ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 2:21-35
21 Երբ ութ օրերը լման եղան մանուկը տարին թլփատելու։ Անոր անունը Յիսուս դրուեցաւ, որ հրեշտակէն կոչուած էր՝ դեռ ինք մօրը որովայնին մէջ չյղացած։
ՅԻՍՈՒՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ
22 Մովսէսին օրէնքին համեմատ երբ անոնց մաքրութեան օրերը լմնցան, Երուսաղէմ տարին զանիկա Տէրոջը առջեւ հանելու, 23 (Ինչպէս գրուած է Տէրոջը օրէնքին մէջ, թէ՝ ‘Ամէն արու որ արգանդ կը բանայ՝ Տէրոջը սուրբ ըսուի’), 24 Տէրոջը օրէնքին մէջ ըսուածին պէս ընծայ տալու՝ զոյգ մը տատրակ կամ աղաւնիի երկու ձագ։ 25 Այն ատեն Երուսաղէմի մէջ մարդ մը կար, որուն անունը Սիմէոն էր. անիկա արդար ու աստուածավախ էր։ Իսրայէլի մխիթարութեանը կը սպասէր ու Սուրբ Հոգին անոր վրայ էր։ 26 Անոր յայտնուած էր Սուրբ Հոգիէն թէ մահ պիտի չտեսնէ, մինչեւ Տէրոջը Օծեալը տեսնէ։ 27 Ան ալ Հոգիով տաճարը եկաւ։ Ու երբ ծնողքը բերին Յիսուս մանուկը, որպէս զի օրէնքին սովորութեանը պէս անոր համար ընեն, 28 Ինքն ալ զանիկա իր գիրկն առաւ եւ օրհնեց Աստուած ու ըսաւ. 29 «Ալ հիմա, ո՛վ Տէր, արձակէ քու ծառադ խաղաղութիւնով քու խօսքիդ համեմատ. 30 Վասն զի իմ աչքերս տեսան քու փրկութիւնդ 31 Որ բոլոր ժողովուրդներուն առջեւ պատրաստեցիր, 32 Լոյս մը հեթանոսները լուսաւորելու եւ փառք քու Իսրայէլ ժողովուրդիդ»։ 33 Յովսէփ ու անոր մայրը զարմացած էին այն բաներուն վրայ՝ որոնք անոր համար կը խօսուէին։ 34 Սիմէոն օրհնեց զանոնք եւ անոր մօրը Մարիամին ըսաւ. «Ահա այս մանուկը Իսրայէլի մէջ շատ մարդոց իյնալուն ու ելլելուն համար ու հակառակութեան նշան մը ըլլալու համար կեցած է. 35 (Եւ քու սրտէդ ալ թուր մը պիտի անցնի.) որպէս զի այսպէս շատ սրտերէ խորհուրդներ յայտնուին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. վստահ եմ, որ Մարկոս ավետարանչից հետո արդեն հարմարվեցիք Ղուկաս ավետարանչի ոճին և աստիճանաբար կզգաք տարբերությունը նրանց միջև: Ղուկասի ավետարանը սկսել ենք Տիրոջ հրեշտակի բարի ավետիսներով և ծննդյան բարի լուրերով: Նոր դարաշրջանի ստեղծման սկիզբն է նկարագրում Ղուկաս ավետարանիչը՝ Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրերով: Լույս աշխարհ եկան Ճշմարի՛տ Ճանապարհը՝ Հիսուս Քրիստոս և այդ ճանապարհը պատրաստող մարգարեն՝ Հովհաննես Մկրտիչը: Նախորդ սերտողության մեջ տեղեկացանք Հովհաննեսի թլպատությանն ու անվանակոչությանը, իսկ այսօր ծանոթանանք, թե ինչպե՞ս թլպատվեց և անվանակոչվեց Հիսուս Քրիստոս:
Երբ լրացան ութ օրերը մանկանը թլպատեցին և անունը դրեցին Հիսուս, այնպես, ինչպե՛ս որ Տիրոջ հրեշտակը պատվիրել էր Մարիամին դեռ չհղիացած օրերին: Իսկ երբ Մովսեսի հաստատած օրենքի համաձայն նրանց ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանկանը տարան Երուսաղեմ՝ Տիրոջն ընծայելու, ինչպես որ պահանջում էր հրեական օրենքը, որ ամեն ծնված արու զավակ սուրբ է համարվում Տիրոջ առջև և նրա համար ընծա պետք է բերել մի զույգ տատրակ, կամ աղավնու երկու ձագ: Այստեղ նշված են զոհաբերության համար արվող ընծաներից փոքրագույնը՝ որը հաստատված էր չունևոր ընտանիքների համար, օրինակ մի զույգ տատրակը, կամ աղավնու երկու ձագը հասանելի էր բոլորին և հատկապես կարիքավոր ընտանիքներին; իսկ թե ինչքանո՞վ էին Մարիամն ու Հովսեփը կարիքավոր, մեզ հայտնի չէ, և նույնիսկ կարևոր էլ չէ:
Մենք գիտենք որ Մարիամի ծնողները կարիքավոր չեն եղել:
Երբ Հովսեփն ու Մարիամը մանկան հետ տաճար մտան, այդ ժամանակ Սուրբ Հոգու մղումով տաճար եկավ նաև աստվածավախ մի ծերունի՝ Սիմեոն անունով, որը նույնպես Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ հոգին նրա մեջ էր: Սիրելիներ, տեսեք, թե Ղուկաս ավետարանիչը ի՛նչ նրբությունների վրա է ուշադրություն դարձնում, որը շատ հնարավոր է, որ առաջին անգամ կարդալիս գուցե նույնիսկ չնկատենք: Ինչո՞ւ էր Սիմեոն ծերունին ակնկալում Իսրայելի մխիթարությունը: Ի՞նչ էր եղել Իսրայելին: Ծերունու խոսքերից հասկանալի է, որ Իսրայելի ժողովուրդը արդեն չէր ապրում աստվածավախության կյանքով և գնալով հեթանոսական կուռքերի պաշտամունքը գլուխ էր բարձրացնում: Հրեական հին աղբյուրները փաստում են, որ առաջին դարում Իսրայելում փարիսեցիների հոգևոր ուսուցիչների թիվը կազմում էր ընդամենը 5000 մարդ, իսկ սա նշանակում է, որ այս թիվը չափազանց քիչ էր տվյալ ժամանակաշրջանի մարդկանց հոգևոր կրթությունն ու կյանքը հավուր պատշաճի կարգավորելու համար: Այնպես, ինչպես մեր օրերում հոգևորականների պակասի պատճառով մեր հասարակության հոգևոր մակարդակը չափազանց ցածր է: Գուշակների թիվը ավելի բարձր է, քան հոգևորականների թիվը: Այնպես որ այսօր մեր Սիմեոն ծերունին նաև պետք է ակնկալի Հայաստանի մխիթարությունը:
Նույն վիճակում ենք նաև մենք:
Ավետարանն ասում է, որ Սիմեոնը աստվածավախ էր և Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չճաշակել, մինչև որ տեսներ Տիրոջ օծյալին: Բնականաբար Սիմեոնից առաջ շատ բարեպաշտներ, որոնք սուրբ գրքերը և մարգարեությունները գիտեին, մահացել էին, ակնկալելով Իսրայելի մխիթարությունը և Տիրոջ Օծյալի գալուստը: Սիմեոնը, որ քաջատեղյակ էր մարգարեություններին, արժանացել էր Աստծու բարեհաճությանը և երկար ապրելու շնորհ էր ստացել, մինչև տեսնի Տիրոջ Օծյալին, որի մասին գրված է մարգարեությունների գրքերում: Ղուկաս ավետարանիչը օգնեց մեզ, որպեսզի մենք էլ ականատեսը լինենք Սուրբ Հոգու գործունեության միջոցով տեղի ունեցած հանդիպումը Տաճարում:
Աշխարհի Փրկիչը Սիմեոն Ծերունու գրկում է: Ի՞նչ պետք է խոսեր աստվածավախ ծերունին Նրա հետ, ո՛վ իրենից առաջ էր, ո՛վ իրենից մեծ էր, և իր մահն էր պարգևելու իրեն՝ Իր ծնվելով, իսկ Ծերունին Բարի լուրն էր տանելու մյուս ննջեցյալների հոգիներին, որոնք սպասելով մեռան: Անշուշտ պիտի մարգարեություններ աներ մանկանը գրկելով: Մի պահ թողնենք մանուկ Հիսուսին Սիմեոն Ծերունու գրկում և վերհիշենք Զաքարիա քահանայի մարգարեությունը իր՝ Հովհաննես զավակին գրկելիս, երբ ասաց,- Օրհնեա՛լ է Իսրայելի Տէր Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց ժողովրդին, փրկություն՝ մեր թշնամիներից: Իսկ դո՛ւ ո՛վ մանուկ, կլինես այդ Փրկչի մարգարեն: Հիմա հասկանալի է, թե որքան աստվածավախ մարդ էր սպասում Փրկչի գալստյանը, որովհետև թշնամի համարվող հեթանոսները բազմանում էին օրեցօր: Նույն մարգարեությունները արեց նաև՝ Մարիամը՝ Եղիսաբեթի հետ հանդիպման ժամանակ, որի մանկությունը անցել էր Տաճարում, և նրա ականջները լիքն էին մարգարեություններով, բացի դրանից բարեպաշտ ծնողների զավակ էր: Սիմեոն Ծերունին իր գիրկն առավ մանկանը և խոսեց Նրա հետ ինչպես որ իշխանություն ունեցող մեկի հետ կարող էր խոսել, և ասաց,- Այժմ, ո՛վ Տէր, խաղաղությամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի, որովհետև աչքերս տեսան քո փրկությունը: Սիրելիներ, խնդրում եմ ուշադի՛ր լսեք Սիմեոն Ծերունու այս խոսքերը, քանի որ երեք գեղեցիկ մարգարեություն է անում այստեղ՝ մանկանը գրկած ժամանակ: Նաև ասում է,- Փրկություն, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ: Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար: Սիմեոն Ծերունին երեք կարևոր մարգարեություն է անում մանկան հետ խոսելիս, Հովսեփի և Մարիամի ներկայությամբ;
Առաջին մարգարեությունն այն է, որ ասում է,- իմ աչքերը տեսան Քո՛ փրկությունը: Երկրորդը՝, որ ասում է,- այդ փրկությունը բոլոր ժողովուրդների համար է, որ լույս է նաև հեթանոսների համար: Իսկ երրորդը՝ որ այդ փրկությունը Իսրայելի ժողովրդի համար փառք կլինի: Մի պահ վերադառնանք տաճարում իրենց հանդիպմանը, որ ծերունին միանգամից գիրկն առավ մանկանը: Զառամյալ ծերունին որևէ մեկից վկայության կարիք չուներ Օծյալի մասին, նրան բավական էր մարգարեությունները և իր երկարակեցությունը Օծյալին տեսնելու համար: Նա վստահությամբ դիմեց Մանկանը և խնդրեց իր մահը՝ խաղաղությամբ՝ Օծյալ Փրկչից: Այլևս ապրելն անիմաստ համարեց՝ Իսրայելի մխիթարություն տեսնելով, չէ՞ որ սկզբից կարդացինք, որ ծերունին ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը: Սիմեոն Ծերունին մա՛հ խնդրեց, որպեսզի փրկության բարի ավետիսը տանի նաև իրենից առաջ ննջածներին:
Այս բոլոր խոսքերը լսում էին Հովսեփն ու Մարիամը՝ զարմացած, թե ի՞նչ կարող էին նշանակել դրանք, երբ ծեր մեկը նորածնին ասում է ինձ արձակի՛ր: Սիմեոն Ծերունին չբավարարվեց միայն մանկանը գրկելով, այլ օրհնեց նրանց և Մարիամին ասաց,- Ահա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելում շատերի անկման և բարձրացման և նշան՝ հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սո՛ւր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնա: Սա ևս մեկ հզոր մարգարեություն էր արված Մարիամի հետագա կյանքի համար: Քանի որ մենք հետագայում տեսանք, որ Մարիամը ականատես եղավ իր որդու խաչելությանն ու մահվանը:
Սուրը անցավ Մարիամի հոգու միջով, երբ նա խաչի վրա տեսավ իր որդուն՝ անարգված, ծեծված և տառապած: Նաև բազում սրտերի խորհուրդներն էլ հայտնի դարձան Նրան: Որովհետև Մարիամ Աստվածածինը դարձավ համայն մարդկության համար բարեխոս մայր՝ Իր Հարուցյալ Որդու առջև, և Նրա անձը փառավորեց Տիրոջը բոլոր ժողովուրդների մեջ: Իր սրտում եղած մյուս խորհուրդներին ավելացավ նաև Սիմեոն ծերունու ասածները, և այդ դեռատի սիրտը իր մեջ պարունակում է աշխարհի գաղտնիքներն այնպես, ինչպես որ իր որովայնում կրեց աշխարհի Լույսը, աշխարհի Փրկությունը, որ իր որդին էր:
Ինչպես որ Ծերունու առաջին մարգարեության մեջ տեսանք, որ Քրիստոս լույս եղավ հեթանոսների մեջ և առանց խտրության բուժեց դիվահար հեթանոսին, բուժեց քանանացի կնոջ աղջկան, որին շուն էր անվանել՝ հեթանոս լինելու պատճառով, բուժեց նաև Հայրոսի աղջկան:
Իսկ Քրիստոսի բերած փրկությունը ընկալելի չեղավ շատերի համար, դրա համար ասում է, պատճառ դարձավ շատերի անկման և հակառակության: Իսկ ովքեր հավատացին, նրանք գտան փրկությունը և նրանց համար եղավ ո՛չ թե անկման, այլ՝ բարձրացման պատճառ: Սրանց լավագույն օրինակը երկու անգամ հացի բազմացման հրաշքին մասնակցած բազմության քանակն էր, որոնք հավատացին Քրիստոսին:
Եղան մարդիկ, որոնց համար Քրիստոսի վարդապետությունը եղավ նշան հակառակության: Մենք շատ հանդիպեցինք Ավետարաններում, որ սադուկեցիները հակառակվում էին մեռելների հարության հարցում, օրենքի ուսուցիչները հակառակվում էին Մովսեսի օրենքի հարցերի շուրջ: Իսկ գլխավոր քահանայապետները մինչև վերջ հակառակվեցին Նրան և չընդունեցին: Այս վերջինները չկամեցան, որ իրենց ձեռքով կատարվի մարգարեությունը Սիմեոն Ծերունու, որ ասաց,- Քո փրկությունը Իսրայելի փառքն է:
Սիրելիներ, Ավետարանիչները հնարավորինս հանգամանալից տեղեկություններ տվել են մեզ՝ ծանոթանալու համար մեր կյանքի գիրք համարվող Ավետարանի հետ, սակայն մենք կարող ենք օգտվել նաև եկեղեցու ավանդություններից, որոնք կարող են լրացնել մեր գիտելիքի պակասը: Իսրայելացիների մեծամասնությունը չկամեցան Իսրայելի փառքը տեսնել Քրիստոսի բերած փրկության մեջ: Գիտե՞ք ինչու.
Որովհետև Աստծու ներկայությունը նրանց մեջ, չփոխեց շատերի կյանքը: Ինչպես ապրում էին հպարտ՝ իրենց օրենքի գիտությամբ, այնպես էլ շարունակեցին ապրել՝ կառչած օրենքի տառին: Իսկ առաքյալն ասում է օրենքը միայն ցույց է տալիս մեղքը և չի կարող մարդուն փրկել, եթե մարդը չզղջա իր կատարած մեղքի համար: Այսինքն՝ Ի՛նչ փոփոխություն, որ տեղի է ունենում ազգի, կամ անհատի կյանքում՝ Աստծու խոսքի ազդեցությունից, այնպիսին էլ այդ ազգի, կամ անհատի փառքն է լինում: Յուրաքանչյուր ազգ կարող է ստուգել դա իր աստվածպաշտությամբ: Մենք գիտենք, թե ինչքան շատ էին Քրիստոսին հետապնդողները՝ հակառակվելու համար, սակայն Տէր Հիսուս իր Ծնունդից սկսյալ ո՛չ մի օրենք զանց չի առել, քանի որ ասաց,- Չեկա օրենքը ջնջելու, այլ՝ լրացնելու: Դրա համար ութ օրականում թլպատվեց, քառասուն օրականում տաճարին ընծայվեց, 12 տարեկանում տաճար տարվեց ստուգվելու համար, թե տեղյա՞կ է արդյոք Մովսեսի օրենքից: Երեսուն տարեկանում մկրտվեց: Մի խոսքով պահեց օրենքը, բայց ոչ՝ ծայրահեղաբար, ինչպես փարիսեցիները: Հրեա հակառակվող ռաբբիներից մեկը նույնիսկ գիրք է գրել այդ մասին, որ բծախնդրորեն հետազոտել է չորս Ավետարանները և ո՛չ մի հակասություն չի գտել օրենքի խախտման առումով:
Սիրելիներ, գուցե ձեր մտքում հարց առաջանա, թե ինչո՞ւ արդյոք Սիմեոն Ծերունին հրաման էր ստացել մահ չտեսնելու, մինչև չտեսներ Տիրոջ Օծյալին: Եկեղեցու ավանդությունը պատմում էր, որ Սիմեոնը այն 72 թարգմանիչներից մեկն էր, որոնք Փարավոնի հրամանով պետք է մարգարեությունները թարգմանեին եբրայերենից- հունարեն :Քանի որ փարավոնը կասկածամիտ մարդ էր, հրաման էր տվել որ 72 աշակերտները առանձին վայրերում կատարեն իրենց թարգմանությունները, հետագայում համեմատելու համար: Սիմեոն Ծերունուն բաժին էր ընկել Եսայի մարգարեության թարգմանությունը: Երբ հասնում է այն տողը, որտեղ գրված է,- Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի...Սիմեոնին մտածելու տեղիք է տալիս, և քանի որ ճանաչում է հրեաների խստասրտությունը, կամենում է փոխել կույս բառը՝ կին բառով, գայթակղությունից զերծ մնալու համար: Հայտնվում է Տիրոջ հրեշտակը այդ պահին և հրամայում, որ նա մահ չի տեսնի, մինչև որ իր աչքը տեսնի Տիրոջ Օծյալին, հետո մահանա: Անցնում են տասնամյակներ, հազարավոր մանուկներ են բերում նրա մոտ՝ թլպատության, սակայն չէր տեսնում իր փնտրած Օծյալին: Իր տարեկիցները բոլոր մեռել են, միայն ինքն էր ողջ մնացել սերունդների մեջ, մինչև որ կայացավ սպասված հանդիպումը, ինչ մասին խոսեցինք վերևում:
Երանելի ենք մենք, որ ամեն օր քայլում ենք ավետարանիչների հետ, տեղեկանում ենք մեր Տիրոջ կյանքի մանրամասներին, և վերցնում ենք նեկտարը՝ Տիրոջ պարտեզի բուրումնավետ ծաղիկներից:
Այստեղ ավարտենք մեր սերտողությունը, վաղը շարունակելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր գործերը փաստեն մեր հավատքի և մեր գիտելիքի առկայությունը: