ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սաղմոս 71
Իքեզ, Տէ’ր, յուսացայ, մի’ ամաչեցիցյաւիտեան. ալէլուիա.
Յարդարութեան քում փրկեա եւ ապրեցո’ զիս. ալէլուիա:
Խոնարհեցո առ իս զունկն քո եւկեցո’ զիս:
Լե’րիմ, Աստուա’ծ, ապաւէն եւ տեղի ամուր` կեցուցանել զիս,
զի հաստատութիւն իմ եւ ապաւէն իմ դուես:
Աստուա’ծիմ, փրկեա’ զիսիձեռաց մեղաւորի, իձեռաց անօրինի եւ անիրաւի:
Դու ես համբերութիւն իմ, Տէ’ր. Տէ’ր, յոյս իմ ի մանկութենէ իմմէ:
Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ, յորովայնէ մօր իմոյ դու եսապաւէն իմ,
եւառ ի քէն է օգնութիւն իմ յամենայն ժամ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.2-9
Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալները, այսօր ձմռան առաջին օրն է: Փառք Աստծուն՝ տարվա բոլոր եղանակների համար, որ պարգևել է մեզ՝ վայելելու համար, իսկ մենք ձմռանը տրտնջում ենք, որ ցուրտ է, ամառը ասում ենք շոգ է: Բայց Աստծու գործերը հաստատ են և ամեն ինչ մեր բարիքի համար է; Ամեն նոր առավոտի հետ բազմանում է Տիրոջ ճշմարտությունը: Մեր մեծագույն բարիքը Աստվածաշունչն է, որից այսօր մի դաս ունենք սովորելու:
Այսօրվա Ավետարանի պատգամը նորից կրկնվում է, բայց որքան կրկնվում է, այնքան անտեսվում է: Հավանաբար չկա մի մարդ, որը չիմանա այս պատվիրանը՝ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի: Բայց ոչ բոլորն են ծածուկ բան անելիս հիշում հենց այս պատվիրանը: Եթե հիշեին մարդիկ ու պահեին այս պատգամը, մենք այսօր այսքան ծածուկ բաների բացահայտմանը ականատես չէինք լինի: Ոչ միայն այս, ալ առհասարակ Ավետարանի պատգամները գրվեցին, որ մարդիկ ապրեն դրանով և ապրեցնեն իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին;
Ավետարանը միայն համբուրելու համար չէ՛, այլ՝ կարդալու և կիրառելու: Խաչը միայն պարանոցին կախելու համար չէ՛, այն կոչում է՝ արդարությամբ ապրելու: Եկեղեցին միայն մոմ վառելու համար չէ՛, այնտեղ Աստծուն պետք է հանդիպել: Լուսավորչի գահաթոռը թանկ նյութից պատրաստելու համար չէ, այն քրիստոնյա ազգի հոգևոր պատասխանատվություն կրելն է: Հայրապետական գավազանը թանկագին քարերով զարդարելը չէ, այն ճակատագրական պահերին պետք է գետին զարկել, որպես ընդվզում; Նույնը վերաբերում է քաղաքական դաշտին: Ո՛չ մի պաշտոն չի հարատևի, եթե նպատակը այլ է, գործողությունը՝ այլ:
Դրա համար ճիշտ է ցանկացած պատվիրան լսել, մտապահել, կիրառել, որպեսզի ծածուկ բաները ի հայտ չգան և գաղտնի բաները չիմացվեն: Այսօրվա մեր դասը թող լինի այն մասին, որ մեր բոլոր գործերից առաջ հիշենք այս պատվիրանը, հետո կատարենք մեր քայլը, նկատի ունենալով, որ եթե բացահայտվի էլ, ամաչելու առիթ չենք ունենա: Պատվիրանը հիշելուց հետո մի կարճ աղոթք անենք, ասելով, Տէր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի դու արթուն պահիր իմ միտքը, որպեսզի որևէ ամոթալի արարք չկատարեմ: Իսկ բացահայտվելու դեպքում՝ չամաչեմ իմ արարքից:
Այլ խոսքով ասած Ավետարանը հոգևոր GPS է, անելանելի իրավիճակներում տեղորոշելու համար: Խորհրդատու է ճիշտ կողմնորոշվելու և պատասխանատվության չկանչվելու համար:
Ինչո՞ւ է այս խոսքերը մեզ համար գրվել, մի՞թե ինքնանպատակ են գրվել: Անշուշտ ո՛չ: Գրվել են, որպեսզի մենք առիթ չունենանք ասելու, թե չգիտեի, կամ նեղության մեջ եղած ժամանակ ելքը չգտնենք: Սիրելի հավատացյալ ընտանիք՝ Հանապազօրյա Հացի, ես ձեզ ուզում եմ այսօր մի գաղտնիք սովորեցնել, Ավետարանը հաճույքով և արդյունավետ կարդալու կարդալու համար: Նախ՝ Ավետարանը կարդացեք աղոթքով, փոքրիկ չափաբաժիններով, բայց ամեն օր: Մտովի հայտնվեք այնտեղ ուր Հիսուս Քրիստոսն է, և ուսուցանում է աշակերտներին կամ ժողովրդին, որպեսզի դուք էլ ձեզ տեսնեք ձեր կարդացածի մեջ: Օրինակ, ենթադրենք կարդում եք Անառակ որդու առակը: Կանգ առեք մի պահ, Խոսեք Աստծու հետ, մի կարճ աղոթք ստեղծեք այդ պահին, տվյալ հատվածը կարդալիս, ասելով՝ Տեր Աստված, փա՛ռք Քեզ այս գիտության համար, ահա ես էլ մի անառակ որդի եմ Քո առջև կանգնած, ողորմեցի՛ր անառակ որդուն, ողորմի՛ր նաև ինձ և պարգևի՛ր սրտի զղջում և ճշմարիտ ապաշխարություն, որպեսզի մաքուր սրտով Քեզ փառաբանեմ:
Կամ կարդում եք տասը կույսերի առակը, կանգ առեք մի պահ, աղոթք արեք, ասելով Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Բարձրյալ Աստծո Որդի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի իմ լապտերը, որ իմ հոգին է, միշտ հագեցած լինի Քո խոսքի լույսով, որպեսզի երբ Դու ուշանաս, ես չտկարանամ աղոթքի մեջ այնպես, ինչպես հիմար կույսերի առջև չբացեցիր դուռը, ասելով չե՛մ ճանաչում ձեզ: Ավետարանում հանդիպած բոլոր դեպքերի համար կարելի է կանգ առնել մի պահ, եղածը վերագրել սեփական անձին, աղոթել Աստծուն և շարունակել կարդալ:
Սուրբ Գրքի հետ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես վարվում ենք մեր հարազատի հետ, որին երբ կարոտում ենք՝ գրկում ենք: Համբուրում ենք ամեն հանդիպելիս, պատրաստ ենք նրա համար հոգ տանել, սպասում ենք, երբ ուշանում է, և այլն: Այս սուրբ Գիրքը կոչվում է Փրկության Ավետարան, այնտեղ է մեր փրկության ծրագրի Հեղինակի մասին հանգամանալից գրված: Մենք և՛ կույր ենք, և՛ կաղ ենք, և՛ անդամալույծ ենք, և՛ բորոտ ենք, և՛ կորած ոչխար ենք՝ փարախից հեռացած: Ջանք է պետք Աստվածաշունչը հասկանալու համար, իսկ հասկանալուց հետո անկարելի է նրանից կտրվել և անկարելի է առանց նրա ապրել:
Շատ շատ են դեպքերը, երբ մարդը նույնիսկ չի կարդացել Աստվածաշունչը, և Աստծու անունից խոստումներ է տալիս մարդկանց մխիթարելու համար: Առանց իմանալու, որ Աստված ձեռք չի մեկնում Իր խոսքը չպահողին: Քիչ առաջ հիշեցինք հիմար կույսերին տված Տիրոջ պատասխանը: Կամ մի այլ տեղում ասում է, ով իր հորն ու մորը ինձնից առավել է սիրում, ինձ արժանի չէ:
Ուրեմն ինչպե՞ս կարող ենք առանց Աստվածաշնչի գտնել մեր փրկության շիտակ ճանապարհը: Կամ պետք է լսե՛նք, կամ պետք է կարդանք: Չենք կարող Աստծուց միայն ուզել, մենք պետք է կարողանանք նաև տալ Աստծուն մեր մեղավոր անձերը, և հրաժարվել մեր եսասեր կամքից: Մեզ Աստվածաշունչ է պետք, մեզ կարճ աղոթքներ են պետք՝ նեղության ժամանակ, ինչպես որ Պետրոսը ծովի վրա սուզվելիս միայն ասաց,- Տէր փրկի՛ր, սուզվում եմ: Մի՞թե մենք սուզվող Պետրոս չենք: Դրա համար մենք պետք է ամեն օր ավելացնենք մեր հոգևոր պաշարը, որպեսզի նեղության ժամանակ կարողանանք կարճ աղոթքով մեր ասելիքը ասենք: Չքնենք աշակերտների նման, ինչպես Գեթսեմանի պարտեզում արեցին նրանք: Մենակ չթողնենք Տէր Հիսուս Քրիստոսին, որպեսզի Ինքն էլ մեզ մենակ չթողի մեզ մեր նեղության մեջ:
Երեմիա Մարգարեն այս մասին շատ գեղեցիկ նկարագրություն ունի, ասում է,-: Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտրում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կգտնի: Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել եւ նուաստացնել մարդու որդիներին: Երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, երբ դատարանում անիրաւում է մարդուն, Տէրը չի՞ տեսնում: Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց:
Սիրելիներ, մենք աշխարհի գունավոր տոնավաճառում փնտրում ենք ամե՛ն ինչ, բացի մեզ համար շատ կարևոր մի բան՝ հավիտենական կյանքի հույս, այդ ճանապարհը լուսավորող լույս: Այսօրվա մեր դասից սովորեցինք, որ չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան որ չիմացվի; Բայց առանց Աստվածաշունչ կարդալու չենք իմանա դրա գաղտնիքները: Նաև սովորեցինք կարդալիս կարճ աղոթել: Մնացեք սիրով, ձեր գաղտնի գործերը թող արդար լինեն, իսկ բացահայտ գործերը՝ օրինակելի այլոց համար:
Այսօրվա հարցը. Ո՞վ է Եղիսաբեթը: