ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Թագաւոր յաւիտեան:
Զմոլորեալ ծառայս խնդրեա՛, Տէ՛ր, եւ մի՛ դատապարտեր զիս ի յաւուրն այցելութեան Քո, մարդասէ՛ր:
Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զՔեզ, եւ իրաւունք Քո օգնեսցեն ինձ: Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա՛ զծառայս Քո, զի զպատուիրանս Քո ես ոչ մոռացայ, եւ մի՛ դատապարտեր զիս:
Որ մոլորեցայ ի հօտէ Քումմէ, Հովի՛ւ բարի, խնդրեա՛ զիս՝ զմոլորեալս, եւ արժանաւորեա՛ խառնիլ ի հօտ Քո, Քրիստո՛ս. եւ կեցո՛:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.49-59
«Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի սիրելի ունկնդիրներ: Փառք Աստծուն նաև այս ուրբաթ օրվա համար, որ արթնացանք, տեսանք բարի առավոտը, գոհացանք Աստծուց, նայեցինք լրահոսը, տեսանք թե պատկան մարդկանց անտարբերության պատճառով ինչ տագնապի մեջ են մեր այն հայրենակիցները, որոնց զավակների անունները գրված են անհայտ կորածների ցուցակում, և լուր չունեն, ոմանց զավակների անունները գրված են զոհվածների ցուցակում, դիակների տեղը չգիտեն և տարատեսակ այսպիսի լուրեր: Սգակիր ծնողները վշտի մեջ են, անհայտ կորածների ծնողները ուրիշ վիտի մեջ են, անհայտ դիակների ծնողները մեկ այլ վշտի մեջ են, վիրավորների ծնողները ցավի մեջ են, ողջ մնացած զինվորները ուրիշ ընդվզումի մեջ են, մասերի բաժանված հասարակությունը խռովքի մեջ է, բզկտված իշխանությունը պայքարի մեջ է, հոգևոր իշխանությունը մեղադրողի դեր է ստանձնել: Չկա մի հատված, որ մտահոգ չլինի: Չկա մի ինստիտուտ, որ սրտացավ վերաբերմունք դրսևորի հասարակության ցավերին: Այսքան կորցրածի պատասխանը ո՞վ է տալու և հատկապե՛ս ինչպե՞ս է տալու:
Առավոտյան լուրերով լսեցի, թե ինչպես մի քանի տղամարդ, որոնք եկել էին տարբեր մարզերից, Պաշտպանության նախարարության դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում այն մասին, որ իրենց զավակները չկան և ոչ ոք չի աջակցում իրենց՝ գտնել կորածներին: Նրանք նույնիսկ պատրաստ էին պատերազմի դաշտում փնտրել իրենց զավակների դիակները, սակայն իրենց թույլ չեն տալիս: Ո՛չ իրենց են թույլ տալիս, ո՛չ էլ պետական մակարդակով են փնտրվում դիակները:
Մի պահ մեզ պատկերացնենք այդ մարդկանց փոխարեն: Կորցրե՛լ են իրենց զավակներին, կորցրե՛լ են նրանց գտնելու հույսը, կորցրե՛լ են այն հողը, որի համար զոհվել են իրենց զավակները, և որ ամենավտանգավորն է՝ վերջնականապես կորցրել են իրենց վստահությունը իշխող կառավարության, բոլոր պատասխանատու նախարարությունների նկատմամբ: Այս մարդիկ իրենց ցավի հետ մենակ են կանգնած նախարարության դիմաց, և նրանց հիմնավոր պատասխան տվող չկա: Այսքան կորցրածի պատասխանը ո՞վ է տալու և հատկապե՛ս ինչպե՞ս է տալու:
Այսինքն պատերազմը բացահայտեց մեր երկրի ներքին փտածությունը, արտաքին կեղծ շպարը, անհավատարիմ պատասխանատուներին, պաշտոն զբաղեցրած և անգործության մատնված ղեկավարներին, մի խոսքով ոչ ոք տեղում չէ: Այս տարիների ընթացքում տեղում չի եղել նաև եկեղեցական իշխանությունը՝ իր առաքելության անհրաժեշտությամբ: Բավարար չէ, որ այսօր բոլորը ժամանակավրեպ ուղերձներ են հղում, ժամանակավրեպ վերլուծություններ անում: Պետք էր ժամանակին տեսնել, ձեռքը բռնել, արգելել, չենթարկվելու դեպքում բարձրաձայնել՝ աղետը կանխելու համար: Այսօր՝ այսօրվա հարցը պետք է լուծել:
Այս օրերի մեր լուրերին հետևելիս տեսնում ենք, որ ատելությունից դրդված ժողովրդի մի մասը սպասել է, որ մեղավորը ընկնի և ընկածին հարվածի, մի ստվար զանգված սպասել է, որ մեղավորը ընկնի իրենք գան իշխանության, մի մասը անհամբեր սպասել է այս օրվան, որ նախկին ռեժիմին վերադարձնի, մի մասը ցավում է ընկածի համար և այսպես շարունակ: Ո՛չ ոք ներդրում չունի աղետը նախապես զգալու և կանխելու մեջ: Սա ամենամեծ աղետն է մեր երկրում այսօրվա դրությամբ;
Սիրելիներ, այս ամբողջը ինչ որ ձեզ նկարագրեցի, ձեր աչքի առջև է եղել: Դուք այս ամենի մեջ Աստծուն տեսա՞ք: Աստվածավախ պաշտոնյա տեսա՞ք: Սիրո մի փոքրիկ դրսևորում տեսա՞ք վշտակիր ծնողների և առհասարակ մոլորված նկատմամբ: Ես չ՛տեսա:
Երեկվա մեր սերտողության մեջ մենք անդրադարձանք Հիսուս Քրիստոսի՝ աշակերտներին տված իշխանության և նրա կատարած զորություններին: Այսօր անդրադառնանք մեր հոգևոր և քաղաքական իշխանություններին և նրանց բերած աղետներին: Հիշենք նաև, որ Տէր Հիսուս ասաց,- «Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի»։
Հիմա այս բոլորը, ինչի մասին խոսեցի, փորձենք վերլուծել ձեզ հետ միասին՝ այսօրվա Ավետարանի պատգամի լույսի ներքո, որն ասում է.- Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. և ավելացնում է.- Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում:
Այս հարցը ուղղված է համայն մարդկությանը, այս պահին Հայաստան աշխարհին, և միևնույն ժամանակ մեզնից յուրաքանչյուրին: Ո՞վքեր են քննողները, որ չքննեցին ու ժողովրդին չբացատրեցին վերահաս վտանգի մասին: Ովքե՞ր են, որ պաշտոնները զբաղեցնելով չհոգացին ժողովրդի կրթության և լուսավորման հարցով: Ժողովուրդը անտեսված մնաց ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր իշխանության կողմից: Հոտը անհովիվ է շրջում հրապարակում և առանց ղեկավար՝ քաղաքական առումով: Սիրելիներ, Տէր Հիսուս մեզ էլ է ասում,- քննե՛ք երևույթները և բացահայտեք սխալները:
Վերլուծելու և քննելու իրավունք ունենք բոլորս՝ սկսած մեր ծառայության դաշտից և մեր ծառայությանը խանգարող ցանկացած խոչնդոտից: Վարչապետի կողմնակիցները ատում են վարչապետի հակառակորդներին և հակառակը: Տասնյոթ «միաբանված» կուսակցությունները ատում են միմյանց և վարչապետի համակիրներին: Ժողովուրդը ատում է նախորդ իշխանություններին և դարձյալ բաժանված է երկու մասի, վարչապետի համակիրների և ոչ համակիրների: Ժողովրդի մի մասն էլ հանդիսատեսի դերում է:
Այս բոլոր մարդիկ, անկախ իրենց քաղաքական ճիշտ կամ սխալ հայացքներից կոչվում են ՀՈՏ և ունեն հոգևոր առաջնորդ՝ ամենայն հայոց կաթողիկոս: Հոգևոր առաջնորդի բացթողումն էլ այն է, որ երկար տարիներ բաց է թողել հոտը ինքնահոսի, ինչը հստակ երևում է մեր ժողովրդի դրսևորած վարքագծից՝ այս ծանր օրերին; Ինչպես ղեկավարն է նավի մեջ, զորապետը՝ զորքում, հովիվը՝ հոտում, և աչքը՝ գլխի վրա, նույնպես և առաջնորդն է իր քաղաքում ու ազգի մեջ: Առաջնորդներ հենց այդ պատճառով են կարգվում, որպեսզի ուղղորդեն հոտին: Աստված այս սկզբունքով է գործում և Իրեն անվանեց Բարի Հովիվ, պայքարեց Իր հոտի համար, անաչառությամբ նախատեց օրվա հոգևոր առաջնորդներին ու իշխանավորներին՝ անտարբերության համար, իր կյանքը տվեց հոտի համար, որպեսզի Իր օրինակով ընթանա քրիստոնեությունը: Այսօր խաչվելու անհրաժեշտություն չկա, փառք Աստծո, բայց ժողովրդի հոգևոր կրթությունը օրհասական է:
Սիրելի հավատացյալներ, Հիսուս Քրիստոս «պատերազմ» է հայտարարել աշխարհի դեմ, ստուգելու համար քրիստոնյաների սպառազինությունը: Մեր զինանոցը դատարկ է, ինչպես ռազմական, այնպես էլ հոգևոր իմաստով: Անցնում են օրեր, ամիսներ ու տարիներ, անկատար են մնում, շա՛տ հոգևոր կարիքներ: Անհովիվ հոտը գայլի բաժին կդառնա, իսկ ապաշնորհ իշխանավորի պատճառով քաղաքացին կորստյան կմատնվի: Մեր հողերը հանձնեցինք երևելի թշնամուն, չլինի՛ հանկարծ մեր հոգիներն էլ հանձնենք աներևո՛ւյթ թշնամուն: Առաքյալն ասում է՝ «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հանզանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (Եբր. ԺԳ 17): Այն հոգևոր հովիվը, որը հսկում է իր հոտի հոգիների համար, նրա շուրջ հավաքված է հոտը և բավական ապահով վխտացող գայլերից և հետապնդող չարից: Մեկ այլ տեղում առաքյալն ասում է առավելագույն սիրո արժանի արեք ձեզ Տիրոջ կողմից ձեր վրա կարգված վաստակավորներին և խրատողներին՝ իրենց աշխատանքի համար: Փառք Աստծուն այսպիսի վաստակավորների համար, որոնք ջանում են հոտի համար: Աստված թող իմաստություն տա նաև այն վերակացուներին, որոնք մոռացել են իրենց առաքելության նպատակը::
Այսօրվա պատգամի մեջ Տէրն ասում է,- «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի»: Սիրելինե՛ր, Աստծու խոսքը լսողնե՛ր և պահողնե՛ր, թո՛ղ Քրիստոսի սիրո կրակը մեր միջոցով բռնկվի և տարածվի մեր հարազատների ու բարեկամների միջև նույնպես, քանի որ ժամանակակից աշխարհում Քրիստոսի թշնամիների թիվն ավելանում է և Տիրոջ Գալուստի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Դուք մնացեք սիրով՝ աշխարհի աղմուկի մեջ, քանի որ Քրիստոսին ունենք մեր նավակի մեջ և աշխարհի ալեկոծությունը խաղաղեցնողը Տէր Հիսուս Քրիստոսն է:
Այսօրվա հարցն այս է. Ստուգի՛ր, քո նավի մե՞ջ է Հիսուս Քրիստոս: