ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Քանի որ այսօրվա թեման Ավետարանի կանանց մասին, սկսենք Աննայի աղոթքով: Ա. Թագ.2:1
Աննան աղօթել սկսեց և ասաց, «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։ Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը։ Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։ Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։ Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։ Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։ Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր հակառակորդներին։ Տէրը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ։ Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում։ Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 8.1-3
Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծոյ արքայութիւնը: Եւ նրա հետ էին տասներկուսը 2 եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթ դեւ էր դուրս եկել, 3 Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր: Քրիստոսի փրկության Ավետարանի պատգամով բարի և խաղաղ օր եմ մաղթում ամենքիդ՝ ձեր բնակավայրում: Այսօր Ավետարանը մեզ հիշեցնում է, որ Հիսուս Քրիստոսի երեքամյա ծառայության մեջ պակաս դեր չեն ունեցել նաև կանայք: Ղուկաս ավետարանիչը մեզ երեք կանանց անուն է հիշատակում, որոնք բժշկվելուց հետո աշակերտել են Հիսուս Քրիստոսին և իրենց օգտակարություն են բերել հանրային ծառայության գործունեության մեջ: Սակայն մենք Աստվածաշնչից բազմաթիվ կանանց անուններ գիտենք, որոնց դերն ու օգտակարությունը մեծ են եղել ինչպես իրենց ժամանակաշրջանի, այնպես էլ հետագա դարերի մարդկանց համար, որպես ոգեշնչման և որպես խրատական լավագույն օրինակներ են հանդիսացել: Ինքնաբերաբար մեր այսօրվա սերտողությունը վերաբերելու է Աստվածաշնչի կանանց և զուգահեռներ ենք տանելու 21 րդ դարի կանանց միջև: Եթե այս ուղիղ եթերը նվիրված է կանանց, դա չի նշանակում, որ տղամարդիկ չեն կարող լսել, քանի որ ամեն տղամարդ ունի կին, կամ պատրաստվում է ունենալ: Ուրեմն Աստծու ստեղծագործության մասին է խոսքը, որին ստեղծեց Աստված՝ տղամարդու համար՝ որպես օգնական:
Ընդ որում ստեղծվեց ոչ թե երկրի հողից, այլ Ադամի կողից, որպեսզի այր ու կին դառնան մի մարմին և ծառայեն միմյանց: Հին Կտակարանի կանայք այս պատվիրանը շատ լավ են հասկացել և անմնացորդ նվիրում են ունեցել իրենց ավանդական ընտանիքներում, և ամուսնալուծության դեպքեր կարծես արձանագրված չէ: Օրինակ մերօրյա կինը կամ աղջնակը, որը պատրաստվում է ամուսնանալ, երբեք չի հասկանա Ռեբեկային, որին որպես կին ընտրեց Աբրահամի ավագ ծառան և ոչ թե Իսահակը, որը հետագայում պետք է դառնար նրա ամուսինը: Նույնիսկ կարող են ծիծաղել այս պատմությունը լսելիս, որ ոչ թե երիտասարդն է գնում իր համար հարսնացու ընտրելու, այլ իր հոր ավագ ծառան: Սակայն այստեղ խորհուրդը շատ մեծ է, որը ևս անհասկանալի է ժամանակակից աղջկա համար, որը կողմ է քաղաքացիական ամուսնությանը, ոչ թե ամուսնության խորհրդին ու նպատակին: Աստված դավանում է, որ Ինքը Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն է: Այդ պատճառով Աբրահամը կատարում է Աստծու կամքը, իր որդու ամուսնության հարցում, ոչ թե Իսահակի քմահաճույքը: Քանի որ Աստված Աբրահամին խոստացել էր, որ իր զավակի միջոցով պետք է բազմացնի ազգերը, Աբրահամը ուզում էր, որ իր որդին ամուսնանա ոչ թե կռապաշտ քանանացի մի աղջկա հետ, այլ իր ազգատոհմից մի խոնարհ աղջկան հետ: Սիրելիներ, ուզում եմ ձեզ մի փոքրիկ դրվագ պատմել այս ամուսնության մասին և միասին քննարկենք թե ի՞նչն էր կարևորում աղջկա մեջ ավագ ծառան, որին հարմար էր նկատում իր տիրոջ որդու՝ Իսահակի համար:
Պատմությունը բոլորդ էլ գիտեք, շատ մանրամասների չանդրադառնամ, միայն ասեմ, որ երբ Ռեբեկան եկավ ջրհորի մոտ ջուր հանելու, Աբրահամի ծառան արդեն նստած էր այնտեղ և իր տասը ուղտերի հետ և սպասում էր, թե ո՞վ էր այն աղջիկը, որն առաջինը գալու ջուր հանելու: Այս ազնիվ ծառան ուղղակի պարապ չէր նստել, այլ աղոթում էր Աստծուն, որ իր տիրոջ որդու համար մի բարեպաշտ աղջիկ հանդիպի: Ուզում եմ այստեղ նաև ուշադրություն դարձնեք Աստծու նախախնամության վրա: Աբրահամը Աստծու կամքը փնտրեց, ծառան Աստծուն աղոթքով խնդրեց, իսկ Աստված նախախնամեց, որ այդ պահին հենց Ռեբեկան գնա ջրի՝ առաջինը: Զարմանալին ու գլխավորն այն է այս հանդիպման մեջ, որ ծառան ջուր է ուզում խմելու համար, Ռեբեկան սիրով տալիս է, այնուհետև ծառային կամավոր առաջարկում է ուղտերի համար ևս ջուր հանել ջրհորից: Դուք պատկերացրեք, թե ինչ դժվար աշխատանք հանձն առավ Ռեբեկան՝ տասը ուղտ ջրելու համար: Բոլորս գիտենք, թե ուղտը ինչքան ջուր է խմում: Ռեբեկան, որ այդ քայլին գնաց ամենևին չգիտեր, թե ո՞վ է այս մարդը, ի՞նչ նպատակ ունի: Նա արեց մի ծանր բարեգործություն, որը նույնիսկ իրենից չէին պահանջել: Հետագայում մենք կարդում ենք Ավետարանում, որ Հիսուս Քրիստոս ասում է,- Եվ եթե մեկն ուզի քեզ դատի կանչել շապիկդ առնելու համար, բաճկո՛նդ էլ տուր նրան: Եթե մեկը քեզ բռնադատի մեկ մղոն ճանապարհ միասին գնալու՝ իր բեռը տանելու համար, նրա հետ երկու մղո՛ն էլ գնա։
Ռեբեկան կատարեց այս պատվիրանը, որի մասին լուր չուներ նույնիսկ, հագեցնելով այդքան ուղտերի ծարավը: Այս պատրաստակամությունը տեսնելով Աբրահամի ծառան հասկացավ, որ սա Աստծու օրհնությունն է: Հետագան կարող եք կարդալ Ծննդոց գրքի 24 րդ գլխում, շատ հետաքրքիր է: Հին Կտակարանում շատ կանանց անուններ են հիշատակված, որոնք մեծագույն դրական օրինակներ են բարեպաշտ վարքագիծ դրսևորելու համար: Ըստ Աստվածաշնչի՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի կանայք ամուլ են եղել: Ամուլ է եղել նաև Աննան՝ Սամուելի մայրը: Շատ օրինակելի կերպար է Հռութը, որից կարող են դասեր սովորել այսօրվա սկեսուրները: Իսկ Նոր Կտակարանում կանանց մեջ գլխավորը անշուշտ սուրբ Մարիամ Աստվածածինն է, որը համախմբել էր բոլոր կանանց, որոնք իրենց ծառայությունն էին բերում անշահախնդիր կերպով:
Մերօրյա աղջիկների համար շատ հեշտ է կարդալ մեր սրբերի վարքը, կարդալ Ավետարանի կանանց կյանքը և հագեցած օրինակներ ու դասեր քաղել իրենց հետագա կյանքի համար: Եթե վերցնենք Մարիամի ու Մարթայի գեղեցիկ օրինակը, որոնցից մեկը կենցաղային գործերի մեջ էր հմուտ, մյուսը՝ հոգևորի, բայց երկուսը իրար լրացնում էին: Քանանացի կնոջ օրինակը վերցնենք, որի հետ զրույցի ժամանակ Տէր Հիսուս բացահայտեց Իր ով լինելը, որը չէր արել ո՛չ մեկի համար:
Մենք, այսօրվա ժամանակակիցներս այդպես չենք մտածում, եթե մեկը անբարո է, աշխատում ենք նրա հետ շփում չունենալ նրա վատ վարքի պատճառով: Մենք մեզ առավել ենք դասում մեղադրելու հարցում, մինչդեռ Հիսուս Քրիստոս նրա հետ զրույցի միջոցով դարձի բերեց և՛ նրանց, և՛ մի ողջ քաղաք, ինչպես որ կարդում ենք Ավետարանում: Ավետարանում հիշատակվող կանանցից են նաև յուղաբեր կանայք, որոնք առաջինը ստացան լուր Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Նույնիսկ գերազանց օրինակ է ապաշխարության համար մաքսավորի տուն եկած մեղավոր կինը, որը իր արցունքով և մազերով լվաց Հիսուս Քրիստոսի ոտքերը: Մեկ այլ տեղում նկարագրվում է մի ուրիշ անբարո կնոջ, որին քարկոծելու համար բերեցին Տէր Հիսուսի մոտ, որը Տիրոջից ներվելուց հետո այլևս դադարեց անբարո կյանքը և հետևեց Հիսուս Քրիստոսին:
Տաս կույսերի առակը ևս կանանց մասին է, և շատ խրատական առակ է բոլոր կանանց համար՝ միշտ պատրաստ լինելու Տիրոջը դիմավորելու և Տիրոջ առջև պատասխան տալու համար: Մենք մի ուրիշ առակ էլ ունենք անդադար աղոթող այրի կնոջ վերաբերյալ, որի աղոթքի պատճառով դատավորը՝ ով մարդկանցից չէր ամաչում և Աստծուց չէր վախենում, լսեց կնոջը միայն այն բանի համար, որ նա հանգիստ չէր տալիս դատավորին՝ իր հարցը լսելու համար::
Տէր Հիսուս որևէ խտրականություն չդրեց անբարո կնոջ և բարեպաշտի միջև, քանի որ Նրա համար կարևոր է մեղավոր մարդու հոգին ազատել չարի ձեռքից և կորստյան մատնվելուց: Քայլեց նրանց հետ, ուսուցանեց նրանց, դարձի բերեց նրանց և նրանց անունները գրվեց Ավետարաններում; Ողջ Աստվածաշնչում տեղ գտած կանանց նկարագիրը այսօր մեզ համար շատ օգտակար տեղեկություն է ամեն առումով կրթվելու և դաստիարակվելու համար: Գլխավոր առաքինությունը, որը պետք է վերցնենք, Մարիամ Աստվածածնի խոնարհությունն ու պատրաստակամությունն է, Ղազարոսի քույրեր՝ Մարիամի՝ Աստծու խոսքը լսելու ունակությունն է, և Մարթայի հյուրասիրությունն է: Արյունահոսղ կնոջ նպատակասլացությունն է՝ հասնել Տիրոջը, դիպչել և ապաքինվել; Ռեբեկայի ծառայասիրությունը կարող ենք ընդօրինակել: Մեղավոր կնոջ գերազանց զղջումից սովորենք; Շատ են օրինակները և Ավետարանի բոլոր մարդկանց մասին գրվել է հենց այդ պատճառով, որ բոլորս մեզ տեսնենք այդ օրինակների մեջ և գտնենք ելքերը՝ հետևելով Հիսուս Քրիստոսի դիրքորոշմանը, մոտեցմանը և տված պատգամներին:
Վերադառնանք մեր օրերի կանանց՝ սկսած երիտասարդներից, որոնք պատրաստվում են ամուսնանալ, և նրանց որոնք արդեն ամուսնացած են, ինչո՞ւ չէ նաև նրանց, որոնք պատրաստվում են հարս բերել , կամ արդեն ունեն; Մի պատգամ կա, որ հավասարապես վերաբերվում է բոլորին՝ լսել Աստծու խոսքը, սովորել նրանից, կիրառել կյանքում: Այս դեպքում կվերանան բոլոր վեճ վիճաբանությունները բոլոր ընտանիքներում, որտեղ կա հարս և սկեսուր հարաբերությունների մեջ: Առակաց գիրքն ասում է,- Ժրաջան կինը ամուսնու պսակն, իսկ չարագործ կինը կորստյան կմատնի ամուսնուն:
Սիրելիներ, այսօրվա մեր զրույցը Աստվածաշնչյան կանանց մասին էր, բայց իմ նպատակն էր, որ մերօրյա կանայք սերտ կապի մեջ լինեն Ավետարանի կանանց հետ և և սովորեն նրանցից, կարդան նրանց մասին և նրանց բարեխոսությունը հայցեն Տիրոջ առջև իրենց կյանքի խոչնդոտների դեպքում, իսկ երջանկության դեպքում գոհություն հայտնեն Տիրոջը: Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, Ավետարանը ձեզ համար լավագույն օրինակները ունի, որպեսզի դուք կրթվեք նրանով և ձեր նեղության ժամին հիշեք Ավետարանի կանանց և ձեր որոշումները ճիշտ կայացրեք: Մնացեք սիրով՝ իմաստուն կույսերի նման թող ձեր լապտերի յուղը միշտ անպակաս լինի և Տիրոջ գալստյան օրը արթուն լինեք: Այսօրվա հարցը՝ Ավետարանի կանայք դեր խաղացե՞լ են քո կյանքում: