մեզ հավիտենական կյանք պարգևողը Տէր Հիսուս Քրիստոսն է: Այս աշխարհում մեզ երջանիկ պահողը Տէր Հիսուս Քրիստոսն է: հանդերձյալում մեզ դիմավորողը Տէր Հիսուս Քրիստոսն է: Մենք այս աշխարհում չունենք առավել թանկ արժեք, քան ներդաշնակ հարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ, այդ դեպքում մեզ հետ կլինի Հայր Աստծուց առաքված Սուրբ Հոգին, որը հոգին կպահի խաղաղության, խնդության, և ուրախության մեջ: Ուրեմն աշխատենք և ջանանք ոչ թե կորստյան ենթակա հացի համար, այլ երկնքից իջած՝ հավիտենական հացի համար: Հավատալ, լսել, ընդունել և տեսնել Աստծու Որդուն, որին Հայրը ուղարկեց; Սիրելիներ, այնքան խորն է Հովհաննեսի ավետարանի պարունակությունը, որ ներս մտնողը հեշտությամբ չի կարող դուրս գալ, քանի որ հետաքրքրությունը մարդուն պահում է գրքի տողերի մեջ՝ անուշ բուրմունքի պատճառով, որ բխում է Տէր Հիսուսի ամեն խոսքից: Իսկ թե ինչո՞վ ավարտվեց հրեաների վեճը, կիմանանք վաղը՝ նույն ժամին: Զինվեք համբերությամբ և սիրով՝ վաղը տեսնվելու ակնկալիքով;
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանանք: