ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 10:13-23
ՅԻՍՈՒՍ ՄԱՆՐ ՏՂԱՔ Կ՚ՕՐՀՆԷ
13 Մանր տղաք բերին իրեն. որպէս զի անոնց դպչի, բայց աշակերտները կը յանդիմանէին բերողները։ 14 Յիսուս երբ տեսաւ, սրդողելով անոնց ըսաւ. «Թող տուէք այդ մանր տղոցը, որ ինծի գան եւ մի՛ արգիլէք ատոնք, վասն զի Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներունն է։ 15 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ով որ Աստուծոյ թագաւորութիւնը պզտիկ տղու մը պէս չընդունի, բնաւ պիտի չմտնէ անոր մէջ»։ 16 Եւ զանոնք գիրկը առաւ, անոնց վրայ ձեռք դրաւ ու օրհնեց զանոնք։
ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ
17 Երբ անիկա դուրս ելաւ ճամբուն մէջ, ահա մարդ մը վազեց ու անոր առջեւ ծունկի գալով՝ հարցուց անոր ու ըսաւ. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 18 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ զիս բարի կ՚անուանես։ Մէկէն զատ բարի չկայ, որ է Աստուած։ 19 Պատուիրանքները գիտես. Շնութիւն մի՛ ըներ, Սպաննութիւն մի՛ ըներ, Գողութիւն մի՛ ըներ, Սուտ վկայութիւն մի՛ ըներ, Զրկանք մի՛ ըներ, Քու հայրդ ու մայրդ պատուէ»։ 20 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Վա՛րդապետ, ատոնք ամէնքը մանկութենէս ի վեր պահեր եմ»։ 21 Յիսուս անոր նայելով՝ սիրեց զանիկա ու ըսաւ անոր. «Մէկ բան պակաս է քեզի. գնա՛, ունեցածդ ծախէ՛, տո՛ւր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ խաչը վերցուր ու եկուր իմ ետեւէս»։ 22 Անիկա այս խօսքին համար խոժոռելով՝ տրտմած գնաց, վասն զի շատ ստացուածք ունէր։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա ծանր թեման ամուսնալուծության և շնության մասին, մեզ բավական մտածելու տեղիք տվեց այն առումով, որ ցանկացած պատվիրան քննարկելիս մենք դրանում անկատար ենք, և առավել մտածելու տեղիք է տալիս այն, որ մենք դա չենք տեսնում, եթե նույնիսկ տեսնում ենք, մեղք չենք համարում: Ապրում ենք մեղքի հետ, դրա համար համարձակ չենք, վախեր ունենք, անհանգստություններ ու ներքին տագնապներ ունենք: Մի օրինակ հիշենք Ավետարանից, որպեսզի ավելի տպավորիչ լինի ասածս: Հերովդեսը մեղք էր գործել, ամուսնանալով իր չմահացած եղբոր կնոջ հետ: Հովհաննեսը նրան հանդիմանում էր այդ բանի համար, սակայն Հերովդեսը սիրով էր լսում Հովհաննեսին և սիրում էր նրան, չնայած որ նա բարձրաձայնում էր իր մեղքի մասին; Սատանան օգտագործեց ո՛չ թե Հերովդեսին, որ սիրում էր Հովհաննեսին, այլ նրա կնոջը՝ Հերովդիային, որը ատելությամբ էր լցված մարգարեի նկատմամբ և հարմար առիթ էր փնտրում իր իշխանությունը օգտագործելու համար, քանի որ Հովհաննեսը իր ամուսնուն ապաշխարություն է քարոզում: Կատարվեց չարիքը, Հովհաննեսը գլխատվեց: Ինչու Հերովդեսը վախեցավ, երբ լսեց Հիսուսի մասին, անմիջապես կարծեց թե Հովհահհեսն է հարություն առել, որին ինքը գլխատել էր: Հերովդեսի կատարածը շնություն էր, որին հետևեց սպանությունը: Դավիթ թագավորի շնությանը նույնպես հետևեց սպանությունը: Արքաները նույնպես վախեր ունեն իրենց ծածուկ մեղքերից, ինչպես որ պարզ մարդիկ:
Երբ սրտում ծածուկ վախ կա, այն տանում է մեկ այլ մեղքի: Կամ՝ մեկ այլ տարածված մեղք կա, որը նույնպես ավերներ է գործում: Արտամուսնական կապերից հետո դարձյալ առաջ է գալիս սպանության մեղքը՝ աբորտի տեսքով: Այս բոլորը պատճառ է այն բանի, որ մարդիկ հեռու են Սուրբ Գրքից: Անպատժելիությունը ամուր հիմքերի վրա է, մարդիկ խորը քնի մեջ քնած են: Այս վտանգներից զերծ չէ նաև մեր ժողովուրդը, որը օրեցօր ավելի է մխրճվում նաև ատելության մեղքի մեջ: Մտահոգվող չկա: Եկավ մեր Տէրը ծառայեց մարդկանց, թողեց կենարար պատվիրաններ, խոստացավ վերադառնալ Երկրորդ անգամ՝ իսկ մարդկությունը ինչպես որ ապրում էր, շարունակում է նույն կերպ ապրել վախենալով մեղքի արդյունքից և պատժից, վախենում է ամեն ինչից և ապրում է այս կարճ կյանքը լարվածության և սթրեսների մեջ: Դիվահար տղայի հայրը երբ իր զավակին բերեց Հիսուսի մոտ, կարծում էր թե միայն իր զավակն է հիվանդ, բայց Տէր Հիսուսի մի հարցից հետո պարզվեց, որ ինքն էլ է հիվանդ, և իր հիվանդությունը ավելի վտանգավոր է, քանի որ բոլոր մեղքերը կատարվում են թերահավատության պատճառով: Մենք միշտ այդ հատվածը կարդալիս կարծում ենք, որ միայն տղան բուժվեց: Ո՛չ: Ավելի լավ բուժվեց նրա հայրը, որը անհավատ էր և խոստովանեց այդ մասին: Հավատում եմ,- ասաց,- Տէր օգնիր իմ անհավատությանը:
Երեկվա բուռն քննարկումից հետո, Տէր Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի նրանց վրա ձեռք դնի, իսկ աշակերտները արգելում էին նրանց, ովքեր բերում էին: Ցանկացած երևույթ մեր Տէրը օգտագործում էր մի նոր բան սովորեցնելու համար: Տեսավ մանուկներին՝ որոնք դեռ ազնիվ ու շիտակ էին սրտով, ասաց, որ այսպիսիներին է Աստծու արքայությունը: Որքա՛ն էր Տէր Հիսուս կամենում, որ մարդկությունը հասկանա Աստծու արքայության գաղտնիքը և կարողանա մտնել այնտեղ առանց խոչնդոտի: Աշակերտներին ասում է,- Ով Աստծու արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու: Իսկ մանկան կարգավիճակը բոլորս գիտենք, անվերապահ հավատում և սիրում է իր ծնողին, անկախ նրա սոցիալական վիճակից և հասարակության մեջ գրաված դիրքից: Սիրում է առանց պատճառ՝ Աստծու պես: Առաջին դարերում երեխաները այսօրվա պես չեն համարվել կուռքեր, հավանաբար այդ պատճառով աշակերտները արգելում էին, որ չհոգնեցնեն Վարդապետին: Այսօր մեր եկեղեցիներում երեխաները հատուկ կարգավիճակ ունեն և ազատ են իրենց շարժումների մեջ, երբեմն նաև աղմուկ են անում եկեղեցում, սակայն նրանց ոչ ոք չի արգելում, որպեսզի մեծանան և ընտելանան եկեղեցուն.
Օրհնեց Տէրը այդ մանուկներին, որոնք հավաքվել էին իր շուրջը և այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ: Ճանապարհին մի երիտասարդ մեծահարուստ մոտեցավ Տէր Հիսուսին և ծնկի գալով միանգամից հարց տվեց,- Բա՛րի վարդապետ, Ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ: ,,Բարի Վարդապետ,, դիմելաձևը Տէր Հիսուսին բացահայտեց, որ այս մեծահարուստն էլ չի՛ ճանաչում իրեն, և մի խորհուրդ է ուզում իմանալ, որպես վարդապետի, քանի որ այդ օրերին շատ էին վարդապետները: Տէր Հիսուս նրա խոսքը ուղղեց, ասելով, եթե ինձ որպես վարդապետ ես ընդունում, ուրեմն մարդը չի կարող ամբողջությամբ բարի լինել, այլ միայն Աստված: Այս ճշմարտությունը կարող ենք ստուգել այս պահին, քանի որ եթե մեկն իրեն բարի անվանի, ապա խիղճը ինչ որ հարցում իրեն կհիշեցնի որ այդպես չէ: Մասսամբ բարություն կա բոլորի մեջ, սակայն բացարձակ բարին Աստված է միայն; Ամեն քրիստոնյա որքան որ հաստատվում է հոգևոր կյանքի մեջ, առավել շատ է տեսնում իր սխալները, բացթողումները և հատկապես մեղքերը: Դրա համար չի կարող մեկը բարի կոչվել:
Հիշո՞ւմ եք Հովհաննեսի ավետարանում Հիսուս Քրիստոս ասում է,- Ո՞վ կարող է Ինձ մեղադրել մեղքի մեջ: Իսկ երբ ճշմարտություն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում: Սա է բացարձակ կատարյալը:
Սակայն երիտասարդի ազնիվ մոտեցումը հրապուրեց Տէր Հիսուսին, քանի որ նա զգում էր, որ մի բան պակասում է իրեն հավիտենական կյանք ժառանգելու համար: Մեծահարուստ այս երիտասարդի կերպարը դարձավ եկեղեցական քարոզների համար լայն քննարկման աղբյուր՝ երբեմն՝ դրական, երբեմն՝ որպես բացասական կերպար: Յուրաքանչյուրը երիտասարդին նայում է մի տեսանկյունից և վերլուծում նրա արաքը ըստ դրա: Այլակարծությունը նաև լայն հնարավորություն է տալիս բոլոր շերտերով հասկանալ երևույթների ասելիքը: Երիտասարդի կերպարի մեջ որևէ բացասական երևույթ չնկատվեց Հիսուսին մոտենալուց հետո, քանի որ նախ՝ խոնարհաբար մոտեցավ, հետո ազնվությամբ հանձն առավ, որ մի բան պակաս է իր մոտ հավիտենականությունը ժառանգելու համար, և ամենակարևորը պատվիրանապահ էր մանկությունից սկսած: Տէր Հիսուս անմիջապես գտավ, թե ի՛նչ էր պակասում մեծահարուստ երիտասարդին՝ հավիտենականությունը ժառանգելու համար:
Տեսեք, սիրելիներ, Երիտասարդը բժշկություն չէր խնդրում, հրաշք տեսնել չէր ուզում, որևէ հիվանդ չէր բերել բժշկության, այլ հետաքրքրվում է մի բանով, ինչը Տէր Հիսուս ջանում է սովորեցնել աշակերտներին և շատերին: Ավետարանն ասում է,- Եվ Հիսուս նայելով, սիրեց նրան, և ասաց, - Քեզ մեկ բան է պակասում, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքդ և աղքատներին տուր, և երկնքում գանձեր կունենաս. և վերցրու խաչդ և արի իմ հետևից: Տեսավ Բարի Վարդապետը երիտասարդի սրտում ծագած մտքերը, և հավանաբար կապվածությունը իր ունեցվածքի հետ;
Այս երկար նախադասությունը լսելուց հետո, մեծահարուստ երիտասարդը խոժոռված՝ գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր: Տէր Հիսուս Քրիստոսի պատասխանից մենք հասկացանք, որ հավիտենականությունը ժառանգելու համար պետք է կատարյալ լինել, իսկ կատարյալ լինելու համար պետք է անձը և ունեցվածքը ուրանալ, և վերցնել խա՛չը, որը փրկությո՛ւն է, ո՛չ թե հաճույք, ինչպես որ հարստությունը և ունեցվածքը : Որից հետո միայն կարող էր հետևել Հիսուս Քրիստոսին: Երիտասարդը մինչ Հիսուսի մոտ գալը չէր մտածել այս բաների մասին, և կարծել էր որ վերը նշված պատվիրանները պահելով բավական մոտեցել է գլխավորին: Երիտասասրդի տրտում գնալը բացասական երևույթ չէ: Չի բացառվում, որ հենց այդ տրտմությունը նրա համար ազդակ հանդիսանար և նա մտածեր Հիսուսի առաջարկած պայմանների մասին; Չէ որ Ավետարանը ավելին մեզ չի ասում այդ երիտասարդի մասին:
Սակայն մենք Ավետարաններից գիտենք դեպքերը, որ Տէր Հիսուսի մեկ բառը հեղաշրջել է մեծահարուստ Զակքեոսին և նա իր ունեցած հարստությունը բաժանել է աղքատներին և փրկություն գտել:
Այսօր կգտնվի՞ մի մեծահարուստ, որը Ավետարանի այս համարը կարդալուց հետո գնա, և իր ունեցվածքը վաճառի, բաժանի աղքատներին, հանձն առի ծառայել Քրիստոսին և ապրի այդպես: Ես չգիտե՛մ այդպիսի դեպք: Եթե դուք գիտեք, ուրեմն թող Աստված օրհնի նաև այդ մարդու բարի գործերը: Այդ երիտասարդը հետագայում կորավ մեր տեսադաշտից, բայց մենք վստահ չենք, որ Տեր Հիսուսի ցանած սերմերը ընկան ճամփեզրին և երկնքի թռչունները եկան կերան այդ սերմերը: Գլխավորն այն էր, որ Տէր Հիսուս սիրեց այդ երիտասարդին, գնահատեց նրա պատվիրանապահությունը, հրավիրեց Իրեն հետևելու, կատարելության հասնելու, և առաքյալների կյանքով ապրելու՝ հարգելով երիտասարդի ազատ ընտրության իրավունքը: Սակայն երիտասարդը պատրաստ չէր այդ պահին, այնպես, ինչպես որ մենք պատրաստ չենք այսքան տարիներ նույն խոսքը լսելուց հետո: Միայն խոնարհաբար լսելը բավական չէ կատարելության հասնելու համար: Կտրուկ քայլեր են պետք լսածը գործի դնելու և կյանքի կոչելու այն, ինչը արդեն լսել ու սովորել ենք: Ձեզ մի առակ պատմեմ այս թեմայի վերաբերյալ և անցնենք առաջ:
Մի ծեր քահանա, որը իր պատրաստած քարոզը ո՛չ թե բանավոր էր խոսում, այլ կարդում էր իր հավատացյալների համար: Հանդիպումներից մեկի ժամանակ կարդում է իր պատրաստած քարոզը և հիացնում բոլորին իր խորիմաստ մտքերով: բոլորը գոհ հեռանում են: Հաջորդ հանդիպման ժամանակ նորից կարդում է այդ նույն քարոզը և բոլոր ուշադիր լսում են, դարձյալ հեռանում են բավարարված:
Երրորդ հանդիպման ժամանակ երբ նորից կարդում է նույն քարոզը, ավարտից հետո մի կին բարձրաձայնում է այդ մասին, ասելով,- Տէր Հայր, հավանաբար տարիքի պատճառով դուք մոռանում եք, որ արդեն երրորդ անգամն է կարդում եք նույն քարոզը:
-Մի՞թե,- զարմացած հարցնում է քահանան:
- Այ՛ո, Այ՛ո, հաստատում է իր խոսքը թերությունը հայտնաբերած կինը և ավելի համարձակ է պնդում, քանի որ տեր հայրը չի հիշում, որ կրկնում է քարոզը:
Երկար լռությունից հետո ոտքի է կանգնում Տէր հայրը և հարց ուղղում իր հավատացյալ հոտին:
-Ի՞նչ եք հիշում իմ առաջին քարոզից: Եկեղեցում լռություն է, ո՛չ ոք չի պատասխանում:
- Ի՞նչ եք հիշում երկրորդ և երրորդ քարոզներից: Դարձյալ լռություն է տիրում;
- Եթե չե՛ք հիշում, թե ի՞նչ եմ ասել, ուրեմն ինչպե՞ս կարող էիք այդ խոսքերը կյանքի կոչել:
-Ուրեմն ես Աստծու խոսքի այս քարոզը այնքան պիտի կրկնեմ, մինչև որ դուք դրա կատարողները դառնաք:
Իրապես սա շատ ուսուցողական առակ է, որը նաև մեր օրերում է իրական: Աստծու խոսքը հաճույքով լսում ենք, քիչ հետո մոռանում ենք: Դա նրանից է, որ հոգևոր կյանքը արմատ չունի, և իսկույն չորանում է, առաջին պատահական խոսակցությունից հետո: Եթե մեր այս երիտասարդին, որը մանկությունից պահում էր պատվիրանները, մե՛կ բան էր պակասում հավիտենականությունը ժառանգելու համար, ապա մեզ շատ բաներ է պակասում նույնիսկ հոգևոր կյանքով ապրելու համար, դեռ չեմ ասում հավիտենականություն: Այս հետաքրքիր հատվածի վրա ավարտենք մեր սերտողությունը, և վաղը շարունակենք պատմության ավարտը, իմանալու համար թե ի՞նչ եղավ հետո: Այս դասից էլ կարող ենք մի բարի բան սովորել՝ միշտ խոստովանել, որ մեզ շատ բան է պակասում հոգևոր կյանքը քրիստոնեաբար ապրելու համար:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյանս Ամեն:
Հարց. Հարուստ երիտասարդը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական: