ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր, իջեցրո՛ւ, Սուրբ Հոգուդ շնորհները
ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ`
առանց օգնականի: Սրբի՛ր, Տե՛ր, հոգուս
տաճարը և ինձ հետ եղիր երեկոները:
Բա՛ց իմ հոգու աչքերը և լուսավորի՛ր
միտքս ու խորհուրդներս: Զորությո՛ւն
տուր ինձ, Տե՛ր իմ Հիսուս, և ընդունի՛ր
օրհնաբանությունս: Արթնացրո՛ւ ինձ գիշերվա
խոր քնից` գոհանալու և օրհնելու Քեզ, որ
քավեմ իմ մեղքերը: Սուգ և արտասուք շնորհիր
ինձ՝ լալու, սգալու և անդադար աղոթելու Քո առջև:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.49-54
Դրա համար Աստծոյ իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 50 որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի այդ սերնդից: 52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտներիդ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: 53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ շատ բաների համար: 54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հետևորդներ. Թող Քրիստոսի խօսքը բնակուի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն: Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցէք նրանով Աստծուն եւ Հօրը:
Ղուկաս Ավետարանիչը այսօրվա ընթերցվածքի մեջ մեզ մասնակից է դարձնում մի սուր երկխոսության, որը տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի և օրվա հոգևոր առաջնորդների, փարիսեցիներ և օրենքի ուսուցիչների միջև: Այսպիսի վիճաբանություններ պատահում էր ամեն անգամ, երբ Տէր Հիսուս ժողովրդի բազմությանը ուսուցանում էր: Բայց այս երկխոսությունը եղածների մեջ ամենասուրն էր քննադատություններով և հանդիմանություններով: Սա այն հանդիպումն էր, երբ փարիսեցին Հիսուսին խնդրեց, որ իր տանը ճաշի: Այնուհետև զարմացավ, որ Հիսուս ճաշից առաջ չլվացվեց, ինչը չվրիպեց ներկա փարիսեցիների աչքից:
Փարիսեցիների մարսին մենք շատ առիթներ ենք ունեցել խոսելու, բայց հիշեցման կարգով ասեմ, որ նրանք կրոնաքաղաքական այն խավին էին պատկանում, որոնց ուշադրությունը միայն արտաքին դրսևորումների վրա էր, ցուցադրական երևույթների, իսկ ներսից ամեն ինչ այլ էր: Այդ պատճառով աննկատ չմնաց նաև իրենց հրավիրած հյուրը, որ Տէր Հիսուս Քրիստոսն էր: Տէր Հիսուսին իրենց տներ ճաշի հրավիրելը մի կողմից մեզ հուշում է, որ ցանկանում են լսել Նրա իշխանությամբ ասված խոսքերը, դրա համար են հրավիրում, մյուս կողմից էլ հրավիրում են և ծուղակային հարցեր են տալիս հակառակվելու համար: Իրենց այս պահվածքը լիովին բնութագրում է իրենց նկարագիրը: Երբ մարդու ներաշխարհը ներդաշնակ չէ իր արտաքին դրսևորումների հետ, նա նմանվում է փարիսեցու: Մենք էլ այս արտահայտությունը շատ հաճախ լսում ենք այն մարդկանց հասցեին, որոնք ցուցամոլ են, և միայն ներկայանալի տեղերում են իրենց կարողանում դրսևորել: Փարիսեցու և մաքսավորի առակի մեջ էլ մեր Տէրը նույն կեղծավոր խոսքի համար է հանդիմանում փարիսեցուն:
Քանի որ Տէր Հիսուս Քրիստոս ինքն է ճշմարտությունը, հետևաբար որևէ նշանակություն չունի թե ինքը ո՞ւմ տանն է ճաշում; Եթե սխալ կա ուրեմն հանդիմանում է բոլորի ներկայությամբ: Անմիտ է անվանում իրեն հրավիրող տանտիրոջը, այն բանի համար, որ զարմացավ չլվացվելու համար և ասաց,- Նա, ով արտաքինը ստեղծեց, ստեղծեց նաև ներքինը, ուրեմն մարդուն արժանի բաներ արեք, այսինքն ողորմություն տվեք մաքուր սրտով և ձեր ամեն ինչ մաքուր կլինի: Ի՞նչ օգուտ ունի ձեր տված ողորմությունը, երբ դուք զանց եք առնում Աստծու սերն ու արդարությունը: Ողորմությունը արեք սիրով և Աստծու արդարությամբ; Հիսուս Քրիստոս նկատել էր, որ ժողովարաններում բարձր գահերի ձգտողներ են փարիսեցիները, և հրապարակներում սիրում են ցուցադրաբար ողջույններ ստանալ: Տէր Հիսուս ամենևին հաշվի չառնելով, որ հրավիրված է փարիսեցու տուն՝ ճաշի, նրանց համեմատում է անհայտ գերեզմանի հետ, որի վրայով մարդիկ քայլում են և չգիտեն որ դա գերեզման է:
Անշուշտ օրենքի ուսուցիչներին դուր չեկավ Հիսուսի այս խոսքերը՝ ուղղված նաև իրենց: Իսկ ասացե՛ք խնդրեմ, կա՞ մեկը, որին դուր է գալիս ճշմարիտ նկատողությունը մե՛ր օրերում: Անշուշտ չկա: Եթե կա էլ, ուրեմն փոքրաթիվ քանակ: Բայց Հիսուս Քրիստոսի նպատակը մարդկանց հաճեցնելը չէր ամենևին, այն նրանց վտանգավոր երկփեղկված էությունը ցույց տալն էր, որպեսզի նրանց հետևորդները ևս կորստյան չմատնվեին: Օրենքի ուսուցիչների խնդիրն էլ այլ էր, նրանք ժողովրդին ծանրաբեռնում էին օրենքներով և բոլորովին չէին օգնում, կամ բացատրում դրանք կարարելու հարցում; Սակայն դարձյալ ցուցադրաբար մարգարեների համար գերեզմաններ էին շինում, որոնց իրենց հայրեր սպանել էին: Մարգարեներ և առաքյալներ, որոնք Աստծուց են ուղարկվել հենց այդ սերնդին կրթելու և դաստիարակելու համար, նրանք նրանց սպանել են, և հալածել են:
Եվ Տէրն ասում է, որ այդ սերնդից պետք է պահանջվի արդարների արյունը աշխարհի սկզբից մինչև այդ օրերը: Վերջին վայը, որ ուղղում է օրենքի ուսուցիչներին, այն մասին է, որ գիտության բանալիները թաքցնում են ժողովրդից: Իրենք չեն գործածում այդ գիտությունը, և այլոց նույնպես թույլ չեն տալիս մտնելու գիտության դռնով; Պատճառը, սիրելիներ, կարծում եմ, որ բոլորիդ հայտնի է; Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ մեր օրերում, ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական առաջնորդներին ձեռնտու չէ, որ ժողովուրդը գիտություն ունենա: Որովհետև գիտակից հասարակությունը պահանջատեր է ամեն առումով; Գիտակից հասարակությունը շուտ է նկատում առաջնորդների սխալներն ու բացթողումները և պահանջում է: Օրենքի ուսուցիչները այդպես էին վարվում ժողովրդի հետ, որպեսզի իրենց անօրենությունները չերևա: Այս խոսքերի վրա սաստիկ չարացան ներկա գտնվող կրոնական առաջնորդներն ու օրենքի ուսուցիչները և Նրա խոսքերի մեջ մի սխալ էին փնտրում, որ չարախոսեն Նրա մասին:
Տեսեք սիրելիներ, թե չարը ինչպե՞ս է գործում և հատկապես ո՞ւմ միջոցով է գործում; Կարելի էր օրենքը պահել և սովորեցնել: Անշուշտ ամբողջ օրենքը ոչ ոք չի կարող պահել, բայց ձգտել՝ չկարողանալը այլ բան է, իսկ չկամենալ պահելը՝ այլ բան է: Սատանան փորձում է հենց Աստծո խոսքի մեկնաբաններին ու տարածողներին, որպեսզի ստվերում մնա Աստծու խոսքը և մեղքը առաջ գա: Եթե մենք բաց թողնենք Ավետարանի խրատները, ապա փորձությունը շատ շուտ կգտնի մեզ՝ անպատրաստ վիճակում; Սատանան աշխարհի հարստություն խոստացավ Հիսուս Քրիստոսին՝ փորձության պահին և մերժվեց՝ Սուրբ Գրքի խոսքով; Սատանան չստիպեց, ուղղակի առաջարկեց: Սակայն այսօրվա մարդը՝ նույնիսկ հոգևոր չի կարողանում զերծ մնալ այսպիսի գայթակղություններից:
Այսօր Սատանան մի մեծահարուստի միջոցով առաջարկում է նորագույն տեխնիկայով աշխատասենյակներ, բարձր գահաթոռներ, շքեղ կահույք և նույնիսկ սեփական աղոթատուն պատրաստել հոգևոր առաջնորդի համար: Առաջին հայացքից նայելիս մտածում ենք, որ առաջնորդի նստավայրը պետք է որ կահավորված լինի, գուցե որևէ սխալ բան չկա: Սա ևս չարի դրդումով է, այսպես մտածելը: Իսկ Քրիստոսին հավատացող, սիրող ու դավանող ամեն մարդ հասկանում է, որ շքեղ հարմարավետությունը գայթակղության տեսակներից է, որը մարդուն հեռացնում է խոնարհությունից և գցում է հպարտության մեղքի մեջ: Հեռացնում է աղոթքից և մոտեցնում աշխարհիկ և առևտրային գործերին: Հիշենք, որ վանքերում աղոթող մարդիկ ունեցել են Աստվածաշունչ, ճրագ և մի մահճակալ փայտից; Աղոթել են, լսելի են եղել Աստծուն, և Աստված նրանց միջոցով հրաշքներ է գործել: Հավատացյալ մարդը այս երևույթը անմիջապես համեմատում է Հիսուս Քրիստոսի ապրած պարզ կյանքի, գլուխը դնելու տեղ չունենալուն, և Նրա առաքելության նպատակին: Այստեղ է, որ հակասություն է առաջանում հավատացյալ մարդու մտքում: Ինչո՞ւ: Տէր Հիսուս ասաց, գնացեք աշխարհով մեկ քարոզեցեք Արքայության Ավետարանը, մկրտեցեք Սուրբ երրորդության անունով, արածեցրեք իմ հոտը, եթե սիրում եք Ինձ: Այսօր մեր աչքին ավելի շատ տեսանելի է եկեղեցու ճոխությունները, հարստությունն ու վայելքները, քան Քրիստոսի պատգամած պատվիրանները: Նույնը պահանջում էր օրենքի ուսուցիչներից, մեղադրում էր, որ իրենք չեն անում և թույլ չեն տալիս ուրիշներ անեն;
Մեր հասարակության մեջ նույն վիճակում է շքեղ գերեզմանների հարցը, որի մասին առանձին կխոսեմ ձեզ մեկ այլ սերտողության ժամանակ: Նույն վիճակում է Հայաստան ուղարկված առաքյալների ու մարգարեների հալածման ու սպանության հարցը: Սիրելիներ ես ուզում եմ, որ դուք ամեն սերտողության ժամանակ զուգահեռներ տանեք Քրիստոսի ժամանակվա և մեր օրերի մարդու միջև, և համոզվեք, որ մեղավոր մարդը նույնն է բոլոր դարերում: Ապաշխարող մարդը նույնն է բոլոր դարերում; Քրիստոսին դավանող ու սիրող մարդը նույնն է բոլոր դարերում; Հետևաբար մեր այսօրվա դասը թող լինի այն, որ առանց Քրիստոսի վարդապետության մարդը փարիսեցի է, օրենսգետ է, սադուկեցի է, նույն ժամանակվա քահանայապետների նման է: Միայն Աստծու լուսավոր խոսքն է, որ մարդու մտքում և սրտում հեղաշրջում է կատարում և մարդը այլևս ապրում է Քրիստոսի սիրով, Քրիստոսի համար, և գործում է հանուն Քրիստոսի: Իսկ Հիսուս Քրիստոս ոչ գահաթոռ ուներ, ոչ համակարգիչ, ոչ կահավորված աշխատասենյակ, ոչ էլ բրենդային հագուստ: Բայց Նրան հետևող ամեն հոգի արժանանում է փրկության և ժառանգում է հավիտենական կյանքը և երկնքի արքայությունը՝ ըստ խոստման;
Այս հարցերը շատ վիճելի հարցեր են այն առումով, որ արդարացնելու համար որոշները ասում են որ 21 րդ դարն է և ամեն ինչ փոխվել է հիմա, էլ առաջվանը չէ, ինչո՞ւ հիմա պետք է ժուժկալ ապրել : Սակայն մենք ամեն օր համոզվում ենք, որ աշխարհում միակ կայուն ու անսասան արժեքը Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է, որը փրկության ուժը չի կորցնում միայն պահողների համար; Մնացած հարստություն և վայելքը մարդուն տանում են անհայտ ուղղությամբ և հեռացնում են Աստծուց; Միլիոնավոր օրինակները մեր աչքի առջև են: Սիրելիներ, դուք, որ Աստծո խոսքի հետևորդներ եք, պարտավոր եք երևույթներին հոգևոր գնահատականներ տալ և հետևություններ անել միայն համեմատելով բացարձակ ճշմարտության Քարոզչի վարդապետության հետ: Մնացեք սիրով՝ հավատարիմ այն Հինավուրցին, Անփոփոխին, և Հավիտենականին, մնացածը՝ միջոց են, ոչ թե նպատակ: Այսօրվա հարցը այսպիսին է. Հարստությունն ու վայելքը խանգարո՞ւմ են հոգևոր կյանքում, թե՞ նշանակություն չունի.