ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
13 Ոմանք այն ատեն ներկայ գտնուելով՝ պատմեցին անոր Գալիլեացիներուն մասին, որոնց արիւնը Պիղատոս իրենց զոհերուն հետ խառնեց։ 2 Յիսուս ըսաւ անոնց. «Կը կարծէ՞ք թէ այն Գալիլեացիները բոլոր Գալիլեացիներէն աւելի մեղաւոր էին, որոնք այսպիսի բաներ քաշեցին։ 3 Ձեզի կ’ըսեմ. ‘Ոչ’. հապա եթէ չապաշխարէք, ամէնքդ ալ նոյնպէս պիտի կորսուիք։ 4 Կամ թէ այն տասնըութը հոգին, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ զանոնք մեռցուց. կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմի մէջ բնակած բոլոր մարդոցմէ աւելի պարտաւոր էին։ 5 Ձեզի կ’ըսեմ. ‘Ոչ’. հապա եթէ չապաշխարէք, ամէնքդ ալ նոյնպէս պիտի կորսուիք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի բարեկամներ, Աստծու ողորմությունն ու օրհնությունը թող մեզ հետ լինի՝ Իր խոսքը հավատացյալի մտքին և սրտին հասցնելու համար: Ավետարաններից մենք հասկանննում ենք, որ Քրիստոսի ժամանակ բազմաթիվ կրոնաքաղաքական ուղղությունները են եղել, և զարմանալիորեն նրանք միասին են համագործակցել, ունենալով սուրբգրային տարբեր մոտեցումներ ու սկզբունքներ: Փարիսեցիները կրոնապաշտ, ձևապաշտ և տառի ու բառի բովանդակությանը կառչած մարդիկ էին, օրենսգետները գրքերը ուսումնասիրած, կարելի է ասել անգիր արած խավն էր, իսկ սադուկեցիները նրանք էին, որոնք մեռելների Հարությանը չէին հավատում: Իրականում այս երեք ուղղություններն էլ իրենց ներսում բաժանված էին, իսկ արտաքնապես հանդուրժում էին միմյանց՝ հանուն իրենց հեղինակության: Երևի այս էր պատճառը, որ չէին հանդուրժում Քրիստոսի բացարձակ հեղինակությունն ու իշխանությունը իրենց մեջ: Նրանք երեքն էլ անգիր իմանալով Սուրբ Գրքերը, չէին ընկալել Քրիստոսի մասին բոլոր գրված մարգարեությունները:
Քրիստոս իրենց մեջ ծնված ու մեծացած լինելով, մտել էր ժողովրդի մեջ և շփվում էր մեղավորների ու մաքսավորների հետ, անբարոների հետ ուտում և խմում էր: Հովհաննես Մկրտչի պես չէր: Շուրջը եղող մարդիկ տեսնում էին Նրա մարդ տեսակը, ոչ թե աստվածայինը, որը հետո պետք է տեսնեին: Իսկ Քրիստոս գիտեր, թե ով է Ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում: Ամեն ինչում մեղադրեցին Քրիստոսին՝ առանց լվացվելու հաց ուտելու մեջ, մեղավորների ու մաքսավորների հետ սեղան նստելու մեջ, ցորենի հասկ պոկելու մեջ, մարդկանց մեղքերը ներելու մեջ: Այս գլխում էլ մեղադրում են Նրան՝ դիվահարից դևը հալածելու և դուրս բերելու մեջ: Նույնիսկ Նրան մեղադրեցին դևերի իշխանի հետ համագործակցելու մեջ, երբ իրենց աչքով տեսան, որ խուլ ու համր մի դիվահար սկսեց խոսել ու լսել: Պիղծ ոգիները երբ տեսնում էին Հիսուսին, ընկնում էին Նրա առջև ու ասում. «Դու Աստծու Որդի ես»։ Իսկ Նա խստիվ պատվիրում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։
Զարմանալի է, որ դևերը ճանաչում էին Քրիստոսին, իսկ օրենսգետները և Սուրբ Գրքի գիտակները՝ ոչ: Այստեղ կարելի է եզրակացնել, որ սուրբգրային իմացությունը ամենևին էլ չի նշանակում հավատալ: Հավատալը մեծ շնորհ է, որը կապ չունի գիտության և ընթերցանության հետ: Աշակերտները անուս էին, բայց հավատում էին, մինչև կրթվեցին ու դարձան ուսյալ հավատացյալներ: Հրեական այս խավի մարդիկ առավել կենտրոնացած էին իրենց իշխանության, և միմյանցից փառք առնելու վրա: Իսկ Քրիստոսի աշակերտները տեսնում էին իրենց Վարդապետի հեղինակությունը, որը որևէ պաշտոնով չէր պայմանավորված, այլ օրեցօր ավելանում էր Իր խոնարհության ու ծառայության շնորհիվ:
Մենք այս երևույթը շատ հստակ կարող ենք տեսնել մերօրյա պաշտոնյաների մոտ: Նրանք, որոնք փառքի համար են գրավել աթոռներ, նրանց հոգսը չէ ժողովրդի հոգևոր ու բարոյական կյանքի մասին մտածել: Իսկ նրանք որոնք հասկացել են իրենց առաքելության նպատակը, ծառայում են օգտակար լինելու համար, ոչ թե փառքի: Այստեղ է, որ շատ պարզ է դառնում Հիսուսի բերած համեմատությունը թագավորության բաժանման մասին: Երբ պետության մեջ բաժանումներ կան, եթե եկեղեցու մեջ բաժանումներ կան, ընտանիքի մեջ բաժանումներ կան, և նույնիսկ մի անձ՝ իր հետ ներդաշնակ չէ և իր ներսում բաժանված է, այնտեղ չի կարող խաղաղություն, համերաշխություն լինել: Իսկ որտեղ համերաշխություն չկա, փոխըմբռնում չկա, այնտեղ մտնում է հպարտության դևը և ավիրում է համակարգը: Այս երևույը մեր աչքերից հեռու չէ, և մենք այսօր ականատեսն ենք մեր Հայրենիքի մեջ այսչափ բաժանումների, տարաձայնությունների, հակառակությունների, ատելության և կեղծիքի տարատեսակ դրսևորումների: Ինչը կարող է հանգեցնել վատ բանի, և ինչպես Իր օրինակում ասաց մեր Տէրը՝ հզորի տունը կկողոպտվի:
Ավետարանի ավարտին Տէր Հիսուս մի խիստ խոսք է ասում նրանց, այն բանից հետո, երբ Իրեն ասում էին, թե քո մեջ պիղծ դև կա: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի. բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։ Այսինքն նա, ով գիտի Քրիստոսի աստվածությունը և դարձյալ մեղադրում է, կամ անտեսում է Նրա Պատվիրանները, այդպիսին հավիտյան թողություն չի ունենա:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող առատ լինի ամենքիս մեջ, որպեսզի մենք անվերապահ հավատանք Նրա Կատարյալ Մարդ և Կատարյալ Աստված լինելու հանգամանքին և խոնարհաբար հետևենք Նրա լույս Պատվիրաններին; Մնացեք սիրով, միասնական, առանց բաժանումների, ամբողջական ու ներդաշնակ՝ ինքներդ ձեզ հետ, որպեսզի չարը չմոտենա ձեզ:
Աղօթենք միասին
Սաղմոս. 25
Դա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։
Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։
Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։
Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։
Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։
Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
Թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։
Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը։
Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով։
Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ։
Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ։ Ամեն.