ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Խաղաղութի՛ւն մեր եւ Կեա՛նք, որ ի Հօրէ առաքեցար, Միածին Որդի՛ Աստուծոյ, Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսո՛ւս Քրիստոս, տո՛ւր մեզ զխաղաղութիւն Քո, զոր շնորհեցեր սրբոց Քոց առաքելոց փչմամբ Քո ի նոսա զկենդանացուցիչ եւ զամենազօր Հոգիդ Քո Սուրբ. որպէս զի եւ մեք խաղաղացեալք յամենայն աշխարհական սահեցմանց՝ լիցուք տաճար եւ բնակարան աստուածային շնորհացդ եւ գոհանալով փառաւորեսցուք զՔեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ, Քրիստոս Աստուա՛ծ մեր, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.1-9
Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: 3 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6 Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում”: 8 Այգեգործը պատասխանեց եւ ասաց. “Տէ՛ր իմ, դա այս տարի՛ էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն”»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Մաղթում եմ ձեզ, որ դուք հավատով արդարացված խաղաղություն ունենաք մեր երկրի համար վճռական այս օրերին, երբ խռովության ոգին շրջում է Հայաստանում, և մարդիկ չեն ուզում հիշել, որ Աստված մեզ չի կանչել ամբարտավանության համար, այլ՝ սրբության: Այս օրերին ոչ ոք չհիշեց, Ավետարանի խոսքը, որն ասում է նեղությունները համբերություն են բերում, իսկ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունն էլ հույս է ծնում:
Գրեթե յուրաքանչյուր սերտողության ժամանակ, ես ձեզ հիշեցնում եմ, որ Աստվածաշունչը թող անպայման լինի ձեր սեղանի բացված գիրքը: Ովքեր ունեն այդ փորձառությունը, կհաստատեն խոսքս, որ Աստծու խոսքով առաջնորդվելու դեպքում նույնիսկ ներկա վիճակի խառնաշփոթի մեջ հավատացյալը ելք գտնում է, որովհետև մշտապես կարդացողը մշտապես ապաշխարության մեջ է: Մեր Տիրոջ առաջին պատգամն էլ ապաշխարության մասին էր:
Այսօրվա Ավետարանն էլ ապաշխարության կոչ ներկաներին, որոնք հավաքված էին Նրա շուրջ այն խոսակցությունից հետո, երբ կանխասացություն էր անում ժամանակների և նշանների մասին: Ոմանք ժամերի ու ժամանակների մասին էին հետաքրքրվում, ոմանք նշաններ էին հայցում, որպեսզի հավատան, թե Հիսուսն է Քրիստոսը: Երբեմն Տէր Հիսուս իր խոսքերի բացատրությունը թողնում էր հարց տվողների տրամաբանական վերլուծությանը: Ներկաները ամենևին էլ չհասկացան այն խոսքերը, որ ասաց Հիսուս Քրիստոս, թե երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքան եմ ուզում, որ արդեն իսկ բորբոքված լինի:
Հիսուս Քրիստոսին հետևող մարդկանց մեջ կային նաև Հովհաննեսի աշակերտներից, որոնց ծանոթ էր ապաշխարություն բառը, քանի որ Հովհաննես Մկրտիչը շատ էր կրկնում իր քարոզների ժամանակ:
Այսօր էլ Քրիստոսի այս խոսքերը շատ մարդկանց համար անհասկանալի են, թե ի՞նչ կրակի մասին է խոսքը: Ձեզնից շատերը, որ ապաշխարության կյանքով են ապրում, գիտեն, որ Աստծու ամեն խոսք մարդու ներսում կատարում է նույն մաքրագործությունը, ինչ կրակը ոսկու համար: Աստծու խոսքն է, որ մտնելով մեղավոր մարդու սրտի մեջ, մաքրում է սիրտն այնպես, ինչպես կրակն է լափում ու մաքրում ամեն բան:
«Կրակի բովով անցած» արտահայտությունը շատերս ենք գործածում: Երբեմն կրակը մարում է, երբեմն բորբոքվում է, նայած պայմաններից: Եթե Աստծու խոսքը համարենք կրակ, որը մաքրում է մեր մեղքերը, մեզ մաքրված տեսնողը անպայման կկամենա ինքն էլ նմանվել մեզ: Խոսքը այս կրակի բորբոքման մասին, որ հավատացյալները պետք է բռնկվեն Աստծու խոսքի կրակով և տարածեն այդ կրակը մարդկանց մեջ:
Մենք տեսել ենք, որ նպաստավոր պայմանների դեպքում ինչ արագությամբ է բռնկվում հրդեհը, հատկապես որ թեթև քամի է լինում: Դեռ աշակերտներն ու ներկաները մտորումի մեջ էին այս կրակի բռնկվելու թեմանի մասին, երբ այլ մարդիկ մոտեցան նրանց և վատ լուր հայտնեցին այն մասին, որ Պիղատոսը գալիլիացիներ է սպանել: Լուր բերողների զարմանքը մեծ եղավ, երբ տեսան Հիսուսի սառնասիրտ պատասխանը, որը ավելի շատ հարց էր ուղղված իրենց, քան պատասխան: Հիսուս Քրիստոս կամեցավ լուր բերողներին հասկացնել, որ դուք, որ այդ լուրը բերեցիք, ավելի արդար չեք, քան այն գալիլիացիները, որոնց հետ պատահեց այդ բանը:
Նմանատիպ մի պատկեր էլ մենք հիշում ենք, երբ անբարո կնոջը Հիսուսի ոտքերի մոտ գցեցին, որը բռնվել էր շնության մեղքի մեջ: Մեծ ակնկալությամբ սպասում էին, որ Հիսուս կարտոներ նրան քարկոծելով սպանել: Սակայն Տէր Հիսուս այստեղ էլ հարցով պատասխանեց: Ո՞վ է ձեզնից անմեղը թող առաջինը քարը գցի: Անբարո կնոջը մեղադրողները կասկածում էին Հիսուսի Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու ճշմարտության վրա, Սակայն Տէր Հիսուս վստահ էր որ ներկա մեղադրողները բոլորն էլ մեղավոր են: Նրանց լուռ հեռանալը փաստեց այդ մասին: Այդ պահին այդ կինն էր բռնվել շնության մեջ, բայց չի նշանակում, որ չբռնվածները նույն մեղավորները չէին;
Այդ պատճառով գալիլիացիների սպանության մասին նույն կերպ ասաց, որ բոլորդ եք մեղավոր, ուղղակի այդ պահին այդ գալիլիացիները հանդիպեցին Պիղատոսի վայրագությանը: Այստեղ էր, որ ապաշխարության կոչ արեց ներկաներին. ասելով,- եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք այնպես, ինչպես Սիլովամի աշտարակի տակ մնացած տասնութ մարդիկ: Դեպքերը տարբեր են, բայց պատճառը նույնն է, այսինքն մեղքի վարձը մահն է:
Սիրելիներ, ես վստահ եմ, որ Պիղատոսի լուր բերողները և ներկա գտնվողները սիրով չընդունեցին Հիսուսի այդ խոսքերը, այնպես, ինչպես որ մենք այսօր սիրով չենք ընդունի, եթե մեկն ասի, որ մեր օրերում կատարվածը մեր մեղքերի վարձն է: Այս խոսքերը արդիական են նաև այսօր, և արդիական են լինելու միշտ, քանի որ Աստծու խոսքը փոփոխության չի ենթարկվում հավիտյան; Մի պարզ ճշմարտություն կա այս խոսքերի մեջ, որը պետք է մտապահենք ամենքս; Ապրողները թող չմտածեն, որ իրենք ապրում են, ուրեմն ավելի արդար են, քան այն մարդիկ, որոնք մեռան: Կամ իրենց տներում ապրողները ավելի արդար չեն, քան այն գաղթականները, որոնք կորցրին իրենց տները և մնացին անտուն և անօթևան;
Առհասարակ այսպես է, երբ մի աղետ է պատահում, այս ճշմարտությունը ոչ ոք չի հիշում: Գիտե՞ք ինչու է այդպես: Որովհետև շատերս մեզ համար մի հարմարավետ աստված ենք հորինում և միշտ մտածում ենք, որ այդ աստվածը բոլոր պարագաներում մեզ սիրում է, հեքիաթային սպասումներ ունենք մեր հորինած աստծուց; Իսկ երբ չի իրականանում մեր սպասումները, մենք հիասթափվում ենք: Սա էլ ի՛ր հիմնավոր պատճառներն ունի: Գիտե՞ք որն է:
Մենք Աստվածաշունչ շատ քիչ ենք կարդում: Եթե շատ կարդայինք, Իրական Աստծու մասին մեր պատկերացումը իրական կլիներ, ոչ թե հորինած: Հիշեք, թե ի՞նչ ասաց Տէր Հիսուս քանանացի կնոջը, ուղղակի շուն անվանեց: Իսկ սամարացի կնոջ հետ խոսեց և հայտնեց իր անձը: Մենք պետք է լավ սովորենք մեր Տիրոջ պահանջները մեզնից, և Իր պատասխանը՝ մեզ: Մենք պետք է հստակ հասկանանք Աստծու գործելաոճը ամեն պարագայի համար: Դրա համար Ավետարանը պետք է միշտ հուշողի դերում լինի մեր կյանքում:
Ներկաներին Իր ասելիքը պարզաբանելու, և հասկանալի դարձնելու համար, Վարդապետը մի առակ պատմեց այն թզենու մասին, որը երեք տարի պտուղ չէր տալիս, և այգեպանին ասաց, որ կտրի ծառը, քանի որ անիմաստ հող է զբաղեցնում: Մենք գիտենք, որ առակները ընդլայնում են մարդու մտահորիզոնը, և մենք կարող ենք տարբեր տեսանկյուններից դիտարկել և վերլուծել իր կոնտեքստի մեջ: Թզենու օրինակ մենք էլի ենք հանդիպել Ավետարանում, կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ հենց ծառը նկատի չունի, այլ խորհրդանշում է մարդուն, որից Աստված միշտ ակնկալում է պտուղ իր կյանքի երեք ժամանակահատվածներում էլ: Իսկ կյանքի վերջին հատվածում էլ եթե անպտուղ մնա, կտրելու կարժանանա: Մեծ առումով Աստված մարդու համար բոլոր հնարավորությունները ստեղծում է, սպասում է պտղի, իսկ անմիտ մարդը անտեսելով իր փրկությունը ողջ կյանքը պայքարում է ա՛յս աշխարհում լավագույն տեղերի ու պաշտոնների համար:
Իսկ նա, որը տեղյակ է Աստծո գործելաոճին, այս կյանքում պայքարում է միայն հանդերձյալ կյանքում տեղ ունենալու համար: Աստվածաշնչյան բոլոր առակները գալիս են մեզ սովորեցնելու մեր կյանքը Աստծու առջև շիտակ ապրելու բանաձևը: Եթե մենք համառում ենք սովորել, անցնում է մեր կյանքի առաջին երկու մասերը և գալիս է վերջին՝ պատասխան տալու մասը: Ինչպես Տաթևացին է ասում,- ծերության ժամանակ մեղքից հեռու մնալը ոչ թե առաքինություն է, այլ անկարողություն: Ուրեմն մեղքի դեմ պետք է պայքարել երիտասարդ ժամանակ, որպեսզի պայքարը գնահատվի և վարձատրվի: Իսկ ծերության ժամանակ ապաշխարությունը անարժեք է, քանի որ ծեր մարդը շատ ու շատ մեղքերից տարիքի պատճառով զրկված է: Սիրելիներ, աներևույթ թշնամու զենքերը բազմազան են, և ուղղված են մեր դեմ; Մենք բացի նրանից, որ պետք է զինվենք Աստծու սպառազինությամբ, պետք է ճանաչենք նաև թշնամու զենքերը և ամեն օր հզորանանք՝ հզորացնելով մեր զենքերը: Սա՛ է աշխարհի օրենքը: Հայրը Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին զոհաբերեց մի նպատակի համար: Քո նպատակն է այդ նպատակին հասնել ամե՛ն գնով: Պետք չէ՛ թաքնվել աշխարհի չար ոգուց, այլ պետք է վերլուծելով պայքարել և խնդրել Աստծու օգնությունը: Այսօրվա մեր դասը թող լինի ապաշխարության կոչը, մեր օրերի իրադարձությունները թող առիթ հանդիսանան մեր ճշմարիտ ապաշխարությանը, որպեսզի բոլորս էլ չկորչենք, ինչպես որ ասաց Տէր Հիսուս Քրիստոս:
Մնացեք սիրով՝ յուրաքանչյուրդ զբաղվեք ձեր գործով, զղջումն ու ապաշխարությունը թող ձեր կյանքի անբաժան ուղեկիցները լինեն և ձեր թզենին թող ամեն տարի պտուղ տա: Հարց. Ի՞նչ է նշանակում սիրել.