ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 2.13-20
13 Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց: 14 Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած՝ գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ, գնաց նրա յետեւից: 15 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում: 16 Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: 17 Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»: 18 Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն: 20 Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, աշխարհասփյուռ հայեր, սիրելի հայրենակիցներ. Քրիստոսի սերն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինի, Իր խոսքը ունկնդրելու, հասկանալու և կատարելու համար:
Այս նոր շաբաթը սկսվում է Աստվածածնին նվիրված տոնի պահքով: Առաջիկա կիրակի օրը մեր եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնը հինգ տաղավար տոներից չորրորդն է: Տաղավար տոները նախորդում են պահքով, հաջորդում են մեռելոց հիշատակությամբ: Տոնի մասին կխոսենք տոնի օրը, իսկ այժմ տեսնենք, թե Ավետարանն ինչ է ասում մեզ այսօր: Այսօր նույնպես ասում է,- արի՛ իմ հետևից, ինչպես որ մնացած բոլոր օրերին է կանչում մեզ: Կանչում է, որ մաքսավորին Ավետարանիչ դարձնի: Ձկնորսին առաքյալ դարձնի, քրիստոնյաներ հալածողին Քրիստոսի քարոզիչ դարձնի: Կանչում է, որ մարդկանց ցույց տա իրենց հիվանդ սիրտը, կեղծավոր դեմքը, մեղավոր ձեռքերը:
Սիրելիներ, մեր կյանքում բոլորը Քրիստոսի խոսքի քարոզիչներ չեն կարող դառնալ , սակայն բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ կարող են Քրիստոս քարոզել իրեն ազնիվ աշխատանքով, հոգևոր նկարագրով, և գիտակից հավատքով: Եթե Աստվածաշունչը դարձրել ենք մեր կյանքի ընթացքի գլխավոր ուղեկիցը, ուրեմն մեզ այլևս բառեր պետք չեն քարոզելու համար, այլ մեր գործը արդեն փաստում է այդ մասին: Եթե ծառի արմատը ջրենք, տերևներն էլ կխմեն այդ ջրից: Իսկ եթե ծառի արմատին թույն լցնենք, կչորանան աև տերևները:
Հիսուս այս անգամ էլ մաքսավորին կանչեց և նրա հետ նրա տունը գնաց իր աշակերտների հետ: Պարզ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ փարիսեցիները Նրա համար ծուղակ էին պատրաստում, դուք պատկերացնո՞ւմ եք, Քրիստոս մտել էր մեղավոր մարդու հարկի տակ և սեղան էր նստել այլ մաքսավորների և մեղավորների հետ: Մենք շատ հաճախ ենք մոռանում մեր առաքելության նպատակը, և տարբեր միջավայրներում գտնվելով վնասվում ենք այնտեղի վատ սովորություններով: Սակայն Տէր Հիսուս երբեք չմոռացավ իր առաքելության նպատակը՝ այսինքն մեղավոր մարդուն դարձի բերելը:
Եթե այսօր քահանան մտնի գինետուն, և նրա նպատակը լինի հարբեցողի հետ խոսելվով նրան ազատի այդ մեղքից, գինետան վիճակը չի փոխի քահանային, այլ ինքը կազդի վիճակի վրա: Իսկ եթե հանկարծ քահանան մտնի գինետուն, և այնտեղից հարբած դուրս գա, սա կործանիչ կլինի հարբեցողների համար:
Այս հանդիպման ժամանակ էլ չուշացավ հարցը, թե՝ «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: Նախորդ համարհերում շատ ենք կարդացել, որ Տէր Հիսուս նրանց կեղծավորներ է անվանում: Մենք էլ գիտենք, թե ովքեր են կեղծավորները: Սովորաբար կեղծավոր են այն մարդիկ, որոնք իրականը թաքցնում և կեղծն են ցույց տալիս: Ներսը խնամքով թաքցնում են և արտաքնն են ցույց տալիս, որը հնարավոր է ձևափոխել ըստ պահի, ըստ հանգամանքի:
Օրենսգետներին ու փարիսեցիներին շատ հաճախ էր հանդիմանում մեր Տէրը և երբեմն էլ սպիտակեցրած գերեզման էր անվանում: Հրեական սովորության համաձայն գերեզմանները տարին մեկ անգամ սպիտակեցնում էին, որպեսզի տաճարի տոնին Երուսաղեմ եկած մարդիկ սխալմամբ հանկարծ չմտնեին գերեզմանոց, որովհետև գերեզմանոց մտածը մարդը այլևս տաճար չէր կարող մտնել, որպես պղծված: Ասում է,- դուք նման եք գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ: Տէր Հիսուս Քրիստոսի համար այս մի մեղքը ատելի էր և ամեն հարմար առիթով անպայման զգուշացնում էր շատ խիստ ձևուվ: Իրոք այս մեղքը շատ վտանգավոր է մի քանի առումով: Նախ՝ երբ մարդը բնականը վատը թաքցնում է և կեղծ լավն է ցույց տալիս, ստում է նախ Աստծուն, դիմացինին և սեփական անձին: Փաստորեն աշխարհում ամենադժվար բանը բնական ու իրական ներկայանալն է մարդու համար:
Սա է պատճառը, որ մարդը չի կարողանում Աստծու խոսքը իր մեջ աշխատեցնել և պտուղ ստանալ, առանց ազատվելու հին մարդուց, որը ապականված է: Մաքսավորի տան հացկերույթի ժամանակ Հիսուս մի առակ էլ պատմեց տիկերի մասին, որը հենց հին մադուց ազատվելու մասին էր: Այսինքն նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, որպեսզի չվնասվի ոչ տիկը, ոչ գինին: Մեր այսօրվա պատգամը շատ պարզ է սիրելիներ, միջավայրը մեզ չի փոխի, եթե մենք ամուր ենք մեր հավատքի մեջ: Պետք չէ որ մենք ամաչենք մեր իսկական կերպարով հանդես գալուց, այն ինչ աստվածապարգև է: Բոլոր կեղծիքները բացահայտվում են, բոլոր ստերը ժամանակին հայտվի են դառնում: Միակը, որ անփոփոխ է դա ճշմարտությունն է, որի անունը Հիսուս Քրիստոս է: Մնացեք սիրով, ճշմարտությանը կառչած, բնական և բանական ձեր տեսքով:
Աղօթենք միասին
Սաղմոս 18
Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։ Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զուարճացնում է սրտերը. Տիրոջ պատուիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին։ Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին՝ արդար։
Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նոյնպէս եւ քաղցր՝ մեղրից ու խորիսխից աւելի։
Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կը լինի։
Իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՜ր։ Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կը լինեմ ու կը մաքրուեմ մեծ մեղքերից։ Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդներն յարաժամ քո առջեւ լինեն, Տէ՜ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ։