ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:
Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։
Ամեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6.13-20
Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին: 20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Այսօր Պողոս առաքյալն է մեզ ողջունում իր ուղերձով. Արդ, գոհութի՜ւն Աստծոյ, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծոյ առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ, եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Այսօրվա Ավետարանը առաքյալների ընտրության մասին է, որոնց թվի մեջ չի մտնում Պողոս առաքյալը, քանի որ ավելի ուշ ընտրվեց, սակայն ոչնչով պակաս չէր քան մյուս աշակերտները; Պողոս առաքյալի վերոհիշյալ հայտարարությունը շատ պատասխանատու հայտարարություն է մերօրյա քրիստոնյայի համար, ասելով Քրիստոսի բուրմունքն ենք Աստծո առջև, կամ մահվան հոտը: Առաքյալը համարվում է Քրիստոսի աշակերտների մեջ՝ վերջին աշակերտը, քանի որ աշակերտներին ընտրելու ժամանակ Պողոս առաքյալը ուրիշ պարտականություն էր կատարում՝ հալածելով քրիստոնյաներին: Տեսե՛ք, սիրելիներ, սա՛ է այն հեղափոխությունը, որ Հիսուս Քրիստոս կատարում է մարդու հոգում, և Պողոսի պես հալածող մեկը Քրիստոսին ճանաչելուց և վերստին ծնունդ ունենալուց հետո համարձակվում է ասել, որ ինքը Քրիստոսի բուրմունքն է Աստծո առջև: Մեր Տիրոջ ընտրած աշակերտներից և ոչ մեկը այսպիսի համարձակությամբ չի ներկայանում Քրիստոսի առջև, Քրիստոսի անունից և հանուն Քրիստոսի: Մյուս առաքյալների համեմատ, որոնց ընտրեց Տէր Հիսուս, Պողոս առաքյալը կրթված էր և գիտեր գրքերը, օրենքն ու մարգարեությունները: Նրա գիտելիքին գումարվեց նաև հզոր հավատքը Քրիստոսի նկատմամբ, և նա դարձավ ընտրյալ անոթ՝ հեթանոսներին քարոզելու համար, և այժմ տեսնում ենք, որ իրապես Քրիստոսի բուրմունքն է Աստծո առաջ, և մեծ ուսուցիչ է հետագա սերունդների համար: Քանի որ նրա թղթերը կարդալիս հոգով զգում ենք Քրիստոսի բուրմունքը, որովհետև Պողոսի խոսքերը հեղինակությամբ է ասվում, և ապրած խոսքեր են, ոչ թե ուղղակի որպես գիտելիք է փոխանցում: Այդ նույն հեղինակությամբ էլ եբրայեցիներին է պատվիրում, թե՝ «Զգույշ եղեք, որպեսզի ոչ մեկը ձեզանից Աստծո շնորհից ետ չմնա»:
Ի՞նչ է մեզ պակասում այսօր, և ինչո՞ւ է պակասում, որպեսզի մենք դառնանք Քրիստոսի բուրմունքը Աստծո առջև, կամ Աստծո շնորհից հետ չմնանք: Բարոյական արիության պակաս ունենք այսօր շատերս, երբեմն կարող ենք ամաչել բարձրաձայն խոստովանել Հիսուս Քրիստոսին համապատասխան մի վայրում, ամաչելով, թե ի՞նչ կմտածեն մեր մասին, կամ հանկարծ չպիտակավորեն՝ հավատացյալ անվամբ, որ ընդունված է ասել աղանդավորների հասցեին: Մինչդեռ Քրիստոսին իրապես հավատացող ամեն անձ հավատացյալ է, ով սիրում է սրտով, դավանում է լեզվով և փաստում է գործերով: Երանի ամեն մկրտված անձ, որը իրեն քրիստոնյա է համարում, դառնա Քրիստոսի բուրմունքը Աստծո առջև և իր քրիստոնեական անուշահոտությամբ այդ բուրմունքը տարածի իր շրջապատում:
Սիրելիներ կան կրքեր և արարքներ, որոնք շատ հեշտությամբ քրիստոնյայից հեռացնում են Աստծո շնորհը: Դրանցից են, բարկությունը, նախանձը, դատելը: Նորադարձ քրիստոնյային Տերը տալիս է շնորհ, այսպես կոչված, առաջին սիրո և առաջին ջերմության, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը ջանասիրությամբ սերտելու մղմամբ, ողորմություն տալու հոժարակամությամբ, նաև՝ հույսով, համբերությամբ և այլն: Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձ հավատացյալը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և գնում է առաջ: Բայց փորձառություն չունենալու պատճառով, շուտով տեղի է տալիս մեղքերին և զրկվում վերը նշված շնորհներից: Զրկվելով առաջին սիրուց և ջերմությունից, քրիստոնյան մեծ ցավ է ապրում՝ նման մի մարդու, որը կորցրել է իր ողջ ունեցվածքը: Եվ մեծ ցավով է տանում քրիստոնյան այն բոլոր վերը նշված ձրի շնորհներից մերկանալը, որոնցով խնդում և բերկրում էր իր հոգին: Սակայն առաջին սերը և ջերմությունը կորցրած անձանցից մի մասը, ցավոք, համակերպվում է այդ վիճակին, որոնց համար գրված է, թե. «Հոգով սկսեցիք և մարմնով եք վերջացնում»:
Իսկ մյուսները՝ ցավով և կարոտով հիշելով կորցրածը, մեծ բաղձանքով ջանում են այն վերագտնել: Եվ այստեղ է, որ սկսվում է բուն բարի պատերազմը սատանայի, աշխարհի, մեղքի և սեփական եսի դեմ: Այս պատերազմում է, որ մարդն սկսում է ճանաչել իր իրական կերպարը, տեսնելով իր մեջ մեծ թշնամիների՝ արծաթսիրության, աշխարհասիրության, մարդահաճության, որկրամոլության, բարկության, մեծամտության, հպարտության, փառամոլության, նախանձի և շատ ու շատ այլ կրքերի տեսքով: Այստեղ է սովորում իր անձից հրաժարվել, և իր անկարողությունը տեսնելով՝ հույսը դնել Աստծո վրա, նաև՝ սովորում է համբերել նեղություններին, վշտերին, բարությամբ չարին հաղթելուն, մի խոսքով, սովորում է բարի պատերազմ վարել: Այստեղ է, որ մեզ հուսադրում են մեր հայրերը, հիշեցնելով Պողոս առաքյալի խոսքերը, թե՝ «Ճգնեցեք բազում աշխատությամբ և առեք Աստծո զորությունը»:
Տէր Հիսուսի ընտրած տասներկու աշակերտներն էլ բազում անգամներ անցան այսպիսի ծանր փորձությունների միջով և կոփվեցին առավել, քան հուսահատվեցին, բացի Հուդայից, որը չկարողացավ իր մեջ գտնել Աստծու այն զորությունը, որը ստացել էր մյուսների պես: Պետրոսի հետ կատարված փորձությունը իր տեսակի մեջ ամենածանրն էր, սակայն այդ ծանր փորձությունը Պետրոսին պարգևեց ճշմարիտ զղջում: Թովմասի թերահավատությունը նպաստեց, որպեսզի նա բարձրաձայն դավանի Հիսուս Քրիստոսին՝ Տէր և Աստված:
Ավետարաններում կարդում ենք, որ փորձությունները աշակերտներին առավել ամրացրին իրենց հավատքի մեջ և նրանք հետագա սոսկալի հալածանքներին քաջությամբ դիմակայեցին, մինչև նահատակության աստիճան: Ինչո՞ւ մեր օրերում փորձությունները այսքան տկարացնում են մարդուն, հաղթում են նրան և իշխում են նրա վրա այնպես, որ մարդը կախում է ձեռք բերում մեղքից և չի կարողանում ազատվել դրանից: Ինչպե՞ս կարող է այսպիսի մարդը Քրիստոսի բուրմունքը ունենալ փրկվածների մեջ: Հակառակը՝ այսպիսին մահվան հոտ է կորստյան մատնվածների մեջ: Անշուշտ սրա պատճառը Սուրբ Գրքի չիմացությունն է միայն, ուրիշ պատճառ չկա:
Երբ Աստված կամենում է մարդուն մի բան հասկացնել, հրեշտակը հայտնվում է մի անձի միջոցով և հասկացնում է մարդուն՝ ասելիքը: Բազմաթիվ օրինակներ կան Հին.Կտակարանում Ծննդոց գրքում կարդում ենք Հակոբի հանդիպումը հրեշտակի հետ, Աբրահամի հանդիպումը, Ղովտի հանդիպումը, Տոբիթի գրքից Տուբիի հանդիպումը հրեշտակին և էլի շատ ուրիշներ: Այնպես որ երբ մի մարդ մեզ կամենա մի բան հուշել, եթե նույնիսկ ցավ պատճառի՝ ճշմարտությունը ասելով, ուշադիր լինենք այդ պահին;
Մեր դժվարությունների մեծ մասի պատճառն այն է, որ մենք երևույթների վրա ուշադրություն չենք դարձնում, մարդկանց հետ հանդիպումը համարում ենք մեր ծրագրավորումը, մեկի ասած խոսքը լսում ենք և առանց վերլուծելու, հաջորդ պահին մոռանում ենք: Մեր օրը սկսվում և ավարտվում է առանց մեր արարքները վերլուծելու, պատահած երևույթներին առանց գնահատական տալու: Այսպես ամեն օր մեր մեկ մեղքին գումարվում է մյուսը և գնալով ավելի ծանրանում վիճակը և մենք զրկվում ենք Աստծու շնորհներից և կորցնում ենք Քրիստոսի անուշ բուրմունքը:
Անցյալի խնդրին եթե արմատական լուծում չտանք, այն կհայտնվի ապագայում և մեզ կխանգարի:Այսօրվա մեղքի վրա աչք փակեցինք, վաղը բուսնելու է մի առաքինության կողքին և որոմի պես ճնշելու է այդ առաքինությանը: Այսօր մեր երկրում այսքան խնդիր ունենք, որովհետև անցյալում արմատական լուծում չի տրվել դրանց: Մենք ծովի փոթորկուն ալիքների վրա նավաբեկության ենք ենթարկվում, ինչո՞ւ չենք արթնացնում Հիսուսին: Ավետարանն ասում է,- Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին: Մենք այսօր որքան կարիքն ունենք դիպչելու և բժշկվելու, քանի որ հիվանդ ենք ամբողջ ազգով; Այս տեսակ փորձությունը աղոթքով և ծոմապահությամբ պետք է դիմակայել: Մնացեք սիրով՝ ջանացեք լինել Քրիստոսի բուրմունքը՝ Աստծու առջև, և առավել ջանացեք չզրկվել Աստծու շնորհներից: Այսօրվա հարցը. Ի՞նչ է մեզ պակասում այսօր, և ինչո՞ւ է պակասում, որպեսզի մենք դառնանք Քրիստոսի բուրմունքը: