ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 10:23- 34
23 Յիսուս իր շուրջը նայելով՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել անոնց, որ հարստութիւն ունին»։ 24 Աշակերտները զարմացան անոր խօսքերուն վրայ. բայց Յիսուս նորէն շարունակեց ու անոնց ըսաւ. «Որդեա՛կներ, ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել իրենց հարստութեան յուսացողներուն։ 25 Դիւրին է որ ուղտը ասեղին ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստուծոյ թագաւորութիւնը մտնէ»։ 26 Անոնք խիստ շատ զարմացան ու ըսին իրարու. «Ալ ո՞վ կրնայ փրկուիլ»։ 27 Յիսուս անոնց նայելով՝ ըսաւ. «Ատիկա մարդոց կողմէ անկարելի է, բայց ո՛չ Աստուծոյ կողմէ. քանզի Աստուծոյ կողմէն ամէն բան կարելի է»։ 28 Պետրոս ըսաւ անոր. «Ահա մենք ամէն բան թողուցինք եւ քու ետեւէդ եկանք»։ 29 Յիսուս պատասխան տալով՝ ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Մէկը չկայ որ թողուց տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ արտեր՝ ինծի ու աւետարանին համար, 30 Որ պիտի չառնէ հարիւրապատիկ հիմա՝ այս ատենս տուներ ու եղբայրներ եւ քոյրեր ու մայրեր եւ որդիներ ու արտեր հալածանքներու հետ եւ գալու աշխարհին մէջ՝ յաւիտենական կեանքը’։ 31 Բայց շատ առաջիններ պիտի ըլլան ետին ու յետիններ՝ առաջին»։
ՅԻՍՈՒՍ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
32 Երբ անոնք դէպի Երուսաղէմ կ՚ելլէին ու ճամբուն մէջ էին, Յիսուս անոնցմէ առաջ կ՚երթար։ Անոնք կը զարմանային ու ետեւէն երթալով՝ կը վախնային։ Նորէն քովը առնելով տասներկուքը, սկսաւ թուել անոնց՝ ինչ բաներ որ իրեն պիտի պատահէին. 33 Ու ըսաւ. «Ահա Երուսաղէմէն կ՚ելլենք եւ Որդին մարդոյ պիտի մատնուի քահանայապետներուն ու դպիրներուն եւ զանիկա մահուան պիտի դատապարտեն ու զանիկա հեթանոսներուն պիտի մատնեն 34 Եւ զանիկա ծաղր պիտի ընեն ու ծեծեն եւ անոր վրայ պիտի թքնեն ու զանիկա մեռցնեն, բայց երրորդ օրը յարութիւն պիտի առնէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, երեկվա սերտողությունը ավարտեցինք այնտեղ, որ մեծահարուստ երիտասարդը տրտում հեռացավ Տէր Հիսուս Քրիստոսից, և սա առաջին դեպքն է Ավետարանում, որ Քրիստոսին դիմողներից մեկը տրտում է հեռանում նրանից: Բայց տրտում էր ո՛չ թե Քրիստոսի պատասխանից, այլ իր հարստությունը կորցնելու պատկերացումից: Տէր Հիսուս լուսավորեց երիտասարդի այն մութ մտածումները, որ մեծ հարստության հետ կապվածություն ունենալով կարելի է հավիտենականության երազանք ունենալ: Որքան որ թեթև է մարդու բեռը, այնքան նա հեշտ է բարձրանում առաքինության աստիճանները, որոնք տանում են հավիտենականություն:
Երիտասարդի հեռանալուց հետո ինչպես միշտ Տէր Հիսուս աշակերտների համար լուսաբանում է հարուստ երիտասարդի հետ ունեցած խոսակցության արդյունքը: Աշակերտները խիստ զարմացան Վարդապետի այն խոսքից, որ ասաց,- Ինչքա՛ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն և հատկապես որ հույսը դրել են հարստության վրա: Ինչպես որ առակաց գիրքն է ասում ,,հարստությունը նեղության օրը չի փրկի մարդուն,, քանի որ երբ մարդը հույսը դնում է հարստության վրա, այլևս չի կարողանում հուսալ առ Աստված: Այստեղ է, որ մեր Տէրը մի անհավանական համեմատություն է անում, ասելով,- Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քանը հարուստը մտնի Աստծու արքայություն: Տէր Հիսուսի ամեն խոսք որ ուղղում է մարդկանց, մենք ընդունում ենք անվերապահ հավատքով, քանի որ Նա մարդկանց սրտերն է քննում միանգամից: Ինչպես որ այս երիտասարդի պարագային ձեռքը դրեց ուղիղ նրա վերքի վրա և տղան տրտմեց դրանից: Աշակերտները լսեցին այս բոլոր համեմատությունները հարուստների վերաբերյալ, որ անկարելի է Աստծու արքայությունը մտնել, սաստիկ զարմացան, քանի որ նրանց պատկերացումները բոլորովին այլ էր հարուստների և նրանց անսահմանափակ հնարավորությունների մասին: Իրենք կարծում էին, թե հարուստների համար որևէ տեղ խոչնդոտ չի կարող լինել: Ինչպես որ երբեմն մի հարուստի համար ասում են,- Նրա թրի աջն էլ ձախն էլ կտրում են:
Գուցե երկրի վրա այդպես է նրանց հնարավորությունները իրենց հարստության պատճառով, սակայն Աստված աչառություն չի անում, Նրա աչքին բոլոր մարդիկ հավասար են, նույնն են, և Աստծուն հետաքրքրում է միայն մարդու փրկությունը, ո՛չ թե հարստությունը: Ամեն իրավիճակում Աստված կարող է փրկել մարդուն՝ նրա խնդրանքով և զղջումով; Կատարյալ օրինակ է Ավետարանում աջակողմյան ավազակը, որը հարուստ չէր, սակայն գտավ փրկություն: Աշակերտները լսելով այս խոսքերը, մոլորված հարց տվեցին,- Ապա ո՞վ կարող է փրկվել: Ուշագրավ է Տէր Հիսուսի պատասխանը, որն ասում է,- Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար: Արդյո՞ք այսօր մարդիկ համոզված են այս խոսքերի մեջ, որ մարդկանց համար անհնար է փրկություն ապահովել առանց Աստծու: Շատերն են այսօր փրկության ծրագրեր գրում, մարդկանց համար՝ իշխանական աթոռներ ձեռք բերելու պատրվակով: Այս մարդիկ լավ կլինի, որ կարդան այս տողերը, կամ ավելի լավ կլինի, որ նրանց բացատրեն այս տողերի իմաստը:
Աշակերտները լսելով հարուստների մասին, զարմացան նաև այն պատճառով, որ իրենք գիտեին Աբրահամին, որը անչափ հարուստ էր, և նրա հարստությունը օրհնված էր Աստծուց. Աշակերտների ունեցած տեղեկությունը հինկտակարանյան տվյալների վրա է հիմնված, այսինքն մի ոտքով Հին Կտակարանում են և մի ոտքով Նոր Կտակարանի սկզբում: Մինչև որ կհաստատվի եկեղեցու ծնունդը՝ Սուրբ Հոգու Գալստյան օրը: Քրիստոսի արտաբերած ամեն խոսք նրանց զարմանք էր պատճառում, բայց առայժմ չէին հասկանում, որ Աստված հարստությունը չի մերժում, այլ մերժում է հարստությանը ապավինելը: Աբրահամը չափազանց հարուստ էր, բայց Աբրահամի հույսը Աստված էր, ոչ թե իր հարստությունը: Աբրահամը նույնիսկ իր զավակին չմերժեց Աստծու համար, և նա Աստծուց արդար համարվեց:
Ամբողջ ընթացքում Պետրոսը մտածում էր մեծահարուստ երիտասարդի մասին և համեմատում էր իրենց հետ, որ թողել էին ձկնորսության իրենց ուռկաններն ու նավակները և հետևել էին Հիսուսին:
Իր մտածածը բարձրաձայնեց, քանի որ մտքում չգտավ իր անհանգստության պատճառի պատասխանը, և ասաց Վարդապետին,- Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան, և եկել ենք Քո հետևից:
Երբեմն Պետրոսի համարձակությունը հարցեր ուղղելու վերաբերյալ, ուրախացնում էր նաև մյուս աշակերտներին, քանի որ նրանք պասիվ էին հարցեր տալու մեջ, բայց իրենց էլ էր հետաքրքիր գալիք օրերը:
Պետրոսի հարցին Տէրը չի տալիս ուղիղ պատասխան, և չի՛ ասում, թե՝ դու և քո ընկեր ձկնորսները կարժանանաք Աստծու արքայությանը, քանի որ թողեցիք ամեն ինչ և հետևեցիք ինձ: Այլ ասում է,- Չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր կամ մայր, կամ որդիներ և ագարակներ Ի՛մ անվան համար, կամ Ավետարանի՛ համար, և այժմ այ՛ս ժամանակի համար հարյուրապատիկը չստանա, իսկ այն աշխարում, որ գալու է՝ հավիտենական կյանք: Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին: Ի՞նչ կարող էին հասկանալ աշակերտները այս խոսքերից, քանի դեռ չէր կատարվել բոլոր փորձությունները, որպեսզի հասկանային, թե ի՞նչ նշանակում առաջինը վերջին կլինի: Ինչպե՞ս կարող է առաջին ընտրված աշակերտը լինել մատնիչ և պատճառ դառնալ Քրիստոսի խաչելությանը, և դրանով դառնալ վերջին:: Կամ ինչպե՞ս կարող են հոգևոր առաջնորդները, որոնք առաջինն էին Աստծու ընտրյալ ժողովրդի մեջ, խաչը հանել Աստծու Որդուն և դառնալ վերջին; Կամ ինչպե՞ս կարող է ավազակը, որը վերջին խուլիգանն էր, խաչի վրա զղջալ և արժանանալ դրախտը տեսնելու, և վերջին ավազակը առաջինը լինի դրախտ մտնողներից: Աղքատ և անուս աշակերտները, որոնք հասարակության մեջ վերջիններն էին, դարձան առաջիններ և բոլոր աղոթքի տները կոչվեցին նրանց անուններով: Հետագայում Հիսուս Քրիստոսի ամեն խոսք հասկանալի դարձավ աշակերտներին և աշակերտների միջոցով նաև մեզ:
Մինչև Հիսուսի աշխարհ գալը Հին Կտակարանում կարդում ենք, որ մարգարեները խոսել են Քրիստոսի մասին և սպասել են նրան՝ ըստ մարգարեությունների և հերթով մահացել են, առանց տեսնելու Նրան: Սաղմոսերգուն ասում է,- Մանուկ էի ես և ծերացա, բայց արդարին արհամարհված չտեսա, կամ նրա որդուն հաց մուրալիս: Սաղմ 36:25 Հիսուսի անվան և Ավետարանի համար ծառայության եկածները համոզված են որ հարյուրապատիկը ստացել են ամեն առումով, եթե իրենց ծառայությունը եղել է Քրիստոսի անվան համար և Ավետարանի քարոզությունը եղել հոգիների փրկության համար: Քանի որ բոլորը չե՛ն, որ Հիսուս Քրիստոսի անվան համար են մտել հոգևոր ծառայության, և շատեր չեն, որ Ավետարան են քարոզում հոգիների փրկության համար: Դրա համար Տէր Հիսուս պայմանով է ասում, որ Ի՛մ անվան և Ավետարանի համար թողած լինի ամեն բան; Եթե Պետրոսը կամ մեկ ուրիշը Տէր Հիսուսի համար թողել է տուն, մայր, և քույր, ապա Քրիստոսին քարոզելու ժամանակ մարդիկ նրանց տրամադրել են իրենց տները և Քրիստոսի անվան համար ձեռք են բերել հարյուրավոր քույրեր և մայրեր: Ովքեր են քույրերն ու մայրերը, եթե ո՛չ նրանք, որոնք լսում են Աստծու խոսքը: Մենք չգիտենք, Տիրոջ այս պատասխանը բավարարե՞ց արդյոք անձամբ Պետրոսին կամ մյուս աշակերտների հետաքրքրությունը Աստծու արքայության մասին: Որովհետև դեռ ճանապարհ կար անցնելու մեծ նեղությունների և սոսկալի փորձություններին միջով: Գուցե աշակերտները չգիտեին, թե ի՞նչ էր պատահելու իրենցից յուրաքանչյուրի հետ, սակայն իրենց Վարդապետը գիտեր նրանցից ամեն մեկի տկարության և փորձության ձևի մասին: Բազմիցս զգուշացրել էր նրանց՝ իրեն սպասվող անցանկալի իրադարձությունների մասին: Այդ պատճառով աշակերտները վախենում էին, երբ Տէր Հիսուս ասում էր Երուսաղեմ գնանք, նրանք արդեն գիտեին որ դեպքը պատահելու է Երուսաղեմում:
Հիմա այն պահն է երբ գնում են Երուսաղեմ: Ճանապարհին Հիսուս գնում է նրանցից առաջ, իսկ ովքեր գնում են Նրա հետևից, զարմացած են ու վախենում էին: Ինչո՞ւ էին վախենում:Ամեն Երուսաղեմ գնալիս աշակերտները հիշում են վարդապետի խոսքերը, որ մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետների և օրենսգետների ձեռքը և նրան մահվան պիտի դատապարտեն և հեթանոսներին պիտի հանձնեն; Նրան պիտի ծաղրեն, պիտի ծեծեն, ու նրա վրա պիտի թքեն և պիտի սպանեն, և երրորդ օրը հարություն պիտի առնի; Արդեն երրորդ անգամ է ասում աշակերտներին այդ չարչարանքների մասին, ինչը այդքան էր հաճելի չէր լսել աշակերտներին՝ վախի պատճառով: Ահա թե ինչո՞ւ են վախենում աշակերտները: Եթե իրենց Վարդապետի հետ կարող են այսպես վարվել, որ ծովի վրա է քայլում և լեռան վրա այլակերպվում է, ապա ի՞նչ կլինի իրենց հետ, որ պարզ ձկնորսներ են; Գուցե աշակերտները մտածում էին, եթե այսպիսի բաներ պատահի այ՛ս ժամանակում, ապա ո՞րն է հարյուրապատիկ վարձատրությունը, որի մասին Տէր Հիսուս ասում է: Դրա համար վախենում էին Երուսաղեմ գնալիս: Վախենում էին, սակայն տասներկուսն էլ գնում էին Հիսուսի Հետևից: Վախը, անորոշությունը, հավատարմությունը վարդապետի հանդեպ, նաև ակնկալիքը գալիքի նկատմամբ աշակերտներին տանում էր մի ճանապարհով որի վերջը անորոշ ու անտեսանելի էր:
Տէր Հիսուս խոսում էր դեռ չկատարված իրադարձությունների մասին այնպիսի հերթականությամբ, ինչպես որ մեկը ականատես եղած լինի և տեսածը պատմի: Աշակերտներին այդ հանգամանքը շատ էր վախեցնում, բայց նրանք շատ էին կապվել իրենց Վարդապետին և շրջում էին նրա հետ ուր որ գնար: Սիրելիներ, աշակերտների համար այսչափ ծանր փորձությունների մասին մենք ընդամենը կարդում ենք և կարող ենք լավագույն դասերը քաղել այլոց փորձառությունից և մեր կյանքը դարձնել ծառայություն՝ Տիրոջ պարտեզի մեջ: Եթե այսօր երիտասարդ ենք, մեր երիտասարդությունը օգտագործենք Հիսուս Քրիստոսի անվան կամ Ավետարանի համար: Եթե ժամանակ ունենք, այդ ժամանակը տրամադրենք Ավետարանի և Տէր Հիսուս Քրիստոսի անվան համար: Իսկ եթե հարստություն ունենք, առավել ևս գործածենք Տէր Հիսուսի անվան համար: Իսկ եթե թողել ենք ամեն ինչ և անցել ենք ծառայության մեր նմանների համար, ապա ազնվաբար խոստովանենք, որ ստացել ենք հարյուրապատիկը՝ մեր ծառայության դիմաց: Ավարտենք հարստության և Աստծու արքայության մասին այս գեղեցիկ զրույցը և անդրադառնանք մեր այն ունեցածին, որը կարող ենք թողնել և հետևել Քրիստոսին, ստուգելու համար, արդյո՞ք մենք պատրաստ ենք թողնել մեր սիրելի բաները Քրիստոսի ավան և Ավետարանի համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյանս հավիտենից:
Հարց, Ինչո՞ւ է դժվար հարուստի համար Աստծու արքայությունը մտնել.