ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 13:10-17
ՅԻՍՈՒՍ ՇԱԲԱԹ ՕՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԻՆ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
10 Շաբաթ օրը ժողովարաններէն մէկուն մէջ կը սորվեցնէր։ 11 Հոն կին մը կար, որ հիւանդութեան ոգի մը ունէր տասնըութ տարիէ ի վեր ու կծկտած էր եւ ամենեւին չէր կրնար շիտակ կայնիլ։ 12 Յիսուս զանիկա տեսնելով՝ իրեն կանչեց եւ ըսաւ անոր. «Ո՛վ կին, դուն քու հիւանդութենէդ արձակուած ես»։ 13 Ու ձեռքը անոր վրայ դրաւ եւ իսկոյն շտկուեցաւ ու փառք կու տար Աստուծոյ։ 14 Ժողովարանին իշխանը բարկացաւ, որ Յիսուս շաբաթ օրը բժշկեց եւ ըսաւ ժողովուրդին. «Վեց օր կայ, որոնց մէջ կրնաք գործել. ուստի այն օրերը եկէք բժշկուեցէք, ոչ թէ շաբաթ օրը»։ 15 Այն ատեն Տէրը պատասխան տուաւ անոր ու ըսաւ. «Կե՛ղծաւոր, ձեզմէ ամէն մէկը շաբաթ օրը իր եզը կամ էշը մսուրէն չա՞րձակեր, որպէս զի տանի ջուր տայ։ 16 Հապա ասիկա որ Աբրահամի աղջիկ էր, որ ահա տասնըութ տարի Սատանան զանիկա կապած էր, չէ՞ր վայլեր որ շաբաթ օրը այն կապէն արձակուի»։ 17 Երբ այս բանը ըսաւ, իրեն հակառակ կեցողները ամօթով մնացին ու բոլոր ժողովուրդը կ՚ուրախանար այն ամէն փառաւոր գործերուն համար՝ որոնք ան կը կատարէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա անպտուղ թզենու առակով մենք վերցրինք մեր դասը, որ Տէր Հիսուս բարեխոս է Հոր առջև յուրաքանչյուրիս հոգու փրկության համար, և ավելացնում է ժամանակը, որպեսզի մենք նորոգենք մեր կյանքը, թողնենք հին մարդուն և վերստին ծնվենք՝ պտուղ տալու համար: Այդ բոլորը կարող է լինել միայն ապաշխարության ճանապարհին ոտք դնելուց հետո: Եթե չսկսենք այսօր այդ գործընթացը, ապա մեր ընտանիքներում բաժանությունները անխուսափելի կլինեն, հայրերի և որդիների միջև տարաձայնությունները անպակաս կլինեն, հարսները և սկեսուրները անհաշտ պիտի ապրեն միասին:Այնպես, ինչպես որ Հին կտակարանի մարդիկ չկարողացավ ընկալել Նոր Կտակարանի պատգամները: Ինչպես նախորդ առակի մեջ մեր Տէրը գեղեցիկ համեմատությամբ բացատրեց, որ նոր գինին հին տիկերի մեջ չի պահվի: Այսպիսի փոփոխություն տեսնելու ակնկալիով էր շրջում քաղաքներ և գյուղեր, ուսուցանում էր մարդկանց՝ դուրս գալ կրոնական կուրության խավարից, և գնահատել այն արժեքները, որ Աստված է սահմանել մարդ արարածի համար: Ազատություն, խոնարհություն և ծառայասիրություն: Այս գերագույն արժեքները ժամանակի ընթացքում ձևափոխվեցին և դարձան կործանարար մեղքեր, վերածվելով՝ սանձարձակության, հպարտության և իշխելու մոլուցքի:Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մարդուն դարձնի իր նախկին կերպարին՝ Աստծու պատկերին և նմանությանը:
Ուր որ մտնում էր Հիսուս Քրիստոս հանդիպում էր արգելքի՝ ազատության քարոզելու պատճառով: Կրոնական առաջնորդները իշխանության մոլուցքից դրդված պահում էին ժողովրդին անուս վիճակում, որպեսզի իշխեն նրանց վրա: Իսկ ժողովուրդը, որ չգիտես Սուրբ Գրքերը, ենթարկվում էին կրոնական առաջնորդների խոսքերին: Ճիշտ է կային ժողովարաններ, որտեղ շաբաթ օրերը հավաքվում էին մարդիկ և օրենքի ուսուցիչները նրանց տալիս էին նվազագույն գիտելիք: Չորս Ավետարաններից հայտնի է դառնում, որ ժամանակի օրենքի ուսուցիչները և կրոնական առաջնորդները այնքան էին իշխել ժողովրդի բազմության վրա, որ նույնիսկ կառավարելի էին դարձրել նրանց կարծիքները: Մենք ամեն անգամ անդրադառնում ենք այս հարցին, սակայն սա շատ կարևոր նրբություն է, որ կուզեմ դուք իմանաք, Ավետարանը լավ հասկանալու համար: Կրոնական առաջնորդները մարգարեություններից գիտեին Մեսիայի աշխարհ գալու մասին; Եկավ Մեսիան, նրան չընդունեցին, բայց պարզ ժողովուրդը ընդունեց Քրիստոսին որպես Մեսիա, և նույնիսկ կամեցան Նրան թագավոր կարգել իր վրա, քանի Հերովդեսի և Պիղատոսի իշխանությունը միայն հալածանք էր: Կրոնական առաջնորդներին չտրվեց տեսնելու Քրիստոսի Աստվածություն և Մեսիայի հանգամանքը, իսկ պարզ ժողովրդին՝ տրվեց: Դարձյալ Քահանայապետներին չտրվեց Քրիստոսի ծննդյան վայրը իմանալու լուրը, բայց մոգերին ու հովիվների տրվեց: Հոգևոր առաջնորդները ամեն կերպ ջանում էին ազդել ժողովրդի զգացմունքների վրա, որպեսզի հեռացնեն Քրիստոսից և Նրա վարդապետությունից: Քանի որ Քրիստոսի ճշմարտությունը բացահայտում էր իրենց կեղծիքը: Վերջապես հասան այն բանին, որ ժողովրդի մի մասին համոզեցին այն աստիճանի, որ Քրիստոսի հետևից գնացող ժողովուրդը մի օր աղաղակեց Քրիստոսին խաչը հանելու պահանջով, որովհետև կրոնավորները նրանց ասել էին, որ խաչը հանենք, իսկ եթե Աստծու Որդի է, խաչից կիջնի և մենք կընդունենք Նրան՝ որպես Մեսիա: Այսպես համոզեցին ժողովրդին, քանի որ եթե հիշում եք, բազմությունը այնքան համոզված էր աղաղակում և ասում,- թող սրա արյունը լինի մեր և մեր զավակների վրա: Որովհետև նրանց այդպես էին համոզել, որ ստուգում են Քրիստոսի Աստծու որդի լինելը: Հիշում եք նա՛և, որ նույն մասսան խաչի մոտ պահանջում էր, որ Քրիստոս իջնի խաչից, որ հավատան: Բայց երկնավոր թագավորը չէր եկել երկրի վրա թագավոր լինելու: Երբ մարդկանց միտումնավոր շեղում են ճշմարտությունից՝ իրենց նենգ ծրագրերը իրականացնելու համար, միշտ էլ ժողովրդի մեջ գտնվում են միամիտ մարդիկ, ում ձեռքով արվում է այդ դավադրությունը:
Այսօրվա սերտողության մեջ մի դեպք կա, որը վառ ապացույցն է այն բանի, որ թե ինչպես են փարիսեցիները իշխում մարդկանց հոգևոր զգացողությունների վրա: շաբաթ օրերից մեկում Տէր Հիսուս մի ժողովարան է մտնում՝ քարոզելու համար: Հանկարծ նկատում է մի կուչ եկած կնոջ, որը ամենևին վեր նայել չէր կարողանում:Ավետարանն ասում է, որ տասնութ տարի նրան չար դևը բռնած պահում էր: Այդ կինը այդ պահին ժողովարանում էր: Իսկ դա նշանակում է, որ հիվանդ կինը տասնութ տարի չի դադարել Աստծուն ապավինել և չի հեռացել ժողովարանից, հույս ունենալով, որ մի օր կբժշկվի:Բնականաբար նրան տեսել էին նաև օրենքի և կրոնական ուսուցիչները և անտեսել էին նրա այդ հիվանդ վիճակը: Տէր Հիսուս միանգամից նկատում է կռացած կնոջը և իր մոտ կանչում, քանի որ Իր նպատակը մարդկանց օգնելն էր: Հաշվի չառնելով, որ օրը շաբաթ է, կնոջն ասաց,- Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից: Այդ պահին հոգևոր հեղափոխություն տեղի ունեցավ ժողովարանում այն առումով, որ շաբաթ օրով անկարելի էր բժշկություն կատարել: Այդպես էին սովորեցրել ժողովրդին իրենց ուսուցիչները, հավանաբար ասելով, որ դա Աստծու կամքն է: Հիսուս Քրիստոս ձեռքը դրեց կուչ եկած կնոջ վրա և նա նույն պահի ուղղվեց: Առաջի խոսքը, որ դուրս եկավ կնոջ բերանից, Աստծու փառաբանությունն էր: Հիվանդը ուրախ էր և ցնծում էր ուրախությունից: ներկաները ուրախ էին և մխիթարված էին իրենց աչքի տեսածով, Տէր Հիսուս ուրախ էր հիվանդին երջանիկ տեսնելուց: Բարկացած էր միայն ժողովրդապետը, և հանդիմանական խոսքեր էր ասում ինչպես Հիսուսին, այնպես էլ ներկաների և հատկապես հիվանդ կնոջը՝ շաբաթը բուժման համար գործածելու համար: Նա առաջարկում էր, որ շաբաթվա մնացած օրերը օգտագործեն այդպիսի բուժումների համար:
Այս մեկ դեպքը բավական է, որ կարդացողի համար հասկանալի դառնա, թե ի՛նչ նպատակ ունեին օրենքի և կրոնական ուսուցիչները, և առավել ևս ի՛նչ նպատակ ուներ Տէր Հիսուս Քրիստոս: Սերտողության սկզբից նախաբանը մանրամասնեցի, որպեսզի հասկանալի դառնա, թե նրանք ինչպես էին ազդել իրենց իշխանությամբ ժողովրդի հոգեբանության վրա:Հիսուս Քրիստոս գիտեր, որ պետք է հանդիմանվի փարիսեցիների կողմից, բայց բուժելով հիվանդին, փորձեց ժողովրդի աչքերը բացել և ցույց տալ, որ մարդը թանկ է շաբաթից: Բուժված մարդու երջանկությունը վեր է կրոնամոլությունից: Տասնութ տարվա չարի կապանքներից ազատագրվելը վեր է ժողովրդապետի օրինապահությունից: Եթե այդ պահին Քրիստոս նույնպես պահպաներ շաբաթ օրվա պատվիրանը, ապա ժողովուրդը երբեք չէր հասկանա պատվիրանի իրական իմաստը, քանի որ նրանց ո՛չ ոք չէր բացատրում, այլ միայն պահանջում էին, որ պահվեր շաբաթ օրը որպեսզի օրենքը չխախտվի: Սա էր փարիսեցիների ծայրահեղությունը, որը երբեմն ստվեր էր գցում պատվիրանի կարևորության վրա և փոխում էր պատվիրանի իմաստը: Սխալ չեն լինի, եթե ասենք, որ այսօր է աշխարհում Քրիստոսի խոսքի իրական իմաստը ամբողջությամբ հասկացված չէ, այլապես մարդիկ պիտի երազեին ժամ առաջ վայելել այդ մարդասիրական պատվիրանները: Իրենց խստասրտության պատճառով հրեաների մեծամասնությունը այսօր էլ սպասում են Մեսիային: Իրենց կրոնական հպարտության պատճառով այսօր էլ ուզում են իշխել աշխարհին: Աստված բոլոր դարաշրջաններում հրեաներին փաստել է, որ թեպետ իրենք ընտրվեցին Աստծուց, սակայն Աստված չի հանդուրժում կրոնական ծայրահեղությունը և հատկապես կրոնական հպարտությունն ու կեղծավորությունը: Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է,- Այդպես և Ադամը, ի հետևանք մեծ փառքի հույսի՝ կորցրեց նաև այն, ինչ ուներ:այդպես և շատերը, ցանկանալով շատը, կորցնում են նաև ունեցածը, և ցանկանալով տիրանալ այստեղի բոլոր բարիքներին, զրկվում են նաև դրանց մի մասին: Իսկ Իմաստունն ասում է,- Ինչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ինչ նպաստ բերեց մեզ ամբարտավանությունը:Իմաստ. 5:8
Ի՞նչ տեսանք մենք այս առակի մեջ: Անուս ժողովուրդ, չարից բռնված հիվանդ կին, խստասիրտ ժողովրդապետ և բոլորի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Մենք տեսանք նաև, որ միայն այդ կնոջը չէր բնել չարը, այլ առավել բռնել էր ընդդիմացողներին և ժողովրդապետին, քանի որ բարկացավ ժողովրդի վրա այդ մեծ հրաշքը տեսնելուց հետո: Ժողովրդապետին չազատեց չարի կապանքներից Տէր Հիսուս, քանի որ նա կամավոր էր ծառայում չարի և Հիսուս Քրիստոսի օգնության կարիքը չուներ: Իսկ կուչ եկած կինը բուժվելուց անմիջապես հետո փառավորեց Աստծու անունը: Ժողովրդապետը զայրույթը անպատասխան չմնաց Հիսուսի կողմից և նա դիմելով իրեն ընդդիմացողներին, ասաց,- Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու: Իսկ սա Աբրահամի դուստր էր, որին սատանան կապել էր տասնութ տարի, մի՞թե արժանի չէր չարի կապանքներից արձակման: Հակառակվողները ամաչեցին, ժողովրդի բազմությունը ուրախացավ այդ փառավոր գործի համար, որ տեսավ իր աչքով; Սիրելիներ, կրոնը մարդու կատարելագործման համար է, ոչ թե վեճերի և խստասրտության: Ա՛յո, Աստված էր տվել շաբաթը պահելու պատվիրանը, որպեսզի վեց օրը աշխատեին և յոթներորդ օրը հանգստանային իրենց գործերից: Բայց այս կինը, որին Տէր Հիսուս Աբրահամի դուստր անվանեց, տասնութ տարի հանգիստ չէր ունեցել իր կորացած մեջքի պատճառով; Մենք մեկ ժամ չենք դիմանում և անմիջապես միջոցներ ենք ձեռնարկում այդպիսի ցավից ազատվելու համար: Կինը տառապել էր այդքան տարին, իսկ հիմա ժողովրդապետը արգելու է օգտվել այդ հնարավորությունից:Ավետարանն ասում Տէր Հիսուս տեսավ կնոջը: Տէր Հիսուս ո՛չ միայն տեսավ կնոջ ֆիզիկական ներկայությունը, այլ՝ որպես Աստված տեսավ նրա տասնութ տարիները, որ տառապել է, և ասաց, Ո՛վ կին, ահա առաջին շաբաթ օրը, որ կարող ես հանգստանալ քո ցավերից: Կինը լիովին հասկացավ շաբաթ օրվա պատվիրանը, իսկ փարիսեցիները այդպես էլ չհասկացան, թե ինչ է շաբաթը պահելու պատվիրանը: Մենք էլ հասկացանք, թե ինչ է նշանակում պատվիրանը հասկանալ և պահել: Սիրելիներ, եկեղեցական տոները, ծեսերը, խորհուրդները պետք է մեզ ուրախություն և ցնծություն պարգևեն: Եթե մեր սրտերը չեն ուրախանում այդ խորհուրդներից, նշանակում է այնտեղ սխալ բան կա: Սուրբ Ծննդյան տոնին Քրիստոս հարցնում է,- Ծնվեց քո սրտում Մանուկ Հիսուս: Մկրտության ժամանակ հարցնում է,- հրաժարվեցի՞ր արդյոք սատանայից: Պայծառակերպության տոնին հարցնում է,- այլակերպվեցի՞ր դու արդյոք քո հին մարդուց: եթե այս բոլորը արեցիր, ո՛վ մարդ, Հարություն կառնես նաև դու մեռելների համընդհանուր հարության օրը: Ինչպես որ կնոջն ասաց, հանգստացի՛ր քո ցավերից և վայելի քո շաբաթը, այնպես էլ մեզ է ասում ամեն կիրակի՝ պատարագի ժամանակ մեր Տէր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս:Ականջ է պետք լսելու համար: Ավարտենք այստեղ մեր այսօրվա սերտողությունը, ականջալուր լինելով Ավետարանի ամեն պատգամին՝ մեծագույն ուշադրությամբ;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ ծայրահեղ դրսևորումներ չունենանք քրիստոնեության մեջ՝ մեր նմանի հանդեպ: