ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 3: 10-22
10 Եւ ժողովուրդները կը հարցնէին իրեն ու կ՚ըսէին. «Ուրեմն ի՞նչ ընենք»։ 11 Պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ով որ երկու հանդերձ ունի, թող մէկը չունեցողին տայ եւ ով որ կերակուր ունի, նոյնպէս ընէ»։ 12 Մաքսաւորներ ալ եկան մկրտուելու ու ըսին անոր. «Վա՛րդապետ, մե՞նք ինչ ընենք»։ 13 Ան ալ ըսաւ անոնց. «Ձեզի հրամայուածէն աւելի բան մի պահանջէք»։ 14 Զինուորներն ալ կը հարցնէին անոր ու կ՚ըսէին. «Մե՞նք ինչ ընենք»։ Ըսաւ անոնց. «Մէկը մի՛ հարստահարէք. եւ մարդու վրայ զրպարտութիւն մի՛ ընէք ու ձեր թոշակով բաւականացէք»։
15 Երբ ժողովուրդը կը սպասէր եւ ամէնքը իր սրտերնուն մէջ կը մտածէին Յովհաննէսին համար՝ թէ ‘Ա՞ս է արդեօք Քրիստոսը’, 16 Յովհաննէս պատասխան տուաւ ամենուն ու ըսաւ. «Ես ձեզ ջրով կը մկրտեմ, բայց ինծմէ աւելի զօրաւորը պիտի գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ, անիկա ձեզ պիտի մկրտէ Սուրբ Հոգիով եւ կրակով. 17 Որուն հեծանոցը իր ձեռքն է եւ իր կալը պիտի մաքրէ ու ցորենը իր ամբարը պիտի ժողվէ եւ յարդը չմարող կրակով պիտի այրէ»։ 18 Ուրիշ շատ բաներ ալ կը քարոզէր՝ ժողովուրդը յորդորելով։
19 Հերովդէս չորրորդապետը անկէ յանդիմանուելով իր եղբօր կնոջ, Հերովդիային եւ բոլոր չարութիւններուն համար, որոնք Հերովդէս գործեց, 20 Այն ամենուն վրայ այս ալ աւելցուց, որ Յովհաննէսը բանտարկեց։
ՅԻՍՈՒՍԻՆ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ
21 Բոլոր ժողովուրդը մկրտուեցաւ։ Երբ Յիսուս ալ մկրտուելով աղօթք կ՚ընէր, երկինքը բացուեցաւ 22 Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր երեւոյթով աղաւնիի պէս անոր վրայ իջաւ ու երկնքէն ձայն մը եկաւ, որ կ՚ըսէր. «Դուն ես իմ սիրելի Որդիս, քեզի հաւնեցայ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք երեկ ծանոթացանք հոգևոր և քաղաքական իշխանությունների կազմին, իմացանք նաև, որ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր հոգևոր ծառայությունը, բայց ո՛չ թե տաճարում, այլ անապատում: Հովհաննես Մկրտիչը հանրությանը ներկայացավ որպես մի կանչող ձայն, որը Տիրոջ ճանապարհի մասին էր խոսում ըստ Եսայի մարգարեի: Ձորերը պետք է լցվեն, իսկ լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ պիտի դառնան, երբ երևա Աստծու փրկությունը: Իսկապես Քրիստոս եկավ և ձորերը լցվեցին, այսինքն Քրիստոսի լիությունից ամեն դատարկություն լցվեց, քրիստոսի խոնարհությունով ամեն հպարտություն տապալվեց լեռների ու բլուրների նման, դժվար ճանապարհները գտան իրենց ելքերը Քրիստոսի խոսքին հետևելով: Եթե մեկը թերի է գիտության և իմաստության մեջ, ապա վստահ թող լինի, որ Քրիստոսով կլրացվի ամեն բաց՝ մաքուր սրտով հետևելու դեպքում: Եսայի մարգարեության այս գեղեցիկ փոխաբերական համեմատությունների մասին կարդացել էին նաև օրվա քահանայապետները և փարիսեցիները, որոնց պարտքն էր ժողովրդին բացատել, թե ո՛ւմ մասին է խոսքը, որ գալու է լցնելու է ամեն դատարկություն: Սակայն և՛ իրենք չլցվեցին այդ լիությունից, և՛ թույլ չտվեցին, որ այլոք լցվեն; Հովհաննես Մկրտիչը ապրել և մեծացել էր այդ հասարակության մեջ և քաջատեղյակ էր նրանց հոգևոր դատարկությանը և մեղքերի առատությանը: Իսկ երբ սկսեց մկրտել, շատերը մտածեցին, որ մկրտությամբ կարող են թաքնվել իրենց նախկին մեղքերի տակ և այդպես ապրել, դրա համար գալիս էին Հովհաննեսի մկրտվելու: Իսկ ինքը զգուշացնում էր, որ Աստծու բարկությունից չեք կարող փախչել:
Պատկերացրեք հանցավոր կյանքով ապրող մի ,,հեղինակություն,, որը խույս է տվել քրեական պատասխանատվությունից, թաքնվել է իրավապահ մարմիններից, իր գործած մեղքերի ու հանցագործությունների պատճառով; Ժամանակ է անցնում և այս մեղավոր մարդը մահանում է, կարծելով, թե իրավապահ մարմինների պատասխանատվությունից խուսափելով կարող է խուսափել Աստծու բարկությունից:
Նրա համար մի շքեղ գերեզման են սարքում, և ճոխ դամբանական էլ կարդում են նրա թաղմանը և համարվում են որ ազատվեց ամեն ինչից: Իսկ Հովհաննեսը այսպիսիներին հարցնում է,- Ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է: Աստծու դատաստանից չի ազատվի ո՛չ ոք, եթե նույնիսկ ողջ կյանքում կարողացել է խույս տալ զղջումից ու պատասխանատվությունից: Հովհաննեսի ապաշխարության քարոզությունից հետո ժողովուրդը անակնկալի եկած՝ հարց էր տալիս նրան,- Իսկ արդ ի՞նչ պիտի անենք: Այս մտքի վրա երեկ ավարտեցինք մեր սերտողությունը: Հրեաները կրոնական հպարտության մեջ էին հայտնվել իրենց նախահայր Աբրահամի հավատքի պատճառով և շարունակում էին ապրել այդ հպարտության մեջ: Դրա համար Հովհաննեսի խոսքերից զարմացած՝ պարզ մարդիկ հարցրին, ապա ի՞նչ անենք:
Հովհաննեսը ապաշխարության պտուղներ էր պահանջում, որի առաջին պայմանը հավատքն է Հիսուս Քրիստոսի հանդեպ, որով փոփոխություն պետք է տեղի ունենում կյանքի մեջ, ինչը բացակայում էր հրեաների մոտ: Նրանք խստասրտորեն պահում էին օրենքի տառը, առանց կիրառելու կյանքի մեջ: Նույնիսկ Աստվածաշունչը անգիր սովորելը չի փոխի մարդուն, թե նա չապրի իր կարդացածը: Հովհաննես Մկրտիչը նախանձախնդիր և չափազանց խիստ մարդ էր տվյալ ժամանակի համար, ո՛չ ոք ապաշխարություն չէր քարոզում, իսկ ինքը ապաշխարության արժանի գործեր էր պահանջում մարդկանցից: ,,Ի՞նչ պիտի անենք,, ժողովրդի տված հարցին նա տալիս է շատ պարզ պատասխան, շեշտը դնելով ողորմության վրա, միմյանց օգնելու և միմյանց կարիքները հոգալու վրա: Հովհաննեսի մոտ գալիս էին հասարակության տարբեր խավեր, մկրտվելու համար: մենք տեսնում ենք, որ և քարոզում է, և մկրտում է, և յուրաքանչյուրին համապատասխան խորհուրդ է տալիս, բայց միևնույն ժամանակ ներկայացնում է Հիսուս Քրիստոսի իշխանությունը, որը շուտով պիտի հայտնվի: Նույնիսկ մաքսավորներ եկան մկրտվելու և հարցրին, թե՝ իրենք ի՞նչ են անելու:
Ոչ ոք չգիտե իր անելիքը, մարդիկ ապրում են Աստծու ստեղծած աշխարհում և լուր չունեն Աստծու պատվիրաններից: մաքսավորներին էլ հորդորում է հրամայվածից ավել չգանձել մարդկանցից: Մենք մաքսավորների ընկած հեղինակության մասին խոսել ենք, որ ժողովրդից գանձում էին սահմանվածից ավելին, քանի որ իրենք աշխատավարձ չէին ստանում: Հովհաննեսը գիտեր, թե ինչու ժողովուրդը չի սիրում նրանց, այդ պատճառով մաքսավորներին ասաց սահմանված հարկը վերցրեք ժողովրդից: Եթե հիշում եք, Քրիստոսին մեղադրում էին, որ մաքսավորների հետ հաց է ուտում: Այսինքն մաքսավորները համարվում էին ժողովրդի կեղեքիչներ, և կարծում էին, որ Հիսուս չի կարող նրանց հետ նստել:
Մարդկանց տված հարցերից հասկանալի է դառնում, որ բացի նրանից, որ անտեղյակ են օրենքից ու պատվիրանից, նաև հարգում են Հովհաննեսի խոսքը դրա համար հարցնում ենք ի՞նչ անենք: Զինվորների հարցին ի պատասխան, խորհուրդ տվեց ոչ ոքի չնեղացնել, ոչ ոք չզրպարտել, և բավարարվել սահմանված աշխատավարձով: Հիշո՛ւմ եք, որ Պիղատոսի արքունի բակում զինվորները ինչպես էին ծաղրում, նեղացնում և զրպարտում Քրիստոսին: Մի խոսքով ժողովուրդը նման էր մի անտեր հատի, որը հովիվ չունի: Ճիշտ ժամանակն էր կարծես Քրիստոսի աշխարհ գալու և Հովհաննեսի այս նախանձախնդիր քարոզի՝ Աստծուց հեռացած ժողովրդի համար: Ժողովուրդը սպասման էր, սակայն տեղեկացված չէր, քանի որ Հովհաննեսին տեսնելով կարծեցին, թե Քրիստոսն է:
Իսկ եթե հոգևոր առաջնորդները իրենց սահմանված տեղում լինեին, իրենց հոգևոր առաջնորդությունը նախանձախնդիր կերպով ծառայեցնեին ժողովրդին, և ներկայացնեին Քրիստոսի գալուստը, ժողովուրդը մոլորության մեջ չէր հայտնվի: Բայց Հոգևոր առաջնորդները միայն Մովսեսի աթոռի պատիվը սիրեցին, և Աբրահամի արդարության ստվերի տակ ապրեցին հպարտության մեղքի մեջ: Ինչպես որ Տէր Հիսուս ասաց, ո՛չ իրենք մտան, ոչ էլ թողեցին ուրիշները մտնեն: Բայց Հովհաննեսը զգուշացնում էր, որ ինքը Քրիստոսը չէ, և Քրիստոսին ներկայացնում էր իրենից զորավոր մեկը, որը պիտի մկրտի Սուրբ Հոգով և հրով; Սուրբ հոգով մկրտության մասին մեկնիչներն ասում են, որ սա Պենտեկոստեի օրը ստացած Սուրբ Հոգին էր և նրա շնորհները: Իսկ հրով մկրտության մասին ասում են, որ սա դատաստանի հուրն է, և ոմանք էլ ասում են, որ Երկրորդ Օրենքի հինգերորդ գլխում Մովսեսն ասում է,- Տէրը դեմ հանդիման խոսեց ձեզ հետ հրի միջից; Երկու տարբերակն էլ կարելի է ընդունել որպես ճշմարտություն, քանի որ Աստծու խոսքը անցնում է դարերի միջով և չի սահմանափակվում որևէ ժամանակի մեջ: Այս խոսքերից նա՛և մենք պետք է ավելի կարևոր դաս քաղենք և թույլ տանք, որ Աստծու խոսքի հուրը այրի ու մաքրի մեր անմաքուր սիրտը, և մեր մեղավոր կյանքը, որպեսզի արժանանաք Աստվածային շնորհներին: Հովհաննեսի նկարագրությունից հասկանում ենք, որ նա Քրիստոսի իշխանությունից մեծ ակնկալիք ուներ, քանի որ ասում է,- Նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հավաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ հարդը կայրի հրով:
Ավետարանն ասում է, որ նա շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին: Երեկվա սերտողության մեջ կարդացինք, որ Հովհաննեսն ասում է,- Ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է, ամեն ծառ որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետում: Հովհաննես Մկրտիչը վկայում է Քրիստոսի իշխանության հզորության մասին և ինքն է հավատում, որ այդպես է լինելու արդարությունը: Նա այսպես էր խոսում մինչ Հիսուսի հայտնվելը և բացահայտ ասում էր, որ Նրա կոշիկները հանելու արժանի չեմ՝ իրեն ստորադասելով դեռ չեկած ու չքարոզած Քրիստոսից: Գուցե Հովհաննեսն էլ էր ակնկալում, որ այս ամենը Իր առաջին գալուստով է անելու Տէր Հիսուս Քրիստոս, քանի որ քամհարը ձեռքում է: Սակայն Մատթևոս Ավետարանիչն ասում է, որ շատ բաներ անելու է Երկրորդ Գալուստին, երբ նստի Իր Փառքի Գահին և Նրա առջև հավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից պետք է զատի, ինչպես որ մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից: Գուցե սա՞ էր պատճառը, որ Հովհաննեսը բանտում եղած ժամանակ հարցրեց, - Դո՞ւ ես որ գալու էիր, թե ուրիշին սպասենք: քանի որ անարդար ձևով բանտարկվեց Հովհաննես Մկրտիչը՝ Հերովդես չորրորդապետի հրամանով, որովհետև հանդիմանվել էր իր եղբոր կնոջ հետ ամուսնանալու պատճառով; Ոչ միայն ապօրինի ամուսնություն, այլ՝ բազմաթիվ անօրեն գործերի համար Հովհաննեսը հանդիմանում էր նրան; Ամբողջ ժողովրդին մկրտելու հետո, Հիսուս ևս մկրտվեց, ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով, որպես աղավնի իջավ Նրա վրա: Երկնքից ձայն եկավ, որ ասում էր,- Դու ես Իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը:
Սիրելիներ Ղուկասի երրորդ գլուխը ավարտվում է Հիսուսի ազգաբանությամբ, որը ես չեմ կարդա ձեզ համար, քանի որ չեք էլ հիշելու: Սակայն մի շեշտադրում կանեմ, որ կարդալիս ուշադրություն դարձնեք: Ղուկասի ներկայացրած ազգաբանության մեջ Հիսուսին ներկայացնում է Հովսեփի որդի և հետ գնալով, հասնում է մինչև Ադամ: իսկ սա նշանակում է, որ Հիսուս ծնվեց բոլոր ազգերի համար, Հիսուս Փրկիչ է բոլոր ազգերի համար: Մենք հերթով կսերտենք բոլոր ավետարանները, կծանոթանանք չորս ավետարանիչների ներկայացրած տեսակետներին և վերջում կգան այն եզրահանգման, որ Ինչպես Հիսուս Քրիստոս, այնպես էլ բոլոր ավետարանիչները այս բոլոր մանրամասները, օրինակները, առակները գրել են, որպեսզի մենք կրթվենք սրանցով: Սկսենք ապաշխարությունից, սովորենք զղջալ մեր մեղքերի համար, ջանանք այլևս չկրկնել կատարածները, մտապահենք պատվիրանները, աղոթքով խնդրենք իմաստությունը՝ այս բոլորը կատարելու համար: Անփորձ հավատացյալը դժվարություն կունենա այս հարցերի կարգավորման մեջ: Հոտին հովիվ է պետք, առանց հովիվ հոտը գայլի բաժին կդառնա; Երբեմն սխալ է հասկացվում երբ ձեզ ասում եմ պահանջեք ձեր հովվից, թե ինչպե՞ս սկսեք, ինչի՞ց սկսեք: Ինչպես որ Հովհաննես Մկրտիչն ու Տէր Հիսուս սկսեցին ապաշխարության հորդորից, այնպես էլ քրիստոնյան պետք է սկսի ապաշխարությունից, զղջալուց, աղոթքից, Սուրբ Գիրք կարդալու և առավել ևս հասկանալուց: Մինչև քրիստոնյան հասնի հոգևոր այն մակարդակին, որ ինքնուրույն ասի,- Տէր Հիսուս Քրիստոս, Աստծու Որդի, երկնային ցող եղիր իմ անպտուղ կյանքի համար: Այս խոսքերը պետք է բխի սրտից, սրտանց, և ծածուկ: Այլապես մենք այսօր հրաժարվել ենք մեր խաչից, որ մեր նեղություններն են, և ուզում ենք որ Աստված օգնություն ուղարկի մեզ: Այդպես չի լինում;
Ամուսինները բաժանվում են՝ միմյանց չհանդուրժելու պատճառով, սա խաչից հրաժարվել է, բոլոր բաժանումները չեն, որ արդարացված են; Ծեր ծնողները հայտնվել են ծերանոցում, սա խաչից հրաժարվել է: Երեխաները մանկատանն են, սա խաչից հրաժարվել է: Տան մեծահասակներին չեն հանդուրժում այլևս, որը կրկնակի հրաժարում է խաչից: Օրինակները անվերջանալի են; Միմյանց մեղադրում ենք առավոտից մինչև երեկո և երեկոյից մինչև առավոտ՝ չտեսնելով սեփական մեղքերը: Մենք չգիտենք ինչպես համատեղել կյանքը և պատվիրանները: Սա է մեր մեծ խնդիրը, որ ծառացել է մեր առջև և մենք մնացել ենք այս բեռի տակ: Տեսեք սիրելիներ, այսօրվա սերտողության մեջ ժողովրդի անտեղյակության պատճառը ովքեր էին, և հետևանքը ինչ եղավ: Քրիստոս ասում է,- Առանց Ին ոչին անել չե՛ք կարող: Որովհետև Ինքը եկա՛վ, որ ձորերը լցնի և լեռները խոնարհեցնի: Մեր տկարությունները զորացնի և մեր հպարտությունը խոնարհեցնի: Եթե մեր ժողովրդին էլ անկախությունից իր վեր կրթեին հոգևոր կրթությամբ, այսօր մենք միմյանց ոչ թե կանիծեինք ու կհայհոյեինք ատելությամբ, այլ կաղոթեինք միմյանց համար: Եթե մեզ կրթեին, մենք նախ մե՛ր մեղքերից կազատվեինք, հետո կպահանջեինք, որ այլոք չմեղանչեն: Բոլորս դրախտ ենք ուզում, բայց մեր գործերով դժոխք սարքեինք մեր հայրենիքը: Դրախտը որոշակի հասցե ունեցող տարածք չէ, այլ՝ հոգեվիճակ: Ստեղծենք այդ հոգեվիճակը մեր ներսում, որպեսզի սուրբ հոգին վերադառնա մեզ մոտ: Ավարտենք մեր սերտողությունն այստեղ, քանի որ ասելիքը չի ավարտվում, չնայած, որ ամեն օր ենք խոսում: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեղքի գիտակցություն ունենանք և զղջման պատրաստակամություն: