ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 4:43- 54
43 Երկու օրէն յետոյ ելաւ անկէ եւ Գալիլիա գնաց, 44 Վասն զի Յիսուս ինք վկայեց թէ ‘Մարգարէ մը իր գաւառին մէջ պատիւ չունենար’։ 45 Երբ Գալիլիա հասաւ, Գալիլիացիները զինք ընդունեցին, քանզի տեսած էին այն բոլոր հրաշքները, որոնք ինք ըրաւ տօնին ատենը՝ Երուսաղէմի մէջ. վասն զի իրենք ալ այն տօնին գացեր էին։
ՅԻՍՈՒՍ ԱԶՆՈՒԱԿԱՆԻ ՄԸ ՈՐԴԻՆ ԿԸ ԲԺՇԿԷ
46 Յիսուս նորէն եկաւ Գալիլիացիներուն Կանա քաղաքը, ուր ջուրը գինիի փոխած էր։ Հոն ազնուական մը կար, որուն որդին հիւանդ էր՝ Կափառնայումի մէջ։ 47 Ասիկա լսելով, որ Յիսուս Հրէաստանէն Գալիլիա եկեր է, եկաւ անոր ու կ՚աղաչէր, որ երթայ եւ իր որդին բժշկէ, վասն զի մեռնելու վրայ է։ 48 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «Եթէ նշաններ ու հրաշքներ չտեսնէք, բնաւ պիտի չհաւատաք»։ 49 Ազնուականը ըսաւ անոր. «Տէ՛ր, եկուր, քանի իմ տղաս մեռած չէ»։ 50Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛, քու որդիդ ողջ է»։ Մարդն ալ հաւատաց այն խօսքին, որ Յիսուս իրեն ըսաւ ու գնաց։ 51 Երբ կ՚երթար, իր ծառաները դիմաւորեցին զինք եւ աւետիս տուին ըսելով. «Քու տղադ ողջ է»։ 52 Այն ատեն հարցուց անոնց թէ ‘Ո՞ր ժամուն սկսաւ աղէկի դառնալ’։ Ըսին իրեն. «Երէկ ժամը եօթին տենդը թողուց զանիկա»։ 53 Այն ատեն գիտցաւ անոր հայրը թէ այն ժամն էր երբ Յիսուս իրեն ըսաւ թէ ‘Քու որդիդ ողջ է՝ ու հաւատաց ինք եւ իր բոլոր տունը։ 54 Այս երկրորդ հրաշքն էր որ Յիսուս ըրաւ, երբ Հրէաստանէն Գալիլիա եկաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատավոր համայնք. Երեկվա ավետարանի մեջ Հիսուսի Քրիստոսի հանդիպումը սամարացու հետ բավական խորհելու տեղիք տվեց այն առումով, որ սամարացիներին անվանում են աղանդավորներ՝ հուդայականության մեջ: Իսկ Տէր Հիսուս ոչ մի տարբերություն չդրեց այլադավանի և հրեայի միջև, ինչը մեզ համար անսովոր մի երևույթ է: Մենք այդպես չենք վարվում մեր քույր և եղբայրների հետ, որոնք հարում են այս կամ այն կրոնական ուղղվածությանը, այլ՝ վերապահությամբ ենք մոտենում: մեր մոտեցումը բոլորովին այլ է Քրիստոսի մոտեցումից: Սամարացի հեթանոս կնոջ հետ հանդիպումը առաջինը չէ ավետարանում, մենք գիտենք, որ բուժված տասը բորոտներից մեկ վերադարձածը նույնպես սամարացի էր: Նաև հիշում ենք Երիքովի ճանապարհին անցորդին օգնող բարի սամարացուն, որի կողքով անտարբեր էին անցել հրեաները: Ես ձեզ էլի եմ բերել Ոսկեբերան հայրապետի օրինակը, որ ասում է աղանդավորների համար: Նա նույնպես նույն մոտեցումը ունի աղանդավորների նկատմամբ, ինչ որ ուներ Հիսուս Քրիստոս. և ասում է,- մի ասա այդ անսիրտ խոսքերը, թե մենք նրանց հետ ընդհանուր բան չունենք; Ինչպես չունենք, երբ ապրում ենք նույն հողի վրա, նույն ջուրն ենք խմում, նույն լեզվով ենք խոսում, իսկ դու ասում ես ընդհանուր բան չունենք նրանց հետ; Մենք ընդհանուր բան չունենք միայն սատանայի հետ: Եթե մեկի կենդանին փոսն ընկնի, բոլորը կօգնեն հանելու համար: Դուք էլ համարեք, որ աղանդավորը փոսն ընկած կենդանի է, և օգնեք նրան՝ դուրս գալու փոսից: Իսկ ով գիտե, որ նրանք մեր անտարբեր վերաբերմունքից չէ, որ հեռացել են ճշմարիտ վարդապետությունից: Չէ որ ավետարանն ասում է, թող ձեր բարի գործերը այնպես շողշողան, որ մարդիկ տեսնեն և ընդունեն ձեր հավատքը և փառավորեն Երկնավոր Հորը: Ինչպես որ Մակար մեծն է ասում,- Չար խոսքը բարի մարդուն կարող է չար դարձնել, և հակառակը՝ բարի խոսքը չար մարդուն կարող է փոխել դեպի բարին: Եթե դու մոլորվածին դարձի բերելու համար չունես որևէ մխիթարիչ խոսք, ավելի լավ է մի մոտեցիր նրան՝ քո մարդկային իմաստությամբ դարձի բերելու համար; Լավագույն օրինակը սամարացի կինն է, որի միջոցով դարձի եկան քաղաքից շատերը: Նույն կերպ եղավ Գալիլիայի հետ, որտեղ ապրում էին հրեաները հեթանոսների հետ: իսկ երբ գալիլիացիները տեսան Հիսուսի կատարած հրաշքները Երուսաղեմում, նրանցից շատ շատերը դարձի եկան;
Տէր Հիսուս երկու օր Սամարիայում մնալուց հետո, մեկնեց Գալիլիա, թեպետ մի առիթով ասել էր, որ մարգարեն իր գավառի մեջ պատիվ չունի, բայց գալիլիացիները արդեն Նրա այլ կերպ ընդունեցին, քանի որ արդեն շատ զորավոր գործեր էին տեսել Նրանից Երուսաղեմում: Դարձյալ եկավ նույն Կանա քաղաքը, որտեղ առաջին հրաշքն էր գործել, ջուրը գինի դարձնելով: Կափառնայումում մի պալատական պաշտոնատար անձ կար, որի որդին հիվանդ էր: Նա լսեց որ Հիսուս Հրեաստանից Գալիլիա է եկել, եկավ խնդրելու իր որդու առողջության համար, քանի որ մահվան մահճում էր շատ ծանը վիճակով; Պալատական պաշտոնյան հավատացյալ մեկը չէր, ուղղակի որդու ծանր հիվանդությունը նրան բերել էր Հիսուսի մոտ որպես վերջին հույս; Ավետարանում քիչ չեն այն դեպքերը, երբ Հիսուսին մոտենում են հավատից հեռու մարդիկ՝ օգնության նպատակով; Նրանցից մեկը նույնիսկ բացականչեց,- Հավատում եմ, Տէ՛ր օգնի՛ր իմ անհավատությանը: Մեր օրերում էլ կարիքը շատ անհավատ մարդկանց ոտքերը ուղղում է դեպի եկեղեցի՝ որպես վերջին հույս; Դրա համար մեր ուշադրությունը հատկապես պետք է գրավեն այսպիսի մարդիկ, որոնք նորեկ են, տեղյակ չեն, դեռևս հավատք չունեն, բայց մի կարիք նրանց բերել է եկեղեցի: Ո՛չ ոք չգիտե, թե ինչ կա այդ մարդու հոգու մեջ, գուցե Աստծու ողորմությունն է նրան ուղղորդել եկեղեցի, որպեսզի հանդիպի հոգատարության և ուշադիր վերաբերմունքի և մխիթարվի իր ցավից,, և հետո սկսի հետաքրքրվել եկեղեցու կյանքով; Այնպես ինչպես Տէր Հիսուս արթնացրեց սամարացի կնոջ մեջ հետաքրքրությունը կենդանի խոսքի վերաբերյալ: Երբ մեկը կորցնում է հարազատին, նա մխիթարություն է փնտրում, և նրա ոտքերը ակամայից գալիս են եկեղեցի: Պատկերացրեք, եթե այսպիսի մեկը եկեղեցում հանդիպի անտարբեր վերաբերմունքի (ինչը չի բացառվում), կարող է չմխիթարվելուց բացի հիասթափվի նա՛և եկեղեցուց, և կկորցնի իր խաղաղությունն ամբողջությամբ: Այնպես, ինչպես որ այս պալատական պաշտոնյան էր եկել Հիսուսի մոտ իր վերջին հույսը չկորցնելու համար: Իսկ Տէր Հիսուս գիտեր նրա սրտի գաղտնիքը և հավատի բացակայությունը, դրա համար ասաց, - Մինչև հրաշք չտեսնեք, չեք հավատա, բայց լավ կլինի, որ հավատաք, ու նոր տեսնեք հրաշքը: Բայց պաշտոնյայի գլխում ուրիշ միտք չէր պտտվում այդ պահին, քան իր զավակի առողջությունը, որովհետև նույնն է կրկնում, թե Տէ՛ր, իջի՛ր, քանի իմ որդին չի մեռել:
Պալատականը չգիտե, որ Աստծու համար մեռած մարդ չկա, և առավել ևս Աստծու համար անկարելի բան չկա: Ահա, թե ինչու պետք է հավատալ, նոր ակնկալել հրաշքը; Բնականաբար ամեն տեղ դիմել էր պաշտոնյան, և ոչ մի օգնություն չէր ստացել; Ի՞նչ պատասխան ստացավ պալատականը՝ Հիսուսից այդքան անհամբեր սպասելուց հետո: Մենք չգիտենք, թե պաշտոնյան ինչերի էր պատրաստ այդ պահին, միայն թե փրկվեր իր որդին: Գուցե իր հարստությունն էլ տար, ո՞վ գիտե, միայն թե Հիսուս գնար իր տուն: Բայց պալատականը զարմանալի պատասխան է լսում Հիսուսից և զարմանում: Գնա՛, քո որդին կենդանի է, ասաց նրան Տէր Հիսուս: Ավետարանի այս հատվածը շատ նման է չորրորդ թագավորություններում արձանագրված ասորիների զորքի հրամանատար՝ բորոտ Նէեմանի դեպքին, երբ ինքը իր ծառայի խնդրանքով պետք է այցելեր Երուսաղեմ՝ Եղիսե մարգարեի մոտ: Նա ակնկալում էր մեծ և հարգալից ընդունելություն մարգարեի կողմից, սակայն մարգարեն նույնիսկ դուրս չեկավ նրան ընդառաջ, այլ միայն ասաց, - հայտնեք Նէեմանի, թող գնա և յոթ անգամ լվացվի Հորդանան գետում և նրա մարմինը կմաքրվի բորոտությունից: Նէեմանը բարկացավ այս պատասխանից, քանի որ մարգարեն դուրս չէր եկել և ձեռքը իր հիվանդ տեղին չէր դրել: Բայց ծառան հավատում էր և խնդրեց, որ իր տերը կատարի մարգարեի խոսքը: Նէեման բորոտը դժվարությամբ, բայց մտավ Հորդանանի պղտոր ջրի մեջ յոթ անգամ, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի պես: Նէեմանը իր ողջ զորքով եկավ Եղիսեի մոտ և ասաց, - հավատում եմ, որ աշխարհում չկա այլ Աստված, այլ՝ միայն Իսրայելում: Այս պալատականն էլ Նէեմանի պես գուցե բարկացավ, գուցե զարմացավ Տէր Հիսուսի տված այդ կարճ պատասխանից, բայց Ավետարանն ասում է մարդը հավատաց Հիսուսի խոսքին և գնաց: Ի՞նչ էր մտածում ճանապարհին, ինչպե՞ս է տեսնելու իր որդուն, արդյո՞ք առողջացած, թե՞ հուսահատ է լինելու: Այս մտքերի մեջ էր, երբ նրան մոտեցան իր ծառաները և հայտնեցին, որ որդին ապաքինվել է: Պաշտոնյան իսկույն ապաքինման ժամը հարցրեց, ճշտելու համար Հիսուսի խոսքերի զորությունը: Երբ իմացավ, համոզվեց, որ հենց այդ ժամն էր երբ Հիսուս ասաց իրեն այդ խոսքերը: Հավատաց պաշտոնյա պալատականը և իր ողջ ընտանիքը: Սա երկրորդ մեծ նշանն էր, որ արեց Տեր Հիսուս է Գալիլիա վերադառնալուց հետո; Ինչպես հիշում ենք առաջինը Կանա քաղաքի հարսանիքի հրաշքն էր, երբ ջուրը գինիի վերածեց:
Սիրելիներ, երբ Սուրբ Հոգին դիպչում է մարդու սրտին, այլևս վերանում է պաշտոն, ազգություն, հեղինակություն և հարստություն, քանի որ այս պալատականը Հերովդես թագավորի իշխաններից էր թագավորական պալատում, բայց նրա կարիքը իրեն բերել էր մի տեղ, որին չէր հավատում, բայց իր որդու կյանքը թանկ էր իր համար: Այսպես է գործում Սուրբ Հոգին՝ ինչպես այս պալատականի, ինչպես ասորական զորքի հրամանատարի, ինչպես հեթանոս հարյուրապետի, այնպես էլ շատ ու շատ հեղինակությունների կարծրացած սրտերի հետ: Այս ճանապարհով է Աստծու խոսքը ճեղքում քարացած սրտերը և արժանացնում փրկության: Սակայն եթե Նէեման բորոտը չլսեր իր հավատացյալ ծառային և չգնար Եղիսե մարգարեի մոտ իր իշխանական հպարտությունից դրդված, երբեք չէր բժշկվելու իր բորոտությունից: Եթե պալատականը, թեկուզ չհավատալով, չգնար Հիսուսի մոտ՝ որդու առողջության խնդրանքով, չէր գտնի իր որդուն առողջացած: Եթե սամարացի կինը մերժեր Հիսուսին ջուր տալ և հեռանար, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր քաղաքը փրկություն չէր գտնի:Այնպես որ կապ չունի պաշտոնը, ազգությունը, դավանությունը, կրթությունը: Հեթանոսները դարձան և հավատացին, բայց կրոնի ուսուցիչները մնացին կասկածամիտ հպարտության մեջ՝ չհավատալով իրենց առջև կանգնած Աստծու Որդուն: Հեթանոսը կարող է դարձի գալ և հավատալ և աշակերտել Հիսուս Քրիստոսին, բայց հրեան, որոնց մեջ ծնվեց Հիսուս, չհավատան իրենց խստասրտության պատճառով; Երբ մարդիկ սրտով խնդրում են Քրիստոսին մնալ իրենց մոտ, Քրիստոս չի մերժում, իսկ որտեղ Նրան մերժում են և անտեսում են Նրա խոսքը, Հիսուս այնտեղ չի մնում; Այդ պատճառով Տէրն ասում է,- Աստծու արքայությունը այլ տեղ մի փնտրեք, դրսից չի գալու, այլ՝ ներսում ձեր մեջ է Աստծու արքայությունը: Հետևաբար Աստծու արքայությունը յուրաքանչյուր անհատ մարդու սրտի մեջ է, երբ այնտեղ թագավորում է Աստծու խոսքը: Սամարացիները խնդրեցին, որ Հիսուս մնա իրենց քաղաքում, Հիսուս մնաց իրենց քաղաքում, իսկ Գերգեսացիները պահանջեցին, որ Հիսուս հեռանա իրենց քաղաքից, Հիսուս հեռացավ իրենց քաղաքից և չմնաց այնտեղ: Որովհետև Աստված իր Որդուն ուղարկել էր աշխարհ, որպեսզի Նրան հավատացողը փրկվի: Սակայն ամեն հրաշք կատարում էր ո՛չ թե հրաշքի համար, այլ մարդկանց հոգիների փրկության համար: Պալատականը հրաշքը տեսավ, իր ողջ ընտանիքը հավատաց և փրկություն գտավ Տիրոջից:
Ինչո՞ւ Տէր Հիսուս չհետևեց պալատականի կանչին, չէ որ գնում էր ամեն տեղ, որտեղ կանչում էին իրեն; Որպեսզի պաշտոնյան հասկանա, որ Աստծու համար տարածությունը նշանակություն չունի բժշկության համար, և Աստծու համար անկարելի ոչինչ չկա: Պալատականը ուշ հասկացավ, որ Տէր Հիսուս բժշկել էր ո՛չ միայն իր որդու հիվանդությունը, այլ՝ նաև իր անհավատությունը: Հովհաննեսի ավետարանի չորրորդ գլուխը մեզ երկու խրատական պատմություններ մատուցեց, որոնցից շատ դասեր կարող ենք քաղել: Բայց այդ դասերը կարող ենք այլոց փոխանցել միայն այն դեպքում, երբ դրանք կիրառել ենք մեր կյանքում և այդ դասերը արտացոլվել են մեր գործերի մեջ: Շատ հաճախ է պատահում, որ մեր հոգևոր խոսքը մեր ընտանիքում, կամ միջավայրում արդյունք չի տալիս, քանի որ Աստծու խոսքը չի արտացոլվում մեր կյանքի մեջ, դրա համար մեզ չեն հավատում: Ինչպես որ սերտողության սկզբում կարդացինք, որ Տէր Հիսուս ասում է, որ մարգարեն իր գավառում պատիվ չունի: Քանի որ մարդիկ քննում են մեր խոսքերը, նայում են մեր գործերին, հետևում են մեր ընթացքին, իսկ եթե մեր խոսքերը այլ են մեր գործերից, այդ դեպքում մարդիկ մեզ չեն հավատա; Պալատական իշխանավորը լսել էր Կանա քաղաքի հարսանիքի հրաշքի մասին, որտեղ ջուրը գինի դարձրեց, և որոշեց գալ և ստուգել համոզվելու համար: Եկավ, տեսավ իր աչքով, համոզվեց՝ տեսնելով Որդու առողջությունը, և դրան հետևեց իր և իր ընտանիքի դարձը առ Աստված: Ավետարաններում արձանագրված բոլոր հրաշքների հետևում կանգնած է մարդու փրկությունը և հավիտենական կյանքի հույսը: Որևէ հրաշք չի կատարվել մարդու հետաքրքրությունը բավարարելու համար, այլ բոլոր հրաշքները կատարվել են մարդու հավատքը զորացնելու համար: Սիրելիներ, աշխարհի մեծագույն հրաշքը մեր անսասան հավատքն է; Մենք հավատում ենք մեկի, որին չենք տեսնում: Մենք սիրում ենք մեկին, որին չենք տեսնում: Վստահում ենք մեկին, որին չենք տեսնում; Հույս ունենք մեկի խոսքի հանդեպ, որին չենք տեսնում; Սա է մեծագույն հրաշքը մեր կյանքի, որի մեջ ապրում ենք և շատ հաճախ չենք նկատում ու գնահատում; Այստեղ ավարտենք չորրորդ գլխի սերտողությունը և Աստծու կամքով վաղը կսկսենք հինգերորդ գլխի սերտողությունը:
Թող համբերության և ամենայն մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանանք: