ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, ողորմի՛ր, բազմամեղիս, ապաշխարության
դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ
արքունական փառքի մեջ: Առաջնորդի՛ր
Քեզ մոտ գալ վերնային ճանապարհով,
որովհետև եթե Դու չառաջնորդես, ես
գալ չեմ կարող, քանզի Դու իսկ ասացիր.
«Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս
չձգի նրան»: Եվ արդ, Տե՛ր իմ գթած,
մի՛ հիշիր բազում պիղծ մեղքերս և մի՛ անտեսիր
Քո ծառային, մի՛ թող ինձ մնալ նույն
չարիքի մեջ ու դեգերել աշխարհիկ կյանքում,
այլ, ինչպես փախած ծառայի ետևից
ընթանալով՝ այնպես ինձ ե՛տ բեր,
թողությո՛ւն տուր հանցանքներիս և
հաղո՛րդ դարձրու Քո սուրբ կամարարներին:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.13-31
Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18 Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. 19 եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: 20 Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: 21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»: 22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու. 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24 Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25 Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29 Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ինչ էք ուտելու կամ ինչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31 Այլ դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կտրուի ձեզ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ: Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող ձեր սրտերում հաստատ լինի, որպեսզի ձեր հավատի գործերը, սիրո վաստակը և հույսի համբերությունն էլ հայտնի դառնա Տէր Հիսուս Քրիստոսի առջև՝ ամեն օր: Մեր Տիրոջ խոսքից վերցնենք զորություն և այդ զորությամբ մեր գործերը կարգավորենք: Հանձն առնենք, որ ինքնուրույն, հույսներս մեզ վրա դնելով արդյունք չենք ունենա երբեք: Այսօրվա Ավետարանի ասելիքը ճիշտ մեր մասին է: Քրիստոնեությունը առաջին ընդունած, իսկ ապրելակերպով վերջինը դարձած և անմխիթար վիճակում հայտնված ենք այսօր: Ինչո՞ւ այսպես եղավ: Փորձենք այսօրվա պատգամի մեջ գտնել մեր մեղքի բաժինը և մեր բացթողումը: Իսկ Տէր Հիսուս Քրիստոսի խրատը ամեն պարագայի համար տարբեր է:
Նախորդ գլուխների սերտողության ժամանակ մենք իմացանք, որ մեր Տէրը որքան բարձր գնահատեց մարդուն՝ ասելով, որ մարդը Աստծո առջև հարգի է քան մնացած ստեղծվածները: Ինքը աշխարհ է եկել հենց այդ մարդու փրկության համար և շուտով պիտի կատարվի այդ մարգարեությունը: Հիսուս Քրիստոս իր ուսուցումների ժամանակ միշտ ջանում էր մարդու մտավոր կարողությունները բարձրացնել, որպեսզի մարդը կարողանա երկրորդականը առաջնայինից զատել և իր փրկության համար ընտրել լավագույնը, հավիտենականը, հոգևորը: Մեծ բազմության առջև Վարդապետը խոսում է հավիտենականության, փրկության, իր խաչելության, մեղավոր մարդու զղջման և այլ հոգևոր արժեքների մասին: Հանկարծ բազմության միջից մեկը, որը լսել էր այս ամենի մասին, դիմում է Տէր Հիսուսին՝ կենցաղային մի խնդրով՝ ժառանգությունը եղբոր հետ կիսելու վերաբերյալ: Հավանաբար դիմողը մտածեց, որ այսպիսի հեղինակությամբ և զորությամբ է խոսում այս Վարդապետը, ուրեմն կկարողանա նաև մեր ժառանգության հարցը լուծել:
Տէր Հիսուս տեսավ, որ իր երկար քարոզը այս մարդու մոտ ոչ մի դրական արձագանք չի ունեցնել, փորձեց առակով ներկաներին և նրան իր խոսքի իմաստը հասկացնել: Այս հատվածը մեզ էլ է վերաբերում այն առումով, որ շատ հաճախ հավատացյալների հետ հանդիպման ժամանակ, Ավետարանի քարոզից հետո հարց եմ ուղղում հավատացյալ հոտին, պարզելու համար, արդյոք ասելիքը հասկանալի դարձա՞վ մարդկանց, և ի՞նչ է նրանց կարծիքը: Ներկաներից շատերը, ինչպես այս մարդը, հարցնում են իրենց հուզող՝ մոմի մասին, մատաղի մասին, աղանդավորի մասին, այլադավանների փրկության մասին և այլ նմանատիպ հարցեր: Ոչ ոք չի հարցնում,- Տեր հայր ինչպե՞ս ազատվեմ այս կամ այն մեղքից, որն ինձ հեռացնում է Աստծուց: Այս մարդու մտքում էլ իր ու իր եղբոր ժառանգության կիսելն էր, ոչ ավել, ոչ պակաս: Նրան մտահոգող հարցը իր բաժին ժառանգությունն էր:
Ինչո՞ւ նյութական հարստության մասին թեմաները ամուր հաստատվում են մարդու սրտում, իսկ հոգևոր թեմաները մի ականջից մտնում են, մյուսից դուրս են գալիս շատ շատերի մոտ: Որովհետև մարդու միտքը իր չափահաս տարիքից ամեն օր լցվում է կենցաղային, նյութական, տեղեկատվական, և այլ երկրորդական թեմաներով, իսկ հոգևոր արժեքների համար արդեն տեղ չի մնում: Ինչո՞ւ է մեր Տերը Նիկոդեմոսին ասում, թե պետք է վերստին ծնվել: Այսինքն հին մարդուն փոխարինել նորով: Այդ փոխարինումը այլ կերպ չի լինում, եթե ո՛չ Աստծո խոսքի ընկալումով և կատարումով: Ժառանգությունը կիսել ցանկացող եղբայրը մենակ չէ այս աշխարհում, ցավոք սրտի, այլ ավելի շատ այս տեսակներ են, քան Քրիստոսի խոսքը լսող ու կատարողները: Տէր Հիսուս Քրիստոս առակ է պատմում անմիտ հարուստի մասին, որի մտքով չէր անցել, որ կարող է ամեն գիշեր իր հոգին պահանջվել, այլ նրա մտքում միայն շտեմարաններ սարքելն էր ու հարստությունը բազմապատկելը:
Նայեք ձեր շուրջը, սիրելիներ, կամ ավելի պատկերավոր հասկանալու համար նայենք մեր Հայրենիքի պատմությանը: Շատ հեռու չգնանք, այլ անկախությունից հետո երկրի չորս ղեկավարների օրոք երկրի վիճակը, ժողովրդի վիճակը, և մեծահարուստների վիճակը: Ամեն մարդ գիտե, որ երկրի պետականության պահպանման կայունությունը բանակի հզորությունն է: Երկրի ղեկավարները՝ առաջինից սկսած թալանեցին երկիրը և մեծացրին իրենց շտեմարանները, կառուցելով անձնական հյուրանոցներ, ռեստորաններ, խաղատներ, բանկեր, դղյակներ և չտեսության ամենավերջին երևակայությունները: Բացի նրանից, որ բանակը չհզորացվեց, այլև գտնվեցին մարդիկ, որոնք թալանեցին նաև բանակի ունեցվածքը՝ լցնելով իրենց շտեմարանները: Էլ չեմ խոսում նրանց դրամական կարողությունների մասին, որ պահվում են արտերկրի բանկերում: Բանակը մնաց թալանված ու անզենք, ժողովուրդը աղքատության շեմին, իսկ հարուստները իրենց վայելքների մեջ: Եկավ վերջինը՝ այն խոստմամբ, որ բռնագանձելու է թալանվածը և պատասխանատվության է կանչելու թալանչիներին: Անցավ երկու տարի, ոչ ոք չձեռբակալվեց, չնայած որ հայտնի էին բոլոր թալանողների անունները և նրանց երևելի հարստությունները: Վրա հասավ պատերազմը, զորքն ու բանակը կանգնեց փաստի առջև: Հարուստները ամուր փակեցին իրենց շտեմարանների դռները և ոչնչով չօգնեցին մարտնչող և զոհվող զինվորին, հայրենիքի պաշտպանությանը: Գիտե՞ք ինչու չօգնեցին: Որովհետև նրանց ականջին չի հասել Աստծու խոսքը, որն ասում է,- “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”:
Չնայած, որ այդ մարդիկ տաղավար մեծ տոներին նախապատիվ աթոռներն էին զբաղեցնում եկեղեցիներում: Իրենց թիկնազորը եկեղեցին դարձնում էր պատանդ ողջ պատարագի ժամանակ, բացասաբար ազդելով աղոթող հավատացյալի տրամադրության վրա: Մեր բարձրաստիճան հոգևորականները կարծում են, որ մեծահարուստ պաշտոնյաները եթե միայն խաչակնքվել գիտեն, արդեն բավական է: Կարևորը թույլ են տվել, որ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը համարվի մեռելոց հիշատակության օրեր: Չեմ ուզում շատ մանրամասների անդրադառնալ, այն պարզ պատճառով, որ նախ բոլորդ գիտեք, երկրորդն էլ ցավոտ հարց է բոլորիս համար՝ հատկապես ճշմարիտ հավատացյալ հոտի համար: Խոսքս չի վերաբերում նրանց, որոնց համար միևնույն է. թե ո՞վ է իշխանության ղեկին, կարևորը իրենք մի թեթև պաշտոն ստանան ու ստրուկի ծառայություն մատուցեն իրենց ղեկավարին: Նաև այն քրիստոնյաներին, որոնք և Աստծուն են ծառայում և մամոնային: Իմ խոսքը ուղղված է նրանց, որոնք Աստծու խոսքը լսելուց հետո իրենց մտքում կվերլուծեն, կվերագրեն իրենց, և կփնտրեն իրենց մեղքերից ազատվելու ճանապարհը՝ Տիրոջ խոսքի մեջ:
Սիրելիներ, ես ձեզ խոսում եմ արատավոր երևույթների մասին, որոնք կատարվում են Աստծու խոսքից հեռու մարդկանց միջոցով: Նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք Աստծու անունը տալիս են երբեմն՝ մարդկանց աչքին հավատացյալ թվալու համար: Բայց այս մարդկանց համար էլ Ավետարանը լուրջ պատասխան ունի, թե՝ Ես այն ժամանակ նրանց, ովքեր ինձ «Տե՛ր, Տեր» են ասում, հայտնապես պիտի ասեմ, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, Ինձանից հեռու՛ գնացեք, դու՛ք՝ անօրինություն գործողներ: Սիրելիներ, ի՞նչ է մեր անելիքը, որ ամեն օր լսում ենք Աստծու խոսքը: Մենք կարող ենք միայն վառվող ճրագ լինել, բացված Ավետարան լինել, ողորմած ձեռք լինել, քարոզող կյանք ունենալ մեր միջավայրում: Ամեն ինչ կատարվում է Աստծու ամենատես աչքի առջև: Յուրաքանչյուրից կպահանջվի այնքան, որքան որ պատասխանատու էր և չարեց հանուն կորստյան տանող հարստության և փառքի: Թող ողորմի Տէրը բոլորիս և առավել այսպիսիներին, որոնք լուր չունեն Աստծու արդար դատաստանից: Իսկ դուք մնացեք սիրով միմյանց նկատմամբ և Աստծո խոսքի նկատմամբ: Առավել հաստատվեք հավատքի մեջ, քանի որ նեղությունները գնալով սաստկանում են: Բայց Աստծու խոստումը մեզ հետ է, Աստված մեզ հետ է, մեր ականջում է Տիրոջ այն խոսքը, թե՝ Ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի:
Այսօրվա հարցը այսպիսին է. Պատրա՞ստ ես մեծ նեղությունների օրվան՝ առանց խուճապի.