ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Ովքեր ուզում են իմանալ, թե` Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի, թող կարդան:
– Որպեսզի Իր զավակներին ընտրի: Աստված ասում է` «սատանա՛, արա՛, ինչ ուզում ես», որովհետև ինչ էլ որ նա անի, ի վերջո իր մռութը կջարդի` հարվածելով անկյունաքարին, որ Քրիստոսն է: Եթե հավատանք, որ Քրիստոսն անկյունաքարն է, ապա ոչինչ մեզ չի վախեցնի:
Աստված որևէ փորձություն թույլ չի տալիս, եթե դրանից մի լավ բան դուրս չի գալու: Երբ Աստված տեսնում է, որ ավելի մեծ մի բարիք է դուրս գալու, սատանային թույլատրում է իր գործն անելու: Տեսա՞ք, թե Հերովդեսն ինչ արեց. տասնչորս հազար մանուկ կոտորեց, սակայն տասնչորս հազար մարտիրոս հրեշտակներ դարձրեց: Սատանան իր մռութը ջարդեց: Դիոկղետիանոսը սատանային գործակից եղավ` քրիստոնյաներին դաժանաբար տանջելով, սակայն, Քրիստոսի Եկեղեցուն ակամա բարիք գործեց, քանի որ Եկեղեցին սրբերով հարստացրեց: Կարծում էր, թե բոլոր քրիստոնյաներին կանհետացնի, սակայն ոչինչ էլ չարեց. սրբերի բազմաթիվ մասունքներ թողեց, որոնց խոնարհվում ենք, և Քրիստոսի Եկեղեցին հարստացրեց:
Աստված սատանային կարող էր վերջ տալ, Նա Աստված է. եթե ուզի, հիմա էլ սատանային կծիկի պես կարող է դժոխք հավաքել, սակայն կրկին մեր բարիքի համար է նրան թողնում: Մի՞թե Աստված սատանային կթողներ, որ նա Իր արարածին տառապեցնի ու չարչարի: Բայց մինչև որոշ աստիճան ու ժամանակ Աստված թողնում է, որ սատանան իր չարությամբ օգտակար լինի, մեզ փորձի, որպեսզի մենք առ Աստված ընթանանք: Նա արտոնում է, որ սատանան մեզ փորձի` միմիայն [այն դեպքում], երբ դրանից բարիք է դուրս գալու: Եթե բարիք դուրս չի գալու, ապա թույլ չի տալիս: Աստված ամեն բան թույլատրում է մեր բարիքի համար:
Հավատա՛նք դրան: Աստված սատանային արտոնում է, որպեսզի մարդը մարտնչի: Առանց մարտի ոչինչ չի ստացվի: Եթե սատանան մեզ չփորձեր, ապա կարող է կարծեինք, թե արդեն սուրբ ենք: Արդ, Աստված թույլ է տալիս, որ սատանան իր չարությամբ մեզ հարվածի, որովհետև մեզ հասցրած հարվածով մեր ամբողջ փոշին թափ է տալիս, ու մեր փոշոտված հոգին մաքրվում է: Կամ էլ
Աստված թողնում է, որ նա մեզ վրա հարձակվի ու խայծի, որպեսզի մենք Իրեն ապավինենք: Աստված մեզ շարունակ կանչում է, սակայն սովորաբար մենք հեռանում ենք Աստծուց և միայն այն դեպքում ենք Նրա մոտ վազում, երբ ինչ-որ վտանգ է հայտնվում: Երբ մարդն Աստծու հետ է միավորվում, ապա ազատ տեղ չկա, որ չարը մարդու մեջ մտնի: Բայց պատճառ էլ չկա, որ Աստված նրան թույլ տա` փորձելու մարդուն, որպեսզի վերջինս ստիպված լինի Իրեն ապավինել: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, չարը մեզ բարիք է գործում. նպաստում է, որ սրբանանք: Դրա համար էլ Աստված նրան հանդուրժում է:
Ըստ ձեզ` ոմն աբբա ինչու՞ է ասում այսպես.
«Փորձությունները վերացրու, և ոչ ոք չի փրկվի»: Որովհետև փորձությունները շա՜տ օգտակար են: Դա ոչ թե այն պատճառով, որ սատանան երբևէ կարող է բարիք գործել (չէ՞ որ նա չար է), այլ այն քարը, որ սատանան մեզ վրա է նետում` մեր գլուխը ջարդելու համար, Բարին Աստված արգելում է` այդ քարը մեր ձեռքի մեջ դնելով, իսկ մյուս ձեռքին նուշ է տալիս, որ քարով ջարդենք և ուտենք:
Այսինքն` Աստված փորձությունները թույլ է տալիս ոչ թե նրա համար, որ սատանան մեզ տառապեցնի, այլ որ այդպիսով մյուս կյանքի համար «քննությունները» հանձնենք և Երկրորդ Գալստյան ժամանակ անտրամաբանական պահանջներ չունենանք: Պետք է լավ հասկանանք այն, որ քանի դեռ այս կյանքում ենք, պատերազմում ենք ու պատերազմելու ենք նույն ինքն սատանայի դեմ: Քանի դեռ մարդը ողջ է, իր հոգու բարելավման համար շատ աշխատանք ունի տանելու և հոգևոր քննություններ հանձնելու իրավունք ունի: Երբ մահանա ու քննությունները չանցնի, այլևս կտրվում է. վերաքննություն գոյություն չունի: Սբ. Պաիսիոս Աթոսացի
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.1-7
1 Այս բա՛նն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, 6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով. 7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: