Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք: Երեկվա սերտողության բուժված անդամալույծին տված պատգամը՝ թե՝ ,,Ահավասիկ առողջացար, այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի վատ բան չպատահի,, եթե այսօր փակցնեին բոլոր հիվանդանոցների գլխավոր մուտքերին, գուցե պատկերը մի փոքր այլ լիներ հիվանդանոցներում: Գուցե մարդիկ կարդային և անդրադառնային իրենց կյանքի մութ կետերին և արթնություն ունենային զղջալու համար: Բոլոր հիվանդությունները չեն, որ մեղքի արդյունք են, հիվանդություններ կան, որոնք Աստծու փառքի համար են, հիվանդություններ էլ կան, որոնք առաջանում են մարդու անժուժկալության պատճառով:Բայց հիվանդությունների գերակշռով մասը մեղքի արդյունք է; Բոլոր մեղքերը սրտում են գտնվում, իսկ սիրտը արյունը մատակարարում է ամբողջ մարմնին և ամբողջ մարմինը կարող է հիվանդանալ: Սակայն բոլոր հիվանդությունների համար Տէր Հիսուս նույն հարցն է տալիս,- Կամենո՞ւմ ես առողջանալ, և այս հարցին տրամաբանորեն հաջորդում է մեկ այլ հարց,- Եթե նորից նույն մեղավոր կյանքով ես ապրելու, ինչի՞դ է պետք առողջանալը:Այլ խոսքով մարդու ամբողջ հոգածությունը պետք է լինի հավիտենական կյանք ժառանգելու համար, իսկ դրան հասնելու համար պետք է, որ երկրավոր կյանքը լինի ոչ թե վայելք՝ մեղքերով լեցուն, այլ ազատությունը մեղք չգործելու մեջ: Այս պահանջները անհասկանալի մնացին փարիսեցիների համար Քրիստոսի երկրային կյանքի բոլոր տարիներին: Մինչև վերջ հետապնդեցին Նրան, այն բանի համար, որ Իրեն Աստծուն հավասար էր դասում և իրեն Աստծու որդի էր կոչում: Ուղղակի չկամեցան հավատալ Նրա խոսքերին, երեք տարի հետապնդելով Նրան: Շրջում էին Քրիստոսի հետևից ոչ թե որևէ բան սովորելու համար, այլ մի թերություն գտնելու և դատապարտելու:Հովհաննեսի ավետարանի մեջ ավելի շատ ենք հանդիպում Հոր և Որդու հարաբերությունների մասին գրությունների, որոնք եթե հավատքով չկարդանք, մեր սահմանափակ մտքի համար շատ բաներ անհասկանալի կլինի: Տէր Հիսուս ներկայացնում է Իր իշխանությունը, Իր աստվածությունը, Հոր հետ հավասար լինելու իրավունքը, և Իրեն տված բացարձակ իշխանությունը՝ Հորից: Երբ Հովհաննես Մկրտիչը վկայում էր Քրիստոսի մասին, նորից նույն բաներն էր ասում, որ շատերի համար անհասկանալի էր թվում, քանի որ երկրավոր մարդը հասկանում է երկրավոր բաների մասին:
Բայց Նա որ ի վերուստ է գալիս երկնքից, վկայում է այն բաների մասին, ինչ որ տեսել է, ու լսել է, բայց Նրա վկայությունը մարդիկ չեն ընդունում, հիմնականում այն բանի համար, որ իրենց միտքը սահմանափակ է: Բայց Աստված ում որ ուղարկեց, Նա Աստծու խոսքերն է խոսում, քանի որ Աստված հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն, դրա համար ամեն իշխանություն տվել է Որդու ձեռքը: իսկ նրանք, որոնք չեն հնազանդվի Որդուն, Աստծու բարկությունը նրանց վրա կմնա: Քանի որ Տէր Հիսուս նույն բանն է ասում, թե Ինձ տեսաք, Հորը տեսաք: Այսինքն Հայրը Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի աշխարհը Նրան հնազանդվի, իսկ Որդին հնազանդվողներին ներկայացնի Իր Երկնավոր Հորը: Եվ երբ Հիսուս Նիկոդեմոսի հետ էր խոսում, դարձյալ նույնն էր ասում, որ Ինքը խոսում և վկայում է այն բաներից, ինչ որ տեսել ու լսել է, բայց դուք՝ փարիսեցիներդ չեք ընդունում Իմ վկայությունը: Նիկոդեմոսի հետ զրույցի ժամանակ բացատրում է նրան, որ դուք երկրավոր բաները հազիվ եք հասկանում, ես ինչպես ձեզ խոսեմ երկնավոր բաներից: Ինչպես որ Իմաստության գիրքն է ասում,- Մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Իմաստ.9:16 Տէր Հիսուս բացատրում է բոլոր մարդկանց իր իշխանության մասին, որ Հայրն է տվել իրեն, բայց մարդիկ չեն ընկալում Իր ասածը, նաև չեն կարողանում մաքուր և անկեղծ սրտով ուղղակի հավատալ Նրա խոսքերին, քանի որ գործերը արդեն տեսնում են իրենց աչքով: Փարիսեցիներ ո՛չ միայն չհասկացան, այլ նույնիսկ չկամեցան հասկանալ՝ նույնիսկ այդքան հրաշքներ տեսնելուց հետո: Ինչպե՞ս կարող է մարդը Աստծուն ամբողջությամբ հասկանալ: Եթե մարդն Աստծուն ամբողջությամբ հասկանար, այդ ժամանակ Աստծու և մարդու միջև տարբերությունը կվերանար: Մենք նույն բանը ամեն կիրակի եկեղեցում Պատարագի ժամանակ, դավանում ենք բարձրաձայն՝ երգելով Հավատամքը: Եկեղեցում գրեթե բոլորն են երգում Հավատամքը՝ հավատալով որ Եկեղեցու Հայրերն են հաստատել ըստ այս խոսքերը Ավետարանի:
Մենք Աստծու գործելաոճը երբեք էլ չէին հասկանա, եթե Աստված աշխարհ չուղարկեր Իր Որդուն, որը մարդկային կերպարանք առավ, ապրեց մարդու պես, բայց առանց մեղքի: Կերավ, խմեց, քնեց ,արթնացավ մարդու պես, ուրախացավ և լացեց մարդու պես, բարկացավ և ընդվզեց կեղծիքի ու խաբեության դեմ; Սակայն երբ ժամանակը իր լրումին հասավ հանձն առավ խաչի անպատվությունը՝ որպես Աստվածամարդ, հանուն մարդու փրկության: Այս բոլորը ամբողջությամբ մարդը չի կարող հասկանալ մի պարզ պատճառող: Որովհետև մարդը մեղքի մեջ է և շարունակում է ապրել մեղքի մեջ, այդ պատճառով չի շատ բաներ չի կարող հասկանալ: Մեղավոր մարդը չի կարողանում ներել մեկ այլ մեղավոր մարդու, քանի որ իր սրտում բուն է դրած մեկ այլ մեղք: Ձեզ մի պարզ օրինակ բերեմ ավետարանից, որպեսզի առավել հասկանալի լինի ասածս: Գործ Առաքելոց գրքում կարդում ենք, որ Ստեփանոս նախավկային քարկոծում էին, իսկ ինքը տեսնում էր երկինքը բացված և Աստծու Որդուն՝ Հոր աջ կողմում կանգնած: Ի միջիայլոց, միակ տեղն է ավետարանում, որ գրված է, թե Աստծու Որդին կանգնած է Հոր աջ կողմում: Ամեն տեղ գրված է, որ նստած է Հոր աջ կողմում; Իսկ սրա մեկնաբանությունն այն է, որ Հիսուս Քրիստոս տեսնում է Ստեփանոսի քարկոծումը և ոտքի է կանգնում անարդարության պատճառով; Ստեփանոսին քարկոծում էին փարիսեցիները և օրենքի ուսուցիչներ: Այդ դեպքերին մասնակից էր նաև Պողոս առաքյալը, որն այն ժամանակ ժողովականների հրահանգով քարկոծում էր քրիստոնյաներին: Հիմա հարց եմ տալիս ձեզ,- Ինչո՞ւ Ստեփանոսը տեսնում էր երկինքը բացված և Աստծու աջ կողմում Հիսուսին կանգնած, իսկ նրան քարկոծող փարիսեցիները չէին տեսնում այդ ամենը: Սուրբ Հոգին Ստեփանոսի հետ էր, երբ նրան քարկոծելով սպանեցին; Իսկ քարկոծող մարդկանց մոտ ինչպե՞ս կարող էր Սուրբ Հոգին լինել: Հետևաբար Աստծու գործերը անքննելի են և մեղավոր մարդու համար ոչ բոլորն են հասկանալի: Իսկ մաքուր սրտեր տեսնում են Աստծուն՝ երկինքը բացված: Ստեփանոսը փարիսեցիներին նույն բանի համար էր դատապարտում, որ նրանք հետևում էին իրենց հայրերի օրինակին, քանի որ նրանց հայրերը հալածել են բոլոր մարգարեներին ու սպանել: Ուրեմն այս մարդիկ ինչպես կարող էին ընկալել և հասկանալ Հիսուս Քրիստոսին, որը ասում էր որ Ինքը և Հայրը հավասար են, կամ երբ Տէր Հիսուս իրեն վկայում է որպես Աստծու Որդի:
Ստեփանոս Նախավկային, կամ իրենից առաջ մարգարեներին քարկոծողներն ու սպանողները հրեաներն են եղել, ո՛չ թե հեթանոսները: Ուրեմն ինչպես որ կարդացինք Հովհաննեսի ավետարանի առաջին գլխում, Հիսուս եկավ յուրայինների մոտ և յուրայինները Նրա չընդունեցին մինչև վերջ: Սակայն եղան մարդիկ, որոնք ընդունեցին Քրիստոսին , թեպետ ամբողջությամբ չհասկացան, հավատացին Քրիստոսին, թեպետ չէին տեսել ոչ մի հրաշք: Եղան շատերը, որ հետևեցին Նրան՝ մի կանչից, ինչպես Նաթանայելը, ինչպես մաքսավոր Ղևին; Պարզ ձկնորսները երեք տարի սովորեցին Հիսուսի աստվածաբանական դպրոցում և Սուրբ Հոգին հանգչեց նրանց վրա և նրանք դարձան քարոզիչներ: Նույնը կատարվեց Պողոս առաքյալի հետ, որը մինչև Հիսուսին հանդիպելը, հալածիչ էր քրիստոնյաների, իսկ երբ Աստծու լույսը կուրացրեց նրա մարմնավոր աչքերը, անմիջապես բացվեցին նրա հոգևոր աչքերը և նա դարձավ ընտիր քարոզիչ՝ հեթանոսների համար: Հիսուս Քրիստոս ներկաներին բացատրում է իր իշխանության մասին, որ Հայրն է տվել Իրեն: Ինչ որ պատկանում է Հորը՝ Որդունն է հավասարապես, և Հայրը ամեն իրավունք տվել է Որդուն; Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մեռելներին և կենդանացնում, նույն իշխանությունը տվել է Որդուն, որ կենդանացնի ում կամենա: Մենք հարության օրինակները գիտենք ավետարանից, թե ինչպես հարություն տվեց Ղազարոսին, կամ այրի կնոջ որդուն, որին հանդիպեցին ճանապարհի, երբ տանում էին թաղելու: Ինչո՞ւ սադուկեցիները չէին հավատում մեռելների հարությանը: Որովհետև նրանք խորհում են միայն մարմնավոր մահվան մասին և իրենց կյանքը կապված է այս աշխարհի հետ, և ավարտվում է այս աշխարհում; Սադուկեցիները չգիտեն, որ գոյություն ունի երկու մահ: Մեկը բնական մահն է, երբ հոգին բաժանվում է մարմնից: Իսկ երկրորդ մահն այն է, որ հոգին բաժանվում է Աստծուց: Ես նախորդ անգամ էլ ձեզ ասացի, որ հարություն լինելու է անկախ այն բանից, թե ով չի հավատում; Սակայն Հարությունից հետո դատաստանի ժամանակ է որոշվելու թե ով է արժանի հավիտենական կյանքին, իսկ ով՝ հավիտենական տանջանքներին;
Հայրը ո՛չ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես որ պատվում են Հորը՝, որը առաքեց Նրան; Տէր Հիսուս իր պատգամում հստակ ասում է, ով Իմ խոսքը լսում է և հավատում է նրան, որը Ինձ ուղարկեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում. այլ մահվանից անցնում է կյանք: Սա շատ պարզ բացատրություն է բոլոր մարդկանց համար: Հայրը չի դատում ոչ մեկին, այլ ուղարկել է իր Որդուն, որպեսզի Որդին ուսուցանի և հետո դատապարտի նրանց, որոնք չհավատացին; Մենք տեսանք, որ Հիսուսի քարոզության սկզբից ժողովրդի բազմությունը հավատաց և հետևեց Իրեն: հետո տեսանք, որ ժողովրդի մեկ այլ բազմություն՝ ենթարկվելով քահանայապետների սադրանքներին, մերժեցին Հիսուսին և պահանջեցին Նրա մահը: Մենք տեսանք նաև հոգևոր իշխանավորներին, օրենքի ուսուցիչներին, կրոնական այս կամ այն խմբավորման ներկայացուցիչներին, որոնք ըստ իրենց պաշտոնի տաճարում պաշտամունք են մատուցում Հայր Աստծուն, սակայն չեն ընդունում Որդուն, որ Հայրն է ուղարկել; Հետևաբար այս մարդիկ դատապարտվում են իրենց ապրած ժամանակահատվածում՝ մինչև դատաստանի գալը: Դատապարտվում են ըստ Հիսուս Քրիստոսի այն խոսքի, որ ասաց,- Ով իմ խոսքը լսեց և հավատաց Նրա, ով Ինձ առաքեց, չի դատապարտվում; Իսկ մենք տեսանք, որ կրոնական առաջնորդները ըստ իրենց՝ հավատում են Աստծուն, բայց չեն ընդունում Որդուն: Այսպես չի՛ լինում: Պարզ է գրված ամեն բան: Ինչպես որ Հայրը Իր մեջ կյանք ունի, և տալիս է, այնպես էլ Որդին իր մեջ կյանք ունի և կարող է տալ: Հիսուսի ժամանակակիցները Նրան նայեցին իրենց մարդկային նեղ տեսանկյունից, սահմանափակ մտածողությամբ, դրա համար Նրան նկատեցին որպես Հյուսնի որդի, և Հիսուսի Աստծու Որդի լինելու հանգամանքը հայհոյություն համարեցին; Մարդկային միտքը այդպիսին է, երբ որևէ բացասական միտք տեղավորվում է մարդու մտքում, դժվար է դրանից ազատվել՝ առանց Աստծու զորությամբ; Հետևաբար շատ զգույշ պետք է լինենք մեր մտքում առաջացած ամեն մտքի հետ, որը անտեսելուց կարող է դառնալ գործ:
Սիրելիներ, մարդուն առողջ և կենդանի հավատք է պետք: Մենք գիտենք, որ բազում են հավատքի տեսակները, սակայն միակն է Աստծու խոսքը, որը հասկանալի լեզվով ասում է,- Մեռելները հսկա շեփորի ձայնից հետո դուրս են գալու գերեզմաններից: Ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար: Տէր Հիսուս ասում է,- Իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե Իմ կամքն եմ կատարում, այլ Ինձ առաքողի: Սա խոնարհության մեծագույն դրսևորումն է, որ մեղավոր մարդուն հասանելի չէ: Հետևաբար մենք կարիք չունենք փարիսեցիների պես ընկնելու աստվածաբանական դրույթների մեջ և կորցնենք մեր փրկությունը՝ մեր հետաքրքրության և մեր կասկածամտության պատճառով: Առողջ հավատքով ապրենք, բարի գործերով ավարտենք մեր կյանքը, հույսով սպասենք Տիրոջ Երկրորդ Գալուստին, որպեսզի երբ հնչի Գաբրիել Հրեշտակապետի շեփորի ձայնը, հարություն առնենք հավիտենական կյանքի համար; Քանի որ ըստ Տիրոջ խոսքի, երբ անհավատը դառնում է հավատացյալ, երբ հեթանոսը դառնում է քրիստոնյա, երբ հերետիկոսը դառնում է ուղղափառ՝ հավատալով Հիսուս Քրիստոսի խոսքին, այդպիսիք չեն դատապարտվում, այլ մահվանից անցնում ենք կյանք: Սիրելիներ, այս խոսքերը չեն կարող թյուրիմացության պատճառ դառնալ, կարծելու համար թե Քրիստոսի խոսքին հավատացողը ֆիզիկապես չի մեռնելու: Մեռնելու են բոլորը, ովքեր որ ծնվել են, խոսքը հարությունից հետո դատաստանի և վարձքի մասին է; Ըստ Հայտնության Գրքի աշխարհ են գալու և դարձյալ մեռնելու են Ենովքն ու Եղիան, որոնք մահ չեն տեսել Աստծու կամքով: Ավարտենք այս թեման, որը և բարդ է հասկանալու համար, և պարզ է ընկալե;ու համար: Նայած թե ով ինչպե՛ս է լսում, ինչպես է հավատում, և ինչպես է մտապահում; Հովհաննեսի Ավետարանը այդ առումով ավելի շատ աստվածաբանական մտքեր են, բայց կամենալու դեպքում ամեն ինչ հասկանալի է; Կհանդիպենք վաղը՝ նույն ժամին;
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: