ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 3:1- 10
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ
1 Տիբերիոս կայսրին թագաւորութեան տասնըհինգերորդ տարին, Պոնտացի Պիղատոսին Հրէաստանի վրայ կուսակալութիւն ըրած ատենը ու Հերովդէսին Գալիլիացիներուն վրայ չորրորդապետութեան ատենը եւ անոր եղբօրը Փիլիպպոսին Իտուրացիներուն եւ Տրաքոնացիներուն երկրին վրայ չորրորդապետութեան ատենը եւ Լիւսանիային Աբիլինացիներուն վրայ չորրորդապետութեան ատենը 2 Եւ Աննային ու Կայիափային քահանայապետութեան ատենը Աստուծոյ խօսքը եղաւ Զաքարիային որդիին Յովհաննէսին անապատին մէջ։ 3 Անիկա եկաւ Յորդանանի բոլոր կողմերը եւ ապաշխարութեան մկրտութիւն կը քարոզէր մեղքերու թողութեան համար. 4 Ինչպէս Եսայի մարգարէին գրքին մէջ գրուած է՝ ըսելով. «Անապատին մէջ կանչողին ձայնը, Տէրոջը ճամբան պատրաստեցէք, անոր շաւիղները շտկեցէք։ 5 Ամէն ձոր պիտի լեցուի եւ ամէն լեռ ու բլուր պիտի ցածնայ եւ ծուռը պիտի շտկուի ու խորտուբորտ տեղերը հարթ ճամբաներ պիտի ըլլան։ 6 Եւ ամէն մարմին Աստուծոյ փրկութիւնը պիտի տեսնէ»։
7 Իրմէն մկրտուելու ելլող ժողովուրդին ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի գալու բարկութենէն փախչիլ։ 8 Ուրեմն ապաշխարութեան արժանաւոր պտուղ բերէք եւ մի՛ սկսիք ձեր ներսիդին ըսել թէ՝ ‘Մենք մեզի հայր Աբրահամը ունինք’, քանզի կ՚ըսեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէն Աբրահամի որդիներ հանել։ 9 Ալ հիմա կացինը ծառերուն արմատին քով կը դրուի. ուստի ամէն ծառ որ բարի պտուղ չի բերեր, պիտի կտրուի ու կրակը պիտի ձգուի»։ 10 Եւ ժողովուրդները կը հարցնէին իրեն ու կ՚ըսէին. «Ուրեմն ի՞նչ ընենք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր երրորդ գլխի սերտողությանն ենք հասել, տեսնենք թե Ղուկաս ավետարանիչն ինչո՞ւ է այսքան մանրամասն մեզ ներկայացնում, թե ո՛վ որ պաշտոնում էր այդ ժամանակ, երբ Հովհաննես Մկրտիչը դուրս եկավ քարոզելու: Ղուկաս ավետարանիչն էլ գեղեցիկ հերթականությամբ ներկայացնում է Հովհաննես Մկրտչի և Տէր Հիսուսի նախնական քայլերը մինչ քարոզություն: Հովհաննեսը սկսեց իր գործունեությունը, իսկ սա նշանակում է, որ արդեն սկսվելու նաև Հիսուս Քրիստոսի քարոզությունը: Նախորդ գլուխներում տեղեկացանք Հիսուս Քրիստոսի մանկության և պատանեկության տարիներին կատարված նվազագույն տեղեկություններին, որոնք մեզ տալիս են Մատթևոսի և Ղուկասի ավետարանները, սակայն մեր Տիրոջ բուն գործունեությունը սկսվում է Իր մկրտությունից հետո:
Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի կուսակալը՝ Պոնտացի Պիղատոսն էր, Գալիլիայի չորրորդապետը Հերովդեսն էր, և նրա եղբայր Փիլիպպոսը նույնպես չորրորդապետ էր: Սրանք բոլորը պաշտոնավարում էին Աննա և Կայիափա քահանայապետերի օրոք:
Ավետարանիչը տեղեկացնում է, թե ում օրոք է սկսվել այս բոլոր պատմությունները: Պատմագիրներն ասում են, որ Հրեաստանի շրջանը Հռոմի համար առանձնապես արժեք չէր ներկայացնում, այդ պատճառով շահագրգռված չէր, որ հրեաստանում նշանակվեին գրագետ, բարեպաշտ և ժողովրդավար պաշտոնյաներ: Այնտեղ սովորաբար ուղարկվում էին կաշառքով հռոմի քաղաքացիություն ձեռք բերած մարդիկ, որոնցից մեկն էլ Պոնտացի Պիղատոսն էր, որի հետ արդեն ծանոթ ենք և դեռ կծանոթանանք;
Պիղատոսի նման կուսակալները խռովությունների ժամանակ պատրաստ էին զորք մտցնել և կոտորել ժողովրդին, առանց հանգամանքներին ծանոթանալու,իսկ այդ ժամանակ խռովություններ շատ էր լինում:
Մենք նաև կարդացինք երկու քահանայապետների անուններ, որոնք միմյանց փոխարինելով պաշտոնավարում էին, չնայած որ այն ժամանակ էլ ընդունված էր որ պետք է լինի մեկ քահանայապետ: Այս քահանայապետների մասին ասվում է, որ երկուսն էլ պահպանողական սադուկեցիներ են եղել և ճանաչված արծաթասերներ, որոնց նույնպես նշանակում էր Հռոմը: Իսկ Հռոմի համար նշանակություն չուներ քահանայապետի հոգևոր մակարդակը, կարևոր էր որ այդ պաշտոնը թափուր չմնար, ինչպես տեսնում ենք նույնիսկ երկուսն է նշանակել՝ մեկի փոխարեն: Այսքանով տեղեկացանք, որ այդ ժամանակահատվածում, որ Հովհաննեսը պետք է քարոզեր, իշխանական համակարգը կոռումպացված է՝ քահանայապետների հետ միասին: Իսկ Հովհաննեսի ժամանակը արդեն հասել էր, որպեսզի պատրաստի Հիսուս Քրիստոսի ճանապարհը: Պատկերացրեք, թե ի՞նչ ամուր պատնեշների էր հանդիպելու Հովհաննես Մկրտիչը, իսկ այնուհետև Տէր Հիսուս Քրիստոս: Ավետարանի սկզբում էլ Ղուկասը մեր ուշադրությունը սևեռեց այն մտքի վրա, որ Տէր Հիսուս եկավ որոշակի ժամանակում՝ որոշակի մարդկանց իշխանության օրոք: Իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ շատ վատ վիճակում էր ժողովրդի համար:
Սակայն ավետարանիչը մեզ նաև մխիթարության համար ասում է, որ թեպետ կառավարության կազմը այսքան վատն է, բայց Տիրոջ ձեռքը Հովհաննեսի վրա էր, և Նրա ձայնը լսելի եղավ Հովհաննեսին: Հովհաննես Մկրտիչը Աստծու նախախնամությամբ չգնաց հոր քահանայական ճանապարհով, այլ ընտրեց անապատը՝ քարոզության համար: Տրամաբանական է, որ այդ քահանայապետների իշխանության ներքո Հովհաննեսը ազատ քարոզել չէր կարող: Ինչպես որ քարոզության վայրն էր ճգնավորական, այնպես էլ ուտելիքն ու հագուստն էր այդպիսին, բայց Հովհաննեսը ուներ Աստծու առաջնորդությունը, և դուրս եկավ համարձակապես քարոզելու: Սկսեց քարոզությունը Հորդանանի կողմից և ապաշխարության մկրտություն էր քարոզում՝ մեղքերի թողության համար: Ինչո՞ւ Հովհաննեսը սկսեց իր խոսքը մեղքերի թողությունից: Որովհետև նա տեսավ, որ իշխող համակարգը թաղված է մեղքի մեջ, հետևաբար չի կարող ժողովրդին առաջնորդել շիտակ ճանապարհով: Հովհաննես Մկրտչի մասին՝ դեռ իր մոր որովայնից Ավետարանն ասում է, որ Աստված նրա հետ է, իսկ նույն բանը չի ասում քահանայապետների ընտրված կամ կանչված լինելու մասին: Հետևաբար ժողովրդի հոգևոր առաջնորդությունը հանձնվեց Հովհաննես Մկրտչին, որպեսզի նա մարդկանց պատրաստի՝ տեսնելու Աստծու փրկությունը:
Սիրելիներ, կարծում եմ, որ այս նախաբանը հասկանալի եղավ, թե ո՛վ ի՛նչ դեր պետք է խաղա այս ընթացքում; Հովհաննեսը սկսում է իր քարոզությունը, ըստ Եսայի Մարգարեի, որն ասում է,- Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը: Հովհաննես Մկրտիչը կանչող կոչվեց, որովհետև չէ՛ր պահանջում, ո՛չ է հրամայում էր, այլ կանչում է մարդկանց և ասում էր ճանապարհ տվեք Աստծուն: ,,Անապատում կանչողի ձայնն է,, արտահայտությունը մեր խոսակցության մեջ էլ ենք շատ օգտագործում իր հստակ ձևակերպման համար: Հովհաննեսի ժամանակաշրջանի համար այս արտահայտությունը շատ բնորոշ է տիրող իրավիճակին, քանի որ անապատային վիճակ է, և օգնություն կանչողի ձայնն էլ չի լսվում անապատի մեջ: Սա չի նշանակում, որ Հովհաննեսը կանգնել էր անապատի մեջ ու միայն կանչում էր, այլ փոխաբերական իմաստն այն էր, որ խոսողին լսող չկա՝ մեղքի մեջ թաղված լինելու պատճառով: Դրա համար պետք էր ձեռքը դնել վերքի վրա և սկսել բուժումը այդտեղից: Իսկ այդ տեղը մեղքից ազատվելն է՝ ապաշխարության մկրտությամբ: Ի՞նչ է ապաշխարության մկրտությունը: Անապատը, որի մեջ Հովհաննեսը քարոզում էր, գտնվում է Երուսաղեմի և Հորդանանի միջև՝ Երիքովի մոտ:
Ինչո՞ւ քարոզությունը սկսեց անապատից: Նախորդ Ավետարանի մեկնության ժամանակ մենք խոսել ենք այս մասին, սակայն ամեն անգամ կարելի է նոր լույս տեսնել ամեն մի տողատակում: Անապատը մարդու ներքին դատարկությունն է, որը պետք է լցվի Աստծու պատգամներով և խոսքերով; Հրեաները անապատում ստացան իրենց օրենքները, որպեսզի իրենց ուշադրությունը շեղող ոչինչ չունենային և ուշադրությամբ լսեին Աստծու խոսքը: Տէր Հիսուս նույնպես սիրում էր ժողովրդի բազմությանը քարոզել բնության գրկում, ամայի վայրում, լեռան վրա, որպեսզի մարդկանց միտքը հեռացնի քաղաքային հրապուրանքներից:
Հիշո՞ւմ եք սատանան Տէր Հիսուսին քաղաքի վայելչությունն ու հարստությունը ցույց տվեց փորձելու համար, և ասաց քե՛զ կտամ, եթե երկրպագես ինձ: Հետևաբար Հովհաննես էլ քարոզության վայրը նույնպես ընտրեց անապատը՝մարդկանց կտրելով ժամանակավոր զվարճանքից:
Մկրտությունը կատարում էր Հորդանանում՝ ընկղմելով ենթակային ջրի մեջ՝ ամբողջ մարմնով՝ երեք անգամ: Սա հրեական սովորություն էր այն ժամանակ, և նաև հիմա օրթոդոքս հրեաները նույն կերպ են մկրտում: Շատերն են զբաղվել այսպիսի մկրտությամբ, սակայն Աստծու շնորհն ու ձեռքը Հովհաննեսի վրա էր՝ ապաշխարության մկրտություն կատարելու: Այս մկրտությունը խորհուրդն է այն բանի, որ մարդը ամբողջությամբ ընկղմվելով ջրի մեջ, լվացվում, մաքրվում է մարմնով և պատրաստվում էր դիմավորելու Հիսուս Քրիստոսին: Եսայի մարգարեության մեջ ասում է,- Բոլոր լեռներն ու բլուրները թող խոնարհվեն, և ամեն մարդ թող տեսնի Աստծու փրկությունը: Սա նույնպես փոխաբերական իմաստով է ասված, որ մարդիկ պետք է խոնարհվեն իրենց հպարտությունից ու մեծամտությունից, որպեսզի տեսնեն Աստծու փրկությունը: Հպարտ մարդիկ չեն կարող տեսնել արդարության ճանապարհը և ճշմարիտ խոսքը՝ իրենց սրտի կարծրության պատճառով: Որովհետև մարդու հպարտությունն է, որ փակում է մարդու աչքերը և թույլ չի տալիս տեսնելու Հիսուս Քրիստոսին: Հովհաննես Մկրտիչը ո՛չ միայն ճանապարհը պատրաստեց Տիրոջ առջև, այլ նաև մարդկանց քարացած սրտերը պատրաստեց Տիրոջը դիմավորելու համար: Հավաքեց բոլոր քարերը Տիրոջ ճանապարհից և հարթեց այդ ճանապարհը իր մարգարեական շնորհներով:
Սիրելիներ, մենք ամեն օր պետք է մեզ տանք այս հարցը, այսօր բա՞ց է իմ աչքերի առջև, որպեսզի տեսնեմ Հիսուս Քրիստոսին և Իր ճշմարիտ ճանապարհը: Կամ՝ ես այսօր լսո՞ւմ եմ դռան թակոցը, որը նույնպես փոխաբերական իմաստով ասում է մեր Տերը Հայտնության գրքում: Իսկ ի՞նչ է նշանակում տեսնել Աստծու փրկությունը: Այսինքն բաց սիրտ և բաց աչքեր ունենալ՝ տեսնելու Նրան, ով բերում է այդ փրկությունը:
Քիչ առաջ ես կարդացի ավետարանը և դու լսեցիք, թե Հովհաննես Մկրտիչը ինչպեսի կոշտ բառերով դիմեց իր մոտ եկած այն ժողովրդին, որոնք եկել էին իրենից մկրտվելու: Պատկերացրեք, եթե այսօր մարդիկ գնան մկրտվելու, և խորհրդակատար քահանան նրանց ասի,- Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է: Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվեք: Երանի մեր հոգևորականներն էլ Հովհաննես Մկրտչի մարգարեական կարողությունն ունենային և կարողանային տեսնել մկրտվող մարդու ներսի կեղծիքը և արտաքին բարեպաշտությունը, որոնք կարծում են թե մկրտվելով պետք է ազատվեն Աստծու բարկությունից, եթե չզղջան և չապաշխարեն, և ապաշխարության արժանի պտուղները հայտնի չդառնան: Այսպես դիմեց Հովհաննես Մկրտիչը իր առջև կանգնած այն մարդկանց, որոնք մեղավոր կյանքը տեսնում էր աստվածային շնորհով, իսկ եկած մարդիկ կարծում էին, թե կմկրտվեն և արտաքնապես բոլորին ցույց կտան, որ իրենք մաքուր են մեղքերից: Հաջորդ համարի մեջ ասում,- մի պարծեցեք, որ Աբրահամը ձեր հայրն, Աստված այս քարերից անգամ կարող է Աբրահամի որդիներ դուրս բերել: Հովհաններս ակնարկում է Հիսուս Քրիստոսին, որը պետք է գար իրենից հետո և զատեր մաքուրներն ու անմաքուրները, բարիներն ու չարերը, հիվանդներն ու առողջները: Ինչպես որ հետագայում տեսանք, որ հիվանդները բժշկվեցին, մեղավորները դարձի եկան և հետևեցին Հիսուս Քրիստոսին, մեռելներին հարություն տվեց: Իսկ ինչ վերաբերում է հաջորդ մտքին, որն ասում է,- Կացինը ծառերի արմատի վրա է, ամեն ծառ, որ պտուղ չի տալիս, կտրում և կրակն է նետում: Հովհաննեսից հետո եկավ Հիսուս, քարոզեց, բժշկեց, հարություն տվեց մեռածներին, սակայն ոչ ոքի կրակը չնետեց: Հովհաննես Մկրտչի այս մարգարեական խոսքերը վերաբերում են Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալուստին, երբ գալու է որպես Դատավոր, և զատելու է այն ժամանակ այծերն ու գառները:
Ժողովուրդը Հովհաննես Մկրտչին հարցնում էին.- իսկ արդ, ի՞նչ պիտի անենք: Իսկ թե ինչ պարզ խորհուրդներ տվեց Հովհաննես Մկրտիչը՝ իրեն հարց տվողներին, մենք կիմանանք վաղվա սերտողության մեջ: Սիրելիներ մենք ծանոթացանք Ղուկաս ավետարանչի բացատրողական նկարագրությանը և տեղեկացանք այդ ժամանակահատվածի իշխող դասակարգի հետ, որը գրեթե նույնացվում է կրոնական առաջնորդների հետ: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ վաղը շարունակելու ակնկալիքով, եթե Աստված կամենա: Իսկ Աստված միշտ հարթում է ա՛յն մարդու ճանապարհը, որն Իրե՛ն է փնտրում: Ա՛յն մարդու ճանապարհը, որն Իրե՛ն է քարոզում: Ա՛յն մարդկանց ճանապարհը որոնք Ի՛ր խոսքն են լսում: Դառնանք այս մարդկանցից մեկն ու մեկը և խնդրենք, որ Աստված մեզ առաջնորդի իր արդարության ճանապարհներով՝ Իր անվան համար, և մեր փրկության համար: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր մկրտությունը մաքրի մեզ մեր մեղքերից և ապրենք ապաշխարության կյանքով մեր Տիրոջ ներկայության մեջ: