ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Անասնամոլների, իգացողների եւ արվամոլների մասին
Հոգիս ողբում է իմ մեջ, ապշում ու զարմանում, սոսկալի զարհուրանքով ու դողությամբ անդադար հեծեծում եմ՝ հանապազ խոկալով, թե խավարային ախտերի ինչպիսի– անդունդներն է սողում իջնում մեր հանդգնությունը, այդ ախտից տարակուսած՝ տկարանում է լեզուս՝ չկարողանալով ցույց տալ ահավոր ախտերի պղծությունները, որոնք իրենց անօրինությամբ առավել են եւ գերազանցում են բոլոր մեղքերին։ Քանզի բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները։ Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուներն արուների հետ են գործում զազրելի անօրինություններ, եւ էգերն էգերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կրքերին, իսկ դրանցից առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ։
Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետեւ անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին։ Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին եւ այլեւս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դեւերի բնակարան եւ ողորմելի բոլորի համար։ Քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս ախտին, այլ բոլոր տեսակի դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, քանի որ նրանք ախտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ. արուները վավաշոտելով՝ իգացնում են արուների արուական բնությունը, իսկ էգերն անամոթանալով ու լրբանալով՝ իգական բնությունն են արուացնում։ Նաեւ անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է, քան բոլոր պղծությունները։
Բայց ես հիանում ու զարմանում եմ Աստծու համբերության վրա, որ երկնքից շուտափույթ կայծակներ չի իջեցնում այդպիսի ամբարիշտների վրա եւ ոչ էլ երկիրն է բացում եւ ընկղմում գարշելի տիղմով զազրացածներին։ Քանզի նրանք պղծվեցին օրենքից դուրս, եւ նրանց անօրինությունները գերազանցեցին մեղքերի բոլոր սահմանները։ Չեմ կարողանում ցույց տալ դառը, ողբալի ախտի վտանգավորությունը եւ առավել զարմանում ու ապշում եմ, երբ կանայք են գործում այդպիսի մոլեկան կատաղությունը եւ այս մտքից դուրս պղծությունները գործում։ Քանզի ի սկզբանե տղամարդը տղամարդ ստեղծվեց կանանց պետքերի համար, իսկ կինը կին ստեղծվեց՝ տղամարդկանց օգնական լինելու համար։ Բայց այս անզգայական ախտերն ու անօրեն անառակությունները աստվածադիր օրենքները փոխեցին ամբարշտությամբ, եւ բնական պետքերը, որ այրերը պետք է ընդունեին կանանցից, իսկ կանայք՝ այրերից, նրանք նաեւ ուրիշ աղտեղությունների փոխեցին եւ վերածեցին անհանդուրժելի գարշանքի, որ նողկանք է պատճառում բոլոր լսողներին, որի մասին պատմելը զարհուրեցնում է ինձ։
Արդ, դուք նույնպես, խոսքերս լսելով, գարշեցե՚ք եւ երանի թե զզվեիք ու նողկայիք այդ ամենից, որովհետեւ դրանք զազրելի են բոլոր ախտերից։ Այդպիսի մարդու հետ չի կարելի բնակվել, ո՛չ էլ նրա հետ հաց ուտել, այլ պետք է փախչել նրանից, ինչպես դեւից։ Պիղծ է այն ամենը, ինչին դիպչում են նրա ձեռքերը, բոլոր պղծություններից առավել պիղծ է նա, արժանի մեծագույն պատուհասների եւ բազում հրեղեն շանթերի ի վերուստ։ Նաեւ առավել ժանտամահ պիտի լինեն այդպիսի մարդիկ, ինչպես պոռնիկները, պիտի դատապարտվեն ահավոր չարչարանքների։ Քանզի պոռնկությունը, թեպետեւ անօրեն ու աստվածային պատվիրաններին հակառակ ախտ է, այսուհանդերձ ըստ բնության է այս մեղքը, մինչդեռ անասնամոլների, իգացողների եւ արվագետների պղծություններն առավել են, քան բոլոր մեծագույն անօրինությունները, եւ արթնացնում են Աստծու բարկությունն ու սաստիկ ցասումը։ Քանզի ասում է. «Բոլոր մեղքերը, որ գործում է մարդը, իր մարմնից դուրս են, իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում» Կոր. 6: 18 Այնքան զազրելի ու դժնդակ է այս մոլությունը եւ բոլոր պոռնկություններից առավել ահավոր պղծություն, որ դրա առավել ամբարշտության համեմատությամբ արդարանում են բոլոր մեղքերի սաստիկ անօրինությունները։ Ինչպես որ գրված է. «Հուդայի ուխտազանցության համեմատ արդարացավ Իսրայելի կռապաշտությունը» այդպես բոլոր անօրեն ախտերի չարությունից առավել եռաց այս ամբարշտությունը, որի պղծության մասին անհնարին է խոսքերով պատմել. քանզի խառնակեցին փոխեցին իրենց բնությունը. տղամարդկային բնությունը կանացի դարձավ, իսկ կանացի բնությունը՝ առնացի, եւ առավել սողալով՝ ապականվեցին անբան անասուններով. անօրեն, ահավոր անօրինություններ, արհավիրքներ, սոսկալի ահուդող։
Շարունակելի...
Թուղթ (Անասնամոլների, իգացողների եւ արվամոլների մասին)
Հովհան Մանդակունի Հայրապետ (ճառեր)
Օրվա ընթերցվածք.
Post Views: 1,361