ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 9:1-12
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
1 Վեց օր յետոյ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսը ու զանոնք բարձր լեռ մը հանեց առանձինն եւ անոնց առջեւ այլակերպեցաւ։ 2 Իր հանդերձները եղան փայլուն, խիստ ճերմակ, այնպէս որ երկրի վրայ թափիչ մը չէր կրնար այդպէս ճերմկցնել։ 3 Ու Եղիան Մովսէսին հետ երեւցաւ անոնց եւ Յիսուսին հետ խօսեցան։
4 Ապա Պետրոս ըսաւ Յիսուսին. «Ռա՛բբի, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային»։ 5 Վասն զի չէր գիտեր թէ ի՛նչ խօսի, քանզի զարհուրեր էին։ 6 Ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ ու ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ատիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք»։ 7 Երբ յանկարծ ասդին անդին նայեցան, ուրիշ մէկը չտեսան, հապա միայն Յիսուսը՝ իրենց հետ։ 8 Երբ լեռնէն վար կ՚իջնէին, պատուիրեց անոնց որ տեսածնին մարդու չպատմեն, բայց միայն Որդին մարդոյ մեռելներէն յարութիւն առնելէն յետոյ։ 9 Անոնք այն խօսքը պահեցին ու իրենց մէջ հարցուփորձ կ՚ընէին թէ ‘Մեռելներէն յարութիւն առնել ի՞նչ ըսել է’։ 10 Իրեն հարցուցին ու ըսին. «Այն ի՞նչ է որ դպիրները կ՚ըսեն թէ ‘Պէտք է որ առաջ Եղիան գայ’»։ 11 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Յիրաւի առաջ Եղիան պիտի գայ եւ ամէն բան կարգի դնէ, ի՛նչպէս գրուած է Որդին մարդոյ համար, որ շատ չարչարանքներ պիտի կրէ ու անարգուի. 12 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Եղիան եկաւ ալ եւ ինչ որ ուզեցին՝ ըրին անոր, ինչպէս գրուած էր անոր համար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Որպեսզի մեր միտքը չկտրվի երեկվա սերտողության շարունակությունից, ես ձեզ հիշեցնեմ վերջին խորհրդավոր միտքը, որով ավարտեց իր ուսուցումը Տէր Հիսուս Քրիստոս, թե՝ - Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ տեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած: Անշուշտ առանց այսօրվա սերտողության, որը իններորդ գլխի սկիզբն է, հասկանալի չէր լինի, թե ի՞նչ նկատի ուներ մեր Տէրը այս խոսքերը ասելու ժամանակ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության մասին մենք ունեցել ենք սերտողություն նախորդ Ավետարանի մեկնության ժամանակ: Այս անգամ փորձենք անդրադառնալ ուրիշ ուշագրավ մտքերի վրա, որոնք գուցե բաց ենք թողել նախորդ անգամ:
Պատմությունը հստակ է, Տէր Հիսուս վերցրեց երեք աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, և նրանց հետ մի բարձր լեռ բարձրացավ: Նրանց աչքի առջև այլակերպվեց այնպես, որ Նրա զգեստները փայլուն և սպիտակ դարձան: Նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ մեկտեղ, որոնք խոսում էին Հիսուսի հետ: Երկնքից լսվեց նաև Երկնավոր Հոր ձայնը, որն ասում էր,- Սա է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցեք:
Նաև գրված է, որ Պետրոսն էլ ուրախությունից արդեն կամենում էր տաղավարներ շինել նրանց համար, որ մնային այնտեղ;
Մենք արդեն գիտենք, որ Մարկոս ավետարանիչը օգտվել է Պետրոսի անձնական հիշողություններից: Իսկ Պետրոսը երեքից մեկն էր, որ Հիսուսի հետ լեռ բարձրացավ, բայց քանի որ նա աղոթքի պահին հավանաբար եղել է Տէր Հիսուսի հետևի մասում չի նկատել Հիսուսի դեմքը, որը նույնպես այլակերպվել ինչպես արեգակը, բացի հագուստից, որի մասին գրում են մյուս երկու ավետարանիչները: Ւսկ եթե դուք Ավետարաններում հանդիպեք, որ մեկը գրել է վեց օր հետո լեռը բարձրացան, իսկ մյուսները գրել են ութ օր հետո բարձրացան, թող այդ երևույթը ձեզ չմտահոգի, քանի որ նախ Ավետարանները գրվել են ո՛չ թե տվյալ պահին, այլ՝ շատ ավելի ուշ, և երկրորդն էլ մենք արդեն սովորել ենք, որ Ավետարանում պետք է փնտրենք Հիսուս Քրիստոսին և Նրա նպատակը՝ մեզ համար, և ոչ թե երկրորդական փաստեր: Մենք նաև սովորեցինք, որ Հիսուս Քրիստոս որևէ բան անելու կարիք չուներ, այլ՝ Նրա ամեն գործողությունը ուղղված է մարդկության սրտում ու հոգում հոգևոր հեղաշրջում կատարելու նպատակին: Պայծառակերպության երևույթը ևս ցայտուն ասելիք ունի մեզ՝ ժամանակակից հպարտներիս, որ կարծում ենք թե՝ կարող ենք մի բանի հասնել առանց Աստծու միջամտության: Ժամանակակից մարդը ուզում է պայծառակերպվել՝ առանց լեռ բարձրանալու: Տէր Հիսուս Քրիստոս կարիք չուներ լեռ բարձրանալու, որպեսզի նրան հայտնվեին Եղիան և Մովսեսը, կամ՝ կարիք չկար լեռ բարձրանալ, հետո ցույց տալ իր արքայությունը՝ զորությամբ եկած: Ամենևին չուներ դրա կարիքը: Ո՞րն է մեր դասը այստեղ, որ չենք ուզում լեռ բարձրանալ, բայց փառքը ուզում ենք, այն էլ ագահորեն:
Սիրելիներ, եկեք ամեն մանրամասի վրա ուշադրություն դարձնեք, և վերհիշելով նախորդ մտքերը եզրահանգման գանք՝ մեր Տիրոջ խոսքերը հասկանալու համար:
Պայծառակերպության երևույթը այն երկնային նշանն էր, որ օրեր առաջ փարիսեցիները հայցում էին Քրիստոսից, սակայն չարժանացա՛ն տեսնելու իրենց ուզած պահին, որովհետև հպարտ էին: Սակայն տեսան պարզամիտ աշակերտները և կամեցան մնալ այդ երանության մեջ, որովհետև շատ լավ էին զգացել իրենց Աստծու արքայության ներկայության մեջ: Սա պարզ օրինակներից մեկն է, որ պատահում է յուրաքանչյուրիս հետ, երբ հոգևոր ներդաշնակության մեջ ենք Աստծու հետ և միջավայրի հետ: Այդպիսի վիճակում էին նաև աշակերտները բարձր լեռան վրա, որոնք եղան այն կենդանի վկաները՝ որոնք առանց մահ ճաշակելու տեսան Տէր Հիսուս Քրիստոսի փառքի լույսը ամբողջությամբ: Մյուս աշակերտները, որոնք լեռան ներքևում էին սպասում, ո՛չ թե անարժան էին, որ չտեսան այդ փառքը, այլ Քրիստոս իր ամեն քայլը անում էր օրենքը պահելով, ինչպես որ նաև ասաց, որ չեկա օրենքը փոխելու, այլ լրացնելու; Իսկ օրենքը պահանջում էր երկու կամ երեք վկաների ներկայությամբ կատվածը միայն վավեր համարել: Կա մի երկրորդ տարբերակ: Այս երևույթը խորհրդաբար արվեց՝ հերթով ամենքին մի նամակ հասցնելու համար: Օրինակ՝ Որպես երկնային նշան՝ նամակ էր փարիսեցիներին, երբ Եղիան ու Մովսեսը երևացին Հիսուսին:
Նամակ էր նաև աշակերտներին՝ ամպի միջից՝ Երկնավոր Հոր խոսքը, թե,- Դա՛ է Իմ սիրելի Որդին Դրան լսեցեք: Մի նամակ էլ մեզ է ուղղված այստեղից՝ հպարտ հանրությանը, թե՝ մինչև վեր չբարձրանանք ձեր մեղավոր կյանքից ու կենցաղից, չենք տեսնի Աստծու փառքի լույսը: Սիրելիներ, Ես ձեզ միշտ ասել եմ, որ միայն սրտի հեղաշրջումը կարող է դադարեցնել ամեն պատերազմ,արհավիրք և խառնաշփոթ:
Մենք փորձեցինք աշխարհին ներկայանալ որպես անարյուն հեղափոխություն կատարողներ, և որպես հպարտ քաղաքացիներ, սակայն Աստված ցույց տվեց մեզ մեր տեղը՝ մինչև գետին խոնարհեցնելով մեր երեսները՝ պատերազմի միջոցով: Յուրաքանչյուրը իր նամակը չկարդաց, նո՛ւյնիսկ պատերազմից հետո; Ոմանք կարդացին, բայց իրենց չվերագրեցին: Շատերն էլ չստացան այդ նամակները, քանի որ չեն ստուգում իրենց փոստարկղերը: Նրանք, որոնք ստացան նամակը, կարդացին, հասկացան, նրա՛նք են որ աղոթում են գիշեր ու ցերեկ, սրտով ու հոգով ողբում են մեր իրավիճակի վրա: Ի՛նչևէ: Դառնանք մեր թեմային, սակայն ուշադիր լինենք մեր նամակներին: Ո՛չ մի նամակ անհասցե չէ, ո՛չ մի նամակ ինքնանպատակ գրված չէ: Լեռը խորհրդանշում է առաքինությունների բարձունքը: Ո՛չ ոք չի կարող տեսնել իր պատկերացրած իշխանության գահի փառքը, եթե փորձի առանց առաքինությունների հասնել այդ իշխանության գագաթին: Ո՛չ ոք իր կյանքում չի զգա ներքին ներդաշնակության քաղցրությունը, եթե նախ՝ Աստծու հետ չունենա այդ ներդաշնակ կապը: Մեր Տերն ասում է,- Վերցրո՛ւ քո խաչը, ուրացիր անձդ և հետևիր Ինձ… Պա՛րզ, և հակիրճ միտք, որն իր մեջ մի ողջ կյանքի ժամանակահատված և ջանք է պարունակում;
Հռոմի օրենքով խաչը դնում էին խաչյալի ուսին՝ որպեսզի կոտրեն նրան, ենթարկեն, ստորացնեն և մարդը հրաժարվի իր անձի հպարտությունից: Ներկա ժամանակներում ո՛չ ոք չի ուզում իր խաչը, իր ուսին վերցնել, ուրանալ իր անձի երկրպագությունը, որպեսզի կարողանա հետևել Քրիստոսին; Խաչը կրելը ևս լեռ բարձրանալ է: Սակայն մեր խաչը մեր մեղքերի պատճառով առաջացած դժվարություններն են, որոնց մեջտեղում կանգնած ենք այսօր: Մեր խաչ կրելը մեզ չի տանում խաչելություն, այլ՝ հակառակը՝ տանում է դեպի փրկություն;
Երկնքից եկավ մեկ վկա՝ Եղիան, որը մահ չէր ճաշակել, Մեռածներից եկավ երկրորդը՝ Մովսեսը և եկան փաստելու համար, որ իրենք տեղյակ են Քրիստոսի առաջիկայում կատարվելիք չարչարանքների մասին: Հայրը խոսեց ամպերի միջից՝ Իր Որդու մասին: Երկրից երեք կենդանի աշակերտները տեսան ու գրեցին այդ մասին; Այսքան վկայություն մի՞թե բավական չեն սահմանափակ կարողությունների տեր մարդու համար, որ ծնկի գա և ասի,- Տէ՛ր հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը:
Մենք այսօր նույն վիճակում ենք, ինչ Քրիստոսի ժամանակվա մարդիկ: Իսկ մենք ինչո՞վ ենք տարբեր օրվա քահանայապետներից ու փարիսեցիներից: Չէ՞ որ նրանք էլ չհավատացին: Մենք էլ այն երկրորդ որդու նման ասացինք՝ կանե՛նք ու չարեցինք: Ուզո՞ւմ ենք տեսնել պայծառակերպված Հիսուսին, ուրեմն պետք է կտրվենք մեր եգիպտոսից, որ աշխարհն է, որպեսզի հայտնվենք լեռան վրա, որ առաքինությունների գագաթն է: Պետք չէ տուն կառուցել անապատում և կապվել այդ տան հետ, քանի որ պետք է քայլել դեպի ավետյաց երկիր: Աշակերտները կամեցան տաղավար պատրաստել, սակայն մոռացան, որ իսրայելացիները այդ տաղավարների մեջ երկար չմնացին, քանի որ շարժվում էին դեպի խոստացված վայրը, ո՛չ էլ անապատում ծառ տնկեցին, քանի որ վաղը այդտեղ չէին լինելու: Այո, մեզ հետ էլ պատահում են երանելի պահեր, որոնց մեջ անկարելի է երկար մնալ, սակայն անկարելի է նաև մոռանալ այդ երանության վիճակի մասին: Այդ վիճակին հասնելու ձգտումն է, որ չպետք է մարի մեր մեջ:
Աշակերտները պահեցին Հիսուսի այն խոսքը, որ պատվիրեց իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչև մարդու Որդին մեռելներից հարություն առնի: Ավետարանիչը արձանագրել է, որ աշակերտները զարմացած իրար հարցնում էին, թե ի՞նչ մեռելներից հարություն առնելը: Իրենց հետաքրքրությունը բավարարելու համար, հարց ուղղեցին Հիսուսին , քանի որ օրենսգետներից լսել էին, թե՝ նա՛խ Եղիան պետք է գա:
Իրենց աչքով տեսել էին Եղիային և իրենց միտքը չէր ընկալում այդ իրականությունը: Տէր Հիսուս նրանց հարցին հարցով է պատասխանում, ասելով,- Իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրված է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգվի: Ամեն հարմար առիթով Տէր Հիսուս կամենում էր աշակերտների մտահորիզոնը լայնացնել և այնտեղ տեղավորել Իր առաքելության նպատակը:
Սիրելիներ, մենք Ավետարանում ևս մեկ դեպք գիտենք, որ Երկնավոր Հայրը խոսեց երկնքից, դա մեր Տիրոջ մկրտության ժամանակն էր, որ տեղի ունեցավ հորդանանում; Ձեր միտքը արթնացնելու ցանկությամբ այսօրվա ձեզ ուղղված հարցը այդ ուղղությամբ կլինի, քանի որ մանրամասն խոսել ենք այն մասին: Երկնավոր Հայրը ասում է,- Լսեք Իմ Որդուն:
Իսկ մենք ինչպե՞ս ենք ուզում արժանանալ Երկնավոր Հոր ուշադրությանը մեր աղոթքների մեջ, երբ չենք կատարում Նրա Որդու խոսքը՝ ուղղված մեզ, թե ներսում՝ ձեր մեջ է Աստծու արքայությունը, ուրիշ տեղ մի փնտրեք; Վերջապես ի՞նչ է Աստծու արքայությունը, և ե՞րբ ենք տեսնելու այն: Աստծու արքայությունը հասցեով տարածք չէ, այլ՝ հոգեվիճակ, որտեղ թագավորում է Աստծու խոսքը: Աստծու արքայությունը այն ծառն է, որը աճեց, մեծացավ մանանեխի աննշան սերմից; Աստծու արքայությունը այն իրականությունն է այսօր, որի մեջ կամ մտնում ենք կամավոր, կամ հրաժարվում ենք կամավոր: Ուշադիր լինենք Աստծու պարգևներին, խոսքերին, խոստումներին, զգուշացումներին, կանխասացություններին, որպեսզի վայելենք Աստծու արքայությունը մեր ներսում մինչև մեր նախասահմանված ժամանակը: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը թագավորեն ձեր սրտերում, որպեսզի յուրաքանչյուրդ զգաք այն երանելի վիճակը, որ զգացին աշակերտները լեռան վրա՝ Տիրոջ փառքի լույսը տեսնելուց; Ամենասուրբ Երրորդությանը փառք պատիվ և երկրպագություն այժմ և հավիտյանս հավիտենից:
Հարց. Ի՞նչ տարբերություն կա երկնքից երկու անգամ լսված՝ Երկնավոր Հոր խոսքերի մեջ: Գրեք տարբերությունը..