ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 13:1-9
ՄԵՂՔԵՐԷՆ ԴԱՌՆԱԼ ԿԱՄ ՄԵՌՆԻԼ
1 Ոմանք այն ատեն ներկայ գտնուելով՝ պատմեցին անոր Գալիլիացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս իրենց զոհերուն հետ խառնեց։ 2 Յիսուս ըսաւ անոնց. «Կը կարծէ՞ք թէ այն Գալիլիացիները բոլոր Գալիլիացիներէն աւելի մեղաւոր էին, որոնք այսպիսի բաներ քաշեցին»։ 3 Ձեզի կ՚ըսեմ. ‘Ոչ’. հապա եթէ չապաշխարէք, ամէնքդ ալ նոյնպէս պիտի կորսուիք։ 4 Կամ թէ այն տասնըութը հոգին, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ զանոնք մեռցուց. կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմի մէջ բնակած բոլոր մարդոցմէ աւելի պարտաւոր էին։ 5 Ձեզի կ՚ըսեմ. ‘Ոչ’. հապա եթէ չապաշխարէք, ամէնքդ ալ նոյնպէս պիտի կորսուիք»։
ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆԻԻՆ ԱՌԱԿԸ
6 Այս առակն ալ ըսաւ. «Մարդ մը իր այգիին մէջ տնկուած թզենի մը ունէր, եկաւ անկէ պտուղ քաղելու եւ չգտաւ։ 7 Ուստի ըսաւ այգեպանին. ‘Ահա երեք տարի է, որ կու գամ այդ թզենիին վրայ պտուղ կը փնտռեմ ու չեմ գտներ, ա՛լ ատիկա կտրէ, ինչո՞ւ համար գետինը խափանէ’։ 8 Անիկա պատասխան տուաւ ու անոր ըսաւ. ‘Տէ՛ր, այս տարի ալ ատիկա թող տուր, մինչեւ ատոր բոլորտիքը բրեմ ու թրիք դնեմ 9 Եւ եթէ պտուղ տայ՝ աղէկ, ապա թէ ոչ՝ գալ տարի կտրէ ատիկա’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծու նախախնամությամբ և օրհնությամբ հասանք Ղուկասի ավետարանի կեսը: Գնալով իրադարձությունները սրվում են, դավադրությունները Հիսուսի նկատմամբ զարգանում են, Իսկ Տէր Հիսուս խաղաղությամբ դիմավորում է այդ ամենը:Իր աշխարհ գալու նպատակի մասին արդեն տեղեկացրել է իր աշակերտներին, իրեն սպասվող առաջիկա չարչարանքների մասին տեղեկացրել է, և ամեն օր մի նոր բան է սովորեցնում աշակերտներին: Կյանքի մութ և լուսավոր երեսների մասին մանրամասն բացատրում է առաքյալներին, որպեսզի երևույթները արտաքնապես չդատեն, այլ հիմնվեն միայն Իր վարդապետության ճշմարտության վրա: Ինքը դեռ աշակերտների հետ զրուցում էր հազար ու մի պատվիրանների մասին, երբ մարդիկ լուր բերեցին, որ Պիղատոսը գալիլիացիներից շատերին մահվան է մատնել զոհ մատուցելու ժամանակ: Քանի որ կայսրը պահանջում էր, որ մարդիկ միայն իրեն երկրպագություն անեն, իսկ մարդիկ Աստծուն էին երկրպագում և զոհեր մատուցում: Լուր բերողները կամեցան իմանալ Վարդապետի կարծիքը, այդ զոհված մարդկանց համար, քանի որ նրանք կայսրին չէին երկրպագում: Տէր Հիսուս լսելով նրանց բերած լուրը չմեղադրեց այն մարդկանց, որոնց արյունը խառնվել էր իրենց զոհերի արյան հետ:
Այլ ասաց, որ մնացած գալիլիացիները, որոնք հաճոյանում են կայսրին, ավելի արդար չեն , քան նրանք, որոնք զոհվեցին:Եվ անմիջապես տալիս է նրանց ապաշխարության պատգամը, ասելով, - Ոչ, ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք: Տէր Հիսուս ներկաներին բերում է մեկ այլ օրինակ, որը խորհրդանշում է Երուսաղեմի ավերումը: Սիլովամում աշտարակը փուլ եկավ, և տասնութ մարդ սպանվեց: Աշտարակի Երուսաղեմն է խորհրդանշում , իսկ տասնութ մարդիկ խորհուրդն են Երուսաղեմի ողջ բնակչության:Այս դեպքերը, որոնք պատահում են, խորհրդանշում են Երուսաղեմի գալիք ավերումը: Երբ Երուսաղեմը կործանվեց Տիտոսի կողմից, Երուսաղեմի բնակիչները անհավատ էին:
Նույն պատասխանը տալիս է Սիլովամի զոհերի մասին, քանի որ նրանք ավելի մեղավոր չէին, քան Երուսաղեմում բնակվող մնացած մարդիկ: Իսկ եթե չապաշխարեք,- ասում է ներկաներին,- բոլորդ էլ այդպես պիտի կորչեք: Տէր Հիսուս այս բաների մասին այնպիսի վստահությամբ է ասում, կարծես թե արդեն եղած բաներ են: Բայց մարդիկ նույն սառնասրտությամբ են լսում այնքան ժամանակ, մինչև Երուսաղեմը կործանվեց հիմնովին: Իրենց աչքի առջև կործանվեր Երուսաղեմը յոթանասունական թվականներին, և կործանման մարգարեությունը լսողներից շատեր կարող էին կենդանի լինել, քանի որ Քրիստոսից հետո քառասուն տարի հետո կործանվեց:
Նույն պատճառով էր հանդիմանում ժողովրդին, և զարմանում էր, որ նրանք չէին կարողանում քննել ժամանակները և հասկանալ, որ իրենց դիմաց կանգնած Մեսիան է, որին սպասում էին: Նույնպես և չէին հասկանում և քննում այն գործերը, որ անում էր Քրիստոս, չէին հասկանում այն խոսքերը որ խոսում էր Քրիստոս:Շատ հաճախ նույնիսկ ասում էր,- Ես նախօրոք ասացի, որ երբ կատարվի, իմանաք, որ ասել եմ ձեզ:Ծանր դեպք է, երբ մարդը կույր է ի ծնե: սակայն առավել ծանր է երբ աչք ունեցողը չի տեսնում, մարգարեությունները կարդացողը չի հասկանում, նույնիսկ Քրիստոսին անմիջապես լսողները Նրան չեն հասկանում:Սա զարմանալի երևույթ չէ, քանի որ մենք հիմա ապրում ենք ճիշտ այդ դարաշրջանի գիտակցության մակարդակին: Բոլորս տեսնում ենք անզեն աչքով, որ աշխարհում ամեն ինչ փոխվում է մեր աչքի առջև՝ ամեն օր: Նաև տեսնում ենք, որ ոչինչ այլևս չի վերականգնվելու, ինչպես նախկինում էր: Ամեն բան փոխեց իր գույնը, իր համը, իր հմայքը և այլն: մարդկությունը արագ հարմարվում է ամեն նոր փոխվածի հետ և շարունակում է իր ընթացքը:Այսօր էլ ոչ ոք չի քննում կատարվածը, այլ հարմարվում է եղածի հետ: Այսօր էլ շատերը խոսում են աշխարհի վախճանի երևույթների մասին, սակայն մարդիկ միայն լսում են: Միթե կա մեկը, որը չի տեսնում, որ Հայաստան աշխարհը ապրում է բաբելոնյան աշտարակաշինության ժամանակներում:Բոլորը պայքարում են նույն Հայրենիքի համար, բոլոր խոսում են նույն լեզվով, բոլորը դավանում են նույն հավատքը, սակայն ոչ մեկը մյուսին չի հասկանում: Բավական է լսեք մարդկանց խոսակցությունները, և կհամոզվեք, որ բաբելոն տիրում Հայաստանում: Բոլորը հագել են փրկչի սաղավարտները և պայքարում են միմյանց դեմ նույն հույն երկրի համար: Ուրեմն ում է պետք մեր կարդացած Աստվածաշունչը, եթե բաբելոնի մասին միայն որպես տխուր պատմություն ենք հիշում, ո՛չ թե այսօրվա աշխարհը խորհրդանշող զգուշացում: Հրեաներն էլ չէին պատկերացնում, որ Սիլովամի աշտարակի փուլ գալը անմիջական կապ ուներ Երուսաղեմի կործանման հետ:Աստվածաշնչի առաջին ու վերջին պատգամները ապաշխարության մասին է: Այսօր բոլոր ասում են,- պետք է ապաշխարենք: Սակայն այդ ,,պետք է ,, բառը ենթադրում է գործողություն, այն էլ հրատապ: Նինվեի բնակիչները չասացին պետք է ապաշխարեցին, այն էլ թագավորից սկսած մինչև մանուկ:
Այսօրվա սերտողության թեման էլ ապաշխարությունն է: Ընդ որում բավական կոշտ է ասում մեր Տէրը, թե ՝ եթե չապաշխարեք, ամենքդ էլ կորչելու եք այդպես: Մեր օրերում կատարվող ամեն իրադարձություն պետք է ավետարանի լույսով ողողել, որպեսզի հասկանալի լինի, թե այսպիսի դեպքի համար ինչ պատվիրել Քրիստոս:Իսկ որպեսզի այդպես անենք, պետք է Ավետարան իմանանք: Երբ այսօր մեզնից մեկը փորձության մեջ է, դա չի նշանակում, որ մենք զերծ ենք մեկ այլ փորձությունից: Արթուն պետք է լինենք ամեն ժամ՝ միայն սուրբգրային իմացությամբ և ճշմարտությամբ: Աստված մեկին փորձության է ենթարկում, որպեսզի մնացածները զգուշանան և ապաշխարեն: Գուցե հզորին է ենթարկում փորձության, որ տկարները զորանան, բայց տկարները շարունակում են տկար մնալ ինչպես հոգեպես, այնպես էլ գիտությամբ: Ապաշխարության կոչից հետո ներկաներին մի առակ պատմեց այն մասին, որ թզենի պտուղ չի տալիս, և այգեպանը խնդրում է ևս մեկ տարի, իսկ եթե մեկ տարուց էլ պտուղ չտա, ապա կկտրեն և կրակը կնետեն: Որովհետև Աստծու պարարտ հողը անպտուղ ծառը չի կարող զբաղեցնել: Շատ մեկնիչներ անպտուղ թզենին համեմատում են հրեա ազգի հետ, ես ձեզ ասել եմ այդ մասին: Սակայն ոչ թե ասվում է այս բանը վատ իմաստով, քավ լիցի նույն օրինակն է ինչ մասին մինչև հիմա խոսում ենք: Եթե հրեա ազգի հետ պատահեց այդ բոլորը, դա չի նշանակում, որ մնացած ազգերը ավելի արդար են, քան հրեաները: Ուղղակի մի ազգին պատասխանատվության է պատրաստում, որպեսզի մյուս ազգերը ապաշխարեն և փրկվեն: Եկավ Տէր Հիսուս հրեա ազգի մեջ, պտուղ փնտրեց և չգտավ:Մի անգամ Մովսեսի միջոցով եկավ, մի անգամ մարգարեների միջոցով եկավ, Երրորդ անգամ անձամբ եկավ և նորից նույն պատկերին հանդիպեց և խաչը հանեցին Նրան:
Անպտուղ թզենին ողջ աշխարհն է այսօր: Ցանկացած երկիր եթե այս պահին մտնի, նույն պատկերն է ինչ Իր ժամանակ էր: Հիսուս Քրիստոս միջամտում է Իր Երկնավոր հորը, որ միի տարի էլ չկտրի ծառը: Գիտե՞ք ինչու: Տէր Հիսուս Իր Երկնավոր հորն ասում է,- գուցե Մովսեսից ու մարգարեներից չկարողացան դառնալ պտղատու, ժամանակ տուր, Հայր, գուցե Իմ ուսուցումից ու պատգամներից դառնան պտղատու: Երեք անգամ Աստված հնարավորություն տվեց մարդկությանը՝ ճանաչելու Աստծուն, սակայն մարդկությունը ապերախտ գտնվեց երեք անգամ էլ: Առաջին անգամ դրախտում մերժվեց Աստծու խոսքը, այն փոխելով աչքին հաճելի նյութի հետ: Երկրորդ անգամ Կենդանի Աստծուն ուրացան և ոսկե հորթ ձուլեցին իրենց կռապաշտության համար:Երրորդ հնարավորությունը Պիղատոսի առջև է, որ ժողովուրդը բղավեց,- մենք ուրիշ թագավոր չունենք կայսրից բացի: Իսկ միթե մեզնից յուրաքանչյուրը մեկական անպտուղ թզենի չէ տնկված Աստծու պարտեզ՝ եկեղեցում; Չէ՞ որ մենք էլ ծանր հիվանդության ժամանակ խնդրում ենք Աստծուն, որ մի քիչ էլ կյանք պարգևի:Ինչու ենք խնդրում, եթե չենք մշակելու մեր անպտուղ հողը, որի մեջ տնկված է անպտուղ թզենին: Մենք խնդրում ենք, Աստված ավելացնում է մեր ժամանակը, սակայն մենք մոռանում ենք և շարունակում ենք ապրել նույն անպտղության մեջ: Իսկ Աստված չի ուզում որ անպտուղ ծառը զբաղեցնի իր հողը և կտրում է ծառը: վերցնում է մարդուն՝ որպեսզի նրա մեղավոր կյանքը այլոց համար չլինի գայթակղություն, և նրա փոխարեն մեկ ուրիշն է աշխարհ գալիս, գուցե եկածը պտուղ կտա: Հիշո՞ւմ եք, երբ Հեղի քահանայապետի որդիները Աստծու առաջ մեղքեր էին գործում և գայթակղություն էին բոլորի համար, Աստված Սամուէլ մարգարեին էր պատրաստում նրանց փոխարեն, որպեսզի նրանց վերցնի:Նույնիսկ Հեղի քահանայապետը մեղադրում էր իր որդիներին, ասելով,- Ինչու թե այդպիսի բաներ անում, որ ես այդ բոլորը լսեմ ժողովրդի բերանից: Մի արեք, որդյակներ, իմ լսած լուրը բարի չէ:Դուք Աստծու ժողովրդին չեք ծառայում: Տեսեք սիրելիներ, թե քահանայապետը ինչ ասում իր զավակներին, որոնք մեղքի մեջ էին.,, Եթե մարդը մարդու դեմ է մեղանչում, ապա պետք է աղոթի Տիրոջը: Իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, նրա համար ո՞վ կաղոթի: Նրանք չէին լսում իրենց հորը, որովհետև Աստված ուզում էր նրանց կործանել:Ա.թագ.2:24 Այս օգտակար մտքի վրա էլ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը և երբեք առիթ չտանք, որ Տէրը իզուր համարի մեր զբաղեցրած տարածքը՝ անպտղության պատճառով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի դաս քաղենք ցանկացած վատ երևույթից և քննենք մեր օրերին իրադարձությունները՝ Ավետարանով;