ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Թագաւոր յաւիտեան:
Որք ի խորանս սրբութեան եմք ժողովեալ՝ օրհնել զՔեզ, Քրիստո՛ս, աղաչանօք սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի զպաղատանս մեր մի՛ անտես առներ, որ միայնդ ես բազումողորմ, Թագաւո՛ր փառաց Քրիստոս:
Ոչ են բանք, եւ ոչ են խօսք, որոց ոչ լսին ձայնք նոցա: Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա, եւ մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա: Աղաչանօք սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի զպաղատանս մեր մի՛ անտես առներ, որ միայնդ ես բազումողորմ, Թագաւո՛ր փառաց Քրիստոս:
Նահատա՛կք եւ վկա՛յք Քրիստոսի Աստուծոյ, ընդհանուր տիեզերաց քարո՛զք փրկութեան, որք զանձինս ձեր մատուցիք պատարագ եւ զենումն Աստուծոյ Հօր ի հոտ անուշից. ժողովելոցս ի կատարել զյիշատակ անուան ձերոյ բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն քաւութեան մեղաց մերոց:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.35-10.7
Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: 36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելիներ. Փառք Աստծո, որ մենք դարձյալ միասին ենք, և սա Իր պատգամի կատարումն է մասսամբ, քանի որ հեռավար է մեր այս շփումը, և մենք միմյանց հետ կենդանի հաղորդակցություն չունենք: Իմաստություն խնդրենք Աստծուց Իր խորհուրդներն ու խոսքերը հասկանալու համար, որովհետև մենք երկրային բաները, որոնց մեջ ապրում ենք, հազիվ ենք հասկանում մեր մտքի անհաստատության պատճառով: Եթե իմաստություն չունենանք և Աստված Իր Սուրբ Հոգին չառաքի երկնքից, մեր մտածումները մեզ կտանեն մոլորության ու կործանումի, ինչին շատ հաճախ ականատես ենք լինում: Իսկ եթե մենք նախանձախնդիր լինենք լավագույն շնորհներին, Աստված մեր ճանապարհները ուղիղ կանի մեր առջև:
Մենք հիմա համառոտ ամփոփենք Աստվածաշնչի գլխավոր նպատակը, որպեսզի հասկանալի դառնա մեր այսօրվա ընթերցվածքի ասելիքը: Հայր Աստծու ձայնը երկնքից երկու անգամ լսվեց տարբեր առիթներով, մեկը՝ մեր Տիրոջ մկրտության ժամանակ, մյուսը՝ Թաբոր լեռան վրա կատարված Պայծառակերպության ժամանակ: Երկուսի բովանդակությունն էլ նույնն է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»։
Իսկ Որդին՝ Տէր Հիսուս Քրիստոս, երկրի վրա հաստատեց Իր եկեղեցին, որը բաղկացած է Իրեն հավատացող, դավանող և Իր խոսքով ապրող մարդկանցով: Ընտրեց աշակերտներ պարզ մարդկանցից, ուսուցանեց նրանց Իր վարդապետությունը և պատվիրեց, որ նրանք աշխարհով մեկ տարածեն Արքայության Ավետարանը: Երեք տարի շրջեց նրանց հետ, եղավ նրանց համար լավագույն օրինակը, հաղթեց սատանային և ապացուցեց, որ ամեն ոք կարող է հաղթել, եթե իր մեջ ունենա Քրիստոսին: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, մենք այդ մարմնի անդամներն ենք: Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, եթե մարմնի մի անդամը ցավում է, նրա հետ ցավ են զգում նաև մարմնի մյուս անդամները: Իսկ եթե առողջ են մարմնի անդամները, փառավորվում է ողջ մարմինը:
Տէր Հիսուս երբ շրջում էր քաղաքներով ու գյուղերով, տեսնում էր ժողովրդի հոգնած բազմությունը, որը ցրված էին ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն: Գթաց նրանց և զգաց, որ այդ ժողովուրդը հովվի կարիք ունի, խնամքի կարիք ունի, դաստիարակության և կրթության կարիք ունի: Աշակերտներին պատվիրեց, որ աղաչեն հնձի Տիրոջը՝ մշակներ հանելու համար; Տէր Հիսուս երբեք չասաց, թող ոչխարները իրենց համար արածեն, հետո ամենքը իր փարախը թող դառնա: Այլ ասաց, որ ոչխարը հովվի կարիք ունի, այլապես կարող է հոտը իր համար որակյալ արոտատեղ չգտնի և վտանգ կա, որ գայլը հափշտակի նրանց:
Այս միտքը լավ ըմբռնելու համար, դարձյալ վերադառնանք մեր Հայրենիք, տեսնենք մեր ժողովրդին, որ ցրված է ինչպես այն բազմությունը, որին գթաց Տէր Հիսուս: Նման է հովիվը կորցրած հոտին, բացի նրանից, որ կորցրել է իր ամենօրյա արոտը, հայտնվել է գայլերի ոհմակի մեջ: Ինչո՞ւ է բազմությունը հայտնվել հրապարակներում՝ առանց հովվի: Միայն այսօ՛ր չէ, որ բազմությունը դուրս է եկել փողոց:
Ժողովրդի բազմությանը առաջնորդելու համար ի սկզբանե Աստված հաստատել էր քահանայությունը: Տէր Հիսուս նույնպես կարևորեց այդ հանգամանքը և ընտրեց աշակերտներ՝ բազմությանը ուղղորդելու համար: Սա նշանակում է, որ ինչպես անհատը, այնպես էլ բազմությունը առաջնորդի կարիք ունի, այնպիսի առաջնորդի, որը կզբաղվի հասարակության կրթության և դաստիարակության հարցով: Այլապես ի՞նչի համար են առաջնորդները, երբ ժողովուրդը օրհասական պահերին ինքնուրույն պետք է ցույց տա իր ընդվզումը այս կամ այն անարդարության դեմ: Քանի որ բազմությանը չի առաջնորդում որևէ մեկը, նրանք շատ արագ բաժանվում են խմբերի, գաղափարների, կարծիքների և պառակտվում են: Այնպես, ինչպես պառակտված է այս պահին մեր ժողովուրդը: Ժողովրդին ուղղորդելու վերջնական նպատակը սերն է: Ուրեմն սերն է դաստիարակության հիմքը: Ի՞նչ էր Տէր Հիսուս Քրիստոսի արածը, եթե ոչ դաստիարակություն՝ սիրուց մղված: Ի՞նչ էր Հիսուս Քրիստոսի խաչելության նպատակը, եթե ոչ ժողովրդի փրկությունը, որը բխում է սիրուց: Այսինքն դաստիարակել ժողովրդին, նշանակում է նրան սովորեցնել սիրե՛լ: Չկա դաստիարակություն՝ առանց սիրո, և չկա՛ սեր՝ առանց ազատության:
Սիրելիներ, կարծում եմ համամիտ կլինեք, որ ժողովրդի բազմությունը լավ վիճակից չէ, որ հայտնվում է հրապարակներում: Երբ ժողովուրդը գտնվում է հրապարակում՝ բողոքի ակցիաներով, նշանակում է, որ ղեկավարներն ու առաջնորդները չեն աշխատում, և հոտը մնացել է առանց հովվի և առանց ղեկավարի: Աստծու նախախնամությամբ մեր ազգը ազատվեց յոթանասուն տարվա աստվածմերժության լծից և հնարավորություն ստացավ ճանաչել Աստծուն, ապրել Նրա խոսքով և ունենալ խաղաղ կյանք: Ահռելի բացթողումներն ու անտարբերությունը հոգևոր դաշտում ակնհայտ է, նրա թողած ավերը տեսանելի է, ժողովրդի պառակտումը անխուսափելի եղավ, որը լի է վտանգավոր հետևանքներով: Հիմա անդրադառնանք հավատացյալ հոտին: Երեսուն տարի է, մեր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, քարոզ է խոսվում եկեղեցում, որոշ տեղերում նաև կազմակերպվում էր Աստվածաշնչի սերտողություն, բայց մեր ժողովուրդը անտարբեր է իր հոգու փրկության հարցի հանդեպ: Այ՛ո քահանաները գուցե քիչ են իրեն թվով, բայց նրանց սակավությունը չզգացվեց անտարբեր ժողովրդի բազմության մեջ, քանի որ քահանայից չպահանջեց հոտը, որ իրեն կրթի ու բացատրի: Քահանային հիշում են, երբ աղ ունեն օրհնելու, տուն ունեն օրհնելու, պսակ ու թաղում ունեն, կամ պետք է մկրտվեն: Ժողովուրդը իր ապաշխարության անհրաժեշտությունը չի զգում, դրա համար քահանայի քարոզը չի փոխում մեղավոր մարդուն:
Ամեն ինչ սերտորեն կապված է իրար հետ և այսօր այդ կապը կտրվել է, որը շատ վտանգավոր տեղ է տանում: Քրիստոնյա Հայաստանում հանրությունը իրեն պահում է հեթանոս ժողովրդի պես:
Բոլորը հիշում են Չարենցի խոսքերը, թե ՝ Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է: Ո՞վ պետք է միասնական դարձնի ժողովրդին, եթե ոչ օրենքն ու Աստծու խոսքը: Իշխանություն -հոգևորականություն - ժողովուրդ կապը վնասված է, և Քրիստոսի մարմնի անդամները բոլորը հիվանդ են; Հիվանդ է ողջ մարմինը: Դրանից ցավում են բոլորը: Այս ամենը կատարվում է Տէր Հիսուս Քրիստոսի Ամենատես աչքի առջև, որը գթաց ժողովրդին, որ ցրված էր: Բայց միևնույն ժամանակ Նա ժողովրդին պատգամներ տվեց առողջ լինելու համար: Մինչև անգամ Իր առաքյալներից ուղարկեց Հայաստան՝ Իր Ավետարանը քարոզելու համար: Աստված մեզ անմասն չի թողել իր փրկությունից, մենք ենք անտեսում մեր փրկությունը՝ կենցաղային հոգսերի պատճառով: Պետք է արթնանալ այս խորը թմբիրից և ամենայն ուշադրությամբ քննել ապրած կյանքը, անդրադառնալ մեղքերին, զղջալ, ապաշխարությունը որպես անբաժան ուղեկից ունենալ մինչև մահ: Հունձը առատ է նաև այսօ՛ր, մշակները սակավ են նաև այսօ՛ր: Այսօր էլ աղաչող չկա հնձի Տիրոջը, որ մշակներ հանի հնձի համար; Տէր Հիսուս այսօր էլ մտահոգ է Հայաստանի կորած ոչխարների համար, ինչպես մտահոգ էր Իսրայելի կորած ոչխարների համար: Այսօր էլ Նա ուզում է, որ հրապարակներում քարոզվի և բարձր ամբիոններից հռչակվի Իր խոսքը, թե “Երկնքի արքայությունը մոտեցել է”:
Եթե քրիստոնյա Հայաստանն է այս վիճակում, ի՞նչ կարող է լինել հեթանոսների և աթեիստների շրջանում, որոնք ամեն օր գլուխ են բարձրացնում ու աճում: Մեր Տէրը արգելեց աշակերտներին արգելեց գնալ հեթանոսների շրջանները, այլ միայն Իսրայելի կորած ոչխարներին փնտրելու պատվեր տվեց; Տէր Հիսուս ուզում էր, որ յուրայինները ճանաչեն Իրեն և յուրայինների հավատի միջոցով դարձի գան նաև հեթանոսները: Իսկ հեթանոսների համար պատրաստել էր մի ընտրյալ անոթ՝ Պողոս առաքյալին, որին դարձրեց հզոր քարոզիչ հեթանոսների համար: Հայաստան էլ ուղարկեց Իր առաքյալներին, որպեսզի գուցե մեր միջոցով շատերը փրկվեն, բայց ավաղ, դեռ մենք մեզ չենք կարողանում հասցնել փրկության ճանապարհին; Այս օրերին ժողովուրդը ցավի ու վշտի մեջ է իր զավակների կորստի պատճառով: Մտահոգ է իր երկրի տարածքների կորստի պատճառով; Տագնապի մեջ է խաբված լինելու առումով: Հիասթափված է վստահությունը հիմնովին կորցնելու փաստից: Այսօր առավել կարիք ունի Աստծո խոսքի զորությամբ մխիթարվելու: Հունձը սգակիր է, վշտի մեջ է, իսկ մշակները՝ սակավ են: Ժողովուրդը այն աստիճան է մասնատվել, որ անկարելի է այս պառակտումը կանխել:
Սիրելիներ, մեր խնդիրները շատ են, բոլորը հրատապ լուծում են պահանջում, կյանքը ամեն օր ավելի նողկալի է դառնում չմխիթարված ու հուսահատված մարդու համար: Յուրաքանչյուրս պետք է սթափվենք և դուրս գանք այս մղձավանջից, հիշելով Ավետարանի պատգամը՝ թե Երկնքի Արքայությունը մոտեցել է… Մնացեք սիրով, մնացեք համերաշխությամբ, միաբան եղեք ձեր մերձավորների հետ, ներեք միմյանց, մի վշտացրեք միմյանց չնչին բաների համար: Այսօրն է մերը, վաղը գուցե ուշ լինի որևէ բան շտկելու: Այսօրվա հարցը այսպիսին է. Այս բոլորը լսելուց հետո կարո՞ղ են ներել նրան, ում չէի՛ր ներել մինչ այս պահը: