ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 2: 36- 52
36 Հոն էր Աննա մարգարէն, Փանուէլին աղջիկը, Ասերի ցեղէն. ասիկա իր օրերը անցուցած էր, էրկանը հետ եօթը տարի կենալով իր կուսութեան ժամանակէն 37 Եւ որբեւարի էր գրեթէ ութսունըչորս տարեկան ու տաճարէն չէր զատուեր, հապա ծոմով եւ աղօթքով Աստուծոյ ծառայութիւն կ՚ընէր գիշեր ու ցորեկ։ 38Ասիկա նոյն ժամուն եկաւ ու Տէրոջը գոհութիւն տուաւ ու անոր վրայով խօսեցաւ այն ամենուն՝ որոնք Երուսաղէմի մէջ փրկութեան կը սպասէին։
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ ՆԱԶԱՐԷԹ
39 Երբ ամէն բան կատարեցին Տէրոջը օրէնքին համեմատ, նորէն Գալիլիա դարձան, իրենց Նազարէթ քաղաքը։ 40 Մանուկը կը մեծնար ու հոգիով կը զօրանար իմաստութիւնով լեցուած ու Աստուծոյ շնորհքը անոր վրայ էր։
ՅԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԸ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ
41 Անոր ծնողքը ամէն տարի զատկի տօնին Երուսաղէմ կ՚երթային։ 42 Ու երբ անիկա տասներկու տարեկան եղաւ, տօնին սովորութեանը պէս անոնք Երուսաղէմ գացին։ 43 Երբ օրերը լմնցուցին ու նորէն ետ դարձան, Յիսուս մանուկը Երուսաղէմ մնաց։ Բայց Յովսէփ ու անոր մայրը չէին գիտեր, 44 Հապա կարծելով թէ անիկա ճամբորդներուն հետ է, մէկ օրուան ճամբայ գացին, յետոյ սկսան փնտռել զանիկա իրենց ազգականներուն եւ ճանչուորներուն մէջ։ 45 Երբ չգտան, նորէն Երուսաղէմ դարձան զանիկա փնտռելու։ 46 Երեք օրէն ետքը տաճարին մէջ գտան զանիկա, որ վարդապետներուն հետ նստեր էր, անոնց մտիկ կ՚ընէր ու անոնց բան կը հարցնէր։ 47 Անոր ականջ դնողները կը զարմանային անոր իմաստութեանը ու պատասխաններուն վրայ։ 48 Երբ տեսան զանիկա, ապշած մնացին։ Մայրը ըսաւ անոր. «Ո՛րդեակ, ինչո՞ւ համար մեզի այդպէս ըրիր. ահա քու հայրդ ու ես խիստ վշտացած քեզ կը փնտռէինք»։ 49 Յիսուս ըսաւ անոնց. «Զիս ինչո՞ւ կը փնտռէիք. չէի՞ք գիտեր թէ ինծի պէտք է որ իմ Հօրս տունը ըլլամ»։
50 Անոնք չհասկցան այն խօսքը որ իրենց ըսուեցաւ։ 51 Եւ իջաւ անոնց հետ ու գնաց Նազարէթ եւ անոնց հնազանդ էր. բայց անոր մայրը այս բոլոր խօսքերը իր սրտին մէջ կը պահէր։
52 Յիսուս կը զարգանար իմաստութիւնով ու հասակով եւ Աստուծմէ ու մարդոցմէ շնորհք գտնելով։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Շարունակենք մեր սերտողությունը և ավարտենք երկրորդ գլուխը: Երեկ մենք տեղեկացանք, որ կատարվեց տաճարի արարողությունը և հանդիպումը Սիմեոն Ծերունուն հետ, տեղեկացանք նաև Սիմեոն ծերունու մարգարեություններին՝ արված Իսրայելի և Հիսուս Քրիստոսի ծնվելու նպատակի մասին: Ուշագրավ էր նաև մարգարեությունը, որն արեց Մարիամի համար՝ կանխանշելով նրա Որդու մահը: Ղուկաս ավետարանիչը մեր ուշադրությունը միշտ պահում է այն իրողության վրա, որ ծնվողները պատահական մարդիկ չեն և նրանցից Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ հեթանոսները պիտի տեսնեն լույսը և Իսրայելի անունը պիտի բարձրանա ազգերի մեջ՝ քանի որ նրանք հեռացել էին Աստծուց: Հետագայում մենք տեսանք, որ Քրիստոնեությունը դարձավ համաշխարհային կրոն և փրկությունը դարձավ բոլո՛րին հասանելի, այլ՝ ոչ միայն Իսրայելի ժողովրդին;
Ավետարանը Սիմեոն Ծերունու հետ միասին հիշատակում է նաև մի այլ մարգարեուհու՝ Աննա անունով՝ որը Փանուելի դուստրն էր: Այս մարգարեուհին 84 տարեկան այրի կին էր, որը յոթ տարի էր ապրել ամուսնական կյանքով, այնուհետև կյանքը նվիրել էր տաճարին, և աղոթքով ու ծոմապահությամբ չէր հեռանում տաճարից: Ծառայում էր Աստծուն, և արժանացավ Աստծու ուշադրությանը և նրա անունը գրվեց ավետարաններում, քանի որ փառավորում էր Տիրոջ անունը և այդ տարիքում չէր հեռանում տաճարից: Երբ Հովսեփն ու Մարիամը դեռ տաճարում էին, Աննա մարգարեուհին նույնպես խոսում էր մանկան մասին նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում;
Տաճարում ամեն ինչ կատարվեց Տիրոջ օրենքի համաձայն, և նրանք վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարեթ: Բարեպաշտ ծնողների աչքի առջև Հիսուս մանուկը աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ: Այսպիսի նկարագրություն կան նաև Հովհաննես Մկրտչի մանկության նկարագրության մեջ, միայն տարբերությամբ, որ Հովհաննեսը սիրում էր լինել ամայի տեղերում, մինչև հասներ ժամանակը և հայտնվեր ժողովրդի մեջ: Ցանկացած մանուկ աճում և զարգանում է ծնողների աչքի առջև, և շատ ժամանակ ծնողները ուշադրություն չեն դարձնում նրա արտաբերած ամեն խոսքի վրա, Երեխան մաքուր սիրտ ունի և երբեք չի բացառվում, որ Աստված այդ մաքուր սրտի միջոցով ծնողներին որևէ մի միտք փոխանցի: Սակայն մեր երիտասարդ ծնողները այդքան խորագետ չեն, որ ուշադիր լինեն, և կրթեն երեխային այդ փոքր տարիքից:
Այդպիսի մի մանուկ էր Հիսուս Քրիստո, որը մեծանում էր այն ծնողների աչքի առջև, որոնք գիտեին Նրա ապագայի մասին որոշ տեղեկություններ՝ իր ծնված օրից: Հովիվների այցը, մոգերի երկրպագությունը, Սիմեոն Ծերունու խոսքերը՝ ասված Մարիամին ու Հովսեփին և այլն: Հավանաբար մանուկ Հիսուսի ամեն քայլը ուշադրության էր արժանանում, և Նրա մայր՝ Մարիամը դրանք պահում էր իր սրտում:
Ժամանակ անցավ, և մոտեցավ Զատկական տոնը, և ըստ հրեական սովորության ամեն տարի Հովսեփն ու Մարիամը գնում էին Երուսաղեմ՝ մասնակցելու այդ տոնին: Արդեն գիտեք, որ դա Իսրայելի մեծագույն տոնն է, քանի որ հիշեցնում է իրենց գերությունից ազատվելու ուրախությունը: Հիսուս արդեն տասներկու տարեկան էր, և ծնողների հետ միասին գնացին Երուսաղեմ՝ մասնակցելու զատկական տոնին: Հրեա ընտանիքներում տասներկու տարեկան տղան համարվում է վստահելի տարիք և շատ մեծ շուքով տոնում են նրա հասունությունը, երբեմն ողջ քաղաքով պտտելով նրան; Այդ տարիքում հրեա ընտանիքում տղա երեխան պետք է Մովսեսի օրենքները իմանա, քանի որ կոչվում է ,,Պատվիրանի զավակ,,: Մենք վստահ ենք որ նույն դաստիարակությամբ էլ մեծանում էր Հիսուս Քրիստոս, քանի որ գիտենք, որ մայրը՝ փոքր տարիքից տաճարում է մեծացել, Հայրն էլ արդար բարեպաշտ մարդ էր: Ծնողները Հիսուսի համար դրական օրինակ էին: Իսկ Մարիամն ու Հովսեփը գիտեին, որ Աստված իրե՛նց է ընտրել՝ փրկության ծրագրի կատարման համար:
Երբ տոնական օրերը լրացան, և նրանք վերադարձան, ժողովրդի բազմության մեջ չնկատեցին, որ Հիսուս մնացել է տաճարում; Կարծեցին, թե իրենց բարեկամների կամ ժողովրդի հետ քայլում է: Բավական ճանապարհ անցան և փնտրեցին Հիսուսին ու չգտան: Նազարեթը Երուսաղեմից հեռու է մոտ հիսուն կիլոմետրի չափ: Հովսեփի և Մարիամի սրտնեղության և տագնապի մասին արդեն կարելի է պատկերացնել, երբ ամեն տեղ փնտրում են և չեն գտնում: Ստիպված եղան վերադառնալ Երուսաղեմ, և երեք օր հետո նրան գտան տաճարում՝ վարդապետների հետ նստած՝ ինչպես մե՛ծ մեկը և նրանց հարցեր էր տալիս: Բոլոր ներկաները, ովքեր լսում էին նրա տված հարցերն ու նրա պատասխանները զարմանում էին Նրա իմաստության վրա: Քիչ առաջ նշեցինք, որ հրեաների սովորությունն էր տղաներին սովորեցնել Սուրբ գրքերը, այսինքն այդ երևույթը նորություն չէր, սակայն ինչո՞ւ էին զարմանում Հիսուսի պատասխաններից: Որովհետև այստեղ արդեն ի հայտ էր եկել աստվածային իմաստությունն ու շնորհը, որը նման չէր իրենց երեխաների կրթությանը, դրա համար էին զարմանում: Սովորաբար տաճար բերած տասներկու տարեկան տղաներին վարդապետներն էին հարցեր տալիս, ստուգելու համար կարողանո՞ւմ են կարդալ, կամ գիտե՞ն պատվիրանները, իսկ այս պարագայում Հիսուսն էր տալիս հարցերը և իր հարցերով ու պատասխաններով զարմացնում ներկաներին: Որտեղի՞ց պետք է իմանային ներկաները, որ իրենց առջև նստած է հենց այն Խոսքը, որ մարմին է առել և այժմ զարմացնում է իրենց: Նրանք դեմ հանդիման նստած են սուրբգրային մարգարեությունների հեղինակի դիմաց և հիանում են:
Այստեղ միջանկյալ մի բան հիշենք, որ Ղուկասի ավետարանը սկսել ենք և մինչ այս գլուխը որևէ լարվածություն չկա Տաճարի հետ կապված հարցերում, քանի որ ինչպես նկատեցիք Բարեպաշտ էր Սիմեոն ծերունին, այնտեղ էր Աննա մարգարեուհին, այստեղ վարդապետներն են հիացած Հիսուսի հարց ու պատասխանով: Որովհետև դեռ չկան նրանք, որոնք պիտի հետապնդեն ու ծուղակ պատրաստեն Հիսուսի համար: Այս ժամանակահատվածում հավանաբար տաճարը գտնվում էր աստվածավախ և հոգևոր առաջնորդների տրամադրության և հսկողության ներքո:
Մինչ վարդապետները ուրախանում էին երեխայի իմաստությամբ, հասան ծնողները, և ուրախությունից, որ գտել են իրենց զավակին, Մարիամն ասաց,- Որդի՛ այս ին՞չ արեցիր դու մեզ, ահավասիկ հա՛յրդ ու ես տագնապած քեզ ենք փնտրում: Իսկ Հիսուսի տված պատասխանը, թե՝ - Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, մի՞թե չգիտեիք, որ Հորս տանը պետք է լինեմ, արդեն Մարիամին մտորելու տեղիք տվեց իր հասուն ձևակերպման պատճառով, քանի որ չհասկացան ասված խոսքերի իմաստը: Երբ Մարիամն ասաց, որ հայրդ ու ես քե՛զ ենք փնտրում, Հիսուս ակնարկեց, որ Հովսեփը չէ իմ հայրը, և ես այս պահին իմ Հոր տանն եմ, որ Տաճարն էր; Չնայած, Ավետարանն ասում է, որ Հիսուս հնազանդ էր ծնողներին և Հովսեփից սովորեց հյուսնի արհեստը, և շատ հաճախ նաև կարդում ենք, որ ժողովուրդը երբ զարմանում էր Նրա խոսքերի վրա, միմյանց ասում էին,- Սա հյուսնի որդին չէ՞, Սա Մարիամի որդին չէ՞: Հիսուս միացավ իր ծնողներին և նրանց հետ իջավ Նազարեթ: Սա առաջին պատասխանն էր, որ Մարիամին հիշեցնել տվեց մնացած բոլոր մարգարեությունները Նրա մասին, որոնք կարծես արդեն սկսվեցին կատարվել: Մարիամը միակն էր աշխարհում, որ Աստծուց մենաշնորհ ստացավ Աստծու մայր կոչվելու: Սակայն Մարիամը դարձյալ միակն էր աշխարհում՝ որդեկորույս մայրերի մեջ, որի որդին աշխարհի փրկության համար խաչվեց: Մարիամը թանկ գին վճարեց Փրկչին աշխարհ բերելու պահից սկսած, քանի որ ամեն հետապնդում իր որդու նկատմամբ, իրեն խաչ էր հիշեցնում; Ամեն անգամ երբ Հիսուս տնից դուրս էր գալիս, Մարիամը մտահոգվում էր Նրա վերադարձի համար, որովհետև հիշում էր բոլոր մարդկանց խոսքերը, որ ասվել էր իրեն, իսկ ինը խնամքով պահում էր դրանք իր սրտում; Ինչի՞ համար էր պահում Մարիամ Աստվածածինը այս բոլոր մարգարեությունները իր Որդու մասին: Պահում էր ավետարանիչների համար, որպեսզի պատմի նրանց ամեն ինչ սկզբից, ինչպես որ եղել է; Հովհաննեսին պատմել է Կանայի հարսանիքի հրաշքի մասին, որ առաջինն հրաշքն էր, որ գործեց Տէր Հիսուս Քրիստոս հարսանիքի ժամանակ; Մատթևոսին պատմել է մոգերի այցելության և նրանց բերած նվերների ու իմաստների մասին, Ղուկասին պատմել է Տաճարի ճանապարհին և տաճարում տեղի ունեցած դեպքերի մասին: Աստվածածինը մեծ մխիթարություն էր աշակերտների համար, Քրիստոսի համբարձումից հետո, մինչև Հոգեգալուստ, և հատկապես դրանից հետո:
Ավետարանը նորից հիշեցնում է, որ Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև: Սա կատարյալ մարդու նկարագիր է, որը իր իմաստությամբ և՛ Աստծու առջև է շնորհ գտնում, և՛ մարդկանց: Սովորաբար մենք տեսնում ենք որ երեխաները զարգանում են տարբեր ունակություններով, սակայն Հիսուս զարգանում է ֆիզիկապես, մտավոր, հոգևոր և նաև ընկերային միջավայրում: Հիսուս Տաճարը համարեց իր Հոր տունը և այնքա՛ն վստահ, որ նույնիսկ զարմացավ, թե ինչո՞ւ ծնողները չգիտեին այդ մասին: Տաճարի նախանձախնդրությունը ձևավորվեց Նրա մեջ և այդ նախանձախնդրության պատճառով էր, որ մեծ խնդիրներ ունեցավ հետագայում տաճարի սպասավորների հետ; Ծնողներից առանձնանալու և Տաճարում պատահած այս խոսակցության մասին մեզ տեղեկացնում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի գլխավոր նպատակն է ծանուցել Հիսուսի աշխարհ գալու նպատակը: Երբ Սիմեոն ծերունու աչքերը տեսան Մանուկ Հիսուսին, նա այլևս ոչ մի հարց չուներ Նրա հետ կապված, որովհետև ամեն ինչ պարզ էր նրան: Իսկ Մարիամը պետք է շարունակեր ապրել մի միջավայրում, որտեղ իր Որդին չի ընդունվելու շատերի կողմից՝ նենգությամբ;
Հիսուս Քրիստոս ո՛չ մի անգամ իր փառքը չփնտրեց, որովհետև ասում էր, ինչ որ ասում ասում եմ իմը չէ, այլ Իմ Երկնավոր հորից եմ լսում և ձեզ ասում; Նա եկել էր Իսրայելի ժողովրդի փառքը բարձրացնելու, որ հեռացել էր Աստծուց: Նա Լույս էր, բայց եկել էր խավար սրտերն ու աչքերը լուսավորելու համար:
Սիրելիներ, Աստված երբեք չփնտրեց զորավոր մարդկանց՝ Իր ծրագրի իրականացման համար:
Երբեք չգործեց զորավոր մարդկանց միջոցով, որպեսզի դա նրանց առավելություն համարվի և նրանք հայտնվեն հպարտության մեղքի մեջ: Այլ գործեց տկար, անուս, ոչ երևելի մարդկանց միջոցով, որպեսզի նրանք Աստծու փառքը բարձրացնեն; Իր համբարձումից հետո Առաքյալների գործերի մեջ կարդում ենք Պետրոսի խանդավառված քարոզներից, որ Քրիստոսի անունով էր, որքան մարդիկ են դարձի գալիս: Հոգեգալստյան օրը Պետրոսի քարոզից երեք հազար մարդ է դարձի գալիս; Պատմում են առաքյալները, որ նույնիսկ ա՛յն հեթանոսները, որոնք լսում էին Պետրոսին, նրանք էլ են լցվում Սուրբ Հոգով:
Տէր Հիսուս Իր վարքով սովորեցրեց աշակերտներին՝ հարգել բոլորին հավասարապես: Լսել դժգոհ մարդկանց, օգնել կարիքավորին, բուժել հիվանդին, լսել բոլոր կարծիքները, մի խոսքով ապացուցել, որ դուք ղեկավար չեք, այլ՝ ծառա: Սա է բացակայում այսօր մարդկանց մեջ, լինի ղեկավար, թե՞ պարզ մարդ: Այսօր մարդն այն չէ, ի՛նչ իրեն ներկայացնում է հանրությանը: Այս երևույթը միակն էր որ հարուցեց Քրիստոսի բարկությունը, երբ տեսնում էր այդ կեղծավորությունը փարիսեցիների մոտ: Իսկ մենք բոլորս Աստծու ամենատես աչքի առջև ենք մեր կյանքով ու գործերով:
Երբ մենք որևէ պատժի ենք արժանանում, պետք չէ կարծել որ Աստված երես է թեքել մեզնից: Երբե՛ք: Աստված սիրում է նաև պատժելու պահին: Սիրելն ու պատժելը երբեք հակասական չեն; Աստված սիրում էր նույնիսկ փարավոնին, սակայն չդադարեց նրան պատիժներով խրատել: Փառք Աստծուն՝ Իր մեծ ողորմության համար, Իր համբերության համար, Իր ներողամտության համար: Սիրելիներ ավարտենք նաև Երկրորդ գլխի սերտողությունը, և վերցնենք այն ինչի կարիքը ունենք սովորելու: Անկարելի է Ավետարանից որևէ բան չսովորել: Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք ցանկացած իրավիճակում;