ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես իմ օգնականը, Քո ձեռքում եմ ես:
Դո՛ւ գիտես իմ օգուտը, օգնի՛ր ինձ, մի՛ թող մեղանչել Քո հանդեպ,
քանզի ես մոլորված եմ չար դևերի կողմից:
Մի՛ թող հետևել սեփական կամքիս ու կորչել իմ մեղքերի մեջ,
այլ գթա՛ ինձ՝ Քո ձեռքի ստեղծածին:
Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո աչքից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:
Քեզ եմ ապավինել, բժշկի՛ր հոգիս, քանզի մեղանչեցի Քո դեմ:
Տե՛ր, Քո աչքի առջև են ինձ չարչարողները, և չունեմ հանգիստ՝
Քեզանից բացի:
Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո մեծ ողորմության, քանզի բոլորը հարձակվել
են վրաս՝ ձգտելով կործանել իմ անձը:
Փրկի՛ր ինձ, որ ամենակարող ես ու ամենազոր:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.1-12
Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: 11 Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12 որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կսովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ձեր առավոտը թող սկսվի օրհնությամբ, դուք իմաստությա՛մբ վարվեցեք մարդկանց հետ՝ գնահատելով ժամանակը: Ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմուած լինի, որպեսզի դուք իմանաք, թէ ինչպէս պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին այս անորոշ և նաև վտանգավոր օրերին, երբ նույն լեզվով խոսող մարդիկ միմյանց չեն հասկանում: Կարծես Բաբելոնի նման լեզուները խառնված լինի: Դո՛ւք, որ ամեն օր Ավետարան եք լսում և Աստծու խոսքը ձեր ականջին հասանելի է, դուք իրավունք չունե՛ք այդպես վարվել: Այլ՝ դուք կայսրինը տվեք կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն: Ձեր այոն թո՛ղ այո լինի, իսկ ոչը՝ ո՛չ: Սա է քրիստոնյայի պարտականությունը՝ բաց աչքերով:
Այսօրվա Ավետարանի պատգամը զգուշության կոչ է մեզ համար: Տէր Հիսուս Քրիստոս կանգնած էր փարիսեցիների կեղծավորության և աշակերտների ազնվության միջև որպես պատնեշ այնքան ժամանակ, մինչև բացեց նրանց աչքերը և ցույց տվեց, թե վտանգը որտեղից կարող է մոտենալ: Աշակերտներին անվերջ զգուշացնում էր, որ հեռու մնան փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է: Կեղծավորությունը Տէր Հիսուս Քրիստոսի համար անընդունելի մեղքերից թերևս ամենածանրն էր: Ամեն տեսակ մեղավոր մարդ առնչվեց Քրիստոսի հետ, սակայն միայն փարիսեցիներին էր վա՛յերը ուղղում կեղծավորության համար: Կեղծավոր մարդը արդեն վտանգավոր է այն առումով, որ կեղծ դերի մեջ է մտած և նրա իրական դեմքը տեսանելի չէ: Այսպիսին հեշտությամբ կարող է խաբել՝ իր նպատակին հասնելու համար, իսկ բացահայտվելու դեպքում չամաչել՝ մտնելով մեկ այլ դերի մեջ: Քանի որ նրա բոլոր դերերը կեղծ են, նա նույնիս իր իրական մարդ դերն էլ չի կարողանում շիտակ կատարել: Առաջին զգուշացումը աշակերտներին կեղծավորությունից հեռու մնալու պատգամն էր: Աշակերտները ապագային պետք է Հիսուս Քրիստոսի վարդապետությունը քարոզեին ողջ մարդկությանը, և նրանք իրավունք չունեին դա կեղծավորությամբ անելու:
Այսինքն հարուստին այլ բան քարոզելու, աղքատին՝ այլ: Կամ պաշտոնյայի մեղքը անտեսել և մյուսինը՝ բարձրաձայնել: Աշակերտների աչքի առջև Տէր Հիսուս նույն բառերն էր ասում և՛ Հերովդեսին, և՛ փարիսեցուն, և՛ սադուկեցուն, և՛ քահանայապետներին: Նրա համար իշխանությունը ծառայության մեջ էր, ո՛չ թե աթոռի: Այսօր այդպես չէ, որևէ պաշտոնյա եկեղեցի մտնելիս բոլորովին այլ ընդունելության է արժանանում, քան պարզ հավատացյալը; Պաշտոնյա, կամ մեծահարուստ մարդիկ եկեղեցում մեծ տոների ժամանակ առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում, հատուկ աթոռների վրա են նստում, և հատուկ սպասարկում են ստանում: Վստահ եմ որ մեծահարուստն ու պաշտոնյան չեն կարդացել Աստվածաշունչ, բայց վստահ չեմ, որ նրանց սպասարկող եկեղեցականը չի կարդացել վայերի շարքը, որ Տէր Հիսուս ասաց: Ինչևէ, ունենք այսպիսի տխուր պատկեր նույնիսկ այսօր, թեպետ արդեն ծածուկ բան չի մնացել, որ չբացահայտվի և գաղտնի բան՝, որ չի հայտնվել:
Խոսքեր կան Ավետարանում, որոնք պետք է դաջել սրտի մեջ: Դրանցից մեկն այն, որ ասում է. «Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»։ Մենք այսօր առանց մարգարեություն անելու կարող ենք ասել, թե ինչ մեծ կործանում եղավ Հայաստանում՝ Աստծո խոսքը լսելու և չպահելու պատճառով՝ սկսած երկրի ղեկավարից մինչև պարզ հավատացյալները, որոնք պատերազմի օրերին ողջ համացանցը հեղեղել էին աղոթքներով և Աստծու հետ երկխոսությամբ և անհավանական լոզունգներով: Չեմ ուզում ձեզ հիշեցնել, բոլորդ եք տեղյակ ու բոլորդ եք կարդացել: Աղոթքի զորության մասին երկրորդ խոսք լինել չի կարող, բայց աղոթքն էլ պետք է արվի ժամանակին, տեղին և հատկապես Աստծու խոսքը կատարողի կողմից: Աստվածաշնչի տրամաբանությունն այս է՝ ով սիրում է նա է ծառայում Աստծուն ու իր նմանին; Ով պահում է Աստծու խոսքը նա է սիրում և սիրվում Աստծուց: Այստեղ է որ մենք մեզ խաբում ենք, կարծելով, որ կարող ենք Աստվածաշնչից անտեղյակ լինելով հանդերձ Աստծու ուշադրությունը հրավիրել մեր աղոթքի ու Աստծուն տված հանձնարարության վրա;
Քրիստոնյան իրավունք չունի ծայրահեղ դրսևորում ունենա որևէ հարցում, հատկապես հոգևորի մեջ: Քանի որ մեր Տէր Հիսուս Քրիստոս ասում զգույշ եղեք կեղծավորությունից: Միթե կեղծավորության դրսևորում չէ այն երևույթը, որ չենք լսում, թե Աստված մեզ ինչ է ասում, միայն ստիպում ենք որ Ինքը մեզ լսի: Կամ Արցախի տարածքների հանձնումից հետո սկսվեց Աստծուն ուղղված հարցերի տեղատարափը, թե՝ Ինչո՞ւ Տէր Աստված: Մեր սխալը կայանում է հենց այստեղ, որ մենք միայն պահանջողի կարգավիճակում ենք և չենք ուզում հավատալ, որ պատահածները մեր աղոթքների պատասխաններն են: Երբ մենք ասում ենք Տէր Աստված պատասխանիր մեր աղոթքներին, սա նշանակում է որ մենք Աստծուն խնդրում ենք որ բացի մեր աչքերն ու ականջները իր պատասխանը լսելու համար: Որպեսզի Նա մաքրի մեր հոգևոր խցանված լսողությունը և մեր հոգևոր փակ աչքերը բացի: Մինչև մեր աղոթքներով Աստծուն դիմելը Աստված գիտե ամեն ինչ նախապես, բայց մենք պետք է ունենանք բավարար հոգևոր լսողություն և տեսողություն, որպեսզի հասկանանք, որ այսինչ բանը մեր աղոթքի պատասխանն էր: Երբ մեր ականջները փակ են ականջակալներով, մեզ լսելի չէ մեր շուրջը եղած ձայները, այնպես էլ մեր աղոթքի պատասխանների պարագան է: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված անպատասխան չի թողնում ոչ մի աղոթք, սակայն չի բացառվում որ պատասխանը լինի մեր սպասածի հակառակը: Հետևաբար անկարելի է Աստծուն մեղադրել, որ չի լսում կամ չի պատասխանում մեր աղոթքներին:
Ո՞ւր է խնդիրը: Խնդիրը մեր մեջ է; Անկեղծ լինենք և ասենք, որ մենք Աստծուն դիմում ենք հիմնականում այն ժամանակ, երբ մենք վատ վիճակում ենք հայտնվել: Երբ մեզ համար ամեն ինչ լավ է, մենք Աստծուն չենք անհանգստացնում մեր աղոթքներով; Որովհետև մեր գործերի հաջողությունը այնքան շատ է մեր մտքում և սրտում, որ Աստծու համար տեղ չկա: Մեր բարեկեցիկ վիճակը մեզնից վերցնում է մեր գոհանալու հատկությունը: Ցավալի է, բայց մենք չունենք այն հոգևոր սննդի պաշար մեր մեջ կուտակած, որը կարող է մեզ ուղղորդել նեղության մեջ գտնվելիս: Ամեն անգամ աղոթքից առաջ հիշենք մեր ապրած անապաշխար կյանքը և հետո աղոթենք, կամ աղոթքի պատասխանը լսենք: Չլինենք նրանց նման, որոնք ասում են ինձ հետաքրքիր չէ, թե դու ի՞նչ ես ասում, կարևորն այն է որ դու ինձ լսես և պատասխանես: Սիրելիներ, մենք չենք կարող Աստծուն խնդրել մի բան, եթե չենք լսում Իր խոսքը՝ ուղղված մեզ, որ ասում է դուք ավելի հարգի եք Աստծու առաջ, քան ճնճղուկները, որոնք ևս Աստծու առջև մոռացված չեն: Վախեցե՛ք, - ասում է Հիսուս Քրիստոս,- այո, վախեցեք նրանից, որ գեհեն նետելու իրավունք ունի: Ամեն տեղ մեր Տէրը մեզ ասում է մի վախեցեք, բայց այստեղ ասում է վախեցեք: Ուրեմն եթե մենք չիմանանք, թե ինչ է ասում մեզ Տէր Աստված, ուրեմն ինչպես կարող ենք Նրան պարտադրել, որ մեզ լսի: Կամ ինչպե՞ս կարող ենք Աստծուց խնդրել մի բան, երբ պատրաստ չենք ընդունել Աստծու ամեն պատասխան: Այս պատերազմական և հետ պատերազմական օրերին բազմաթիվ խնդրանքների պատասխաններ բացվեցին մեր աչքի առջև և մենք տեսանք, թե մեր ժողովրդի մեջ ովքե՞ր են ապրում: Ովքե՞ր են ծածուկ գործում: Ովքե՞ր խաբվեցին: Ովքե՞ր հաստատ մնացին, ովքեր էին կեղծավորները և ում խմորից մենք որպես քրիստոնյա՝ պետք էր հեռու մնայինք, և շատ ու շատ նմանատիպ հարցեր: Քանի որ նույն փարիսեցիների և օրենսգետների և սադուկեցիների կուսակցությունները մեր կողքին են և մեզ հետ են՝ իրեն կեղծավոր գաղափարախոսություններով, որը չի բխում ժողովրդի շահերից: Ժողովրդի միակ անդավաճան պահապանը Հիսուս Քրիստոսն է և Իր խոսքը ուղղված համայն մարդկությանը՝ երկու հազար տարուց ի վեր: Աստված իր սուրբ գրքում հստակ ասում է, եթե դուք չլսեք իմ խոսքը՝ ուղղված ձեզ, ձեր խնդրանքը և աղոթքը անվստահելի է թվում:
Դո՛ւք, Աստծու խոսքը լսողներ և հասկացողներ, պետք է խորագետ լինեք վերլուծության մեջ, չտրվեք զգացմունքների, ֆոտոշոփ նկարներին, կեղծ լուրերին և այլն: Ձեր կարծիքն ու տեսակետը պետք է հիմնված լինի սուրբգրային ճշմարտությունների վրա: Աստվածաշունչը հստակ խոսում է և քաղաքականության և հոգևոր կյանքի գաղտնիքների մասին: Մնացեք սիրով՝ հեռու կեղծավորությունից, որը մեր սովորելու դասն էր և զգույշ եղեք նաև աղոթքի հարցում: Աղոթքը բառերի շարք չէ, աղոթքը պարզ մարդու հետ խոսակցություն չէ: Աղոթքը զորություն ունի և անպայման պատասխան ունի, որին պետք է քաջաբար պատրաստ լինենք ընդունելու: Այլ խոսքով ասած, մեր ապրած կյանքը որքան որ համապատասխանում է Աստվածաշնչին, այնքան էլ մեզ իրավունք է տալիս լսելի լինել Աստծուն, և առավել ևս բավարարված լինել պատասխանից; Խոսքը Լսող և կատարող հավատացյալը միշտ պատրաստ է ընդունել այն պատասխանը, որը կտա Աստված տվյալ պահին, դա է ճիշտը: Այսօրվա հարցը այսպիսին է. Այս օրերի իրադարձությունների մեջ քեզ հասկանա՞լի էր Աստծու պատասխանը, կամ նպատակը: