ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 5: 31- 47
ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻՆ ՀԱՄԱՐ
31 Եթէ ես ինծի համար վկայեմ, իմ վկայութիւնս ճշմարիտ չէ։ 32 Ուրիշ մըն է, որ ինծի համար կը վկայէ եւ ես գիտեմ թէ ճշմարիտ է այն վկայութիւնը՝ որ ինք ինծի համար վկայեց։ 33 Դուք Յովհաննէսին ղրկեցիք եւ ինք ճշմարտութեանը վկայ եղաւ։ 34 Բայց ես պէտք չունիմ մարդոց վկայութեան։ Այս բաները կ՚ըսեմ, որպէս զի դուք փրկուիք։ 35 Անիկա ճրագ մըն էր, որ կը վառէր ու լոյս կու տար եւ դուք քիչ մը ատեն ուզեցիք անոր լոյսովը ուրախանալ։ 36Բայց ես Յովհաննէսին վկայութենէն ալ մեծ վկայութիւն մը ունի, քանզի այն գործերը որոնք Հայրը ինծի տուաւ որ կատարեմ, այն նոյն գործերը որոնք ես կը գործեմ, ինծի համար կը վկայեն թէ ‘Հայրը զիս ղրկեց’։ 37 Հայրը, որ զիս ղրկեց, ինք վկայեց ինծի համար։ Դուք անոր ձայնը չլսեցիք, ո՛չ ալ անոր կերպարանքը տեսաք 38 Ո՛չ ալ անոր խօսքը ձեր մէջ բնակած է, քանզի զայն որ ինք ղրկեց, դուք անոր չէք հաւատար։ 39 Գրքերը քննեցէք, վասն զի կը կարծէք թէ անոնցմով կրնաք յաւիտենական կեանք ունենալ։ Ահա բուն անոնք են, որ ինծի համար կը վկայեն. 40 Եւ դուք չէք ուզեր ինծի գալ, որ կեանք ունենաք։ 41 Ես մարդոցմէ փառք չեմ սպասեր։ 42 Բայց գիտեմ թէ Աստուծոյ սէրը ձեր մէջ չունիք։ 43 Ես իմ Հօրս անունովը եկայ ու զիս չէք ընդունիր եթէ ուրիշ մէկը իր անունովը գայ, զանիկա պիտի ընդունիք։ 44 Դուք ի՞նչպէս կրնաք հաւատալ, երբ իրարմէ փառք կ՚ակնկալէք եւ այն փառքը որ Աստուծմէն է՝ չէք փնտռեր։ 45 Մի՛ կարծէք թէ ես ձեզի համար ամբաստանութիւն պիտի ընեմ Հօրը։ Կայ մէկը՝ որ ձեզի համար ամբաստանութիւն կ՚ընէ։ Մովսէսը՝ որուն դուք յուսացած էք։ 46 Վասն զի եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինծի ալ պիտի հաւատայիք, քանզի անիկա ինծի համար գրեց։ 47 Բայց եթէ անոր գրածներուն չէք հաւատար, իմ խօսքերուս ի՞նչպէս պիտի հաւատաք։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք: Մենք արդեն հասել ենք Հովհաննեսի ավետարանի հինգերորդ գլխի սերտողությանը և ես վստահ եմ, որ դուք արդեն զգացել եք Հովհաննեսի գրեթե չկրկնվող արձանագրությունների առկայությունը, որտեղ առաքյալի ամբողջ ուշադրությունը Հիսուսի աստվածության վրա է սևեռված:
Առաքյալը արձանագրել է այնպիսի մտքեր, որոնք դուրս են մնացել մյուս աշակերտների ուշադրությունից, կամ Հովհաննեսին ուղղակի հետաքրքրել է Հիսուսի աստվածությունը քան հրաշքներն ու բժշկությունները:Երեք ավետարանների սերտողության մեջ մենք չհանդիպեցինք այսքան վկայության, որ Տէր Հիսուս անում է Իր մասին: Նախորդ ավետարաններից գիտենք, որ Հիսուս Քրիստոս իր մասին չի վկայել և կարիք չի ունեցել վկայելու, քանի որ Իր մասին ողջ մարգարեություններն են վկայում , և վկայում է նաև Մովսեսը: Մենք գիտենք նաև, որ հրեական իրականության մեջ մի անձի վկայությունը վավեր չէ, այլ՝ առնվազն երկու կամ երեք մարդու վկայություն է պետք որևէ բան փաստելու համար: Օրինակ Հիսուսի պայծառակերպության օրինակը եթե հիշենք, Նա իր հետ վերցրեց ոչ թե բոլոր, այլ՝ երեք աշակերտներին, որպեսզի հետագայում այս երեքի վկայությունը հավաստի լինի լսողների համար:Այսօրվա սերտողության մեջ Տէր Հիսուս Իր խոսքը սկսում է, խոսելով վկայության մասին: Այստեղ մենք հանդիպում ենք շատ գեղեցիկ առերեսման, որը տեղի է ունենում Տէր Հիսուսի և փարիսեցիների միջև; Միշտ է հանդիմանել ու բարկացել փարիսեցիների երկերեսության պատճառով, սակայն բարկությունը Քրիստոսի էությունը չէ, այլ բարկանում է ուղղելու և ճշմարտության ճանապարհի կանգնեցնելու համար, քանի Իր էությունն ու որակը սերն, հետևաբար նպատակն էլ մարդկանց ուղղելն է փրկության համար, ո՛չ թե նեղացնելն ու վիրավորելը: Տէր Հիսուս այս հանդիպման ժամանակ փարիսեցիներին հիմնավոր կերպով ապացուցում է, որ նրանք Գրքերը չգիտեն, սեր չունեն իրենց մեջ Աստծու հանդեպ, և նույնիսկ չեն կամենում փրկության մասին գիտելիք ունենան; Այս հանդիմանությունը կրոնական առաջնորդներին բավական խիստ է, բայց նախորդ հանդիպման ժամանակ բացատրել էր, որ Ինքը Աստծուց է առաքված, և ունի հավասար իշխանություն Հոր հետ, որին իբրև փարիսեցիները երկրպագում էին;
Հիմա պետք է Տէր Հիսուս փարիսեցիներին հիմնավոր կերպով ապացուցի իրենց իրական գործունեության նպատակը և կեղծ գործունեության վնասները: Հիսուս ասում է, որ դուք կարող եք նույնիսկ իմ վկայությանը չհավատալ, բայց Իմ մասին ե՛ս չէ որ վկայում եմ, այլ Ինձնից առաջ եկավ վերջին մարգարեն՝ Հովհաննես Մկրտիչը, որը վկայում էր Իմ մասին, ասելով,- Ահավասիկ Գառն Աստծու, որ վերացնում է մարդկության մեղքը: Հովհաննեսից առաջ Հիսուսի մասին վկայել են բոլոր մարգարեները: Մեծ մարգարեն գրում է,- Դրա համար էլ Տէրը ձեզ նշան է տալու. Ահա կույսը պիտի հղանա և մի որդի ծնի և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ Եսայ. 7:14 Իսկ 2րդ Օրենքի 18:18 ում գրված է.,- Իմ պատգամները կդնեմ Նրա բերանը և նրանց կասին այն ինչ ես կպատվիրեմ Նրան; Մարգարեներից առաջ Մովսեսն է վկայել Հիսուսի աշխարհ գալու մասին Ծննդ.3:15: Այս մարգարեությունները խորհուրդ կտամ կարդաք, որովհետև շատ կարևոր են; Եվ վերջապես Հիսուս Քրիստոս երեք տարի փարիսեցիների աչքի առջև հրաշքներ գործեց, բժշկություններ կատարեց: Իսկ Փարիսեցիները չեն ընդունում ոչ գրքերի մարգարեությունները, ոչ Հովհաննեսի վկայությունը, ոչ էլ Քրիստոսի կատարած հրաշքները: Բայց Տէր Հիսուս կարիք չունի մարդկանցից վկայություն առնելու, քանի որ Իր մասին Երկնավոր Հայրն էր վկայել երկու անգամ, մեկը՝ մկրտության պահին, երբ Հորդանանում մկրտվեց Հովհաննեսից, և երկրորդը՝ Թաբոր լեռան վրա Պայծառակերպության ժամանակ՝ աշակերտների ներկայությամբ: Բոլորի համար լսելի ձայնով խոսել է երկնքից, ասելով,- Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը: Բայց Հիսուս Քրիստոսի կատարած բոլոր զորավոր գործերը ավելի մեծ վկայություն են, քան Հովհաննեսի վկայությունը: Իսկ նրանք համառորեն չեն հավատում նաև այդ զորավոր գործերին;Բայց Տէր Հիսուս այս բոլոր փաստերը բերում է, ոչ թե ապացուցելու համար, որ ինքը Աստծու Որդին է, և ունի նույն իշխանությունը, ինչ որ Հայրը, այլ միայն այն բանի համար, որ փարիսեցիները չկորցնեն իրենց փրկությունը: Նրանք Հովհաննեսին ավելի էին վստահում, քան Հիսուսին, դրա համար ասում է,- Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր ձեր մեջ և դուք ժամանակավոր օգտվում էիք այդ ճրագից, բայց Հովհաննեսից հետո եկավ Հիսուս, որը ամբողջացրեց բոլոր մարգարեությունները:
Հիսուս հիշեցնում է նրանց այն փաստը, որ նրանք մարդ էին ուղարկել Հովհաննեսի մոտ հարցում էին կատարել և Հովհաննես վկայել էր Իր մասին, ուրեմն եթե ոչ Հովհաննեսի վկայությանն եք հավատում, ոչ էի Իմ կատարած գործերին, ապա ձեր մեջ չկա Աստծու որևէ խոսք, թեպետ կարդում եք Սուրբ Գրքերը, և դու չեք տեսել Աստծուն, ոչ էլ Նրա ձայնն եք լսել: Հիմա ես ձեր առջև կանգնած եմ և դուք ինձ չեք հավատում, որ Հայրն է ինձ ուղարկել: Այլ հակառակը, մեղադրում էին Հիսուսին՝ շաբաթը չպահելու համար: Այս բոլորը նրա համար է, որ փարիսեցիները չգիտեն Սուրբ Գրքերը, եթե իմանային, ապա այդ բոլոր գրքերը վկայում են Քրիստոսի մասին: Տէր Հիսուս կրկին առաջարկում է նրանց քննել գրքերը, որպեսզի պարզ դառնա, որ իրենք չեն հասկացել նաև գրքերը, որ վկայում են Հիսուսի մասին: Բայց կարծում են թե գիտակ են օրենքին և մարգարեություններին: Ոչ թե մի տեղում է գրված, որ վրիպած լինեն, այլ հազարավոր օրինակներ կա Սուրբ Գրքում, այսինքն Հին Կտակարանի նպատակն է աստիճանաբար բացել ճանապարհը և պատրաստել Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը: Առաքյալը ամբողջությամբ գրառել է Հիսուսի բացատրության բոլոր մանրամասները, չանդրադառնալով փարիսեցիների արձագանքի վրա, չէ որ նրանք հակառակվելու սովորություն ունեին; Բայց հավանաբար Տէր Հիսուսի խստաշունչ քարոզից պապանձվել են փարիսեցիները: Տէր Հիսուս օրենքի վարդապետներին դեպի իրեն է հրավիրում, որպեսզի փրկություն գտնեն և կորստյան չմատնվեն: Ամենևին փառք չի որոնում, ինչպես որ փարիսեցիներն են անում, քանի որ Հիսուս մարդկանցից փառք որոնելու կարիք չունի: Դա անում են այն մարդիկ, որոնք իրենց մեջ սեր չունեն Աստծու և մարդկանց նկատմամբ; Այս անգամ արդեն ուղիղ իմաստով բացահայտ ասում է նրանց,- Բայց գիտեմ, որ Աստծու հանդեպ սեր չունեք ձեր մեջ: Իսկ եթե Աստծու հանդեպ սեր չունեք և ձեր հույսը դրել եք միայն օրենքի և գրքերի վրա, դա ձեզ փրկություն չի բերի, եթե չհավատաք Աստծու Որդուն; Հիսուս չի՛ ասում չեք կարողանում գալ դեպի Ինձ, այլ ասում է չեք կամենում գալ, որպեսզի կյանք ունենաք: Տէր Հիսուս ողբերգական այստեղ մի արտահայտություն է անում կրոնավոր փարիսեցիների համար, ինչու չէ նաև մնացած հրեաների և առհասարակ համայն մարդկության համար, ասելով,- Ես եկա Իմ Հոր Անունով, և Ինձ չեք ընդունում: Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք: Ո՞վ է այդ ուրիշ մեկը:
Այդ ուրիշ մեկը հակաքրիստոսն է, որը գալու է իր սատանայական բոլոր խաբեություններով ու հրաշքներով և մարդիկ խաբվելով նրան հավատալու են: Քանի որ չկամեցան ճանաչել իրական Քրիստոսին և չկամեցան լսել Նրա խոսքը: միշտ էլ խաբվում է նա, ով իրականը կեղծից չի տարբերում:
Դարձյալ մեղադրում է փարիսեցիներին այն բանի համար, որ նրանք միմյանցից են փառք առնում և չեն փնտրում այն միակ փառքը, որ գալիս է Աստծուց: սեփական փառքի մասին մտածողը և մարդկանցից փառք ակնկալողը չի կարող Աստծու փառքը փնտրել: Քանի որ անուշադրություն է մատնել այն խոսքը, որ Տէր Հիսուս հայտարարեց բոլոր իրեն լսողներին, թե- Նախ փնտրեք Աստծու արքայությունը և փառքը, իսկ մնացածը ավելիով կտրվի ձեզ: Փնտրել Աստծու արքայությունը և փառքը, նշանակում է մշտապես հաղորդակից լինել Նրա խոսքին և Նրա մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությանը: Մենք գիտենք, որ հրեա ազգը հավատարիմ էր Մովսեսին և հույս էին դրել Մովսեսի վրա: Սակայն Տէր Հիսուս բացահայտում է նաև նրանց այս կեղծիքը; Քանի որ եթե հավատային Մովսեսին, ուրեմն պետք է հավատային նաև նրա գրվածքներին՝ որ Հիսուսի մասին էր գրված: Ուրեմն Տէր Հիսուս նաև զգուշացնում է, որ կա մեկը, որը որպես ամբաստանող կանգնելու է ձեր դիմաց և դատապարտի ձեզ, դա մովսեսն է; Իսկ ես ձեզ չեմ դատապարտի Իմ Հոր առաջ, քանի որ դուք Մովսեսին եք վստահում և Մովսեսի խոսքերին չեք հավատում, Մովսեսն էլ ձեզ կդատապարտի: Եթե դուք Մովսեսի գրվածքներին չհավատացիք, ինչպես պիտի հավատաք Իմ խոսքերին; Հիսուս իր հանդիմանական խոսքի մեջ անդրադարձավ շատ կարևոր մի կետի, որի պատճառով հպարտության մեջ էին հրեա առաջնորդները, հենվելով իրենց սուրբգրային իմացության վրա: Սակայն պարզվեց, որ այդ իմացությունը Հիսուսի առջև առ ոչինչ է, քանի որ նրանք կարդալով հանդերձ չեն հասկացել գրքերը: - Քննեցեք գրքերը, ասում է Տէր Հիսուս, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք: Ուրեմն հավիտենական կյանքի մասին նրանց պատկերացումն էլ կեղծիք էր: Ի միջի այլոց այս արտահայտությունը՝ ,,Քննեցեք գրքերը,, վերաբերում է նաև մեզ՝ այսօր: Քանի որ մենք՝ քրիստոնյաներս կարդում ենք ավետարանները և չենք հասկանում, և մեր վարած կյանքը ամենևին չի բխում ավետարանական ճշմարտությունից: Հատկապես ինչո՞ւ է պետք քննել գրքերը: Տէր Հիսուս չասաց կարդացեք գրքերը, այլ ասաց քննեցեք, քանի որ գիտեր որ կարդում են: Իսկ Սուրբ Գրքերը գեղարվեստական գրքեր չեն, որ հաճույքի համար կարդանք: Ով որ հույս ունի հավիտենական կյանքի, որը միայն Աստծուց է գալիս, նա պետք է քննի գրքերը, հասնի խորքերը, որովհետև մարգարիտը ծովի խորքում են փնտրում: Մեկ անգամ կարդացողը, որը չի հասկացել իր կարդացածը, նորից պետք է կարդա, կամ դիմի այլ մեկնողական աղբյուրների՝ բուն ասելիքը հասկանալու համար:
Յուրաքանչյուր մարդ փնտրում է ճշմարտություն, արդարություն, խաղաղություն, ուրախություն, ողորմություն, ճշմարիտ աղոթք և այլն; Միայն Սուրբ Գրքերը քննելով է, որ մարդը կարող է գտնել դրանք, որովհետև այս առաքինությունները հավաքված չեն մի էջում, որ բացելով կարդանք և ընկալենք: Այս առաքինություններից յուրաքանչյուրը պետք է գտնենք համապատասխան գլխում՝ համապատասխան նյութի մեջ՝ համապատասխան առակի կամ ուսուցման շնորհիվ; Քրիստոնյաներից շատ շատերը ավետարաններից օգտվելու ձևը չգիտեն, այդ պատճառով անհաղորդ են Աստծու արքայությանը և Նրա փառքին: Հրեաներն էլ չէին հասկացել գրքերը, դրա համար չհասկացան նաև Հիսուս Քրիստոսին: Չկամեցան հավատալ որ Հայրը երկնքից վկայեց Որդու մասին երկու անգամ; Մարգարեությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին; Ահա արդյունքը՝ անգիտության, որը մտահոգում էր Հիսուս Քրիստոսին այն ժամանակ, մտահոգում է նաև այսօր, քանի որ պատկերը շատ տարբեր չէ: Մարդիկ չեն կամենում մոտենալ Աստծուն՝ կյանք ունենալու համար, ինչը անում էին հրեա առաջնորդները իրեն օրերում:
Սիրելիներ, հուսամ որ հիշում եք Մատթևոսի ավետարանի 16 րդ գլխի սերտողությունից, երբ Պետրոսը դավանում է Քրիստոսին որպես Աստծու Որդի, Տէր Հիսուս նրան ասում է,- Երանի է քեզ, Սիմո՛ն, որդի Հովնանի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ այդ մասին, այլ՝ Իմ Երկնավոր Հայրը: Այսինքն եթե մենք այսօր մեր սրտում անվերապահ հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին է, և չենք կասկածում մեր հավատքի վրա, ուրեմն մենք էլ այսօր երանելի ենք քանի որ կարող ենք վկայել այդ մասին այլոց: Երանելի ենք այն առումով, որ այդ դավանությունը մեր բարությունից չէր, այլ՝ Աստված է դիպել մեր սրտին և մենք համարձակ դավանում ենք, ինչպես որ Պետրոսը դավանեց; Քրիստոսի այս բոլոր հանդիմանական խոսքերը չեն վերաբերում իր առաքյալներին, ոչ էլ վերաբերում են առաջին դարերի սրբերին ու Քրիստոսի համար հալածվողներին, այլ այս խոսքերը վերաբերում են հենց մեզ՝ այսօրվա քրիստոնյաներիս, որովհետև մեր նախորդները տեղ են գրավել Հաղթական Եկեղեցու անդաստանում իրենց գործերի արդյունքով: Իսկ մենք այսօր կանգնած ենք մեծ ու վտանգավոր մարտահրավերներին դեմ դիմաց՝ առանց Աստծու սպառազինության, առանց հոգևոր վահանի, առանց Աստծու խոսքի սուսերի: Ո՛չ հարձակվել գիտեն, ո՛չ պաշտպանվել՝ Աստծու խոսքով: Իսկ գուցե մենք ենք վերջին ժամանակների քրիստոնյաները, ո՞վ գիտե այդ մասին: Գուցե մեր կենդանության օրոք է լինելու մեծ նեղությունները, որոնց մասին մանրամասն գրված են ավետարաններում, իսկ մենք ո՛չ միայն չենք քննել գրքերը, այլ՝ նույնիսկ չենք էլ կարդացել: Ուրեմն ի՞նչ է սպասվում մեզ՝ ժամանակակից քրիստոնյաներիս: Այսօրվա սերտողության գլխավոր պատգամը թող լինի բոլորիս՝ քննել գրքերը, որոնք պատմում են Կյանքի Ակունքի ՝ Հիսուս Քրիստոսի մասին, որը միայն կարող է ապահովել մեր հավիտենական կյանքը՝ ավելիով: Երանելի Օգոստինոսը Գրքերը քննելու մասին պատգամի վերաբերյալ մի հետաքրքիր վերլուծություն ունի, որտեղ Հիսուսի մասին վկայությունները գրքերում համեմատում է ցորենի կյանքի ողջ գործընթացի հետ, թե ինչպես են ցորենը նախ ցանում, ջրում, կալսում, աղում և ապա միայն պատրաստում հաց ստանալուն; Այսպես է սկսվում Սուրբ Գիրքը՝ ամենատարբեր իրավիճակներում նկարագրելով Հիսուս աշխարհ գալու հանգամանքը: Մենք էլ լինենք սուրբ Գրքերը քննողներ, որպեսզի մեզ համար էլ բացվի Քրիստոսի եդեմական պատրեզի դուռը և իրավունք ունենանք ներս մտնելու: Հովհաննես ավետարանիչը մեզ այսօր ծանոթացրեց մի գեղեցիկ վկայության հետ, որը պատմում էր Քրիստոսի ողջ կյանքը և գործունեությունը: Ավարտենք այստեղ և սպասենք վաղվա նորություններին;
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: