ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ երեւելի լուսով Քով զուարճացուցեր զամենայն արարածս Քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց Քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի Քեզ: Զօրացո՛ եւ զմեզ, Տէ՛ր, ի պահպանութիւն պատուիրանաց Քոց ի տուընջեանս յայսմիկ եւ յամենայն ժամանակի, որպէս զի լուսաւորեալ մտօք միշտ զհաճոյս Քո արասցուք եւ հանդերձեալ բարեացդ հասցուք ընդ ամենայն սուրբս Քո շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառնդ մերոյ եւ Փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, Որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 21.12-19
Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Այսօր երկուշաբթի է, Նոյեմբեր ամսվա վերջին օրն է: Փառք Աստծուն աշնան ավարտի և ձմեռնամուտի համար: Տիրոջ ստեղծած տարվա եղանակները նույնիսկ կատարյալ են: Աստծո խոսքի ջերմությունը թող թույլ չտա, որ մենք զգանք առաջիկա ձմռան սառնությունը:
Ամեն օր Ավետարանը իր պատգամի մեջ մեզ մի բառ է ասում, մեր ուշադրությունը գրավելու համար: Եթե երեկ ասում էր,- Զգո՛ւյշ կացեք, չխաբվե՛ք, այսօր ասում է,- Ձեր մտքո՛ւմ դրեք սա: Այդ ի՞նչ է, որ մեր մտքում պետք է պահենք: Մեր կյանքը վարելու բանաձևերից մեկն է, որը ամեն քայլափոխի մեզ պետք է գալիս, այսինքն չմտահոգվել կարևոր տեղերում պատասխան տալու համար, քանի որ բերան և իմաստություն տալիս է Տէրը: Ո՛չ բոլոր մարդկանց է տալիս: Տալիս է նրանց, որոնք Իրեն են ծառայում, որոնք Իր համար են հալածվելու և բանտարկվելու: Իսկ նրանք, որոնք ծառայում են մամոնային, նրանից էլ կստանան լեզու և բերան:
Ուրեմն մեր մտքում պահե՛նք այս խոսքերը, որ դժվարությունների, հալածանքների և բանտարկությունների ժամանակ Աստված կտա մեզ բավարար պատասխաններ, որին չեն կարողանա հակառակվել մեր հակառակորդները, որոնք հալածում են մեզ: Ինչպես որ Քրիստոսի ժամանակվա օրենքի ուսուցիչները փորձում էին խոսքով Նրան ծուղակը գցել, և իրենք էին ամոթահար լինում; Նույնը սովորեցնում է իրեն հետևողներին; Այստեղ մի նրբություն կա, կուզեմ ուշադիր լինեք: Մեր Տէրը չի ասում երբ դուք գողություն անեք և կանգնեք ձեզ դատողների առջև, Ես ձեզ կտամ լեզու և իմաստություն, որ արդարանաք., այլ՝ հատուկ շեշտում է՝ Ի՛մ անվան համար: Մեր հալածանքները պետք է լինի Քրիստոսին վկայելու համար, ո՛չ թե անձնական մեղքերի համար հալածվելիս: Շատ ենք հանդիպել դեպքերի, երբ մեկի մեղքերը բացահայտվել է և նրան սկսել են քննադատել, առանց ծանր ու թեթև մտածելու կրկնել այն արտահայտությունը, թե Քրիստոսի համար պատրաստ եմ հալածվելու:
Քրիստոսին քարոզողի դեմ պետք է դուրս գան նույնիսկ իր տան անդամները, քույրերը և եղբայրները: Կարող են նաև սպանել, ինչպես որ սպանեցին Ստեփանոս Նախավկային՝ Քրիստոս քարոզելու համար; Սպանեցին նաև շատ ու շատ առաքյալների Քրիստոս քարոզելու համար: Հետևաբար այս մտքերից մենք պետք է հասկանանք, որ Հիսուս Քրիստոս մեզ երբեք փարթամ կյանք չի խոստացել երկրի վրա:
Իսկ նրանք, որոնք երկրի վրա են փարթամ ապրում՝ առանց Աստծու, նրանք էլ հալածվելու են մահից հետո ըստ Ավետարանի: Այնուհետև ասում է,- դուք պիտի ատվեք բոլորից՝ Իմ անվան համար:
Կա՞ մեկը այսօր, որին ատում են Քրիստոսին քարոզելու համար: Անշո՛ւշտ կա: Ատելությունը հենց նրանց մեջ է, որոնք պետք է քարոզեն Քրիստոսին և չեն քարոզում, և քարոզողին էլ ատում են:
Եթե Քրիստոսին խաչեցին, ապա ի՞նչ կանեն Քրիստոսին քարոզողին: Ովքե՞ր էին Ստեփանոս Նախավկային քարկոծում, մի՞թե օրենքի ուսուցիչները չէին, կամ քահանայապետները:
Նույնիսկ Պողոս առաքյալն էր մասնակից Ստեփանոսի քարկոծությանը՝ մինչև իր դարձը: Նախանձը կարող է մարդուն մղել մինչև այն աստիճանի, որ նույնիսկ Քրիստոսի անունը բարձրաձայնողին սպանեն:
Այս մասին ասում է հենց Ինքը՝ Քրիստոս Իր աշակերտներին, այն ժամանակ, երբ նրանք նկարագրում են տաճարի գեղեցկությունը: Ասում է իմ անվան համար ձեզ կսպանեն, բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Ինչպե՞ս հասկանալ այս միտքը:
Եթե պետք է սպանեն մարդուն, ուրեմն ինչպե՞ս նրա գլխից մազ չի պակասի, երբ կյանքն են խլում նրանց: Այ՛ո, մեր մարդկային նեղ մտածելակերպի համաձայն, մահը սարսափելի կորուստ է մարդու համար, քանի որ մենք ՎԵՐԻն բաների մասին համարյա չենք մտածում՝ մեր ներքին գաղջ ու մեղավոր մարդուն չկորցնելու պատճառով: Ստեփանոսին սպանում էին, իսկ նա տեսնում էր երկինքը բացված՝ Քրիստոսին Հոր աջ կողմում կանգնած: Ստեփանոսը մահվան շեմին զգաց, որ իր գլխից մի մազ չպակասեց, քանի որ իրեն դիմավորողը Քրիստոսն է, և առավել Մեծ է քան իրեն քարկոծողները:
Տէր Հիսուս ասում է ձեր մտքում պահեք սա… Քրիստոսին հետևող և Ավետարանը սերտող ամեն քրիստոնյա իր մտքում ունի Գողգոթայի խաչելության տեսարանը: Մեջտեղում Քրիստո՛սն է խաչված, իսկ աջ ու ձախ կողմերում՝ ավազակները, որոնցից մեկը մեղադրում էր Քրիստոսին, իսկ մյուսը՝ հանձն առավ, որ իրենք իրենց մեղքերի համար են ստացել արժանի պատիժ, իսկ Քրիստոս անմեղ է: Աջակողմյան ավազակը դավանեց և վկայեց Քրիստոսին, իսկ Քրիստոս նրան տվեց բերան և իմաստություն, որպեսզի նա վերջին պահին զղջա իր արաքները և նրա գլխից մի մազ չկորչի: Իսկ ձախակողմյան ավազակը մինչև վերջ մնաց անդրդվելի և բողոքող: Նա էլ ի՛ր տիրոջից էր ստանում լեզու և բերան: Օրինակները շատ են Աստվածաշնչում, որպեսզի մենք Հիսուս Քրիստոսի ամեն մեկ խոսքի իմաստը հասկանանք և մեր մտքում պահենք՝ համոզվելու համար,, որ մեր գլխից էլ մազ չի կորչելու, եթե մենք համբերությամբ դիմանանք և շահենք մեր հոգիները:
Գլխից մազ չկորչել, նշանակում է հոգին շահել: Իսկ հոգու Տէրը Հիսուս Քրիստոսն է: Մենք մտահոգ ենք մեր մարմնի համար, պայքարում ենք մեր բարիքի համար երկրի վրա, հոշոտում ենք միմյանց՝ հարստություն դիզելու համար, երկրի՛ վրա: Իսկ Տէր Հիսուս այլ բան է ասում, վերին բաների մասին է խոսում, որոնք մարդկությանը հասանելի չէ, քանի որ հետաքրքրված չեն Քրիստոսի խոսքերի պատվիրանների բառարանով: Գրքերն ու մարգարեությունները ամեն ինչ պատմում են Քրիստոսի աշխարհ գալու և խաչելության մասին: Հիսուս Քրիստոս ամեն ինչ արեց Աստվածաշնչով, մինչև անգամ՝ Իր խաչելությունը և Գողգոթայի խաչի վրա ասաց,- ամեն ինչ կատարված է: Նա այլևս նոր բան չունի ասելու, քանի որ ամեն ինչ արդեն ասել է, ամեն ինչ արդեն գրված է: Իսկ այսօր մարդիկ Աստծուց սպասում են նոր բան, հայտնություն, նշան, մի ձայն և այլն: Տէր Հիսուս Քրիստոս երկնքից հսկում է այսօր այնպես, ինչպես որ հսկում էր Ստեփանոսի քարկոծումը: Մարդիկ չեն տեսնում Քրիստոսին, որովհետև այդ մասին էլ է ասել, թե երանի նրանց, որոնք Ստեփանոսի սրտից կունենան, քանի որ նրանք պիտի Աստծուն տեսնեն:
Սիրելիներ մենք շատ կարիք ունենք մեր մտածելակերպը փոխելու և դուրս գալու այս հարմարավետ անտարբերության ճիրաններից: Աստվածաշունչն է մեր բոլոր հարցերի պատասխանը, ինչքան մոտենանք Աստվածաշնչին, այնքան մեզ համար հասկանալի կլինի ժամանակի իրադարձությունները, որոնք զարգանում ենք արդեն ժամ առ ժամ:
Աստվածաշունչը Աստծու կենսագրությունն է, տեղեկանք է Աստծու մասին, Աստծու բնութագիրն է իր ապրած կյանքի, ծառայության, ուսուցման, և մեզնից ժամանակավոր բաժանման մասին:
Որևէ հակասություն, կասկած, կեղծիք չկա Ավետարանների և Քրիստոսի կյանքի միջև: Ի՛նչ որ քարոզեց, ա՛յն էլ ապրեց: Ինչ որ իր վարդապետությունն էր, այն էլ ուսուցանեց:
Վստահ աշակերտներին ասաց,- Եկե՛ք և տեսե՛ք: Գնացի՛ն, տեսա՛ն և հետևեցի՛ն Նրա վարդապետությանը, մինչև անգամ նահատակություն, քանի որ տարբերություն չգտան խոսքի և գործի միջև:
Սա է քրիստոնեությունը՝ խոսքը գործ է, և հակասություն չկա մեջը: Քրիստոս երկնքից հսկում է մեզ, իմանալու համար ովքեր են հետաքրքրված Իր կենսագրությամբ, և ուրախանում է, երբ մեկը կարդում է իր բնութագիրը և հետևում է իրեն՝ թողնելով իր մեղքերը: Այսպիսի մարդու գլխից մազ չի պակասի, ըստ խոստման:
Հիմա եկե՛ք զուգահեռներ տանենք երկրավոր իշխանությունների և երկնավոր Իշխանի միջև: Երկրների ղեկավարները հսկում են մարդկանց և ամեն միջոցով տեղեկանում, և գրանցում են մարդու բոլոր տվյալները: մարդը այսօր թվայնացված է, և ազգային անվտանգությունը իր մասին ավելի շատ բան գիտի, քան ինքը՝ մարդը իր մասին; Իսկ ո՞ւմ է հայտնի երկրի ղեկավարների անձերի գաղտնիքները: Ո՛չ մեկին;
Աստված մտահոգ չէ, որ իր մասին հետաքրքրվեն, հակառակը ուզում է որ կարդան Իր մասին: Ամենացածր պաշտոնյան իսկ գաղտնի է պահում իր անձը, քանի որ չի համապատասխանում իր ցուցադրած կերպարի հետ: Մենք թողել ենք ջրի պես զուլալ ու կենսատու Երկնային Թագավորին, գերի ենք դարձել երկրային մութ ու խավար ուժերին, որոնց ո՛չ անձն է հայտնի, ո՛չ իրական կերպարը, ո՛չ մութ գործունեությունը, ո՛չ էլ գործերի նպատակը: Սա՛ է իրականությունը, որից մենք փախչում ենք, որովհետև մենք էլ երբեմն մտնում ենք ա՛յլ դերի մեջ: Դրա համար է ասում մեր Տէրը, որ պահեք ձեր մտքում իմ խոսքերը, որպեսզի նեղության ժամանակ իմանաք ի՞նչ անեք:
Մնացեք սիրով՝ ձեր միտքը, որ անկառավարելի է, թող հնարավորինս շատ ամբարի Աստծու խոսք իր մեջ: Քանի որ մարդ արարածի անկառավարելի մասերն են միտքն ու լեզուն:
Այսօրվա հարցը. Նոր Կտակարանի երրորդ գրքի հեղինակի կողմից ուրիշ ի՞նչ գիրք գրվեց: