ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Աղոթք Սուրբ Աստվածածնին
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:
Հովհաննես վրդ.Գառնեցի
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56
Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօր մեր եթերաժամը կսկսենք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ, քանի որ այսօր մեր եկեղեցին հիշատակում է նրա երեքամյա տաճարի ընծայման օրը: Թող Սուրբ Տիրամայրը բարեխոս լինի մեր ազգին ամբողջապես և երիտասարդ մայրերին մասնավորապես, որպեսզի բարձր գիտակցություն ունենան ազգը շատացնելու և ազգի համար զինվորներ ու հոգևորականներ ծնելու և դաստիարակելու հարցում: Սուրբ Կույսի կյանքի մանրամասները բոլորիդ ծանոթ է, քանի որ իրեն նվիրված յոթ տոների ժամանակ հանգամանալից խոսել ենք այդ մասին: Հիշենք միայն որ նա երեք տարեկանից հանձնվեց տաճար դաստիարակության համար, և միայն չափահաս տարիքում նրան հանձնեցին հայր Հովսեփի խնամքին: Աստվածածնի կյանքի մանրամասների մասին Ավետարանը մեզ շատ տեղեկություն չի տալիս, այլ միայն գլխավոր իրադարձությունների մասին գիտենք, որ նա Աստծու նախախնամությամբ էր, որ հանձնվեց տաճարին՝ որպես խոստման զավակ, քանի որ նրա բարեպաշտ ծնողներ՝ Հովակիմն ու Աննան զավակ չունեին երկար տարիներ: Մարիամը ընտրվեց Աստծուց՝ մեր Փրկչի մայրը լինելու համար; Սուրբ Հոգին տեսավ նրա անարատությունը ու նրա վրա հանգչեց: Մարիամը հղացավ Սուրբ հոգուց և խոնարհաբար ենթարկվեց այդ Բարի Ավետիսին:
Ես չգիտեմ, թե մեր օրերում եթե մեկն իմանա, որ զավակ է ունենալու և իր զավակը կյանքը տալու է իր ժողովրդի համար, արդյո՞ք կհղանա և արդյոք լույս աշխարհ կբերի այդ մանկանը: Կասկածելի է; Աստված Մարիամին ընտրեց, քանի որ նրա մեջ տեսավ այդ խոնարհություն և հնազանդվելու կարողությունը՝ Տիրոջ աղախինը լինելու և մնալու: Վստահաբար դեռահաս Մարիամը ամբողջությամբ չէր ընկալել հրեշտակի պատգամը՝ ուղղված իրեն, բայց քանի որ տաճարում էր մեծացել և իր ականջը ծանոթ էր հոգևոր պատգամների, ուրախացավ այն լուրից, որ հրեշտակն ասաց, թե՝ ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը Քե՛զ հետ է: Այսօրվա մարդուն եթե հրեշտակ հայտնվի և ասի, որ ուրախացիր, Տէրը քեզ հետ է, հաջորդ պահից մարդը իրեն մարգարեի կոչում կշնորհի և կսկսի Աստծու անունից խոսել: Այս բարի Ավետիսից բացի հրեշտակը Մարիամին հայտնեց իր ազգական Եղիսաբեթի հղության մասին: Ըստ գրության վեց ամիս էր որ Եղիսաբեթը հղի էր և Մարիամը չգիտեր: Մեր օրերի ամուլը եթե հղանա, ժամանակակից հզոր կապի միջոցով նույն օրը աշխարհի տարբեր ծայրերի իր բարեկամները կիմանան և անպայման հարց կտան,- սեռը ստուգե՞լ ես, ի՞նչ է: Ինչո՞ւ եմ ես զուգահեռներ տանում մեր օրերի հետ, որպեսզի տեսնենք, թե որքան է այս խորհուրդը փոխել իր արտաքին ու ներքին գեղեցկությունը՝ վերածելով մի ցուցադրական արարողության: Վերջին ժամանակներում էլ, խիստ ժամանակակիցները կամ մոդայիկները երեխայի սեռը ճշտելուց հետո, մի առանձին տոնախմբություն են պատրաստում զվարճանքի վայրում և սեռը գրած դնում են մի փուչիկի մեջ, որը տրաքացնելով դուրս է գալիս թուղթը և բոլորի ներկայությամբ կարդում են ապագա երեխայի սեռը: Այստեղ սկսվում են անհավանական ու անտրամաբանական մաղթանքների շարքը՝ երեխայի հետագա կյանքի հաջողությունների վերաբերյալ:
Հղության պահից սկսած շեշտը դրվում է շքեղության, ավելորդությունների, և տարատեսակ աննպատակ ծախսերի վրա: Ես վստահ եմ, որ մաղթանքների մեջ ոչ մեկը չի հիշել, Եղիսաբեթի օրհնությունը, որ տվեց Մարիամին՝ ասելով,- Օրհնեալ ես դու և օրհնեալ է Քո որովայնի պտուղը: Առհասարակ այս գեղեցիկ մաղթանքը կարելի տալ հղի կանանց՝ հանդիպման ժամանակ: Բայց որպեսզի այս մաղթանքը տան միմյանց, նախ՝ պետք է որ կարդացած լինեն այս հատվածը Ավետարանից և պետք է կարևորություն տված լինեն, որպեսզի հիշեն գեղեցիկ օրհնությունը: Հրեշտակը հայտնեց Մարիամին՝ Եղիսաբեթի հղության մասին, իսկ Եղիսաբեթին ո՞վ հայտնեց Մարիամի հղության մասին, քանի որ հանդիպման առաջին պահին տվեց այդ օրհնությունը Մարիամին՝ դեռ նրա որպիսությունը հարցնելուց առաջ: Ավետարանն ասում է Եղիսաբեթը լցվեց Սուրբ հոգով և բարձր աղաղակեց: Ազգականներից երկուսն էլ հղի էին, բայց լուր չունեին միմյանցից, քանի որ ասվում է Մարիամը վեր կացավ ու գնաց Գալիլիայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, որտեղ ապրում էր իր ազգականը: Մարիամի ու Եղիսաբեթի միջև տեղի ունեցած խոսակցությունը աննկարագրելի գեղեցիկ օրինակ է այսօրվա երկու հղի հարսների հանդիպման համար: Տեսեք, թե ի՞նչ մտքեր են փոխանցում միմյանց՝ իրարից բացարձակ լուր չունենալով; Եղիսաբեթն ասում է,- երջանիկ եմ, որ իմ Տիրոջ մայրն ինձ այցելել է: Նույնը վերաբերում է Մարիամի արտաբերած խոսքերին, որոնք ամենևին դեռահասի մտածելակերպի խոսակցություն չլինելուց բացի, նաև մարգարեություն են:
Սիրելիներ, տեսնո՞ւմ եք, երբ ենթական արժանանում է Աստծու ուշադրությանը՝ իր որևէ առաքինությամբ, Սուրբ Հոգին զորավոր փոփոխության է ենթարկում նրա հոգին, և նա սկսում է խոսել մի բան, որը իրեն տրվում է Սուրբ Հոգուց: Ինչպես որ Տէր Հիսուս աշակերտներին ասում է,- դուք հոգ մի՛ արեք, թե ի՞նչ եք խոսելու, որովհետև երբ ժամանակը հասնի Հոգին ձեզ կտա լեզու և բերան խոսելու համար; Կարևոր է, մաքուր սիրտ ունենալ, որպեսզի Սուրբ Հոգին գործի մարդու մեջ; Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը կայացավ Սուրբ Հոգու ներշնչմամբ և զորությամբ, քանի որ Եղիսաբեթն ասում է,- երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին մանուկը խաղաց իմ որովայնում: Այսինքն Տէրը ողջունում է, իսկ Իր ճանապարհ պատրաստող՝ Հովհաննես Մկրտիչը խոնարհաբար ընդունում է ողջույնը:
Իմիջիայլոց Մարիամի և Եղիսաբեթի հանդիպման այս գեղեցիկ խոսքերի նկարագրությունը շատ ու շատ մեկնաբանների ուշադրությանն է արժանացել, և բազում քարոզներ են պատրաստել այս հանդիպման վերաբերյալ, և մեր եկեղեցին Սուրբ Մարիամի խոսքերը որպես հրաշալի շարական երգում է ժամերգությունների և Պատարագների ժամանակ: Մեր եկեղեցու հայրերը այս հղիների հանդիպումը անվանել են նաև՝ երկրպագություն՝ որովայնից- որովայն: Սիրելիներ, Մարիամ Աստվածածնի և Եղիսաբեթի այս գեղեցիկ հանդիպմանը անդրադարձել է միայն Ղուկաս Ավետարանիչը, բավական թռուցիկ նկարագրությամբ, քանի որ անկարելի կլիներ բոլոր մանրամասները ներկայացնել մի գրքում: Մնացած վերլուծություններն ու պատկերավոր մտքերը մեզ է թողնված բացատրելու, հասկանալու, ընդօրինակելու համար: Օրինակ մենք կարող ենք ուշադրություն դարձնել, որ Ավետարանում այս միակ դեպքի նկարագրությունն, որտեղ չորս Սուրբեր երկխոսության մեջ են միաժամանակ; Մարիամն ու Եղիսաբեթը՝ տեսանելի ողջույնով, իսկ Տէր Հիսուսն ու Հովհաննես Մկրտիչը՝ անտեսանելի ողջույն- երկրպագությամբ:
Մենք շատ հաճախ մեր կարդացածը մոռանում ենք, որովհետև արագ կարդում և անցնում ենք, առանց վերլուծելու ամեն տողը, կամ ամեն միտքը որ ասվում է: Ես շատ պիտի ուզենայի, որ դուք Սուրբ Կույսի խոսքերը, որ շարական է դարձել, կարդայիք ևս մեկ անգամ, և սովորեիք, քանի որ այնտեղ շատ մարգարեական խոսքեր կան, որոնցից ես այս սերտողության մեջ բոլորին չեմ հասցնի անդրադառնալ, բայց միայն մեկը քննարկենք միասին և եթե պատահի հանկարծ, որ ձեր ներկայությամբ աղանդավորները Աստվածածնի մասին չարախոսեն, դուք գեղեցիկ պատասխան ունենաք տալու նրանց՝ առանց վիրավորելու, ինչպես որ մեր Տէրն էր պատասխանում բոլորին՝ Սուրբ գրքով: Մարիամը ասաց Եղիսաբեթին,- «Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է»: Սուրբ Հոգու ներշնչմամբ դեռատի աղջիկը այսպիսի մարգարեություն է անում հետագա դարերի համար, մինչև մեր օրերը, որ տեսնում ենք, թե ինչ պատվի է արժանացել Սուրբ Մարիամ Աստվածածինը; Բոլոր եկեղեցիները, Աստվածածնին բացի բարեխոս ընդունելուց, իրենց սուրբ խորանները նրա պատկերող են զարդարված՝ մանուկ Հիսուս գրկում; Իսկ Եղիսաբեթն ասում է,- Երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասածները կկատարվեն: Ամուլ Եղիսաբեթը հղի էր, և վկայում է այդ մասին: Այդ մասին կարող վկայել են նաև մերօրյա ամուլ կանայք, որոնք տարբեր հրաշքներով հղացել են:
Սիրելիներ, Աստված Աբրահամին ասաց ես քեզ ազգերի հայր կդարձնեմ, Պետրոսին ասաց քեզ մարդկանց որսորդ կդարձնեմ: Այսինքն պետք է մարդը խոնարհություն ունենա, թույլ տա, որ Աստված գործի իր մեջ և դարձնի խոստացածը; Աստվածաշնչի մեծերը թույլ են տվել, որ Աստված գործի իրենց մեջ, որովհետև խոնարհ են եղել, պատրաստակամ են եղել և պատասխանատվություն են ունեցել Աստծո խոսքի հանդեպ: Դա մեզ չի հաջողվում առայժմ: Մնացեք սիրով՝ մաքուր սրտով, որպեսզի Աստված Իր սուրբ հոգու միջոցով գործի ձեր սրտում; Աստվածածնի բարեխոսությամբ էլ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը՝ վաղը հանդիպելու ակնկալիքով; Այսօրվա հարցը այսպիսին է. Դուք գիտե՞ք, որ ապաշխարությունն է քրիստոնյայի առաջին քայլը՝ Քրիստոսին հավատալուց հետո: